Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը

Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը
11.05.2013 | 18:07

«Տվեք ինձ հենման կետ, և ես աշխարհը շուռ կտամ»,- ասել է Արքիմեդը: Հետո մի հետամնաց երկրի թունդ մարքսիստներից մեկն էլ` «Տվեք ինձ մի կուսակցություն, և ես աշխարհը շուռ կտամ»: Նրան պատասխանողը, որին հետո ԼԵՆԻՆ կոչեցին, ասաց` «Կա այդպիսի կուսակցություն», և աշխարհը իսկապես շուռ տվեց: Հետո, մի յոթանասուն տարի անց, պարզվեց, որ նա աշխարհը սխալ է շուռ տված եղել: Թեև աշխարհը փոխելու, շուռ տալու մասին ամեն օր խոսում էին, բայց թե ամեն օր հո չէին կարող աշխարհը շուռումուռ տալ: Անցան ժամանակներ և սակավամարդ մի երկրում, որի բնակիչները աշխարհի հնագույն երկրի ժառանգորդներն էին, ի հայտ եկավ ԼԵՎՈՆ անունով մի մարդ , որը և դարձավ նրանց Առաջնորդը: Հայաստան էր կոչվում այդ աշխարհը: Հայերն այդ սովորություն ունեին դժվարին օրերին իրենց հույսը դնել կամ Աստծո, կամ իրենց Առաջնորդի վրա: Նրանք, որ մինչ այդ մեծարում և սրբերի դասին էին կարգել ԼԵՆԻՆ անունով մարդուն, շուռ եկան դեպի ԼԵՎՈՆ: Կան այդ մասին վկայող պատմական վավերագրեր: Այժմ էլ դեռ պահպանվում է դեպի Սևան գնացող մայրուղու Չայնի չհասած սարլանջի վրա կեչիների ծառատունկով գրված ЛЕНИН գրությունը, որի Н տառը ձևափոխվել է В –ի, իսկ И- ին` О-ի: Ճիշտ է որոշ ծառեր չորացել են, սակայն ցանկության դեպքում ЛЕНИН-ը ЛЕВОН կարդացվում է: Եվ այսպես ԼԵՎՈՆԸ որոշեց աշխարհը փոխելու համար մի կուսակցություն էլ ինքը ստեղծել: Եվ քանի որ նա հմտացած էր լեզուների մեջ (բանասիրության դոկտոր էր), որոշեց նախ իր համար պարզել , թե ինչ բան է կուսակցություն կոչվածը և ինչպես է այն առաջացել: Ցանկացավ այդ հարցը պարզել հին աշխարհի փորձն ուսումնասիրելով: Պարզեց, որ հին հռոմեացիների համար «կուսակցություն» և «խաղ» բառերը նույն Partito և partita արմատն ունեն, այսինքն` կուսակցությունը կարող է խաղի վերածվել , խաղը` կուսակցության: Ռուսները կուսակցությունների մեջ նույնպես խաղ են տեսնում, մի պարտիա շախմատ խաղալը նույն է, ինչ կուսակցության (պարտիայի) մեջ խաղեր տալը: Անգլիացիները Party բառի տակ և կուսակցություն են հասկանում, և քեֆ- ուրախություն, երևի այստեղի կուսակցությունները քեֆ ուրախության համար են ստեղծվում:Նույն կերպ էին մտածում նաև ամերիկացիները, զորօրինակ Բարաք Օբաման ընտրությունից առաջ մրցակից կուսակցության լիդերին գոլֆի դաշտ էր հրավիրում: Լեզվաբանության մեջ խորացած Լևոնը գիտեր, որ հայերենում ,,կուսակցություն,, բառը առաջացել է «կույս» բառից: Այդ բառը նրան զարմանք չպատճառեց, քանի որ գիտեր կուսակցությունը կուսության հետ կապ չունի, ոչ թե այն պատճառով, որ կուսակցությունը կույս մնալ չի կարող, այն հասարակական օգտագործման համար է, այլ պարզապես «կույս» բառը գրաբարում նշանակել է «կողմ»: Այսինքն` կուսակցությունը ինչ-որ բանի կողմ պետք է լինի: Այդ ինչ-որ բանն էլ բանն է, այսինքն` խոսքն է, գաղափարն է կամ ավելի ստույգ Ավետարանում է գրված` «Ի սկզբանե բանն էր>: Դրանից հետո կարելի էր հասկանալ, որ աշխարհում առաջին կուսակցության հիմնադիրն եղել է Եվան, որը Ադամից թաքուն, օձի սադրանքներին ենթարկվելով, Եդեմական այգում ճաշակել է խնձորը և գայթակղվել երեխա ծնելու բանով, այսինքն` գաղափարով: Հետևանքն եղել է այն, որ Եվայի հիմնած կուսակցության պատճառով դրախտային այն աշխարհը վերածվել է մեզ հասած դժոխային այս աշխարհին:

Ինչևիցե, հարկավոր էր անցնել գործի: Լևոնի առաջին քայլն եղավ` ծանոթանալ աշխարհում գործող կուսակցություններին: Պրոլետարների կուսակցություն կար, որը ոչինչ չուներ կորցնելու, բացի իր շղթաներից: Նա մտածեց, եթե մարդիկ կորցնելու բան չունեն, գտնելու բան նույնպես չեն ունենա: Հեղափոխության կուսակցություն կար, չարժեր դրանից մի հատ էլ ստեղծել, մանավանդ որ այդ երկրում, որտեղ ապրում էր ինքը, ոստիկանապետերը հեղափոխությունը օրորոցում խեղդելու սովորություն ունեին: Պահպանողականների կուսակցություն կար, ազատականների` կար, ազգայնականների` կար, քրիստոնեական` կար, դեմոկրատական` կար, նույնիսկ քրիստոնեա-դեմոկրատական էլ կար, իսկ հանրապետականներ գրեթե բոլոր երկրներում էլ կային: Եվ Լևոնը որոշեց ստեղծել «Շարժում» կուսակցությունը: Թեև գիտեր, որ երբեմն` «Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը ոչինչ է»: Լևոնի ստեղծած շարժումը իսկապես շուռ տվեց Հայաստանը, ոմանց կարծիքով նաև`Սովետ երկիրը: Հայաստանը ոսոխից հետ բերեց իրեն պատկանող Արցախը: Լևոնի կուսակցությունը նոր գաղափարներ էր սկսել տարածել`«Մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է>: Ժամանակակիցները պատմում են, որ դա Լևոնն առաջ էր քաշել թշնամուն մոլորեցնելու համար, և դրա շնորհիվ հայերը Շուշին ազատագրեցին: Բայց ստացվեց, որ թշնամուն մոլորեցնելուց առավել նա իր յուրայիններին էլ մոլորեցրեց իր «Պատերազմ, թե խաղաղություն» հարցադրումով: Հետո տեսավ, որ իրեն չեն հասկանում յուրայինները, վերցրեց ու հրաժարական տվեց: Եվ 10 տարի փակվեց իրեն հատկացված «Խոր վիրապում>: Հետո տեսավ`իր գաղափարները անտեսվում են, երկիրը ձեռից գնում է, չնայած, որ այդ ժամանակ երկրում ի հայտ էին եկել նոր կուսակցություններ: «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հայտնվելուց հետո ոչ օրինականությունը Հայաստանում ավելացավ և ոչ էլ երկիրը բարգավաճեց, բացի իրենցից, իհարկե: Որոշեց կրկին ասպարեզ մտնել և երկրի ղեկը վերցնել իր ձեռքը: Տեղի ունեցավ անկանխատեսելին: Իրեն իշխանության բերող ուժերը անզոր գտնվեցին: Նա մտածեց, որ հիմա ուժն ու զորությունը թաղային հեղինակությունների և խուժանի ձեռքին էին, ինքն իր մարդկանցով, որոնց իշխանավորները բոմժեր ու համբալներ էին անվանում, ոչինչ չի կարող փոխել: Մինչ Լևոնը տվայտանքների մեջ ոգորում էր Հայոց աշխարհը շուռ տալու նոր ծրագրեր մշակել, ասպարեզ մտավ Րաֆֆի անունով մի մարդ, որը մի հասարակ «Բարև»-ով «բոմժերին ու համբալներին» տարավ իր հետևից և քիչ էր մնացել իշխանությունը վերցներ իր ձեռքը, եթե աղոթքով ու հացադուլով չտարվեր:
Հետո Լևոնը տեսավ, որ ընտրություննների մակընթացությունն ու տեղատվությունը իր երկրում արդեն մոտենում է ավարտին: Երկիրը գնում է դեպի միահանրապետական հանրապետություն դառնալու գործընթացի: Թեև շաբաթվա մեռելոց և նախամեռելոց հանգստյան օրերին զուգընթաց երբեմն-երբեմն կյանքի էին կոչվում հանրահավաքային ցասման օրերը, սակայն դրանք էլ միտում ունեին չքանալու: Նա տեսնում էր, որ շուրջբոլոր հայտնվել են բազում կոչեցյալներ, բայց ոչ ընտրյալներ: Իր երկիրը մեկ շնչին ընկնող ՀՆԱ- ով վերջին , իսկ կուսակցությունների թվով առաջին տեղերում է հայտնվել: Նրանցից մի քանիսը խոսքները մեկ արած որոշել են միավորել իրենց ուժերը` իր դեմ խաղ թույլ չտվող իշխանությանը զգետնելու համար: Չէր կարծում, որ սրանց մոտ էլ աշխարհը փոխելու գաղափարներ էին ծնվել, չէր բացառվում, որ սրանցից ամեն մեկը մի տոկոսի կամ թվի վրա էր «խփնվել»: Կամ գուցե նրանց աչքերում, անապատում հայտնված ծարավից տոչորվածների նման, միրաժ էր հայտնվել, և ուր որ է իրենց ծարավը կհագենա:
Ի՞նչ անել: Եթե հետևեր կուսակցություն ստեղծելու հայտնի մասնագետ Լենինի խորհուրդներին, առաջին հերթին թերթ պիտի ստեղծեր:Բայց հիմա իր երկրում թերթ կարդացողն ով էր: Ուրիշ բան է հեռուստատեսությունն, ինչն Իլյիչի ժամանակ չկար: Նա գիտեր, որ, օրինակ , Իտալիայում Բեռլուսկոնին երեք-չորս հեռուստատեսություն ունի, և, աշխարհի բոլոր մեղքերը վրան գցելուց հետո էլ, չեն կարողանում նրան ասպարեզից հեռացնել: Իսկ իր երկրում հեռուստատեսությունները փակի տակ են: Ինտերնետն ուրիշ բան է: Բայց իր երկրում ինտերնետն այնքան վատն էր, որ եթե ինտերնետով բան ուղարկեն, պատասխանը գերեզմանատան հասցեովդ կստանաս:
Երկար մտածեց, գցեց-բռնեց դարձյալ չհրաժարվեց կուսակցություն հիմնելու մտքից, թեև իր երկիրը կուսակցություններով փոխելու գործի մեջ հեռանկարն անորոշ էր և տարտամ: Նա համոզված էր, որ եթե իր երկրի ժողովրդի մտքին իշխանություն ունենալը լիներ, թքած չէր ունենա կուսակցությունների և իշխանության եկածների վրա: Իր երկրի պատմության ընթացքի վրա հիմա ոչ թե կուսակցություններն են ազդում, այլ կուսակցություններն են ամեն օր նոր պատմությունների մեջ ընկնում: Հիմա մարդիկ կուսակցություններից երես են թեքում, երկրից թողնում փախչում են հուսաբեկված: Նորից շրջանառության մեջ էր մտնում այն միտքը, ըստ որի ամեն մի խոհարար էլ կարող է երկիր կառավարել: Որովհետև խոհարարը գիտի ինչն ինչի հետ խառնի, որ համով ուտեստ ստանա: Օրինակ` անձնական շահը, եթե հանրային գերակա շահի հետ խառնի, հրաշալի ֆինանսական միավորներ կստանա: Ողջերն ու մեռածները իրար խառնելով կայուն ընտրազանգված կստանա: Դրսից բերված վարունգներին, ներողություն, վարկերին, եթե հարկեր ավելացնի, համադամ նախուտեստը պատրաստ կլինի: Իսկ իր երկրում թեև կուսակցությունները ցույց են տալիս, թե իբր զօր ու գիշեր դիվ ու դադար չունեն ժողովրդի մասին մտածելուց, հալումաշ են լինում ժողովրդի նկատմամբ ունեցած անպատասխան սիրուց, իրականում մտածում են մի բանի մասին: Բոլորի բաները, այսինքն` գաղափարները պտտվում են մի բանի շուրջ` հերթով կամ արտահերթ ճաշակել Եդեմական այգու խնձորը:
Ժողովուրդը չի հավատում, որ կուսակցություններն են հեղափոխություններ սարքում: Լիբիայում, Եգիպտոսում ու Եմենում խելքը գլխին կուսակցություններ իսկի չկային էլ , բայց նրանք ունեին Մուբարաքի և Քադաֆիի նման բազմահմուտ ու հեղափոխություն սարքելու մեջ հմտացած խոհարարներ: Ժողովուրդը համոզված է` հեղափոխությունները ոչ թե կուսակցություններն են սարքում, այլ իշխանությունները, ավելի ստույգ իշխանության գլխին կանգնած խոհարարները: Կան
խոհարարներ, որոնց եփած ճաշերն իրենք էլ չեն կարողանում ուտել: Ստեղծվում է անելանելի վիճակ: Իսկ կուսակցությունները, չցանկանալով կորցնել իրենց կուսությունը, զրկվել են իրենց հենարաններից, դարձել անզոր և անօգնական: Արքիմեդի ստեղծած հենման կետի օրենքը այլևս կիրառություն չի գտնում: Դրան հակառակ գիտնականները պնդում են, որ նյութի փոքրագույն մասնիկն ատոմն է, որը թեև տեսանելի չէ, սակայն դրա տրոհումից է ստեղծվում աշխարհի ամենահզոր զենքը:

Դիտվել է՝ 6789

Մեկնաբանություններ