ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Աստղագիտությունը տեղեկատվական պայթյունի դարաշրջանում»

«Աստղագիտությունը տեղեկատվական պայթյունի դարաշրջանում»
05.06.2012 | 00:11

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում մայիսի 28-ից հունիսի 1-ն անցկացվեց Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) 11-րդ հաշվետու-ընտրական համագումարն ու «Աստղագիտությունը տեղեկատվական պայթյունի դարաշրջանում. արդյունքներ և խնդիրներ» թեմայով գիտական կոնֆերանսը, որոնց մասնակցել է մոտ 250 գիտնական:
Քննարկվել են աստղագիտության զանազան ոլորտներին առնչվող զեկուցումներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել Երկրի պտույտին, Լուսնի վրա ջրի հայտնաբերմանը, Երկրի համար վտանգավոր աստղակերպերին և գիսավորներին, Արեգակի ակտիվության ներկա փուլին, սև խոռոչներին, տիեզերական աստղադիտարանների նոր նախագծերին և վիրտուալ աստղադիտարաններին նվիրված զեկույցները:
Հայաստանից համագումարին և կոնֆերանսին մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ և ԵԱԱԸ վարչության անդամ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, որը հանդես է եկել «Մարգարյանի գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրությունները հայկական վիրտուալ աստղադիտարանի շրջանակներում» թեմայով գիտական զեկուցումով:
Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միքայելյանի զեկույցը ՀԱԸ գործունեության, հատկապես` Հայաստանում գիտական լրագրության կազմակերպման և աստղագիտության մասսայականացման վերաբերյալ, ինչը, շատերի կարծիքով, կարող է լավ փորձ լինել նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրների համար: Արեգ Միքայելյանի ելույթը համագումարում գիտական լրագրության քննարկման հիմք է դարձել: Հարկ է նշել, որ ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրերը հիշատակվել են որպես նման աստղագիտական տեղեկատվական նյութերի մեջ լավագույնը:
ԵԱԱԸ-ն ստեղծվել է 1990-ին՝ որպես Խորհրդային Միության աստղագիտական ընկերություն, սակայն վերջինիս փլուզումից հետո վերանվանվել է Եվրասիական աստղագիտական ընկերություն: Ներկայումս դրա կազմում ընդգրկված է 31 երկրների մոտ 800 գիտնականներ: Հայաստանից ԵԱԱԸ անդամ են 12 աստղագետ, իսկ Հայկական աստղագիտական ընկերությունը Հայաստանում Եվրասիական աստղագիտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն էր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ