«Արվեստը երկխոսություն է. ցուցահանդեսում միայն իմ ապրածը չէ, կյանքն է»
27.09.2019 | 01:42
Սև-սպիտակ նկարներ, գունային ինքնատիպ համադրություններ, վերացական գծեր ու ձևեր, ծանոթ կերպարներ, լույս ու ստվեր, փոքրածավալ կերպարային քանդակներ: Արվեստասերներ, որ գալիս են, շրջում ցուցասրահում, երկար դիտում այս կամ այն աշխատանքը: ՏԻԳՐԱՆ ԶԱԼԻՆՅԱՆԻ նկարչական աշխարհն է: Այդ աշխարհում նկարները կարող են ծնվել մեկ գիշերվա մեջ, ապրումներից, տրամադրությունից: «Սա արտահայտման ձև է, միտք, խոսք»,- բացատրում է նկարիչը: Անտեսանելի թելով մեկը մյուսին կապված արվեստի այս գործերն ապրում են իրենց կյանքով, առանձին-առանձին կախված են նկարիչների միության ցուցասրահում: Նկարիչը նրանց չի կաղապարել վերնագրերով, չի ուզում նախապես պլանավորել, թե ինչպես պետք է դիտողը տեսնի-ընկալի նկարը: Մեկն իրեն է գտնում նկարում, մյուսը՝ իր հոգեվիճակը: Մեկը միայնությունն է տեսնում, մեկ ուրիշը՝ մարդկային սիլուետներում անգամ լեռներ է նշմարում։ Նկարչին դուր է գալիս, երբ ազատորեն շրջում են իր նկարների աշխարհում, ու ամեն մեկը գտնում է իրենը:
-Իսկ Ձեզ չե՞ն գտնում այս աշխատանքներում:
-Ինձ ճանաչող մարդիկ, հարազատներս ոչ թե գտնում են, այլ գուշակում, թե ինչ ժամանակահատվածում է ծնվել այս կամ այն նկարների շարքը:
-Գունավոր նկարներն ի՞նչ տրամադրության ժամանակ են ստեղծվում:
-Ընդունված կարծիք կա, որ լավ գործերը մելամաղձոտ ժամանակ են ծնվում, մինչդեռ կարող ես շատ ուրախ ժամանակ տխուր գործ ստեղծել:
-Լավ, բայց ինչու՞ գունավոր, ինչու՞ սև-սպիտակ, գույների ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Դժվար է ասել: Նկար կա, որտեղ շատ է թունավոր կանաչը: Եթե նկարելիս սկսեմ մտածել, գիտակցաբար մոտենալ, ընտրել գույները, չգիտեմ՝ ինչ կստացվի: Նկարները ինքնաբուխ են ծնվում, զգալով ես անում:
-Ե՞րբ սկսեցիք զբաղվել նկարչությամբ:
-Վաղուց եմ նկարում, բայց առաջին անգամ եմ ներկայանում ցուցահանդեսով: Ինձ դրդեցին մտերիմներս՝ մի տեղ ցուցադրիր, տեսնենք... Հաճելի է, երբ շատ մարդ է հաղորդակցվում ստեղծածիդ հետ: Արվեստը երկխոսություն է. ցուցահանդեսում միայն իմ ապրածը չէ, կյանքն է, և պատահական չէ, որ վերնագրված է «Երկու խոսք կյանքի մասին»: Շուտով կլինի երկրորդ ցուցահանդեսը: Ավելի մեծ թվով աշխատանքներ կներկայացնեմ այլ տարածքում:
-Բացի նկարչությունից...
-Երաժշտություն եմ գրում, ինչ-որ ժամանակ երաժշտական խումբ եմ ղեկավարել:
-Նկարը նաև նյութական արժեք է: Մտածե՞լ եք վաճառելու մասին:
-Գումար վաստակելու համար փորձում եմ մեկ այլ բան անել, բայց արվեստում զերծ եմ մնում «վաճառեմ, որ մի բան անեմ» զգացողությունից:
-Բայց երբ նկարը գնում են, դա նաև արժևորման ձև է:
-Երևի մոտեցման խնդիր է. ես ուրիշ կերպ եմ այս աշխարհը տեսնում: Այվազովսկին, օրինակ, գրեթե չէր վաճառում իր կտավները: Այս նկարներից յուրաքանչյուրն իմ մի մասնիկն է, նկարներ կան, որ մեկ ընտանիք են կամ մի հոգեվիճակ, ու ես չեմ կարող դրանցից կտրվել:
-Նկարչություն-երաժշտություն. արվեստի այս ճյուղերն ի՞նչ ներքին կապ, փոխազդեցություն ունեն:
-Գիտական առումով ամեն իր, նկարը՝ նույնպես, ձայն ունի, քանի որ ունի հիշողություն, վիբրացիա: Երաժշտությունն էլ ձայն ունի, ինքնին վիբրացիա է: Կարելի է ասել՝ երկուսն էլ ձայն են, երկուսն էլ նկար. ձայնից կարող ես ստանալ նկար, նկարից՝ ձայն:
-Մասնագիտությամբ հոգեբան-բժիշկ եք, Ձեր մասնագիտությունը որևէ կերպ արտահայտվու՞մ է արվեստում:
-Ես վերականգնողական աշխատանքներ եմ տանում աուտիզմ, ԴՑՊ ունեցող երեխաների հետ: Աուտիզմ ունեցող երեխաների աշխարհընկալումը, պատկերացումները լրիվ ուրիշ են. կարող են ջուրը արագ տեսնել, խշշոցը ավելի շատ լսել: Նրանց աշխարհի մեջ լինելով, նրանց հետ աշխատելով՝ լուրջ հոգեապրումներ ես ունենում:
-Արտթերապիային ինչպե՞ս եք վերաբերվում:
-Շատ լավ, մեծ ազդեցություն ունի արտթերապիան, եթե ճիշտ է արվում: Ես գիտեմ նկարչի, որ հոգեբանի կրթություն չունի, բայց ազդեցիկ թերապիաներ է անում:
-Արտթերապիան կարո՞ղ է բուժել մարդուն:
-Մարդն ինքն է իրեն բուժում: Դա իմ հիմնավոր կարծիքն է։ Հոգեբանը, հոգեբույժը մարդուն օգնում են ինքնուրույն վերականգնվել։ Դա իր ընտրությունն է:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ