«Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…»
24.04.2020 | 00:10
Տունը վերածվել էր յուրատեսակ հայկական օջախի: Այստեղ հաճախ կարելի էր տեսնել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին, Շահան Պերպերյանին, Տիգրան Չյոկյուրյանին, Հակոբ Սիրունուն, հայ գրականության ինտելեկտուալներ Կոստան Զարյանին ու Հրանտ Նազարյանցին, դերասան Վահրամ Փափազյանին և բազում ուրիշների: Նրանցից ոմանք փողոցում միմյանց չէին բարևում, բայց կոմիտասյան օջախում բոլորը համերաշխ էին ու միակամ:
Բնականաբար, այցելուների թվում էին նաև բազմաթիվ օտարերկրացի ու հայ երաժիշտներ՝ Ֆուրլանին, Սելվելին, Հեգեն, Լանգեն, Կորբին, Հարություն Սինանյանն ու Էդգար Մանասեն:
Այդ տունը մի քուրա էր, ուր մեկտեղվել էին հայոց միտքը, ինտելեկտը, տաղանդը, և «տանտերը» Կոմիտասն էր:
1915 թ. Պոլսի 120-հազարանոց հայությունը Զատիկը նշեց ապրիլի 18-ին: Հետագա հինգ օրերն անցան հետզատկական հոգնաբեկ քնի, թմբիրի ու խումհարի մեջ: Եվ այդ օրերի ընթացքում Այա Սոֆիայի մոտ գտնվող քաղաքային ոստիկանության վարչությունում ծավալվում էր բուռն գործունեություն՝ ոստիկանապետ Բեդրին վաղուց պատրաստված գաղտնի հրամաններ էր ուղարկում ոստիկանության տեղական բաժանմունքներ: Դրանք ձերբակալման հրահանգներ էին, որոնց կցված էին ցուցակներ՝ ըստ հասցեների:
Ոստիկանապետը կատարում էր Իթթիհադի կենտրոնական կոմիտեի՝ Թալեաթի, Զիա Գյոք Ալփի, Միդհատ Շյուքրիի, Բեհաեդդին Շաքիրի, դոկտոր Նազըմի, Հյուսեին Ջահիդի, Կարա Քեմալի և Խալիլի հրահանգը՝ ձերբակալել մայրաքաղաքում կենտրոնացած հայության ընտրանին:
Ցուցակները կազմել էին Իթթիհադի թաղային մասնաճյուղերը և իշխանությունների հավաքագրած չորս հայ գործակալները. վերջիններիս անուն-ազգանունները գիտեմ, բայց այստեղ չեմ նշի, որովհետև նրանք արժանի չեն անգամ հիշատակման, նրանք ու նրանց ժառանգներին վերապահված է հավերժական արգահատանք, արհամարհանք ու մոռացություն:
Եթե այդ ցուցակները ողբերգական ներքնիմաստ չունենային, ապա դրանք կարելի էր համարել բավական զվարճալի, որովհետև կային նույն անուն-ազգանունն ունեցող միագամայն տարբեր մարդիկ: Տպավորություն էր ստեղծվում, որ դրանք կազմողները պարզապես գրանցել էին այն հայերին, որոնց անձնապես ճանաչում էին: Սակայն դրանք կազմվել էին դիվային սկզբունքով՝ ազգային պատկանելության հատկանիշով, որի նպատակը հրեշավոր էր՝ կտրել ազգի գլուխը, որպեսզի հայությունը գավառներում անտեր-անտիրական, բարոյալքված ու հուսահատ վիճակում մնար և վերածվեր հլու-հնազանդ զանգվածի:
Միաժամանակյա գործողությունն սկսվեց 1915 թ. ապրիլի 24-ին: Թեպետ գործողությունը պետք է սկսվեր գիշերը, սակայն արդեն ցերեկը ձերբակալվեցին 4-5 հայապատկան գրատների վաճառողներ ու տպարանի բանվորներ: Բոլոր հասցեներում արդեն կազմ ու պատրաստ սպասում էին քաղաքացիական հագուստով ոստիկանական գործակալները: Ժամը 22-ին ոստիկանական վարչությունից մեկը մյուսի հետևից դուրս եկան մեկ տասնյակ արնագույն կարմիր ավտոբուսներ ու շարժվեցին տարբեր ուղղություններով: Ավտոբուսները 20-տեղանոց էին, ամեն մեկի մեջ՝ ուղեկցող 10-ական սվինավոր զինվոր:
Ավտոբուսը կանգ էր առնում թաղամասի կամ փողոցի ծայրին, ուր կառքերով բերում էին ձերբակալվածներին: Հենց որ տեղերը լրանում էին, ավտոբուսը գնում էր «բեռնաթափվելու»:
Կեսգիշերին մոտ քաղաքացիական հագուստով երկու գործակալ և համազգեստով մեկ ոստիկան բախեցին Կոմիտասի տան դուռը: Փ. Թերլեմեզյանը Պոլսից բացակայում էր, պատերազմը սկսվելուն պես մեկնել էր Վան: Դուռը բացեց վախվորած Կարապետը: Ոստիկանները պահանջեցին վարդապետին կանչել:
Երբ Կոմիտասն իջավ, ոստիկանները քաղաքավարությամբ նրան առաջարկեցին կառք նստել ու մոտակա ոստիկանական բաժանմունք գնալ՝ բացատրություն տալու:
Վախեցա՞ծ էր Կոմիտասը: Ամենևին: Նա հաստատուն քայլերով գնաց, և կառքը շարժվեց:
Վախեցած էր Վարպետը: Նա ամբողջ գիշեր աչք չփակեց, ու լույսը բացվելուն պես սկսեց թակել փողոցում ապրող մյուս հայերի դռները: Զարմանքով իմացավ, որ գիշերը տարել են նաև հարևաններին՝ Սիամանթոյին, բժիշկներ Բազիլին և Ալլահվերդիին: Բայց հենց դուռը բացում էին, Կարապետը լացակումած ու հուսահատ բղավում էր վանեցու իր բարբառով.
-Խայր սուրբ տարան… Խայր սուրբ առան, ֆայթոն դրին ու տարան…
Կոմիտասը հայտնվեց մի ավտոբուսում, ուր գտնվում էին գրքեր ու լրագրեր վաճառողներ, որոնցից մի քանիսին ճանաչում էր, քանզի նրանք էին վաճառում իր երգերի ժողովածուները, կառապաններ, որոնց ծառայություններից գուցեև օգտվել էր, և բեռնակիրներ, որոնց ամենևին չէր ճանաչում: Բայց բոլորը ճանաչում էին վարդապետին…
Կոմիտասի ձերբակալումը բոլորովին պատահական չէր, Իթթիհադի ղեկավարության համար դա առանձնակի կարևորություն ուներ: Որովհետև նա պոլսահայության ամենամեծ ժողովրդականություն վայելող անձն էր: Որովհետև նա պոլսահայոց հոգևոր և աշխարհիկ առաջնորդն ու խորհրդանիշն էր:
Կոմիտասին տարան կենտրոնական բանտ՝ Մեհտերխանե, և ուղեկցեցին բակում գտնվող Սյուբիան մեքթեբի կոչվող և նախկինում դպրոց եղած մի փայտաշեն կառույց:
Նկատելով լաց լինող վաղեմի բարեկամ Վահրամ Թորգոմյանին, մոտեցավ, ասաց. «Չե՞ս ամաչեր», ապա սկսեց մխիթարել: Ամբողջ գիշերն անցկացրեց հեծկլտոցը չընդհատող բժշկի կողքին: Հետագայում Վ. Թորգոմյանը կգրեր. «Ան կշոյեր ճակատս, թևերուն մեջ զիս կսեղմեր ու կզգայի, թե իրմեն բան մը հիս կներարկվեր, ույժ մը, տեսակ մը էլեկտրականություն որ կենարար ազդեցություն մը կներգործեր վրաս և առանց ատոր… գուցե բոլորովին չքանայի»:
Բանտն աստիճանաբար լցվում էր: Բերում էին նորանոր ձերբակալվածներ: Ովքե՞ր էին նրանք: Մեկ ուրիշ վերապրած՝ բժիշկ Ավետիս Նագգաշյանը, գրում է. «Խմբագիրներ, բանաստեղծներ, բժիշկներ, փաստաբաններ, քահանաներ, վերապատուելիներ, դերասաններ, վաճառականներ, գինեպաններ, պանդոկապետներ, հարուստներ, աղքատներ, Օսմանյան և Ազգային երեսփոխաններ, դեղագործներ, մսավաճառներ և վերջապէս բազմաթիւ խաւերէ ու աստիճաններէ բաղկացած բազմութիւն մը, Նոյի տապանին նման ամէն տեսակէ, լեցուած էր հոն:
Ամէն մարդ կը խօսէր, կը խնդար և շատեր կ՛երթային դիմաւորելու նորեկ մը:
Սակայն ի՞նչ բանի վրայ կը կայանար խնդիրը, ինչու՞ տեղի կ՛ունենային մեծաքանակ այս ձերբակալությունները, ի՞նչ էր մեզի դէմ եղած ամբաստանութեան հիմը:
Մարդ չէր գիտեր: Հասկցող չկար»:
Կոմիտասն ընկճվա՞ծ էր, ամենևի՛ն, լի էր կորովով ու լավատեսությամբ: Նա տեղի ունեցողը համարում էր կատակ, թյուրիմացություն, արկած, որը շուտով ավարտվելու էր:
Երբ բերում էին նոր ձերբակալվածներ, որոնց ինքը շատ լավ ճանաչում էր, ժպտալով ասում էր. «Դու՞ն ալ, քերթենքելե…» կամ. «Չկրցա՞ր քարի մը տակ սողոսկիլ ու պրծիլ, ա՛յ քերթենքելե»:
Քնեց տախտակամածի վրա, ինչը սովորական բան էր իր համար, քանզի երբեք անկողին չէր մտնում: Տրտնջաց միայն ծխողների սիգարետների ծխից, որը տանել չէր կարողանում:
Հաջորդ առավոտ՝ ապրիլի 25-ի կիրակի, բանտապահները ձերբակալվածներին ժողովեցին բակում: Մի բարձրահասակ, դալկադեմ, երկար ու շատ սուր քթով ոստիկանական պաշտոնյա, ցուցակը ձեռքին սկսեց ներկա-բացակա անել: Ընդ որում այնպես աղավաղված, աղճատված էր կարդում, որ ամեն անուն-ազգանուն կմկմալով բարձրաձայնելուց հետո հայերը միահամուռ քրքջում էին: Դա տեսնելով, Կոմիտասը սաստեց և ասաց. «Թողեք, որ կանչե արագիլը»:
Բանտի բակից պարզորոշ լսվում էր անգլիական, ֆրանսիական ու ռուսական ռազմանավերի թնդանոթների խուլ թնդյունը, և Կոմիտասը նոր բառ հորինեց՝ «ռմբերգ»: Մի քանիսն էլ իսկույն ավելացրին «եռաձայն» ածականն ու ստացվեց «եռաձայն ռմբերգ»:
Ինչու՞ եմ այս դրվագները նշում. ցույց տալու համար, որ Կոմիտասը ոչ միայն հուսալքված կամ ընկճված չէր, այլև պահպանել էր սրամտությունը, կատակասիրությունը:
Ներկա-բացակայից հետո սկսվեց խուզարկությունը: Առգրավեցին դրամ, թղթի կտորներ, զմելիներ՝ գրպանի փոքրիկ դանակներ, մատիտներ, հուշատետրեր, ձեռնափայտեր:
Ապա բանտապանները հայտարարեցին, որ հայերը կարող են տուն նամակ ուղարկել՝ սպիտակեղեն, անկողնային պարագաներ կամ կերակուր բերել տալու համար: Պիտի գրեին բացառապես թուրքերեն և փոստային բացիկների վրա, որ իրենք… վաճառում էին: (Դրամն առգրավել ու վաճառում էին): Դրամ ճարվեց, և Կոմիտասը երկու բացիկ վերցրեց: Բայց, զարմանալի՜ բան, պարզվեց, որ նա թուրքերեն գրել չգիտի: Նա, որ ծնված օրվանից մինչև 10 տարեկան հասակը թուրքերեն էր խոսել, գրել չգիտեր: Ինչ-որ մեկին խնդրեց ու բացիկներից մեկը հասցեագրեց տուն՝ վարպետ Կարապետին, մյուսը՝ ԱՄՆ դեսպանության թարգմանիչ Արշակ Շմավոնյանին, որի եղբայր վերապատվելի Արսեն Շմավոնյանի հետ մեծ բարեկամներ էին. վերջին պարագան պարզ էր՝ տեղեկացնում էր իր ձերբակալման մասին և ակնկալում ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջամտությունը:
Դրանից հետո բոլորին տարան դեպի կարմիր ավտոբուսներ. դրանք տասնմեկն էին, և յուրաքանչյուրի մեջ նստեցրին 20-ական հայի՝ զինված զինվորների հսկողությամբ:
Ձերբակալվածների թվում էր և վերապրած Գրիգորիս վարդապետ Պալաքյանը, որն իր ողբալի հուշագրքում թվաբանական պարզ գործողություն կատարելով՝ հայերի թիվը նշում է 220 հոգի: Իրականում այդ թիվը մոտավոր էր, ոչ ոք չգիտեր ու չէր կարող իմանալ ստույգ թիվը, դա գրանցված էր միայն ցուցակներում: Զուր չէ, որ պայմանականորեն «մտավորականների քարավան» կոչված թափորում գտնվողների թիվը այլք նշում եմ 250-300 հոգի:
Ավտոբուսները մահաթափորի նման շարժվեցին, առջևից՝ ոստիկանապետ Բեդրիի ծառայողական մեքենան:
Շարանը հասավ Մարմարա, Սարայ Բուրնուի ծովեզերք, որտեղ սպասում էր «Շիրքեթ-42» շոգենավը: Հայերին իջեցրին, ու նրանք զույգ-զույգ անցնելով զինվորների շարքի միջով, կամրջակով մտան շոգենավ:
«ՈՒղեկցողները» ձերբակալվածներից շատ էին՝ զինվորներ, կոմիսարներ, բանակի սպաներ, ոստիկանական պաշտոնյաներ: Խճողում առաջացավ: Լսվում էին ոստիկանների գոռգոռոցներն ու գաղտնի գործակալների հայհոյանքները: Սրանց հետ էին նաև հայ լրտեսները:
Կոմիտասը «Սաբահ» լրագրի խմբագրապետ Տիրան Քելեկյանի, բժիշկներ Վահրամ Թորգոմյանի ու Նազարեթ Տաղավարյանի, հնամյա ուսուցիչ, ազգային մարմինների անդամ (հետագայում՝ վերադարձից հետո, Եսայան վարժարանի տնօրեն) Հայկ Խոճասարյանի հետ տեղ գրավեց առաջին կարգի սալոնում: Բժիշկներն անդադար լաց էին լինում, և վարդապետը մեկընդմեջ նրանց քաջալերում ու մխիթարում էր:
Շոգենավը կանգ առավ ափի մոտ: Զինվորների շղթայի միջով հայերին դուրս բերեցին ու տարան Հայդար փաշա կայարան: Այստեղ կարմիր ավտոբուսներին փոխարինեց մահվան գնացքը:
Թեպետ բոլորի ճակատագիրը նախասահմանված էր, անկախ դիրքից ու սոցիալական վիճակից բոլորին նույն բախտն էր վիճակված, բայց թուրքերը, չգիտես ինչու, դասակարգային բաժանում կատարեցին. հարցնելով պաշտոններն ու զբաղմունքը՝ հայերին տեղավորեցին Ա, Բ և Գ կարգի սալոններում:
Կոմիտասին, Գրիգորիս, Հովհաննես վարդապետներին, բժիշկներ Թորգոմյանին ու Թոփչյանին, զինվորական դեղագործ Նարկիլեճյանին, Տիրան Քելեկյանին, Սարգիս Աղամիրզայանցին, Ճիհանկյուլյանին, Գասպար Չերազին՝ նշանավոր Մինասի եղբորը. և մի քանի այլոց տեղավորեցին Ա կարգի սալոնում:
Վագոնների լուսամուտները փակ էին, լույսերը՝ մարած. դռները կողպեցին, ու գնացքը շարժվեց: Քաղցից, ծարավից և ապագայի հանդեպ մութ մտահոգություններից հայերն այլևս մեկմեկու հետ չէին խոսում:
Լուռ էր նաև Կոմիտասը: Կատակը, թյուրիմացությունը շարունակվում էին:
Գնացքը սլանում էր, առանց կայարաններում կանգ առնելու: Անցան Նիկոմիդիան, Պարտիզակը, չքնաղ Բութանիան: Հասան Էսկիշեհիր, ուր երկու ժամով կանգ առան: Երկաթուղայինները՝ գնացքի պետը և ուղեկցորդները, որոնք հայեր էին, կայարանի սրճարանից սնունդ ու ջուր գնեցին և զինված պահակներից ծածուկ, բաժանեցին ազգակիցներին՝ առանց դրամ վերցնելու:
Գնացքը շարունակեց ընթացքը: Հաջորդ կանգառը Անկարայի մոտ էր, Այաշ տանող ճանապարհի վրա գտնվող Սենջան Քյոյ կայարանում, որտեղ կատարվեց բաժանումը: Պոլսի կենտրոնական բանտի պետ Իբրահիմը, որ գտնվում էր գնացքում, դուրս եկավ, հրամայեց իջեցնել վագոնների լուսամուտները ու բղավեց, թե դուրս գան նրանք, ում անունը կկարդա:
Գրիգորիս վարդապետն իր ողբագրքում մեկ առ մեկ նշում է 62 հոգու անուն, բայց իրականում նրանք 71 էին: Իջնելուց առաջ արցունքախառն համբուրվում ու հրաժեշտ էին տալիս ընկերներին: Այլևս երբեք չէին տեսնվելու: Թվարկեմ մի քանիսին՝ Սիամանթո ու վիպասան Սմբատ Բյուրատ, «Ազատամարտի» խմբագրապետ Ռուբեն Զարդարյան, «Ոստան» թերթի խմբագրապետ Տիգրան Չյոկյուրյան, «Կիկօ» երգիծաթերթի հրատարակիչ ու խմբագրապետ Գրիգոր Թորոսյան, բժիշկ Նազարեթ Տաղավարյան, թիֆլիսցի հրապարակախոս Ակնունի (Խաչատուր Մալումյան), օսմանյան խորհրդարանի նախկին պատգամավոր Կարապետ Փաշայան…
Թվարկածներիս ու չթվարկածներիս արդեն կազմ ու պատրաստ սպասում էին 20 կառքեր, որոնք էլ խեղճերին տարան դեպի Այաշ:
Այս ամենը տեղի ունեցավ Կոմիտասի աչքի առաջ: Դա առաջին հոգեբանական հարվածն էր: Իջեցվածներից գրեթե բոլորը իր մտերիմներն էին, համախոհներն ու երկրպագուները: Տեսարանն այնքան ցնցող էր, որ նա այլևս կատակ չարեց ու չժպտաց: Մինչ ի մահ…
Մնացած ավելի քան 150 հոգի հայերով գնացքը շարունակեց ընթացքը և կանգ առավ Անկարայում: Սա գնացքի վերջնակետն էր:
Կոմիտասը չիմացավ, թե ինչպիսի ճակատագիր էր վերապահված Այաշ տարածներին: Նրանք երեք ամիս մնացին 15 մ երկարությամբ ու 6 մ լայնությամբ մի կեղտոտ ու ոջլոտ զորանոցում: Քնում էին գետնի վրա, միմյանց կողք կողքի, ով տեղ չուներ, մնում էր ոտքի վրա: Հետո բերեցին ևս 12 հոգի: Ապա սկսեցին մեկ առ մեկ դուրս տանել, իբր, Կեսարիայում, Տիգրանակերտում, Այնթապում դատելու համար, բայց ճանապարհին չարաչար տանջանքների ենթարկելով՝ սպանեցին: Մնաց 54 հոգի, որոնցից 30-ին սպանեցին Անկարայի մոտակա ձորերում՝ այդ քաղաքի հայության հետ մեկտեղ, իսկ 24-ին գնդակահարեցին հենց Այաշում:
Ես հրաժարվում եմ նկարագրել այդ դաժանությունների մանրամասները: Հրաժարվում եմ շարադրել անմարդկային խոշտանգումների, մարմինները բառի բուն իմաստով մասնատելու, բզիկ-բզիկ անելու ահավոր տեսարանները:
Կասեմ միայն մեկ բան. եթե այցելեք Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք, հիշեք, որ այն ընդարձակվել, կառուցապատվել է հայերի արյամբ ներծծված հողի վրա…
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ