ՏԱՐԵԴԱՐՁԸ` ՏԱՐԵԼԻՑ
Երկրի (այն է` 3-րդ հանրապետության) քաղաքական տաղավար տոնը անվերապահորեն «Անկախության հռչակագիրն» է, որի փառապանծ տարեդարձը անցած շոգապաղ օգոստոսի 23-ին էր։ Այն, ինչպես և սպասելի էր, մատնվեց անտարբերության և մղվեց հայոց նորագույն շրջանի պատմության որոմնապատ լուսանցքը։
Հատկապես գրավում է սույն հռչակագրի 7-րդ կետը. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»։ Այնինչ երկրի ժողովուրդն ակամա պատանդված է 3-րդ հանրապետությունում։ Երկրի նախկին, առավել ևս ներկա իշխանությունները նույնպես պատանդ են սեփական հայրենիքում։ Զի հենց նրանց ձեռքով, ահա արդեն 30 տարի բռնադատվեց, այսօր արդեն ուղղակի բռնաբարվում է «Անկախության հռչակագիրը», որը լույս ընծայվեց մի գերագույն նպատակով` կառուցել Շնորհապետություն։ (Շնորհապետությունը (մերիտոկրատիա) պետական կառավարման ձև է, երբ հասարակության որևէ անդամի բարեկեցության աստիճանը պայմանավորված է պետական կյանքում նրա կատարած ներդրումներով։ Այս ներդրումները կարող են լինել թե՛ տնտեսական, թե՛ մշակութային)։ Բայց վերադառնանք մշակույթի և արվեստի դաշտ։
Մի՞թե արտառոց չէ հետևյալ փաստը. ՀՀ մշակույթի որևէ նախարար լիազորված չէ կանխելու որևէ գեղարվեստազուրկ երևույթի ի հայտ գալը։ Իսկ գեղարվեստազրկությունն ու գաղափարական ճողվածքը 3-րդ հանրապետությունում դրության տերն են ամենուր և ամեն օր։ Նախարարությունները երեկ և այսօր անզոր են մայրաքաղաքի և հանրապետության մյուս քաղաքների գեղագիտական նկարագիրն ամբողջացնելու։ Տեղական իշխանիկներն են որոշում, թե ում արձանը երբ և որտեղ, նաև ում կատարմամբ պիտի տեղադրվի, նրանց է հասու զանազան քարոզչական պաստառների բովանդակային և գեղագիտական պատկերագրումը և այլն, և այլն։
Հատկապես ողբերգազավեշտային է «Հայ մեծեր» հանրահայտ քարոզչական գրոհը` արձանագրված հսկա վահանակների վրա։ Մխիթար Գոշի, Գրիգոր Նարեկացու, Թումանյանի և Տերյանի, Սարյանի և այլ երևելիների շարքում ի ցույց են դրվում հանրությանը գրեթե անհայտ, ազգային-պետական կյանքում ոչ էական ներդրում ունեցած դեմքեր։ Սա պոստմոդեռնի նորհայկական աղաղակն է։ Իսկ պոստմոդեռնը մի պարզ և բարոյազուրկ խնդիր է լուծում` վերացնում է տարբերությունները, ջնջում է սահմանները, նույն տիրույթում միևնույն թուջե սանրով է սանրում և՛ սափրագլխին, և՛ գանգրահերին, արվեստի նույն գործում ներառում է թե՛ ազգայինը, թե՛ ապազգայինը, կնոջն ու տղամարդուն, ռաբիսն ու երգեհոնային երաժշտությունը։
Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը պահպանում է զանազան ժամանակավրեպ միջոցառումների և զարմանազան բարոյազուրկ ցուցքերի կազմակերպչի և պատասխանատուի դիրքերը։ Կասկած չունեմ, որ «Հուզանք ու զանգ» ցատկռտուքը ԿԳՄՍ-ի մշակույթի ենթանախարար-պատասխանատու Նարինե Խաչատուրյանի ճաշակի արգասիքը չէր։ Նրա արգասաբեր և ճաշակավոր գործունեությանը լավ ծանոթ եմ, երբ Թուխիկյան պապենական տոհմանունով ղեկավարում էր Հովհաննես Թումանյանի թանգարանը։ Ներկայումս տիկինը Ջորջ Սորոսի կրթա-մշակութային (կարդացեք` կրտա-մաշկահանիչ) ռազմավարության կամավոր պատանդն է. Եվ կատարում է սորոսական Արայիկ Հարությունյանի հակազգային և ապապետական հանձնարարությունները` զարմանալի հանձնառությամբ։ Բայց մի՞թե ժամանակը չէ ըմբոստանալու և պահանջելու իմքայլական վերադասից (քաղաքական ասպարեզը գլուխնիոտն լքելուց 1 ժամ առաջ) լուծարել ԿԳՄՍ ձևով նախարարություն, բովանդակությամբ` սատրապությունը, պետբյուջե վերադարձնել սույն սատրապության վերադասի աշխատավարձերի 70 տոկոսն ու հավելավճարներն ամբողջությամբ և ուշի ուշով ծանոթանալ ներքոնշյալ առաջարկիս հետ։
ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
Ժամանակի պահանջն է Հարապետության հրապարակի հարավային, դեպի երևելի հայկազուններ Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան-կոթողներն ուղեկցող լայնահուն պողոտա-զբոսագու սկզբում, հենց այնտեղ, ուր նախկինում գրանիտե հոյաշեն պատվանդանն էր, այժմ կանաչեղ գազոն, կերտել «Անկախության հռչակագրի» խորհրդանշական և վեհաշուք կոթողը։
Քաղաքակիրթ աշխարհում (Ֆրանսիայում և Նիդերլանդներում, Անգլիայում, Իսպանիայում և այլ երկրներում) նկարիչը լիարյուն ստեղծագործում է, աստվածաշնորհ տաղանդը` կտավի և քանդակի տեսքով, նվիրաբերում է սեփական ժողովրդին ու պետությանը, նպաստում է երկրի բյուջեի հարստացմանը, զի քաղաքակիրթ աշխարհում կերպարվեստագետը հանրային և ազգային կյանքի առաջնադիրքում է, քանզի այդ աշխարհի երկրներում կերպարվեստը պետական բյուջեի ողորմածությանը սպասող մնացորդային արժեք չէ, այն պետական կյանքի առաջընթացն ապահովող և հզոր ներուժով առլեցուն գործոն է, ոչ ամենևին` գործիք։ Կերպարվեստի արտադրանքն իրացնելով արտաքին շուկաներում` պետությունը ծառայում է թե՛ ստեղծագործող անհատին, թե՛ ինքն իրեն։ Տիարք և տիկնայք իշխանապետեր, ասվածն ականջի օղ արեք, հավատացեք, որ չեք փոշմանի։ Առայժմ մեր բախտախռով հայրենիքում կերպարվեստը հընթացս հարստահարվում է։ Ամեն օր և ամենուր։ Եվ որպեսզի միտքս հեղափոխական թռուցիկի նման չճախրի օդում, պատկերագրում եմ իրավիճակը։
Անշուշտ, նկարիչը նկարում է, քանդակագործը քանդակում է ողջ կյանքում։ Բայց անողորմ ժամանակը հատում է տարածության շեմը, և նրանք արժանանում են պետական պատվո վճարի, այն է` թոշակի։ Որևէ պետական կամ մասնավոր հաստատությունում երբևէ չաշխատած կերպարվեստագետը 3-րդ հանրապետությունում ստանում է... կենսաթոշակ, հավասարվելով այն հարգարժան տնային տնտեսուհուն, որը ողջ կյանքում երեխա է ծնել և խնամել, ամուսնուն է գործի ճանապարհել և դուռը լայնսիրտ բացել է նրա առաջ օրավարտին։ Մի խոսքով, շեն է պահել իր օջախը։ Ազատ ստեղծագործող կերպարվեստագետը նաև զրկված է սոցիալական որևէ ապահովությունից, նա հարազատ երկրի ընկեցիկ զավակն է։ Այլ կերպ ասած` ստեղծագործում և ապրում է չարաբաստիկ «մնացորդային արժեքի» տիրույթում։
Հայաստանի ազգային կերպարվեստը վարար գետ է, միավորում է շուրջ երկու հազար ահել և ջահել ստեղծագործողի, բայց ահա 30 տարի է, ինչ տապակվում է սեփական յուղի մեջ։ Չկա որևէ ռազմավարության, բայց չէ՞ որ կան նորանկախական պատմափուլում իրենց արժանապատվությունը պահպանած և կիսակախյալ պետության մեջ իրենց անկախությունը սյունավորած հաստատություններ, ի դեմս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի նկարիչների միության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանների... Կան մասնավոր պատկերասրահներ, որոնք, ոչ շահեկան միջավայրում գործելով, այնուամենայնիվ, հանրահռչակում են հայ կերպարվեստը երկրում և նրա սահմաններից դուրս, վաճառում են արդի վարպետների աշխատանքները, շահում են իրենք, շահում է նկարիչը։ Բայց անմասն է պետությունը։
Պատկերավոր ասած, հայ ազգային կերպարվեստի մեր վարար գետն իր զույգ ափերում կաղապարված է և հոսում է նեղլիկ ակոսով, ինչպես մայր հունից շեղված մի վտիտ առվակ։
«Անկախության հռչակագրի» ոգուն հարիր անխուսափելի ազգային հեղափոխությունից հետո ապագայում ի հայտ կգա ՀՀ կերպարվեստի նախարարությունը, որը կներառի արդի հայ կերպարվեստի ողջ ներուժը, իր կազմում կհաստատագրի բոլոր կառույցները, թանգարաններն ու բուհերը, միությունները և այլն։ Գլխավորը` կերպարվեստի նախարարությունը, հռչակելով իր ռազմավարությունը, կդառնա այն եզակի պետական ատյանը, որը կառավարությունից ստանալով որոշակի արտոնություններ, լիարյուն գործունեություն կծավալի երկրի ներսում և միջազգային հարթակներում ու պետության կողմից դրամաշնորհած X գումարը կվերադարձնի առնվազն կրկնապատկված։
Այժմ մի քանի գերօրախնդիր հարց եմ ներկայացնում ՀՀ ԱԺ-ի մշակույթի հանձնաժողովի նախագահ տիար Մխիթար Հայրապետյանի և ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալ Նարինե Խաչատուրյանի ուշադրությանը` ակնկալելով ողջախոհ պատասխաններ։
ա) Նորավարտ կերպարվեստագետների ճնշող մասն արվեստանոցազուրկ է, այն է` զրկված են ստեղծագործելու տարրական պայմաններից։ Արդյո՞ք հանձնաժողովի և նախարարության օրակարգում կա այս գերարդիական խնդիրը։
բ) Մի՞թե ժամանակը չէ, որ ազատ ստեղծագործող կերպարվեստագետի գործունեությունը համարվի էական ներդրում հանրապետության կյանքում, և նկարիչներն ու քանդակագործները թոշակավորվեն ԱԺ պատգամավորների թոշակի չափով։
գ) Տիար Մխիթար և տիկին Նարինե, գուցե արժե, որ պարբերաբար այցելեք նկարիչների արվեստանոցներ, սուրճ խմեք նրանց հետ, հստակեցնեք նրանց առաջ լեռնացած ու լուծման կարոտ խնդիրները և վերջապես կռահեք, թե իշխանությունն ու կառավարությունն ինչպես պետք է փոխառնչվեն կերպարվեստի ժամանակակից վարպետների հետ։
Տիար Մխիթար և տիկին Նարինե, ձեր պաշտոնական անգործությունը լրացրեք վերոհիշյալ առաջարկներիս շուրջը խորհելով։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ