«Նայում ես աշխատանքին, ասում ես՝ պաստառներ են, ոչ թե շատախոսություն»
24.04.2020 | 01:26
«Մնացեք տանը մեկ ընտանիքի պես», «Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է», «Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է անել», «Տխուր է, երբ տանն ես և «չունես ընկերներ»։ Ավելի տխուր է, երբ դրսում ես և ունես «թշնամի»: Գարեգին Նժդեհի, Թոմաս Քարյեյլի, Անտուան դը Սենտ Էկզյուպերիի և այլ հայտնիների խոսքերի հիման վրա Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները պատրաստում են գրաֆիկական պաստառներ: Երիտասարդ արվեստագետների աշխատանքները միավորում է այս օրերի ամենատարածված կարգախոսը՝ «Մնա տանը»: Նախագիծը կյանքի է կոչել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտ և նախկին աշխատակից, Նիկոլայ Նիկողոսյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, արվեստագետ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
«Գյումրու գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Վահագն Ղուկասյանի առաջարկով ուսանողների համար առցանց դասընթաց կազմակերպեցի «Պաստառը և ժամանակակից մարտահրավերները որպես սոց-արվեստային նախագիծ» խորագրով: Ներկայացնում էի պաստառի դերը ժամանակակից աշխարհում, տարբեր երկրների արվեստագետների այսօր ստեղծած աշխատանքները: Հանձնարարություններ էի տալիս, ուսանողները պաստառներ էին պատրաստում, ուղարկում ինձ»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Սարգիս Հովհաննիսյանը, նշելով, որ սկզբում ինքն է մի քանի պաստառ պատրաստել, տեղադրել համացանցում: Իր պաստառներից մեկում նա օգտագործել է Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսի խոսքը՝ նկարիչները ոչ միայն անփոխարինելի են, այլև կենսականորեն անհրաժեշտ հատկապես հիմա: Համադրողի կարծիքով՝ սա կարևոր հղում է, երտասարդները պետք է հասկանան իրենց դերը, կարևորությունը ժամանակի մեջ. «Արվեստագետը ժամանակի մեջ է ապրում, ստեղծագործում և անմասն չպետք է մնա իր շուրջը կատարվող իրադարձություններից: Գրյուտերսի խոսքերով պատրաստած պաստառը կարծես հիմք դարձավ ուսանողների համար: Նրանք ուշագրավ մտքեր են ընտրում ու դրանց օգնությամբ կառուցում գրաֆիկական աշխատանքները»: Արտակարգ դրության ավարտից հետո ծրագրի մասնակից ուսանողների հետ հանդիպում-քննարկում է նախատեսվում: Աշխատանքները ներկայումս առցանց ցուցադրվում են Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ֆեյսբուքյան էջում, նպատակ կա հետագայում ցուցահանդես կազմակերպելու և դրանք ներկայացնելու լայն հանրությանը:
Հարցին՝ բոլո՞ր աշխատանքներն են ներկայացվում համացանցում, թե՞ ընտրովի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ուսանողներն ուղարկում են էսքիզային տարբերակները, միասին աշխատում են, վերջնական տեսքի բերում, որից հետո միայն ցուցադրում: Ներկա պահին մոտ 50-60 պաստառ կա: Ստեղծագործական ընթացքը շարունակվում է: ՈՒսանողները նոր գործեր են ստեղծում, ուղարկում, մասնակից ունենք, որ մոտ 20 պաստառ է պատրաստել այս ընթացքում:
«Կարևոր է, որ ուսանողները լուրջ են մոտենում իրենց աշխատանքին, ընկալում են տրված առաջադրանքը՝ պահպանելով լակոնիկությունը, պարզությունը, ճիշտ շեշտադրումը: Նայում ես աշխատանքին, ասում ես՝ պաստառներ են, ոչ թե շատախոսություն: Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատում են ազատ, չեն կաշկանդվում, մտածողության առումով աշխատանքները տարբերվող են»,- ասաց համադրողը: Մեր «Ցուցապաստառները, սոցիալական գովազդ ասվածը հաճախ անհամոզիչ են, չհաջողված: Ընդհանուր դաշտը ինչպե՞ս եք գնահատում» հարցին ի պատասխան ասաց, որ իրականում այսօր Հայաստանում քիչ են որակյալ դիզայներները. «ՈՒնենք մասնագետներ, որ շատ լավ տիրապետում են տեխնիկային, բայց քչերն են տիրապետում արվեստի լեզվին: Որքան ուզում ես համակարգչին տիրապետիր, ստեղծագործ մտքեր ունեցիր, այդ ամենը դու չես կարող ներկայացնել այնպես, ինչպես դա կանի արվեստագետը: ՈՒսանողներն այս դասընթացի շրջանակում յուրացնում են նկարելու ու նկարածը համակարգչային գրաֆիկայի միջոցով արտահայտելու հմտությունները: Գոնե առաջին փուլում նվազագույն բաղադրիչների մասին պատկերացում կկազմեն՝ չափի, խոսքի, լուսանկարի գործածման: Կարելի է ասել՝ երկլեզու մտածողություն է ձևավորվում»:
Ի՞նչ ազդեցություն կունենա մեկուսացումը արվեստագետի ու ստեղծվող արվեստի վրա: Սարգիս Հովհաննիսյանը նկատեց, որ արվեստագետները սովորաբար փորձում են երկար մնալ արվեստանոցում. «Չեմ կարող ասել, որ այսօր տանը մնալը լավ առիթ է, բայց ստեղծվել է հնարավորություն վերլուծելու մեր արածը, մեր ունեցածը, և իհարկե, այս ամենն իրականում խոր ազդեցություն կթողնի յարքանչուրի ստեղծած արվեստի վրա»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ