«Իրատեսի» հյուրը գրող, գրականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆՆ Է: Տարին հոբելյանական է, թեև անվանի մտավորականը հրաժարվում է հոբելյանական տարին նշանավորող ավանդական միջոցառումներից: Նրա ստեղծագործական չդադարող աշխատանքը, նոր գործերի, նոր գրքի ծնունդ, արդեն գրված հայտնի վեպերի թարգմանություններն ու լույսընծայումը ամենատարբեր երկրներում յուրատեսակ ընծա են և՛ իրեն, և՛ ընթերցողին, և՛ գրական-մշակութային աշխարհին:
Մեր զրույցը Ալեքսանդր Թոփչյանի հետ ընդգրկուն է. մութ ու ցուրտ դժոխային տարիներից մինչև լկտի և անպատիժ կոռուպցիա, «Կիրկե կղզուց» մինչև «Չարիքի զավակներ»...
-Պարոն Թոփչյան, ի՞նչ զգացողություններ ունեք հոբելյանական տարում անցած տասնամյակները վերարժևորելիս, ավելի շատ գո՞հ եք, թե՞ դժգոհ, կուզեի՞ք Ձեր կյանքը նորովի ապրել:
-Ոչ մի դեպքում: Չեմ կարծում, թե նոր կյանքն ավելի հետաքրքիր կլինի, քան իմ ապրած տարիները: Բացի այդ, հրաժարվել իմ ժամանակից, ասել է` հրաժարվել ինքս ինձնից: Դա փաստորեն դասալքություն կլինի: Ես իմ ապրած օրերի ծնունդն եմ, լավ թե վատ: Մեր աշխարհ գալուց առաջ մեզ ընտրության հնարավորություն չի տրվում, թե երբ, որտեղ և ինչպիսի ժամանակներում կուզեինք ապրել: Պարզապես, Արարիչը մեզ լույս աշխարհ բերելիս ապրելու երեք տարբերակ է տալիս. ենթարկվել Չարիքին և դառնալ նրա հլու- հնազանդ գործիքը, չենթարկվել և ապրել ինքնամփոփ, ճգնավորի պես աշխարհից մեկուսացած, և երրորդը, որն ընտրում են հազվագյուտ խիզախները, դիմադրել Չարին և երբեմն հաղթել:
-Վերջերս լույս տեսած «Չարիքի զավակները» խորհրդանշական վերնագիրն ունեցող պատմվածքների ստվարածավալ ժողովածուն հենց այդ երեք տարբերակներն է արծարծում: Կարո՞ղ ենք արդյոք այդ գիրքն, ընդհանուր առմամբ, բնորոշել որպես երրորդ տարբերակի` Չարին դիմադրելու արտահայտություն:
-Թերևս: Մեզնից յուրաքանչյուրն իր ոգու զորությամբ և իր զենքով է դիմադրում: Գրչի մարդը հիմնականում երկու ճակատ ունի պայքարելու. հրապարակախոսություն, ուղիղ խոսք, օրվա հրատապ խնդիրների մեկնություն և գեղարվեստական խոսք: Իննսունականների սկզբից ես հավասարապես և պարբերաբար մշակել եմ թե՛ մեկը, թե՛ մյուսը և ձգտել օգնելու ընթերցողին ոչ միայն տեսնելու օրվա վտանգները, այլև դրանց աղետալի զարգացումները առաջիկա տարիների ընթացքում:
-Ձեր ասածի տիպական արտահայտությունը կարելի է համարել 1992-ին գրված «Չարիքի զավակները» հակաուտոպիական պատմվածքի ավարտական տողերը, թե ինչպես «բոցաշունչ հեղափոխականները… խլուրդի պես օրնիբուն փորում էին ընդերքը, և ոչ ոք չգիտեր, թե ինչ են հանում այնտեղից և ուր են տանում»: Եվ երբ երկիրը ներսից իսպառ դատարկվում է, դառնում, ասես, փուչ ընկույզ, տագնապ են հնչեցնում, որ չորս միլիոն բնակչությունը ծանր բեռ է, ուստի, հանուն երկրի փրկության, երկու միլիոնն անհապաղ պիտի լքեն երկիրը… Որքա՜ն նման է այս նկարագրությունն անցած տասնամյակների Հայաստանին, ուր ծայրեծայր պեղում էին ընդերքը, բնակչությունն էլ լքում հեռանում էր, և եթե այսպես շարունակվի, թիվը շուտով իսկապես երկու միլիոն կդառնա… Դժվարանում ես հավատալ, որ այս տողերը քսանյոթ տարի առաջ են գրվել:
- Այդ պատմվածքը ծնվեց մութ ու ցուրտ դժոխային տարիներին: Ընկերներիցս մեկը, որին կարդացի ձեռագիրն այդ օրերին, խորհուրդ չտվեց տպագրել, ասելով, թե շատ մռայլ է, ժողովուրդն առանց այն էլ վհատված է: Ես անսացի նրա խորհրդին, բայց երկու տարի հետո գրված` դարձյալ հակաուտոպիական «Կիրկե կղզին» վեպում ավարտական այս տեսարանն ավելի դաժանորեն արտահայտվեց: Ներսից դատարկված անանուն երկիրն այնտեղ փլվում անհետանում է` բնակիչների ձեռքով իսկ փորված ընչաքաղցության, անհեռատեսության, եսասիրության և դավաճանության անհատակ անդունդի մեջ:
-Ըստ Ձեզ, ստացվում է, որ ներկան ավելի ճիշտ հասկանալու համար, ժամանակ առ ժամանակ, պետք է վերընթերցել անցյալի ստեղծագործությունները:
-Այո, բայց ընտրովի: Բոլորովին վերջերս մեր ճանաչված արձակագիրներից մեկն այսպիսի միտք էր արտահայտել հարցազրույցում. «Չգիտեմ, թե վաղն ով է գրելու մեր այս օրերի մասին…»: Չեմ կարծում, թե պարտադիր է սպասել վաղվա օրվան` գրելու համար այսօրվա մասին: Անձամբ ինձ համար գերադասելի է այն գրականությունը, որը նկարագրվող ժամանակահատվածը դիտարկում է դիալեկտիկ զարգացման մեջ, ներկայի մեջ տեսնում հնարավոր ապագան: Եթե այդ հայացքով չես ընկալել ապրածդ օրերը, վաղն էլ չես հասկանա, թե ինչ կատարվեց քեզ հետ:
-Այլ կերպ ասած, գրականությունը պետք է օժտված լինի նաև նոստրադամուսյան առաքելությա՞մբ:
-Այո, բայց մի էական տարբերությամբ: Նոստրադամուսի տեքստերը գերազանցապես գուշակություններ են, որոնք ոչ միշտ են համապատասխանում տեղի ունեցող իրադարձություններին: Մինչդեռ անցյալում ստեղծված հեռատես գրականությունը կարդալիս թվում է, թե բառ առ բառ ներկայացված է ներկան: Դոստոևսկու մոտ 150 տարի առաջ գրված «Դևերը» վեպը մարգարեության բացառիկ դրսևորում է, որը հստակորեն կանխատեսել է հետագա տասնամյակներում տեղի ունեցած «հեղափոխության դևի» (Արտեմ Հարությունյան), իսկ վերջին ժամանակներս` «ժողովրդավարության» դևի անվերջանալի ավերներն աշխարհով մեկ: Մեր հեղինակներից այդպիսի հեռատեսությամբ աչքի ընկավ հատկապես Արտեմ Հարությունյանը, որը 70-ականների վերջին և 80-ականների սկզբին գրված մի շարք բանաստեղծություններում ներկայացնում էր խորհրդային կայսրության առավել քան հնարավոր անկումը:
-Սակայն Ձեր ոչ բոլոր պատմվածքներն են այդպիսին: Գրքում կան գործեր, որոնք բնավ ապագայամետ հայացքով չեն գրված, այլ կարծես այսօրվա Հայաստանի թիվ մեկ խնդիրն են շոշափում` կոռուպցիան: Խոսքը հատկապես «Լուլու» պատմվածքի մասին է, որտեղ նկարագրվում է, թե աֆրիկյան կոռումպացված երկրներից մեկի նախագահի թալանած միլիարդներն ինչպես են անհետանում եվրոպական երկրներից մեկի բանկում:
-Դա, այսպես ասած, ներկայամետ հայացքով ստեղծված պատմվածք-զգուշացում էր` գրված 2014 թ., երբ մամուլում արդեն խոսակցություն էր սկսվել երկրից դուրս հանված ավելի քան տասը միլիարդ դոլարի, օֆշորներում թաքցված հարյուրավոր միլիոնների և ֆինանսական այլ մեքենայությունների մասին: Ագահությունն իսկապես կուրացնում է մարդուն: Վերջին քսան-երեսուն տարում աշխարհի խոշորագույն բանկերն իրենց ընդերքը լցրին նման մի շարք գող նախագահների հարյուրավոր միլիարդները, գուցե և տրիլիոնները: Լցրին անվերադարձ, ընդմի՛շտ: Մեր տասը միլիարդը հանողներն արդյոք համոզվա՞ծ են, որ վաղը-մյուս օրը տեր են լինելու երկրից հանված «իրենց» գումարներին, արդյոք վստա՞հ են, որ օֆշորներին պահ տված փողերը չեն անհետանա, ինչպես արդեն եղավ շատերի հետ… Սակայն դաս չեն առնում, շարունակում են թալանել ու դուրս հանել երկրից: Մինչև ե՞րբ:
-Հավանաբար ընդմիշտ: Չէ՞ որ վերջերս վարչապետը հայտարարեց, թե կոռուպցիան վարակիչ բնույթ ունի:
-Թույլ տվեք չհամաձայնել: Գուցե վարակիչ է բարոյական իմունիտետ չունեցողների համար: Բայց եղել են բազմաթիվ մարդիկ, և հիմա էլ կան, ովքեր իրենց տնօրինության տակ ունեցել են պետական հսկայական գումարներ, սակայն ոչ մի կոպեկ չեն գրպանել: ՈՒստի այսօր կոռուպցիայի վիրուսը պետք է վերացնել ոչ միայն գողերին պատժելով, այլև ազնիվ մարդկանց խրախուսելով, մանավանդ որ դա դժվար չէ, քանզի նման անբասիր անձինք, դժբախտաբար, շատ չեն:
-Ձեր պատմվածքներում մենք տեսնում ենք կոռուպցիայի բազմազան դրսևորումները: «Դժոխքից արտաքսվածը» մենախոսության մեջ պատմվում է, թե ինչպես «ջրի գնով» ձեռք բերված տասը միլիարդ մոմը ժողովրդի վրա ծախելու համար անջատվում է հոսանքը: Սա հիշեցնում է անկախության առաջին տարիները, երբ երկիրը հայտնվել էր քարեդարյան մղձավանջի մեջ:
-Ես հենց այդ տարիները նկատի ունեի մենախոսությունը գրելիս: Եվ առայսօր ոչ ոք դրանց համար պատասխան չտվեց, անգամ ներողություն չխնդրեցին ժողովրդից, չփորձեցին գոնե բացատրել պատճառները և փաստորեն մոռացումի մատնեցին: Այդ «մոռացումն» էլ կոռուպցիայի արտահայտություն է, առնվազն նրա իներցիան ժամանակի մեջ:
-Ավելացնենք, որ «մոռացավ» ոչ միայն իշխանությունը, այլև ժողովուրդը:
-Ժողովրդի մոռանալը հասկանալի է, նա ուրիշ ելք չուներ, քանի որ չլուծված խնդիրներին շարունակ ավելանում էին նորերը, ասես հայտնվել էր ռինգում, ուր մինչև ուշքի կգար նոկաուտից, տեղնուտեղը հաջորդում էր մյուսը, և այդպես շարունակ: Եվ ընդհանրապես, անկախության մեր քսանութ տարին բազմազան, լկտի և անպատիժ կոռուպցիայի անվերջանալի մի շղթա եղավ, որը ոչ միայն լրջորեն խանգարեց երկրի բնականոն զարգացմանը, այլև փչացրեց ժողովրդի բարոյական նկարագիրը` մեծամասնության գիտակցության մեջ արմատավորելով այն համոզմունքը, որ արդար աշխատանքով չես կարող ապրել: Եվ այս ամբողջ ընթացքում մեր պատկան մարմինները նմանվել են Կռիլովի առակի հերոսին, որը գող կատվի գլխին ընդամենը քարոզ էր կարդում և ամոթանք տալիս: Երբեմն այդ քարոզն էլ չեն կարդացել, չտեսնելու են դրել…
-Գրքի անոտացիայում ասվում է, որ «ժողովածուն ժանրային և արտահայտչաձևերի մի հարուստ բազմազանություն է մատուցում ընթերցողին»: Ինձ հատկապես հետաքրքրեցին այն պատմվածքներն ու մենախոսությունները, որոնցում փորձում եք հանրահայտ դասական սյուժեները «շարունակել» և նույնիսկ զարգացնել` արդիական շունչ հաղորդելով դրանց, ասես նույնիսկ մրցում եք հանճարների հետ, թե ծանոթ կերպարներն ինչպես կդրսևորվեին ներկա պայմաններում: Օրինակ` թագավորի մերկությունը բարձրաձայնած տղան, որոշակի «դաստիարակություն» ստանալով, սկսում է նմանվել արդի մի շարք քաղաքական դեմքերին: Ի՞նչ եք կարծում, եթե Անդերսենը մի հրաշքով այսօր հարություն առներ, արդյոք այդ կերպ կշարունակե՞ր իր իսկ հեքիաթը:
-Դժվար է ասել, թե ինչպես կշարունակեր և կշարունակե՞ր արդյոք, գուցե մի նոր հեքիաթ գրեր, սակայն ինձ իրավունք է տվել ենթադրելու, թե այդ մանկական մաքրությունն ինչպես «կդաստիարակվեր» ըստ արդի պահանջների: Այլ խոսքով, անմեղ երեխայից սարքում են ցինիկ քաղաքական գործիչ, որպիսիք այսօր լեցուն են միջազգային ասպարեզում, և ժողովրդավարական կարգախոսների ներքո արյունահեղություններ սարքում աշխարհի տարբեր անկյուններում: 20-րդ դարի քաղաքական գործիչներից մեկն ասել էր, որ պատմությունը սպիրալաձև զարգացում ունի, նշանակում է մենք մշտական ականատեսն ենք շարունակական գործողությունների, որոնք կրկնվում են նոր իրավիճակներում, նոր գործող անձանց «կատարմամբ»: Սակայն դրանց էությունը մնում է անփոփոխ: Այնպես որ, դասական սյուժեները մշակելով, ես պարզապես հետևում եմ այդ օրինաչափության հերթական դրսևորմանը: Ի վերջո, անցյալի մեծ հեղինակները, ինչպես, օրինակ, Շեքսպիրը կամ Դոն Ժուանի առասպելի հարյուրից ավելի մշակողները, ևս օգտվել են նախորդած դարերի տարեգրություններից: Այսպիսին է պատմության անվերջանալի ընթացքը, և մենք նրանում ընդամենը հերթական հյուլեն ենք…
-Գրքում տեղ գտած գործերը գրվել են Երևանում, Փարիզում, Բելգիայում, Շվեյցարիայում… Ի՞նչ ազդեցություն ունի գրողի, մտավորականի վրա աշխարհագրությունը, այսինքն այն, թե որտեղ է գրվել:
-Ռուբեն Սևակի և ընդհանրապես արևմտահայ քերթության թերևս ամենաողբերգական` «Ո՜վ իմ Հայրենիքս» բանաստեղծությունը գրվել է Շվեյցարիայում, 1909 թ. ապրիլին, Կիլիկյան աղետի անմիջական տպավորությամբ` երիտթուրքերի իրագործած զարհուրելի սպանդի պատկերները հակադրելով Լեման լճի երազային բնանկարին: Այնուհանդերձ, աշխարհագրությունը, այս կամ այն տեղանքն ու բնանկարը ոչ միշտ են վճռականորեն ազդում օտարության մեջ գրվող ստեղծագործությանը: Ինչ վերաբերում է իմ պատմվածքներին, ապա Փարիզում կամ Բելգիայում գրված գործերը կարող էին նույնությամբ գրվել Երևանում կամ այլուր: Աշխարհի որ ծայրում էլ գտնվեի, «Դժոխքից արտաքսվածը» իմ մենախոսության հակահերոսն ինձ համար հավասարաչափ եղկելի և մերժելի էր լինելու: Հայրենիքն իր լավ ու վատով ես երբեք հեռվից անխմբագրելի լուսապսակի մեջ չեմ նայել, ինչպես սփյուռքահայ որոշ գործիչների և մտավորականների դեպքում էր, անձինք, ովքեր անկախության առաջին տարիներին (և դեռ հիմա էլ) կտրականապես հրաժարվում էին ամենաաննշան և առողջ քննադատությունը լսելուց Հայաստանի խնդիրների վերաբերյալ: Դա հայրենասիրություն չէ, այլ կռապաշտություն:
-Կուզեի Ձեզ մի հարց տալ, որը եթե անպատեհ համարեք, կարող եք չպատասխանել: Անցած տասնամյակների ընթացքում դուք գրաքննադատական մի քանի ծանրակշիռ ժողովածուներ եք հրատարակել` հայերեն և ռուսերեն, Ձեր մասին գրում են, որ գրական մի ամբողջ շարժում եք ստեղծել, Ձեր վերլուծական հոդվածները տպագրվել են մի քանի լեզուներով, և ուրիշ շատ ու շատ արժանիքներ կարելի է թվարկել, բայց ինչպե՞ս հասկանալ, որ գիտական ոչ մի կոչում չունեք:
-Պատասխանն ինձ համար շատ պարզ է. եթե ընկնեի գիտական կոչումների հետևից, կարծում եմ կհասնեի դրանց, բայց Ձեր ասած «ուրիշ շատ ու շատն» այսօր չէի ունենա: Ես այդ «շատն» անհամեմատ ավելի կարևոր եմ համարում, քան տիտղոսները, որոնք այսօր վատիկանյան ինդուլգենցիաների պես աջ ու ձախ բաշխվում են, և վաղուց արդեն արժեզրկվել են: Ի դեպ, այդ մասին է խոսում ժողովածուի մեջ զետեղված «Տիտղոսազուրկները» այլաբանական պատմվածքը: «Գործն է անմահ, լա՛վ իմացեք», - ասում էր Թումանյանը, և ոչ թե տիտղոսը` ավելացնում եմ ես:
-Մեզ հասած ստույգ տեղեկությունների համաձայն, դուք մտադիր էիք Ձեր 80-ամյակը նշել ոչ միայն «Չարիքի զավակներով», այլև երկու անտիպ վեպով: Դեռ բավական ժամանակ կա մինչև տարվա ավարտը, հնարավո՞ր է արդյոք, որ դրանք լույս տեսնեն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում:
-Իսկապես նման մտադրություն կար, բայց որոշեցի մի շարք պատճառներով վեպերը լույս ընծայել եկող տարի: Նախ, մտածեցի, որ «Չարիքի զավակները» ավելի համահունչ են օրվա խնդիրներին: Հետո, գեղարվեստական երկու արձակ միաժամանակ տպագրելու դեպքում մեկը մյուսի վրա ստվեր կգցեր, և ըստ արժանվույն չէին գնահատվի: Եվ վերջապես կա երրորդ պատճառը, ամենալուրջը` հղկելու, կատարելության մոտեցնելու տևական պահանջը:
-Հոբելյանական Ձեր այս տարում հասցրի՞ք արդյոք նոր գիրք թարգմանել:
-Պատկերացրեք, որ հասցրի, երկու կարևոր թարգմանություններ, իմ նախասիրած հեղինակները: Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» դեկադենտական-միստիկ պատմվածքների ժողովածուն և Դենի դը Ռուժմոնի «Դրամայի անձինք» փիլիսոփայական-գրականագիտական ուսումնասիրությունը: Սակայն չեմ կարծում, թե դրանք լույս կտեսնեն այս տարի:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ