Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գլխարկը

Գլխարկը
17.08.2024 | 12:13

Այս իրական պատմությունը պատմում եմ առաջին անգամ։

Մի անգամ ես, Ազատ Գասպարյանը եւ Թովմաս Պողոսյանը վերադառնում էինք Մոսկվայից։

Օդանավակայանում մաքսատունն անցանք, մեզ էլ հանվեցրին ինչպես բոլորին։ Եկանք և բարձրացանք ինքնաթիռ տանող ավտոբուսը։ Րոպե անց Ազատը վեր թռավ ու տագնապալի ասաց.

- Գլխարկս մոռացել եմ մաքսատանը։

Արագ իջավ ավտոբուսից ու մոտեցավ դռան մոտ կանգնած մի աժդահա կնոջ եւ ասաց.

- Գլխարկս մոռացել եմ թույլ տվեք գնամ գտնեմ։

Կինը զայրացած ասաց ռուսերենով.

- Լավ է գլուխդ չես մոռացել,- և թույլ չտվեց մտնել օդանավակայանի շենք։

Ազատը տխուր բարձրացավ ավտոբուս ու նստեց կողքիս։

- Էդ գլխարկս շատ էի սիրում, Հաղթոն (Հաղթանակ Շահումյան) էր բերել Բարսելոնից,- քթի տակ ասաց Ազատը։

Այնքան տխուր էր, որ ես ցատկեցի ավտոբուսից և նույն թմբլիկ ու հսկա կնոջն ասացի.

- Անձնագիրս, անձնագիրս չկա, երևի ընկել է մաքսատանը, առանց անձնագիր որևէ երկիր չես մտնի,- ու ավելացրի,- այնպես եք քրքրում, ստուգում, երևի ընկել է:

- Արագացրու,-ասաց տիկինն ու ես վազեցի։

Վազեցի 13 գեյթ, գրեթե 1 կիլոմետրի չափ։

Հասա մաքսատուն ու գտա մեր Ազատի գլխարկը, որը

սիրուն կախված էր աթոռից։

Հասկացա, որ Ազատը շտապել ու մոռացել է։

Մեծ ուրախությամբ ու մեծ արագությամբ հետ եմ վազում գլխարկը բաճկոնիս տակ դրած։

Հասա, ո՛չ դռնապահ հսկա կինը կար, ո՛չ էլ ավտոբուսը։

Հուսահատ աջ ու ձախ նայելով հանկարծ հեռվում նկատեցի ավտոբուսն ու մեր հայկական ինքնաթիռը։ Սկսեցի ավելի արագ վազել։

Դե Արա Գևորգյան վազիր որ առանց քեզ չթռչեն, խոսում եմ ինքս ինձ:

Վազում եմ, արդեն սիրտս արագ է խփում, շունչս փչում է, էլ ուժ չի մնացել ու հետն էլ մտածում եմ` հասնեմ ասեմ չգտա, հետո հաջորդ օրը կգնամ Ազատենց տուն ու անակնկալ կվերադարձնեմ գլխարկը, շատ կուրախանա։

Պարզվում է այդ ընթացքում ինքնաթիռի մեջ Ազատը անհանգիստ բղավելով խնդրում է չթռչեք, Արան հիմա ուր որ է կհասնի, համբերե՜ք, սպասե՜ք, չթռչե՜ք։

Եվ ինքնաթիռում բոլորն արդեն գիտեին, թե ես ուր եմ և ինչու եմ ուշանում։ Երբ մտա ինքնաթիռ, բոլորը քար լռությամբ, պլշած ինձ էին նայում ու կարծես միաձայն ասում էին` հը՜, գլխարկը գտա՞ր։

ՈՒ ես արդեն բոլորի հայացքից հասկացա այդ չհնչած հարցը և բաճկոնիս տակից հանելով Ազատի սիրելի գլխարկը գոչեցի.

- Գտա՜, ուռա՜։

Բոլորը խորը շունչ քաշելով, ժպտերես երկար ծափահարում էին։ Այդպես ուրախ ու բավարարված թռանք դեպի Երևան։

Այդ օրվանից իմ շատ սիրելի Ազատ Գասպարյանը ինձ հանդիպելիս միշտ ասում էր` իմ հերոս Արան։

Ահա և վերջ այս պատմությանը։

Արա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2989

Մեկնաբանություններ