«Ամեն մի առնչություն վերաբերություն է, ուրեմն՝ դեպի դուրս և ներս միաժամանակ»
04.10.2019 | 01:54
Ընթերցողի սեղանին ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «Վերաբերություններ» բանաստեղծական ժողովածուն է: Լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը: «Վերաբերությունները» Մարիամ Կարապետյանի երկրորդ ժողովածուն է: Կազմված է չորս շարքից ՝ «Բացիկ», «Քորոց», «Բացատանիշ», «Դեղին թուղթ»:
-«Վերաբերություններ» բանաստեղծական ժողովածուն ինչո՞վ է առանձնանում Ձեր նախորդ՝ «Պաստառներ խաղաղ օրերի համար» գրքից:
-Եվ՛ շարունակում է նրան, և՛ առանձնանում է նրանից: Նրա «անմիջական նախնին» «Պաստառներիս» վերջին՝ «Տունը» շարքն է: «Վերաբերությունների» մասին խոսելիս գրականությունը մի քիչ ավելի խորությամբ հասկացողն ավելի շատ կուզենա դիմել «պոետիկա» եզրին. բանաստեղծությունների հորինվածքն այստեղ ավելի նուրբ է, այսօրվա պատկերացումներով՝ գուցե նաև ավելի ոչ ժամանակակից, խորքում՝ իմաստներով ավելի ծանրաբեռնված, ավելի նշանակալի և ավելի նոր:
Ասում են, որ գրողներն ամբողջ կյանքում գրում են մեկ գիրք: Ինչ-որ մի հիմնական սևեռում բոլորս ունենում ենք, որ կապում է մեր բոլոր մտածումները: Բացի դրանից, պայմանականության մեծ բաժին կա նրանում, թե որտեղ կավարտվի մի գիրքը, և կսկսվի մյուսը: Բայց մեր ոչ մի անելիքը կողմնակի հանգամանքներից անկախ չէ, և ինձ դուր է գալիս այդ կազմավորիչ պատահականությունը: Եվ երբ որևէ գիրք ավարտվում է, թեկուզ որովհետև արդեն երկար է տևել, ինչ-որ ծավալ է լրել, սա արդեն նոր որոնման խթան է: Չգիտեմ՝ ավելի, թե պակաս հետաքրքիր են զուտ պոետական (եթե կան այդպիսիք) մտահոգություններից սերող ավարտներն ու սկիզբները: Իմ գրքերի պարագայում նշածս բոլոր գործոններն էլ տեղ ունեցել են:
Բայց սա էլ անխուսափելի պարզեցում է, ինչպես եթե խոսելիս լինենք մեր երկու երեխաների նմանությունների և տարբերությունների մասին։
-«Վերաբերությունները» հայացք է դեպի նե՞րս, թե՞ դուրս:
-«Վերաբերել» բառով առհասարակ նշում ենք մեր խոսքի, գործի, ապրումի և այլնի առարկան: Առանց վերաբերելու հատկանիշի ամեն բան չեզոք կդառնար: Ամեն մի առնչություն վերաբերություն է, ուրեմն՝ դեպի դուրս և ներս միաժամանակ. առնչությունները հարաբերական են դարձնում դուրսն ու ներսը:
-Բազմոցը, որի վրա մեծացել ես, վարագույրը, որ նոր բան չէ. թվում է՝ կենցաղային պատկերներ են: Բայց պատկերը կենդանություն է առնում, ժամանակի ձևեր է ստանում, պատմություն է դառնում: Ստացվում է, որ հիմնական ասելիքը տողատակու՞մ է՝ չասվածի մե՞ջ: ՈՒ հետաքրքիր եզրահանգում եք անում նաև. «Նրանք պարզապես չեն հաղթում. «սա չլինելու պես լավ է»: Համամի՞տ եք, որ հազվադեպ ենք մտածում ինչպես չլինելու, այնպես էլ լինելու մասին:
-Մասնավոր բաները միշտ ավելի շոշափելի են և հաճախ նաև շատ արժեքավոր, իսկ բանաստեղծությունը դրանց իսկականությունը շրջանակելու ամենադիպուկ ձևերից է: Չեմ կարծում, թե հիմնականը տողատակում է մնում: Գուցե նույնիսկ հակառակը՝ բանաստեղծությունը երևան է բերում հնարավոր տողատակերը: Նույնիսկ վստահ եմ, որ ավելի շատ հենց ասվածի ակնհայտությունն ու ինքնաբավությունն են այսօր շշմեցնում տողատակեր փնտրելու սովոր ընթերցողին: Դիմացդ միանգամից ելած արձանի նման: Այն, ինչ չասվածի, կռահելիքի տպավորություն է թողնում, հաճախ պարզապես ուշադրությունից վրիպած ակնհայտ բան է, որ կարելի է ապրել կամ գոնե միայն հասկանալ՝ ընթերցողական մի որոշ փորձ ձեռք բերելով: Իսկ Ձեր նշած վերջին տողերն այնքան էլ եզրահանգում չեն: Ավելի շուտ թվարկված իրերի հերթական հատկանիշներն են, որ, սակայն, նաև առանձնացնում են այդ իրերը, որովհետև մի հիմնական-առանձնահատուկ շեշտ են տալիս նրանց: Եվ հենց այդ առանձնացումն է գուցե, որ եզրահանգման պես է հնչում: Հենց բանաստեղծությունն իր պատկերներով առանձնացավ, ավարտվում է. դրվում է վերջակետ կամ մեկ այլ բան:
Իսկ լինել-չլինելու մասին մտքերը հիմնական-կարևոր մտքեր են, որոնք, սակայն, ամեն օր մտածելու բան չեն:
-«Տատս» բանաստեղծության մեջ հինը, անցյալը հիշեցնող քաղցր հուշ կա: Երկունք, ուժ, նաև տխրությո՞ւն. «Հերթով /բոլոր շերտերի վրայով/ արևի գնալու ժամն է»: Կարելի՞ է ասել, որ կյանքի շարունակականության և անընդհատ ավարտի մասին է խոսում այս բանաստեղծությունը:
-ՈՒրախ եմ, որ քաղցրությունը նկատել եք, կուզեի ասել՝ զգացել եք: Սա իմ ամենասիրելի բանաստեղծություններից է, որի ոչ միայն պատմածն է ինձ ավելի հարազատ, այլև տողերը լավ են իրար հղվում, բացատրվում իրարով: Այս վերջին հատկանիշն ընդհանրապես, կարծում եմ, պետք է փնտրել իմ գրքում: Իսկ թե ինչ է խոսում այս բանաստեղծությունը… Ձեր նկատածն էլ է խոսում և ոչ միայն:
-Ձեր պոեզիան, լինելով Ձերը, նաև շատ է ուրիշի մասին: Ամեն ընթերցող տեսնում է մի ծանոթ դրվագ, ապրում: Ինչպե՞ս է հաջողվում պահել այդ անտեսանելի կապը՝ հեղինակի և ընթեցողի:
-Մի անգամ մի հեռվից ծանոթ աղջիկ, որ ո՛չ բանասեր էր, ո՛չ էլ առանձնապես հետաքրքրվում էր գրքերով, ասաց, որ կարդացել է «Պաստառներ խաղաղ օրերի համար» ժողովածուս և մտածել է՝ ինչքա՜ն ապրած ու իսկական է այս գիրքը. մեջը կյանք կա: Ինձ նրա բնորոշումն ուրախացրեց: Իսկ այդ կապը հատուկ ջանքով չի լինում. դա պարզապես մեր բոլորի փորձառությունների իրական կապն է: Պարզապես լավ բանաստեղծությունը լավ է պատմում այդ ընդհանուր բաները, որ երբ մեր ներսում են, առանձնահատուկ են թվում:
-«Շերտ-շերտ Մասիվների հետագիծն էր»… Երբ բանաստեղծը խոսում է, ասենք, Մասիվների մասին, մի տեսակ առարկայական, մարդեղեն է դառնում ու մերժամանակյա: Եվ սա նույնպես յուրատեսակ մտերմիկ դաշտ է ստեղծում հեղինակի և ընթերցողի միջև:
-Այո, այսօրվա ընթերցողի ոտքերի տակ հող կա, իսկ նա, գիտե՞ք, այնքան էլ սովոր չէ իր ոտքերի տակ հող զգալուն: Ոմանց դա դուր է գալիս, բայց շատերին՝ ոչ: Փակագծերում ասեմ նաև, որ սա նրանից էլ չէ, որ ընթերցողը միշտ թռչելն է գերադասում: Այդ պատճառով էլ վստահ չեմ, որ դա մտերմացնում է մեզ: Թվում է՝ այդպես պիտի լիներ, բայց արի ու տես, որ «Մարգարեն իր գյուղում պատիվ չունի» խոսքը երևի նաև ծանոթ ու ընդհանուր հանգամանքների պատճառով է ճիշտ. ընդհանուր ծանոթ հանգամանքները երբեմն ամենահեռացնող բաներն են: Բայց այս Մասիվները, այդուամենայնիվ, կարող էին բարեկամության մեկնարկ լինել:
Սակայն պետք է ասել նաև, որ իմ պոեզիան միշտ կապված է այն պահի հետ, երբ բոլոր նկատված պատկերներն ինչ-որ հազարերորդ շերտ են ստանում, և դա նրանց նմանեցնում է, կապում է, իրերից տարբեր ոլորտ է հանում: Սա, իհարկե, մեծ չափով սուբյեկտիվ բան է, բայց պիտի գոնե մի տևական պահ օբյեկտիվ թվա քեզ. այստեղ եմ ես տեսնում պոեզիայի անկեղծությունը: Եվ որքան ավելի է այս վերացականությունը պատկերների կապի և ոչ թե դրանց բավանդակության միջոցով, այնքան բազմաշերտ և ամուր է բանաստեղծությունը: Սրանք ինչ-որ «վերացականության շերտեր» են, որոնց ոչ օդային լինելն ինչ-որ նոր դրապաշտությամբ (պոզիտիվիզմ) կարելի կլինի հաստատել՝ ուսումնասիրելով դրանց գործնականությունն ու գործառույթները:
Եթե կարճ կապեմ, ապա չեմ գոհանում պարզ հույզերով: Միշտ այս երկրորդային վայելքին եմ սպասում:
-Ձեր գործերը, առանձին-առանձին ապրելուց բացի, թվում է, կարելի է միացնել, ամեն մեկը դնել իր տեղում ու ստանալ մեկ ընդհանուր պատկեր: Ներքին մի կապ կա: Ի դեպ, գրքի շապիկին պատկերված թելը գուցե նաև սրա՞ մասին է:
-Լավ ու ճիշտ բան եք ասում: ՈՒրեմն հաջողվել է առնչել ու ցույց տալ առնչությունները, շնորհակալ եմ: Գրքի շապիկի գոտին էլ, այո, ընդգրկելու, կապելու մասին է հուշում: Իմ պոեզիայում և թերևս առհասարակ պոեզիայում որևէ նոր փուլ գալիս է ոչ այնքան կոնկրետ պատկերների, որքան դրանց կապի, միասնացնող պայմանի հետ: Սակայն այս կապը թեև գոտի է, բայց չհանգուցված, արձակ գոտի է, որն ազատ կերպով տեղավորում է իր ծալքերում, այլ ոչ հանգույցներում:
-«Այնտեղ` ջաղացի յոթ քարի տակ, /երբ հյուրերն արդեն Աստծունը չեն՝ / անձրևի ժամերին,/ չկարողացա տոնել առավոտդ՝/ երեկոդ տոնեցի:/ Այս ջրերն արդեն խամրում էին…»: Այս և էլի ուրիշ տողեր կարդալիս մտածեցի, որ պոեզիան նաև նման է վերացական նկարների: Պե՞տք է միշտ միտք որոնել, թե՞ կարելի է ուղղակի զգալ, ոչ թե կարդալ այն, ինչ հեղինակն է գրելիս մտածել, այլ քո պատմությունը, ինքդ քեզ գտնել հեղինակի ստեղծած պատկերում:
-Զգալը երևի ամենահարմար բառն է պոեզիայի ներքնացման մասին խոսելիս: Անշուշտ, բանաստեղծությունն ընկալելու համար պիտի որոշ (իսկ զգալու համար երբեմն ավելի շատ, երբեմն ավելի քիչ) ընդհանուր մշակութային փորձառություն ունենաս հեղինակի հետ: Ձեր բերած օրինակի դեպքում, ասենք, մի քիչ խոր ընթերցման համար կարևոր է «ջաղացի յոթ քարի տակը» փախչելու, անհասանելի հեռվում թաքնվելու հետ առնչելը, հետզհետե խամրող ջրերի ու անձրևի ժամերի միջև առնչություններ փնտրելը: Բայց փորձում ես ըմբռնել ու զգում ես ոչ թե այն, ինչ հեղինակն է զգացել, այլ այն, թե ինչ է հեղինակն ասել. դու նրա տեքստն ես կարդում, ոչ թե նրան:
-Աշուն, պատմություններ, ճանապարհներ, արև... Ճի՞շտ եմ նկատել, որ այս պատկերները հաճախ են հանդիպում Ձեր գործերում:
-Այո, և հատկապես պատմությունները: Երբ սովորում ես դիտել, ամբողջ կյանքը քեզ իբրև պատմություն է հայտնվում:
-Գուցե հերթապահ հարց թվա, բայց ուզում եմ հարցնել՝ մենախոսությունի՞ց, թե՞ երկխոսությունից են ծնվում Ձեր գործերը:
-Ծնվում են հավանաբար մենախոսությունից, աշխարհի հանկարծական ամփոփումներից, երբ ամեն բանի հետ մենակ ես մնում կարծես: Բայց հետո դրանք անպայման ուրիշներին են փնտրում: Ասում են՝ պոեզիան ներաշխարհների երկխոսություն է ստեղծում, և եթե չկա այդ երկխոսող ուրիշը, շղթան անավարտ է մնում: Բայց այդ երկրորդ բևեռը նաև բաց բևեռ է: Կիրառելով Մանդելշտամի համեմատությունը՝ ասեմ, որ պոեզիան իր ընթերցողին ուղղված է այնպես, ինչպես նավաբեկության ընթացքում շշի մեջ դրված և ծովը նետված գրությունը, որն ուղղված է անհայտ մեկին, ով կգտնի:
-Մարիա՛մ, ավելի անկեղծ եք կյանքու՞մ, թե՞ գրականության մեջ՝ պոեզիայում:
-Չգիտեմ: Երևի պոեզիայում: Ինձ թվում է՝ իմ լինելու հիմնական ձևը պոեզիան է, լրիվ լուրջ եմ ասում և առանց պաթոսի: Ինձ թվում է՝ իմ սիրած բոլոր բաները, բոլոր մարդկանց ես պոեզիայի մեջ եմ սիրում: Բայց այստեղ էլ հարց է գալիս՝ որտե՞ղ է այդ պոեզիայից դուրսը: Չգիտեմ:
-Առաջին կամ շատ կարևոր ընթերցող ունե՞ք:
-Ամուսինս է: Բարեբախտաբար, մենք երկուսս էլ պոեզիայի լարին ենք ապրում:
-Ի՞նչ զգացողություն է, երբ ձեռքիդ գիրք է, որն ապրում է իր առանձին կյանքով, կարող է լինել յուրաքանչյուրի ձեռքին, յուրաքանչյուրինը, բայց այնտեղ քո ստեղծագոծություններն են:
-Երբեմն ուրախանում եմ, որ իմ կարևոր ուղերձները (ես դրանք վարանելով կարևոր եմ համարում) ինչ-որ դաշտեր կստեղծեն իրենց շուրջը, երբեմն՝ որովհետև ինքնասիրությունս է շոյվում, երբեմն՝ որովհետև պարզապես ազատվել եմ տարիներ շարունակ կրածս բեռից, թեթևացել եմ, տեղ է բացվել նոր իմաստներ պարունակելու համար, երբեմն էլ ցավ եմ զգում գրքիս համար, որովհետև տեսնում եմ, որ որբություն եմ ուղարկում նրան:
-Ի՞նչ է պետք, որ գիրքը հասնի ընթերցողին: Սա, կարծում եմ, կարևոր խնդիր է ստեղծագործողի համար:
-Ինձ թվում է՝ պոետներն ու պոեզիան առավելապես որպես հռչակագրեր են ապրում: Պոեզիա շարունակելու են ավելի քիչ կարդալ, բայց պոետները և նրանց պոեզիան կարող են հռչակագրերի վերածվել: Ես նկատի ունեմ հռչակագրային արժեքները, հռչակագրային չափանիշները և մեջբերումների պատառիկները: Հենց որ որևէ պոեզիա չափանիշ է դառնում, արժեք է դառնում, նաև հռչակագիր է դառնում: Անշուշտ, սա վնասում է պոեզիային, քանի որ այն հաճախ սկսում են ոչ թե սիրել ու զգալ, այլ հարգել: Կամ էլ հմայաթուրմ խմածի նման բոլորը նույն պաթոսով նրան են սիրահարվում: Սա է նրա զանգվածային գոյության ձևը: Բայց այդ ձևին հասնելու համար նախ գոնե մի քանի համոզիչ ձայներ պիտի նրա անունը տան՝ հասկանալով, մեկնելով կամ գոնե ձև անելով, թե հասկանում են և մեկնում են: Բարեբախտաբար, այս գոյությանը զուգահեռ (որը ես ամենևին չեմ թերագնահատում) պոեզիան ավելի ինտիմ գոյություն էլ ունի, որ ավելի քչերի համար է:
-Կարո՞ղ եք ասել երեք պատճառ, ինչի համար ընթերցասեր մարդը պետք է մտնի գրախանութ, գնի Ձեր գիրքը, տանի տուն ու կարդա:
-Հենց երեք կամ այլ կոնկրետ քանակով պատճառներ ասելն այսօր շատ կիրառվող առևտրային հնարք է, որին գիրքս պիտի «կողմնակիորեն» հարմարեցնեմ: Բայց ոչինչ, ես անում եմ այդ առևտրային գործարքը: ՈՒրեմն՝ 1. գիրքս շատ զգացմունքային է և շատ մտածող միաժամանակ, 2. նախընտրել եմ չգրել ոչ մի տող, քան մի տող ավելի գրել. գիրքս անկեղծ է ու կառուցիկ, 3. թոռները գուցե հպարտանան (Ժպտում է- Ա. Ս.):
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ