«Մենք իմաստուն ժողովուրդ ենք, հուսամ՝ մեր ընտրությունն էլ իմաստուն կլինի»
17.03.2020 | 01:13
Արցախցի բանաստեղծ ԴԱՎԻԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ զրուցել ենք Արցախում տիրող տրամադրությունների, սպասվող նախագահական ընտրությունների մասին:
-Ի՞նչ տրամադրություններ են տիրում Արցախում՝ հասարակության շրջանում, իշխանությունների:
-Հասարակությունն ակտիվ է, սակայն տպավորություն է, թե Արցախում միայն նախագահական ընտրություններ են, խորհրդարանական ընտրությունները հետին պլան են մղված: Իշխանությունների դիրքորոշումն անկողմնակալ է, թեև չի կարելի բացառել ոչ շոշափելի որոշ անուղղակի միջամտություններ:
-Ինչո՞վ է պայմանավորված Արցախում նախագահի թեկնածուների մեծ թիվը:
-«...Եվ արքա է ամեն մի հայ» արտահայտությունն Արցախում բուն իմաստով են հասկացել: Իսկ եթե լուրջ, ապա դա խոսում է այսօրվա իշխանությունների անաչառության մասին, չնայած ոմանք հակառակն են պնդում:
-Ո՞Ւմ են նախապատվություն տալիս արցախցիները, ֆավորիտ թեկնածուներն ովքե՞ր են:
-Իմ կարծիքով ֆավորիտները երեքն են՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան: Արայիկ Հարությունյանը խելացի է, ճկուն, փորձառու, նրա ծրագրերն իրատեսական են: Բոլորի ծրագրերն էլ լավն են, սակայն շատ կետեր ֆանտաստիկայի ժանրին են պատկանում:
-Ի՞նչ նախագահի կարիք ունի Արցախը: Ի՞նչ խնդիրներ կան, որ կարոտ են լուծման:
-Մի նախագահի, ում խոսքը գործ է, ով խոսափողից կախվածության հիվանդությամբ չի տառապում, ում համար Արցախում բոլորը յուրային են, թշնամին միայն սահմանից այն կողմ է, ով, բանակի հզորացմանը զուգահեռ, զարգացնելու է նաև տնտեսությունը և էլի շատ ու շատ բաներ:
-Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրել Արցախ-Հայաստան հարաբերությունների առումով:
-Արցախ-Հայաստան եզրույթը շինծու է, այն դրսի համար է՝ մի տեսակ խորամանկություն, թեպետ դա բոլորն էլ հասկանում են: Մենք տարբեր հագուստներով ենք տարբեր տեղեր այցելում, բայց մարմինը հո մեկն է:
-Արցախը սառեցված պատերազմի մեջ գտնվող երկիր է, պետության անվտանգության հարցում ի՞նչն եք կարևորում:
-Վստահությունը՝ նախագահի, հրամանատարի, ընկերոջ, ընտանիքի անդամի, բոլորի հանդեպ վստահությունը: Իհարկե, շատ կարևոր գործոններ էլ կան՝ պարսատիկով տանկին չես դիմակայի, բայց հնարավոր է նաև այնպիսի քաղաքականություն վարել, որ դրա անհրաժեշտությունը չլինի:
-Որպես մտավորական, գրող, մանկավարժ, ի՞նչ առաջարկություններ ունեք Արցախի ապագա նախագահին:
-Իմ առաջարկություններն արել եմ Արայիկ Հարությունյանին, մենք շատ հարցերում համակարծիք ենք, մյուս թեկնածուներից մի քանիսի հետ էլ եմ որոշ հարցեր քննարկել, օգնելու իմ պատրաստակամությունն առաջարկել: Նախագահը հո իմաստուն չէ՞, շատ բան կախված է տարբեր ոլորտների բանիմաց մարդկանցից: Չի կարելի ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե նախագահը երբ կսայթաքի:
Մենք իմաստուն ժողովուրդ ենք, հուսամ՝ մեր ընտրությունն էլ իմաստուն կլինի:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ