Եկավ ուրիշ ժամանակ...
11.10.2019 | 01:42
Հրապարակախոս, լրագրող ԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ Ազատամարտի տարիներին պարբերաբար եղել է Արցախում, գրառել պատմություններ կամավորական մարտիկների, պատերազմի խրամատներում ձևավորվող հայոց բանակի, ավերված շեները նորոգող անկոտրում արցախցիների մասին: Գեղարվեստական-վավերագրական հրապարակումներով հանդես է եկել Հայաստանի, սփյուռքի թերթերում, ամսագրերում: 1997-2015 թթ. Ասպրամ Ծառուկյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի հրատարակչական բաժնում: Խմբագրել է ՀՀ պաշտպանության նախարարի, փոխնախարարների հրամանները, պաշտոնական գրությունները, բանակին անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, կանոնակարգեր, ծառայությանը զուգընթաց գրառել է կամավորական մարտիկների, բանակի բարձրաստիճան սպաների, ժողովրդի ծոցից ելած պարզ, հասարակ մարդկանց հուշերն սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին, որ երազում էր հայոց բարեբեր աշունների մասին:
1999 թ. ամռան վերջին օրն էր: Պաշտպանության նախարարության շենքի շուրջբոլոր այգիներում խաղողի վազերը խեղճացել-խամրել էին, ջրի ու սիրո պակաս կար, օդում՝ անորոշ տագնապ: Այդ օրն ինձ համակած ապրումներից ծնվեցին այս տողերը.
ԱՄՌԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐ
Այնքան տագնապ կա քո մեջ
ՈՒ անհայտ սպասում,
Ինձ մի լքիր, օգոստոս,
Ո՜Ւր ես շտապում:
Ա՛խ, խաղողը խակ է դեռ,
Մայր վազն է հոգնած,
Թե ինձ մնա, կուզեմ, որ
Երբեք չգնաս...
Ամառ, մնա հոգուս մեջ
Քո այրող տապով,
Պաղ աչքերից ամբոխի
Հոգիս է խռով..
Ամառ, միակ սիրելիս,
Ո՜Ւր ես շտապում,
Բարուրիր ինձ տաք շնչով,
Ապրել եմ ուզում...
Հոկտեմբերի 27։ Ժամը 17-ն անց 45 րոպե։ Աշխատանքային օրն ավարտվեց: Դուրս ելանք ՀՀ պաշտպանության նախարարության շենքից, կիսաձայն օրվա նորություններից էինք խոսում՝ սպասելով մեզ Երևան տանող ավտոբուսներին: Հանկարծ... կիսաշշունջ տարածվեց գույժը. «Կրակոցներ Ազգային ժողովում, Վազգենը վիրավոր է, չէ՛, ասում են սպանվել է, չէ՛, չէ՛, վիրավոր է, ասում են՝ Դեմիրճյանն էլ է......»: Ոչ ոք չէր ուզում հավատալ, ասես գոռում էին ո՞վ է ասողը, խփե՛լ բերանին, բայց արդեն դիվային շշնջոցը հազարաձայնվել, տարածվում էր դեպի խաղողի այգիները, կտոր-կտոր սև ամպերի պես պատում երկինքը:
...Թաղման թափորը բարձրանում էր դեպի Եռաբլուր: Վշտի տակ կարծրացած կասկածանք կար, անհասցե ատելություն, բազմատեսք տագնապ: Հայացքս հանկարծ մեխվեց ինձանից առաջ քայլող ոչ բարձրահասակ տղամարդու ծոծրակին, գլխին, որ եռանկյան ձև ուներ, ու չգիտես ինչու, դրանից մարմինս պատած դողն ավելի սաստկացավ: Երևի ուրիշներն էլ էին իմ հոգեվիճակում, հայացքները հածում էին շուրջը, ապա աներևութանում ուր որ, ասես ամեն ոք թաքցնելու իր բաժինն ուներ, որից ուզում էր հեռանալ, ազատվել... Երբ արդեն շիրմաթումբն ավարտուն տեսք առավ, ու մեր՝ ՊՆ-ի հատկապես միջին սպայակազմի կողմից ջերմորեն սիրված նախարարը՝ մեր Վազգենը, որ միշտ յուրաքանչյուրիս համար մի ուրույն բարի ժպիտ ու զրնգուն խոսք ուներ, լուռ, անօգնական մնաց հողի տակ, իսկ մենք մոտեցող գիշերվա մեջ թողնելով նրան մենակ՝ փախչող քայլերով իջանք Եռաբլուրն ի վար: Առաջինը հեռացան պաշտոնյաները՝ առաջին ու երկրորդ կարգի կարևորները, հետո ուրիշներ, որոնց կարևորության աստիճանը դժվար էր գուշակել, ու վերջում միայն փոքրիկ մի խումբ որբացած ազատամարտիկներ մնացին գլխիկոր կանգնած սիրելի Վազգենի շիրմի առջև: Նրանք էին, որ միշտ պատրաստ էին եղել իրենց Վազգենի հրամանին, նրա կոչով գնացել մահին ընդառաջ: Որբացած ծխում էին ու լռում: Իսկ ես քիչ հեռու ծառի ստվերում «թաքնված», օտար հայացքներից հեռու, ազատություն էի տվել արցունքներիս: Արտասվում էի ինձ համար, ժողովրդի համար, արևածաղկի սերմեր վաճառող այն ծեր կնոջ համար, որ վերջերս ուրախ ժպտալով ասել էր ինձ. «Հավատում եմ, որ մեր կյանքը լավանալու է»:
Երբ մթնշաղն սկսեց թանձրանալ, դավադիր մթից ահով համակված՝ երեխայի լեղապատառ քայլերով իջա ցած՝ դեպի ճանապարհը, որն այլևս Վազգենի երազած բարեբեր աշունների եզերք չէր տանում... Երբ հասա Եռաբլուրին մերձակա թաղամասում գտնվող իմ բնակարանը, որպեսզի թոթափեմ ուսերիս կառչած դավադիր շունչը, շտապով վառեցի տան բոլոր լույսերը, միացրի հեռուստացույցը, ու հենց այդ պահին լսեցի. «Աստված մեռավ, տիրեց խավարը»: Քարացա. արդյոք կա՞ր անիմանալի մի կապ ռուսական RTR ալիքով ցուցադրվող հնդկացիների մասին ֆիլմի ավարտին հնչած առեղծվածային այդ նախադասության ու Եռաբլուրի միջև... Չգիտեմ, բայց հաջորդ օրը ես առճակատվեցի մի իրողության, որ հուշում էր խավարին առնչվող վտանգների մասին. երբ երթուղային ավտոբուսից իջնելիս զոհվածի հայրը ցույց տվեց անվճար երթևեկության վկայականը, վարորդը նրա հետևից արհամարհանքով գոռաց. «Զզվեցրի՜ք զոհվածի ձեր թղթերով...»։ Եվ ես հասկացա, որ մեր կյանքում անդարձ կորավ սրբազան մի իմաստ, որ «հայրենասիրություն» բառն այլևս չի ոգեշնչում, որ Վազգեն չկա... Եթե լիներ, անազնիվ, ընչաքաղց, հոգիներում հայրենիք չունեցող, իրենց ընտրյալ համարող, բայց խրամատ գնալու ահից մկան ծակը հազար ոսկով գնող ոգեզուրկ մարդիկ չէին հանդգնի արհամարհել կամավորական մարտիկի ծնողին ու քամահրանքով նայել անաշխատանք մնացած տղաներին, որոնք աներկյուղ կանգնեցին թուրքի գնդակի առջև: Եկել էր ուրիշ ժամանակ... Եվ գալու՞ էր մեկը, թեկուզ չսափրված ու կոշտ, ինչպես չճանաչողները բնորոշում էին Վազգենին, որ փակեր մեր իրականություն սողոսկող տագնապների ճամփան ու ասեր՝ վա՜յ նրա մորը, որ կհանդգնի մեր սահմանն անցնել, և որ՝ գալու են բարեբեր աշուններ, ու հաղթանակած այս երկրում զոհվածի երեխան ապրելու է արժանապատիվ կյանքով։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ակնաղբյուրն այսօր գերի է
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- «Եթե թշնամին վերսկսի պատերազմը, մենք, անկասկած, պատերազմը կավարտենք ավելի հեռու տարածքներում»
- Եռաբլուրից մինչև Մուշ, Սասուն
- «Եթե ինձ մի վատ բան պատահի, ձեր մասին հոգացողներ կլինեն»
- Շոշի Ագոն
- Դեղնավուն ընդհանուր տետրն անպայման գտնելու և ընթերցողին եմ ներկայացնելու Թագուհի Կարաբաջակյանին
- «Այն մեկ ամիսը, որ Պետրոսը կռվեց իմ կողքին, հավասար էր տասնյակ կյանքերի սխրանքի»
- «Չհասցրեց բացել թևերը»
- «Շուտ մեռնել, թե ոչ, կարևոր չէ, պատվով, թե անպատիվ, դա է էականը»
- «Շուտ մեռնել, թե ոչ, կարևոր չէ, պատվով, թե անպատիվ, դա է էականը»
- «Մեր էության կնքարանը Հայաստանն է»
- Կարոտները կապող-միավորողը վանեցու զավակ Հրանտ Մարգարյանն էր
- «Քաղաքակիրթ աշխարհի մէջ արդարությունը հանգուցյալ է տիրապես»
Մեկնաբանություններ