ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Առանց Գորկու» ֆիլմը մի մեծ ճանապարհորդության արդյունք է»

«Առանց Գորկու» ֆիլմը մի  մեծ ճանապարհորդության արդյունք է»
27.07.2012 | 02:50

«Իրատես de facto»-ի հյուրն է ԿՈԶԻՄԱ ՍՓԵՆԴԵՐԸ: Այս անունը հայ հասարակությանը ոչինչ չէր ասում մինչև «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը: Սակայն փառատոնի ընթացքում այս կինը գնահատվեց ու սիրվեց շատերիս կողմից, ու, ի դեմս նրա, մենք գտանք հայ ազգի մեր մոլորյալ շառավիղներից մեկին:

Կոզիմա Սփենդերը Արշիլ Գորկու թոռն է, նրա ավագ դստեր` Մարոյի աղջիկը: Նա երևանյան միջազգային կինոփառատոնին ներկայացել էր 80 րոպե տևողությամբ` «Առանց Գորկու» լիամետրաժ ֆիլմով, որն ինքնաորոնման և ինքնաբացահայտման մի խոսուն վավերագիր է Գորկու ընտանիքի մասին:
Կոզիման միակն է Գորկու ընտանիքում, որ երկարուձիգ տարիներ անց իր երակներում զգացել է Գորկու արյան` հայի արյան խլրտումը, և փորձել հասկանալ, արժևորել իր սեփական արմատներն ու ծագումը:
Նա մեզ ներկայացրել է մի տխուր, ցավալի, բայց լուսավոր պատմություն «Առանց Գորկու» ֆիլմում, որը, հակառակ վերնագրի, ծայրեծայր լցված է Գորկիով ու ավելի շատ է իր մեջ կրում-փայփայում մեր տարաբախտ հանճարեղ հայրենակցի էությունը, քան այն ըմբռնել են նրա հետ միևնույն հարկի տակ ապրող մարդիկ` կինը և երկու դուստրերը: Թեև ի՞նչ ըմբռնման մասին կարելի է խոսել դստրերի պարագայում, եթե նրանք իրենց հոր ֆիզիկական և հոգեկան տվայտանքների ականատեսն են եղել ընդամենը հինգ և երեք տարեկան հասակում:
Միակ մարդը, որ պիտի սատարեր ու փայփայեր Գորկուն ծանր հոգեվիճակում, կինն էր, որն այնքան օտար ու խորթ է եղել իր կողակցին, որ նրա մահվանից հետո է միայն իմացել Արշիլ Գորկու իսկական անվան մասին: Ինքն է հենց խոստովանում ֆիլմում, որ շատ ուշ է ականջին հասել Ոստանիկ Ադոյան անունը:
Իսկ այն փաստը, որ ամուսնու երկարատև տառապանքից ու ինքնասպանությունից հետո Մուգուշը (այդպես է նրան փաղաքշաբար անվանել Գորկին) բախտի քմահաճույքին է հանձնել իր երեխաներին և, հենց դստեր մերկապարանոց մեկնաբանությամբ, ձեռնամուխ եղել նոր հեղինակավոր ամուսնու որոնումներին, արդեն շատ խոսուն վկայությունն է այդ կնոջ եսասիրության և ինքնակենտրոնացումի:
Թեև պատվարժան թոռնուհին` Կոզիմա Սփենդերը, մեր հարցազրույցի ընթացքում փորձում էր իր տատիկին ներկայացնել իբրև զգացմունքային մայր, այնուամենայնիվ, պիտի խոստովանեմ, որ ինձ համար` որպես հայուհու, անհնար էր հասկանալ այդ պահվածքի տեր կնոջ և զգացմունքային մայր հասկացության ընդհանրությունը: Թեև, ի՞նչ իմանամ, գուցե եվրոպական և հայկական չափանիշներն այս հարցում խիստ իրարամերժ են ու անհամատեղելի:
Ինչևէ, Գորկու կյանքի վերջին տարիների դաժան իրականության կինովավերագրությունն ստեղծած Կոզիման կարողացել էր հուսալի կամուրջ դառնալ իր ընտանիքի անդամների և նրանց համար օտար ու իր համար անծանոթ պապի միջև, այդ կամրջով անցնելու բախտին արժանացնելով նաև մեզ` Գորկու արվեստի երկրպագուներիս: Եվ սա գալիս է հաստատելու այն ճշմարտությունը, որ արյան կանչի դեմ անզոր է ամենայն ինչ այս հարափոփոխ, տարօրինակ աշխարհում:
«Առանց Գորկու» ֆիլմը ներկայացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» խորագրի ներքո:
Ֆիլմի դիտումից հետո մենք հանդիպեցինք Կոզիմա Սփենդերին և զրուցեցինք նրա հետ` ֆիլմից ստացած թարմ տպավորությունների ներքո:

«ԵՍ ԱՆՍԱՀՄԱՆ
ԿԱՐԵԿՑԱՆՔՈՎ
ՈՒ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՄ
ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
ԱՅՆ ԱՄԵՆԻՆ,
ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԻՄ ՊԱՊԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»


-Կոզիմա, նախ թույլ տվեք ասել Ձեզ բարի գալուստ և մաղթել անվերջ վերադարձ Հայաստան: Ձեր ֆիլմը վկայությունն է այն բանի, որ, ի հեճուկս բոլոր փոթորիկների, նավաբեկությունների, Դուք կարողացել եք գտնել դեպի տուն բերող ճամփան:
-Շնորհակալությո՛ւն:
-Հիմա կխնդրեմ պատասխանել ֆիլմին, Ձեր պապին, ընտանիքին ու անձամբ Ձեզ առնչվող մի քանի հարցի, քանի որ Արշիլ Գորկի անունն ու նրա հետ կապված ամեն բան շատ թանկ են ու նվիրական յուրաքանչյուր հայի համար:
-Սիրով:
-«Առանց Գորկու» ֆիլմում բոլորը դառը հիշողություններ ունեին Գորկու հետ կապված: Թվում էր, թե ամենածանր զգացողությունները պիտի Ձեր տատին` Մուգուշին համակեին` Գորկուն հիշելիս: Բայց նա, կարծես, ավելի թեթև ու ի միջի այլոց էր վերապատմում իրենց ընտանեկան թյուրըմբռնումների մասին: Ձեր մոր` Մարոյի, և մորաքրոջ` Նատաշայի դեպքում ճիշտ հակառակ պատկերն էր. նրանք իրենց մանկական հիշողություններում ավելի խոր դրամա էին ամբարել և չէին կարողացել ձերբազատվել դրանից անգամ հասուն տարիքում: Նրանք իրենց զոհի կարգավիճակում էին զգում կարծես: Ինչո՞վ եք սա բացատրում:
-Կարծում եմ, որ ընտանիքիս անդամներից ոչ մեկն էլ զոհ չի եղել: Ես նրանց լիովին հասկանում եմ և լիովին կիսում եմ նրանց զգացմունքները: Բանն այն է, որ մայրս` Գորկու ավագ դուստրը, եղել է հինգ, մորաքույրս` կրտսերը, երեք տարեկան: Եվ բնական է, որ ընտանեկան ծանր իրավիճակը նրանց վրա մեծ հետք, խոր ազդեցություն է թողել: Ես անսահման կարեկցանքով ու ըմբռնումով եմ վերաբերվում այն ամենին, ինչ կատարվել է իմ պապի ընտանիքում, որովհետև հասկանում եմ, թե որքան դժվար է եղել Գորկու համար իրեն բաժին ընկած ծանր փորձությունները հաղթահարելը:
-Դուք առաջին քայլերն եք անում` գտնելու Ձեր ինքնությունը, հետմահու հասնելու Գորկու էության, արվեստի խորության ըմբռնմանը, ճանաչելու Ձեր արմատները, բացահայտելու Ձեր և Ձեր ընտանիքի առեղծվածային նախասկիզբը: Արդյունքը շշմեցնող է ու զգայացունց` «Առանց Գորկու» ֆիլմի տեսքով: Արդյո՞ք մտադիր եք հետագայում ևս ստեղծագործական փաստերի ձևով հետամուտ լինելու սկսած գործին և մեզ ու աշխարհին ներկայացնելու Արշիլ Գորկուն նոր լույսի ներքո:
-Չեմ կարծում, որ «Առանց Գորկու» ֆիլմը կարելի է առաջին քայլ համարել: Ես բավական երկար եմ աշխատել ֆիլմի վրա: Այս ֆիլմից առաջ արել եմ կարճամետրաժ մի ֆիլմ: Հետո երկու տարուց ավելի աշխատել եմ նույն ֆիլմի վրա և ստացել լիամետրաժ, բովանդակալից ֆիլմ, որը չի կարելի համարել առաջին քայլ: Ավելի շուտ, «Առանց Գորկու» ֆիլմը մի մեծ ճանապարհորդության արդյունք է:


«ՎԱՆՈՒՄ ՄԵՆՔ, ԿԱՐԾԵՍ, ՎԵՐՋԱԿԵՏ ԵՆՔ ԴՆՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՆՉ ԱՅԴ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻՆ»


-Ֆիլմն ավարտվում է Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությամբ: Դուք, Ձեր ծնողներն ու մորաքույրը Վանա լճի ափին էիք, փորձում էիք գտնել այն տեղերը, որոնց մասին հիշատակվում է որպես Ձեր պապի բնօրրան: Խոսում էիք այն եկեղեցու մասին, ուր գնացել է Գորկու մայրն ու իր աղոթքը բարձրացրել առ Աստված: Այդ տարածքում` Ձեր նախնիների հողում, ինչ-որ արտառոց զգացումներ ապրեցի՞ք, զգացի՞ք, որ աշխարհն ու իրականությունն այլ բովանդակություն են ձեռք բերում Ձեզ համար:
-Այո՛: Իհա՛րկե: Բնականաբար, շատ արտառոց զգացումներ ապրեցի այնտեղ` Վանա լճի ափին: Մենք բոլորս կարծես հանդարտություն, անդորր գտանք այնտեղ: Դա անպատմելի մի խաղաղություն էր: Այդ հողի վրա մենք կարծես վերջակետ էինք դնում մեր բոլոր անհանգստություններին, մինչ այդ անպատասխան մնացած բոլոր հարցերին: Ամեն ինչ պարփակվում էր այդ չքնաղ տեսարանների գրկում, այդ հողում:
-Որքան հասկացա` Դուք շատ բան գիտեք Վանի մասին: Ոչ թե պարզապես այցելել եք Վան, այլ ուսումնասիրել եք այդ եզերքը` իր բոլոր առանձնահատկություններով, բնորոշ իրողություններով: Ֆիլմի ցուցադրությունից հետո Ձեզ մոտեցավ հանդիսատեսներից մեկն ու ցույց տվեց Վանա կատվի մի լուսանկար: Մինչ նա կբացատրեր, թե ինչ է պատկերված լուսանկարում, Դուք լավատեղյակ մարդու վստահությամբ ու ջերմ ժպիտով ասացիք. «Օ՜, Վանա կատու է»: ՈՒրիշ ի՞նչ գիտեք Վանի մասին:
-Այո-այո՜: Մեկն ինձ Վանա կատվի լուսանկար ցույց տվեց: Հիմա դժվարանում եմ հիշել, թե երբ եմ առաջին անգամ իմացել Վանա կատվի մասին, որովհետև ես վանեցու երրորդ սերնդից եմ: Իսկ Վանի մասին որոշ բաներ փորձել եմ պարզել մինչև այնտեղ գնալս: Հասկանում էի, որ կարող են այնտեղ պահպանված չլինել շատ բաներ, որոնց մասին ես նախապես գիտեի: Բայց միևնույն է, հասկանում էի, որ պետք է գնալ և նկարել այն ամենը, ինչ պահպանվել է: Չափազանց հետաքրքիր էր այդ ամենը սեփական աչքերով տեսնելը: Գուցե և շատ բան էր փոխվել Վանում, չկային նախկին տները, փակված էին եկեղեցիները, բայց ես անհրաժեշտ էի համարում տեսնել գոնե ինչ-որ բան այն ամենից, որը պապիկս մտապահել էր ու հետագայում նկարել իր կտավներում:

«ԵՍ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՄԱՅՐ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»


-Պատմեք, խնդրեմ, Արշիլ Գորկու տոհմածառի մասին: Ֆիլմից իմանում ենք, որ ունեցել է երկու դուստր: Ի՞նչ ժառանգներ ունեն Մարոն ու Նատաշան:
-Ինչպես հասկացաք ֆիլմից, Գորկու մեծ աղջիկը` Մարոն, իմ մայրն է: Նա ունի նաև մեկ ուրիշ աղջիկ` քույրս` Սասկյա Սփենդերը: Հենց քույրս էլ ինձ շատ է օգնել ֆիլմի ստեղծման աշխատանքներում: Նատաշան` մորաքույրս, ժառանգներ չունի:
-Դուք ունե՞ք երեխաներ: Ովքե՞ր են Արշիլ Գորկու ծոռները:
-Իմ ամուսինը` Վալերիո Բոնելլին, իտալացի է: Նա գրող է և ինձ շատ է օգնել ֆիլմի նկարահանման աշխատանքներում: Մենք երկու որդի ունենք, ավագը Ինեաս Բոնելլին է, կրտսերը` Մառլոն Բոնելլին: Ցանկանում եմ կրկին խոսել տատիկիս մասին և անպայման ասել, որ նա շատ զգացմունքային մայր է եղել: Եվ ես էլ նրա նման զգացմունքային մայր եմ իմ երեխաների համար:
-Առհասարակ, հայկական ընտանիքներին բնորոշ է բացարձակ պաշտամունքի զգացումը երեխաների հանդեպ: Եվ սա տարածվում է ոչ միայն սեփական, այլև մերձավորների ու անգամ ոչ մերձավորների երեխաների վրա: Այս իմաստով ինձ համար անհասկանալի էր ֆիլմում ներկայացվող այն պատմությունը, որ Գորկու մահից հետո նրա քույրը` Վարդուշը, որի հետ, փաստորեն, հոգեկան մեծ կապվածություն ուներ Գորկին, չի ցանկացել պահել իր եղբոր որբացած երեխաներին ու նրանց հանձնել է մանկատուն: Ինչո՞վ եք սա բացատրում: Եվ ի՞նչ հարաբերություններ ունեք այժմ նրա կամ նրա ժառանգների հետ:
-Թե ինչու չի պահել երեխաներին, ես հիմա չեմ կարող բացատրել: Իսկ ինչ վերաբերում է Վարդուշի ընտանիքի հետ ունեցած կապերին, ասեմ, որ Գորկու մահից հետո տատիկս` Մուգուշը, մշտական բնակություն է հաստատել Եվրոպայում, և կապը, շփումները Վարդուշի հետ ինքնըստինքյան թուլացել են: Տատիկս և դուստրերը եղել են Իտալիայում, Վարդուշը մնացել է Միացյալ Նահանգներում, ու հիմա էլ կապը վերականգնված չէ, ես տեղյակ չեմ Վարդուշի ընտանիքի հետագա ճակատագրին: Գիտեմ միայն, որ Վարդուշն ուներ որդի, բայց, իմ ունեցած տեղեկություններով, երկուսն էլ` և՛ Վարդուշը, և՛ որդին, արդեն մահացել են: Այլ հարազատների մասին ոչինչ չգիտեմ:

«ԱՏՈՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՖԻԼՄՈՎ Է ԱՆՄԱՀԱՑՐԵԼ ԻՄ ՊԱՊԻՆ, ԱՅԼԵՎ ԻՐ ՈՐԴՈՒՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ Է ԱՐՇԻԼ`Ի ՊԱՏԻՎ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ»


-Թեև Դուք Արշիլ Գորկու թոռն եք, բայց, այնուամենայնիվ, Ձեր պապին նաև կինոյում անմահացնելու առաջին քայլը Ձեզնից առաջ կատարել է Ատոմ Էգոյանը` «Արարատ» ֆիլմում: Ի՞նչ կարծիք ունեք այդ ֆիլմի և Ատոմ Էգոյանի մոտեցման մասին:
-Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Ատոմ Էգոյանին: Ինչպե՞ս կարող եմ չգնահատել նրա մոտեցումը, նրա կատարած աշխատանքը: Նա ոչ միայն ֆիլմով է անմահացրել իմ պապին, այլև իր որդուն անվանակոչել է Արշիլ` ի պատիվ Արշիլ Գորկու: Կարծում եմ` նրա «Արարատ» ֆիլմը շատ խոր հարգանքով է լցված դեպի Արշիլ Գորկին: Եվ սա միայն գովեստի ու երախտագիտության արժանի քայլ է Ատոմի կողմից:
-Դուք առաջին անգա՞մ եք Հայաստանում:
-Այո:
-Հույս ունեմ` ոչ վերջին:
-Ես ևս հուսով եմ, որ վերջին անգամը չէ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ


Հ. Գ.- Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրաթերթի աշխատակազմի անդամ, «Կինոլրագրողներ առանց սահմանների» ծրագրի համակարգող, կինոգետ Արծվի Բախչինյանին` Կոզիմա Սփենդերի հետ մեր շփումն ապահովելու և հարցազրույցի կայացմանը նպաստելու համար:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ