ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նավթարքան» և Անմահը

«Նավթարքան» և Անմահը
04.08.2022 | 07:19

Պատմական տեսակետից Հայ Առաքելական եկեղեցու մեծագույն բարերարը եղել է Ալեքսանդր Մանթաշյանցը։ Այդ ծիրի մեջ առանձնակի տեղ է գրավում Կոմիտաս վարդապետը, որը "«նավթարքայի»" ֆինանսավորմամբ բարձրագույն երաժշտական կրթություն ստացավ Բերլինում։


Նրանք բարեկամներ դարձան, և այդ ջերմ հարաբերությունները պահպանվեցին մինչև վերջ՝ մինչև բարերարի վախճանը։
Կոմիտասի մասին հայ և օտար մամուլում հարյուրավոր հրապարակումներ կան, բայց դրանք բոլորը նրա՛ մասին են, նրա արվեստի մասին։ Հայտնի է միայն մեկ դեպք, երբ վարդապետը ստիպված եղավ իր ստորագրությամբ մի բացատրություն տալ, որն էլ 1910 թ․ տպագրվեց Կ․ Պոլսի «Ժամանակ» օրաթերթում։ Ահա դրանից մի հատված․
«Ես չե՛մ ասել՝ «Պոլսահայ երաժիշտները շատ հեռի են արժէքաւոր ըլլալէ», այլ՝ երբ հարցրել են իմ կարծիքը Պոլսոյ մէջ գործածուած «եռաձայնի և քառաձայնի» մասին, ի միջի այլոց, ասել եմ, թէ արժէքաւոր չե՛ն կարող լինել (ուրեմն եռաձայներն ու քառաձայները), քանի որ ամբողջ Թուրքիոյ մէջ երաժշտանո՛ց չկայ և «Պոլսահայ երաժիշտներ Թուրքիոյ շրջափակին մէջ մեծցած և ուսած մարդիկ են»։


Ես չե՛մ ասել՝ «նոյն իսկ ինքնազարգացման մղումը չունին, և արդէն մեծ բան մը չեն արժեր, բայց իրենք շատ յաւակնոտ են իրենց կարողութեան վրայ», այլ ասել եմ․ «նոյն իսկ ճանաչում եմ պոլսահայ երաժիշտներ, որոնք մի բան չարժեն, բայց և թերթերի մէջ քննադատում են և յօդուածների տակ «մասնագէտ երաժիշտ» են ստորագրում»։
Չեմ կամենում, ի զուր տեղ, ընթերցող հասարակութեան միտքը մանր մունր ուրիշ հարցերով զբաղեցնել։ Գործն աւելի՛ զօրաւոր է, քան խօսքն ու գրիչը։ Սակայն պիտի ասեմ, որ ես «չե՛մ շլացել իմ ընդունակութեամբս»։ Ո՛չ ասել եմ և ո՛չ էլ գրել, թէ Պոլսոյ հայ երաժիշտները աւելի կամ նուազ զօրաւոր երաժիշտներ և երաժշտագէտներ չէին լինի կամ կը լինէին, եթէ համբաւաւոր մեծ բարերարիս պ․ Աղէքսանդր Մանթաշեանի պէս մարդոց հովանաւորութիւնը վայելելով Եւրոպա գնացած լինէին։ Երաժշտութեան երկնապարգև շնորհը միայն Կոմիտաս վարդապետի վրայ չէ՛ իջել. նոյնպէս , գիտակցելով հանդերձ, թէ մի դրական բան գիտեմ, ինձ «ՄԻԱԿ ԵՐԱԺՇՏԱԳԷՏ» կամ «ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱԾ» համարելու և հռչակելու ո՛չ յաւակնութիւնն եմ ունեցել և ո՛չ էլ երևակայել:

Ընդհակառակը, շատ տեղ, քանիցս առիթ եմ ունեցել մեծ բազմութեան առաջ խոստովանելու, որ եթէ բաղդն ինձ չը ժպտար և ես Ս. Էջմիածին և ապա իմ անգին բարերար պ. Աղէքսանդր Մանթաշեանի միջոցաւ Գերմանիա չգնայի, կը լինէի իմ հայրենիքում՝ Կուտինայում, շատ շատ մի կօշկակար, որովհետև որբիս խնամող Յարութիւն հօրեղբայրս էլ կօշկակար էր և ակնյայտնի բան է որ ես էլ, ամենայն հաւանականութեամբ, նրան պիտի աշակերտէի:
Այսպիսի խնդիրներով զբաղուելն ու զբաղեցնելը չե՛մ սիրում, բայց թիւրիմացութիւնների առաջն առնելու համար ստիպուեցայ այս երկտողս գրելու:


ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Պրուսա, 1910, սեպտ․ 22»։


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 36339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ