«Շատերն ասում են՝ «Շենգավիթ», բայց չգիտեն անգամ, թե որտեղ է գտնվում»
24.09.2019 | 01:06
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ մեր զրույցը արգելոց-թանգարանում իրականացվող բարեփոխումների, առաջիկա և հեռահար ծրագրերի մասին է:
Տնօրենն առաջնահերթ է համարում աշխատաոճի փոփոխությունն ու արգելոց-թանգարանի հանրահռչակումը: Նրա ղեկավարության շրջանում (պաշտոնավարում է մայիսի 10-ից) բավական ակտիվ են գործում գիտահետազոտական, ինչպես նաև՝ հասարակության հետ կապերի և հանրահռչակման բաժինները, մեծ ուշադրություն է դարձվում արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջին, որը ծառայում է նաև որպես գիտակրթական հարթակ: Գրեթե ամեն օր նյութեր են պատրաստվում ու հրապարակվում: Էջի հետևորդներն իրենց հերթին մեկնաբանություններ են թողնում, քննարկումներ ծավալում, այլ կերպ ասած, հանրային հետաքրքրությունը մեծանում է: Բավական է նշել, որ 2012-ից մինչև 2019-ի մայիսի 10-ը թանգարանի ֆեյսբուքյան էջն ուներ մոտ 3000 հետևորդ, այսօր հետևորդները 6500-ից ավելի են:
Աշխատանք է տարվում նաև բրոշյուրները, բուկլետներն ու թռուցիկները տարբեր լեզուներով և ավելի գրավիչ մատուցելու ուղղությամբ:
Ավելացել է այցելուների թիվը թե՛ «Էրեբունի» արգելոց-թանգարանում, թե՛ մասնաճյուղերում՝ «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» հնավայրերում: «Շենգավիթում» մայիս-օգոստոս ամիսներին ունեցել են 295 այցելու, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 120 այցելու: Այս տարվա առաջին կիսամյակում «Կարմիր բլուրում» 1400-ից ավելի այցելու են ունեցել, 2018-ին՝ ամբողջ տարվա ընթացքում ՝ 1206 այցելու:
Թանգարանի ֆինանսական մուտքերն ավելացել են մոտ 3 միլիոն ՀՀ դրամով՝ զբոսաշրջիկների, հուշանվերների կրպակի և վարձակալությունների շնորհիվ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին տրվել է մոտ 1 միլիոն դրամի աջակցություն (նվիրատվություններ, այդ թվում՝ գույք):
Սեպտեմբերի վերջերից նպատակ ունեն քաղաքի կենտրոնում՝ թիրախային հատվածներում բուկլետներ բաժանել, այցելուներին հրավիրել «Էրեբունի»: Հնարավոր է, որ գործարկեն նաև թանգարան-արգելոցի «Ֆորդ Տրանզիտ» միկրոավտոբուսը՝ որոշակի օրերին կազմակերպելով այցելուների անվճար տեղափոխում «Էրեբունի», «Շենգավիթ» ու «Կարմիր բլուր» հնավայրեր:
Աշխատանք է տարվում երեք հնավայրերում ցուցանակների տեղադրման ուղղությամբ՝ սկսած արգելող, վերջացրած տեղեկատվական ցուցանակներով, որոնք հագեցած են լինելու եռաչափ մոդելավորման պատկերներով: Մինչև սեպտեմբերի վերջ մի քանիսը կտեղադրվեն: «էրեբունի» արգելոց-թանգարանը, ի վերջո, զուգարան ունի, մի քանի օրից կլուծվի «Կարմիր բլուրի» պահակակետի լուսավորության խնդիրը:
Միքայել Բադալյանն անդրադարձավ նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի ցուցադրության արդիականացման խնդրին, ինչը բավական երկար ժամանակ ու ֆինանսական միջոցներ է պահանջում: Նրա խոսքով՝ պետք է ունենան հայեցակարգ, ձեռք բերեն համապատասխան միջոցներ ու ոչ թե հատված-հատված, այլ տեսանելիության առումով ամբողջապես փոխեն ցուցադրությունը: Որոշ բարեփոխումներ, իհարկե, կարվեն, բակն են փորձում վերանորոգել, դարձնել միջոցառումների վայր, որտեղ կանցկացվեն համերգներ, գրական-մշակութային երեկոներ: Տարածքը կտրվի վարձակալության, ինչը եկամուտ կբերի ու կուղղվի արգելոց-թանգարանին:
Հետաքրքրվեցի, թե մասնակի փոփոխություններն ինչ են ենթադրում: Պարզվեց, որ հովանավորի շնորհիվ արդեն իսկ վերանորոգել են անմխիթար վիճակում գտնվող մարտակառքը, վերականգնել ձեռքը կտրած զինվորի արձանը, ավելացրել են նիզակ, և մարտակառքով զինվորը դարձել է թանգարանի այցելուների սիրելի ցուցանմուշներից մեկը: Մարտակառքի համար նաև ձիերի քանդակներ են պատրաստելու և սեպտեմբերի 28-ին կներկայացնեն հանրությանը:
«Կան խնդիրներ, որ առաջիկայում կլուծվեն, և խնդիրներ, որ պահանջում են հեռահար լուծումներ ու շատ ջանք,- հավելեց Միքայել Բադալյանը:- Մեր գլխավոր նպատակներից մեկն այն է, որ Էրեբունին ընկալվի ոչ միայն «Էրեբունի» ամրոց-թանգարանով, այլև «Կարմիր բլուր» ու «Շենգավիթ» հնավայրերով: Պետք է վերակազմավորվի արգելոց-թանգարանի պաշտոնական կայքէջը: Գիտահանրամատչելի ֆիլմեր են նկարահանվելու արգելոց-թանգարանի և նրա մասնաճյուղերի մասին: «Շենգավիթի» նկարահանումները սկսվել են: Սա մեծապես կնպաստի մեր հուշարձանի հանրահռչակմանը: Շատերն ասում են՝ «Շենգավիթ», բայց չգիտեն անգամ, թե որտեղ է գտնվում»:
Զրուցեցինք նաև միջազգային ընկերությունների հետ համագործակցության, համատեղ ծրագրերի մասին: Արգելոց-թանգարանի տնօրենի տեղեկացմամբ՝ Ինսբրուկի համալսարանի ավստրիացի գործընկերների և ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի հետ նախատեսում են իրականացնել երկրաֆիզիկական հետազոտութուններ, սկանավորել «Կարմիր բլուրի» չպեղված հատվածները, ինչը կօգնի հուշարձանի պոտենցիալը հասկանալուն և կնպաստի հուշարձանի հանրահռչակմանը:
Երևանի քաղաքապետարանի, «Էրեբունի» արգելոց-թանգարանի և բարերար Ջոն Բալյանի միջև կնքված նախնական հուշագրի համաձայն՝ «էրեբունի» ամրոցի հետևի հատվածը կընդարձակվի, կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ վիրտուալ անիմացիոն ցուցասրահներով: Սա ևս կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին ու ամրոցի հանրահռչակմանը: Սպասվում է պատվիրակություն Մոսկվայի Պուշկինի թանգարանից, որի հետ մի շարք հարցերի հետ քննարկվելու է նաև «էրեբունու» որմնանկարների պահպանման հարցը: Հանդիպում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի ներկայացուցչի հետ, և մոտ ապագայում երկու հաստատությունների միջև կնքված պայմանագիրը կթարմացվի: Նույնը կարելի է ասել Հռոմի միջերկրածովյան հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի առումով: Հարաբերություններ են հաստատվելու Վրաստանի հայտնի թանգարաններից մեկի հետ:
Ինչ վերաբերում է հնագիտական աշխատանքներին, Միքայել Բադալյանն ասաց, որ այժմ մեծ թափով «Էրեբունի» ամրոցում ընթանում են հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից իրականացվող պեղումները, որոնք գրանցել են բավական հետաքրքիր արդյունքներ: Սուսի տաճարի դիմաց բացվել է խճաքարով գեղեցիկ հատակ, իսկ սյունազարդ դահլիճի հյուսիսարևմտյան հատվածում շարունակվում են վերջերս հայտնաբերված նոր կառույցի՝ հավանաբար տաճարի հիմնաքարերի և դրա շրջակայքի պեղման աշխատանքները:
Ե՛վ Էրեբունիում, և՛ Կարմիր բլուրում ու Շենգավիթում կա պեղումների, հնագիտական հետազոտությունների կարիք, բայց առաջին հերթին պետք է մտածեն հուշարձանների ամրակայման մասին. «Էրեբունի» ամրոց-թանգարանի և նրա մասնաճյուղերում կան վտանգված հատվածներ, որ կարիք ունեն պահպանության ու ամրակայման: Եթե լինեն պեղումներ, և պեղված կառույցները լավագույնս չամրակայվեն, չկոնսերվացվեն, դրանք ևս ռիսկային կդառնան: Ես հակված եմ նրան, որ «Կարմիր բլուրում» փոքր ծավալի պեղումներ արվեն, որոնք շերտագրական, ժամանակագրական խնդիրներ կլուծեն, բայց ոչ ավելին: Նույնը Շենգավիթում, որ ֆանտաստիկ հուշարձան է, այստեղ մենք ունենք կառույց, որ վտանգի տակ է, սրանք պահպանենք, նոր խոսենք պեղումների մասին»:
Հարցին՝ ի՞նչ է արվում, որ պեղված, բաց հատվածները չվնասվեն, հնագետը պատասխանեց, որ պեղումներից հետո ստիպված դրանք փակում են. «Օրինակ, հայ-ֆրանսիական արշավախմբի հետ բացեցինք Երևանի ուրարտական ամենահին փողոցը` ֆանտաստիկ փողոց խճաքարերով: Ես ինքս պատիվ ունեմ լինելու արշավախմբի համաղեկավար, ու երբ հարցազրույցում ասացինք, որ հայտնաբերվել է նման փողոց, կտրուկ ավելացան այցելուները. գալիս էին, տեսնում, լուսանկարվում: Ցավոք, ստիպված էինք ժամանակավորապես ծածկել, որ չվնասվի: Եթե ապակե ծածկ լիներ, համապատասխան միկրոֆլորա, այլ պատկեր կլիներ, և պատկերացրեք` զբոսաշրջիկների ինչ հոսք կունենայինք: Նման հրապուրիչ, արժեքավոր կառույցները եթե կարողանանք ճիշտ պահպանել ու ներկայացնել, մեծապես կնպաստենք մեր երկրի, պատմության հանրահռչակմանն ու զբոսաշրջիկների աճին»:
Մեր վերջին հարցը վերաբերում էր հնավայրերում ապօրինի շինարարություններ հայտնաբերելու փաստին: Ինչպե՞ս պետք է քանդվի այս կծիկը. որ հուշարձանին «կպչում» են, պարզվում է՝ օրենքի համաձայն օրենքը խախտել են: Միքայել Բադալյանը նշեց, որ այդ առումով մեծ առաջընթաց կա, ուշադրություն է դարձվում պատմական միջավայրի պահպանությանը, պետք է խստացվի հուշարձանների մասին օրենքը, հնագիտության մասին օրենք պիտի լինի՝ խիստ կետերով: Հնագետի կարծիքով՝ եթե օրինախախտները պատժվեն, շատերը կզգաստանան, նման դեպքեր էլ չեն լինի: Իսկ ամենակարևորը` մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքն ու գիտակցությունը: Շատ լավ կլինի, օրինակ, որ տարբեր համայնքների դպրոցներում հնագետները սեմինարներ անցկացնեն. չէ՞ որ Հայաստանի յուրաքանչյուր համայնք ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, որի պահպանման ու հանրահռչակման համար առավել քան կարևոր դեր պետք է ունենան հենց համայնքի բնակիչները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ