ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այն, ինչ առաջարկվում է, դանդաղ գործածության ական է. Միքայել Համբարձումյան

Այն, ինչ առաջարկվում է, դանդաղ գործածության ական է. Միքայել Համբարձումյան
27.10.2022 | 07:29

Այսօր մի պահ ուսումնասիրում էի ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` Հայաստանի տնտեսության մեջ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարող անձը կարող է պարզեցված կարգով ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:


Կարծիքների ամփոփումը վկայում է, որ 24.10.22թ. դրությամբ, մեր քաղաքացիների 96%-ը դեմ են արտահայտվել նախագծին և միայն 4%-ը` կողմ: Սա բավականին խոսուն և ուրախալի ցուցանիշ է, քանի որ վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն, մտահոգ են մեր Հայրենիքի համար:


Ակնհայտ է, որ քաղաքացիներին հիմնականում մտհոգում է այն փաստը, որ օրենքը հնարավորություն կընձեռի Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ՝ Պակիստանի, Աֆղանստանի և այլ նման ռիսկային, թշնամաբար տրամադրված երկրների քաղաքացիներին անարգել, համակարգված ու մասսայական ընդունել ՀՀ քաղաքացիություն' այդ կերպ իրական ազդեցություն ձեռք բերելով մեր ներքին գործընթացների վրա, ինչն ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգության տեսանկյունից:
Ուզում եմ հավատալ, որ ոստիկանության մեր գործընկերների համար տեսանելի չեն եղել այդ ռիսկերը, հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախագիծը հիմա շրջանառության մեջ դրվել, ի՞նչ նպատակով, ու՞մ նախաձեռնությամբ և ո՞ր երկրների օրինակն է կիրառվում:


Նման հնարավորություն աշխարհում այսօր ընձեռում են ընդամենը մի քանի երկրներ, մասնավորապես' Մալթան (700.000 եվրո), Չեռնոգորիան (350.000$), Թուրքիան (250.000$) Դոմինիկյան Հանրապետությունը (200.000$), Սենտ-Լյուիսա (300.000$), Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (200.000, 400.000$), Գրենադան (220.000$), Անտիգուա և Բարբուդան (200.000$),չհաշված Արևմտյան մի քանի բացառիկ երկրներ, որտեղ շատ ավելի բարձր գումարներ են սահմանված:


Ինչպես տեսնում ենք, այս երկրներից որևէ մեկն իր աշխարհագրական դիրքով, անվտանգային ռիսկերով չունի Հայաստանի հետ նմանություն:
Ավելին` Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես Նաև Իսրայելը, որոնք, բնականաբար, շատ ավելի մոտ են մեր երկրին իրենց իրավիճակային պայմաններով, նման կարգ չունեն, լրջագույն սահմանափակումներ և պահանջներ են սահմանել քաղաքացիություն տալու համար:
Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Իսրայելը իր դեմ թշնամաբար տրամադրված պետությունների քաղաքացիներին, չնչին ներդրման դիմաց, երկրի քաղաքացիություն կարող է շնորհել:


Այն, ինչ հիմա առաջարկվում է, սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը վաղ թե ուշ հետևանքներ է առաջացնելու:
Փոխարենը, մենք ամեն կերպ պետք է Հայաստանի ներքաղաքական կյանքում, հավասար իրավունքներով, ներգրավենք, ինտեգրենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչը, վստահ եմ, շատ ավելի արդյունավետ կլինի նաև ֆինանսական ներդրումների տեսանկյունից:
Այլ պետությունների քաղաքացիները թող ունենան ապրելու, աշխատելու և այլ իրավունքներ:
Սա բնական, ճիշտ և անվտանգ ճանապարհ է:

Դիտվել է՝ 9728

Մեկնաբանություններ