ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ֆիդայական շարժումը

Ֆիդայական շարժումը
16.06.2023 | 15:44

Արևմտյան Հայաստանում նոր թափով ծավալվեց ֆիդայական շարժումը։ Այն տարածվեց հիմնականում ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի ջանքերով ու աջակցությամբ։

Ֆիդայական շարժման ծավալման գործում մեծ էր հայ քաղաքական կուսակցությունների դերը։ Սկզբնապես այս շարժման առաջամարտիկներն էին հնչակյանները։ Սակայն Սասունի ապստամբության պարտությունից հետո նրանց խմբերը հիմնականում քաշվեցին Փոքր Հայքի, Ծոփքի շրջանները։ Արմենականների գործունեության ոլորտը հիմնականում Վասպուրականն էր։ Ավելի ուշ շարժմանը ներգրավվեց դաշնակցությունը, որը, ի վերջո, դառնալու էր ֆիդայական շարժման առաջամարտիկը։

Արևմտյան Հայաստանում ֆիդայական շարժման ծավալման համար անհրաժեշտ էր այլ վայրերից զենքի, զինամթերքի, գործիչների ու մարտիկների թափանցումը Արևմտյան Հայաստան։ Այս գործը հիմնականում ձեռնարկեց դաշնակցությունը։ Էրգիր մեծ քանակությամբ զենք, զինամթերք ուղարկվեց, ինչպես նաև հարյուրավոր գործիչներ անցան, որոնց մի մասը մարտական գործողություններ էր վարում, մյուս մասը քարոզիչներ էին, աշխատում էին բնակչության հետ, քարոզում, կրթում։

Դեպի Արևմտյան Հայաստան տանող բազում ուղիներից ամենագործածականը Պարսկահայք-Վասպուրական ուղղությունն էր։ Նախ պարսկական իշխանությունները շատ հաճախ աչք էին փակում հայկական խմբերի գործունեության վրա։ Դա ամենակարճ ուղին էր, և հայդուկները միայն հանդիպում էին թուրքական զորաջոկատների և քուրդ հրոսակների դիմադրությանը։ Այս ուղով անցնելիս շրջանցվում էր Հայաստանի արևելյան հատվածից դեպի արևմտյան հատված ռուսական արգելքը։

Այս ուղու վրա առանձնահատուկ դեր ուներ Դերիկի վանքը, որը հայ ֆիդայական խմբերի համար ապաստան էր ծառայում, զինապահեստ, ճանապարհային կայան։

Ֆիդայական խմբերը գործում էին ոչ միայն Վասպուրականում և Տարոնում, դարավերջին Փոքր Հայքում մեծաքանակ խմբեր էին գործում, Գալուստ Արխանյանի և Ռուբեն Շիշմանյանի հրամանատարությամբ։

Նրանց հրամանի տակ կռվող հայդուկների թիվը հասնում էր հազար հոգու։

Ականավոր ֆիդայիներից էր Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան)։ Նա մեծ աշխատանքներ տարավ Տարոնում, որպեսզի հայերի հետ քրդերն էլ միասին ճակատ կազմեին թուրքական տիրակալության դեմ։ Հենց Հրայրն էր հայդուկային շարժման առաջնորդն ու ոգին։ Եվ նա լավ կազմակերպիչ ու հեղինակություն լինելով՝ կարողացավ շատ դեպքերում արդյունավետ պայքար ծավալել թուրքերի դեմ։ Հրայրը մեծ դերակատարում ունեցավ Սասունի 1904 թվականի ապստամբության ժամանակ։

Մեծ հեղինակություն ուներ Աղբյուր Սերոբը (Վարդանյան)։ Նա Խլաթից էր, իր խմբի անդամներից շատերը նույնպես այնտեղից էին։ Այդ պատճառով գործունեության սկզբնական շրջանում Սերոբն իր խմբով հենց Խլաթի շրջակայքում էր գործում։

1894-1896 թվականի կոտորածների ժամանակ Աղբյուր Սերոբի խմբերի գործունեության արդյունքում Խլաթի շրջանի 35 գյուղեր զերծ մնացին ջարդերից։ Նա իր սուրն ուղղում էր ոչ միայն թուրքերի ու քրդերի դեմ, այլև՝ հայերին ու մահմեդական հարստահարողների, հայ դավաճանների դեմ։ 1899 թվականի նոյեմբերի 1-ին Աղբյուր Սերոբը զոհ գնաց դավաճանության։ Գևորգ Չավուշը դավաճաններից լուծեց Սերոբի սպանության վրեժը, իսկ Անդրանիկը գլխատեց Բշարե Խալիլին, ով գլխատել էր Սերոբին ու գլուխն ի ցույց դրել։

Ֆիդայական շարժման գլխավոր դեմքը Անդրանիկ Օզանյանն էր։ Նա ծնվել է Շապին Գարահիսարում, 1865 թվականին։ Զբաղվել է հյուսնությամբ և երիտասարդ տարիքից իրեն նվիրել հայության ազատագրական պայքարին։ Նա իր պայքարը սկսեց 1892 թվականին, երբ Պոլսում սպանելով հայատյաց ոստիկանապետին՝ փախավ Ռումինիա։ 1895 թվականին նա Ռուսաստանից 26 հոգանոց խմբով վերադառնում է Արևմտյան Հայաստան և այստեղ ծավալում եռանդուն գործունեություն։

1899 թվականին Աղբյուր Սերոբի սպանությունից հետո Անդրանիկն ընտրվում է Էրգրում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր հրամանատար։

Անդրանիկն իրեն փառավորեց հատկապես Մշո Առաքելոց վանքի կռվում, երբ 37 ֆիդայիների գլուխ անցած՝ 1901 թվականի նոյեմբերի 2-ին ամրացավ վանքի պարիսպների ներսում։ Շուտով վանքը պաշարեցին թուրքական կանոնավոր զորքերը, որոնց թիվը հասնում էր մի քանի հազարի։ Շուրջ 25 օր տևած կռիվների արդյունքում թուրքերը չկարողացան գրավել վանքն ու գերել ֆիդայիներին։ Իսկ պաշարյալները մի գիշեր աննկատ ճեղքեցին թուրքերի շղթան ու հեռացան։

Հատված «Հայաստանի պատմություն» գրքից

Վահե ԼՈՌԵՆՑ

Դիտվել է՝ 4306

Մեկնաբանություններ