ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության էջերից

Թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության էջերից
17.03.2009 | 00:00

ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2008-ի դեկտեմբերին Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարեցին ռազմական դաշինք ձևավորելու մտադրության մասին։ Այսինքն` գործնականում ավարտին հասցնել ռազմական ու քաղաքական ինտեգրացիայի բավական երկար գործընթացը։ Այս իրադարձությունը, անշուշտ, տեղի ունեցավ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ազդեցության արդյունքում։ Սակայն, միաժամանակ, հնարավոր է, որ առկա է ավելի կարևոր պատճառ Անկարա-Բաքու դաշինքի ձևավորումն արագացնելու առումով։
Ներկայիս պայմաններում Ադրբեջանն իր համար արդեն պարզել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն նպատակ չունեն գործնական օգնություն ցուցաբերելու տարածաշրջանի այն երկրներին, որոնք կարող են ենթարկվել ագրեսիայի։ Հարավային Կովկասում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ ռազմական հավասարակշռության փոփոխության առումով, և դա չի կարող չանհանգստացնել տարածաշրջանի երկրներին։ Միաժամանակ տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը հնարավոր չէ դիտարկել առանց խոշոր տերությունների մասնակցության և տարածաշրջանի երկրների հետ նրանց ձևավորած պայմանավորվածությունների։ Հարավային Կովկասի պետությունների հիմնական արտաքին գործընկերները պաշտպանության և անվտանգության բնագավառում շարունակում են մնալ Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը։ Իրանը, իբրև տարածաշրջանային խոշոր տերություն, առայսօր սահմանափակվում է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին պայմանագրով, որը, սակայն, չի բովանդակում լայն մտադրություններ։ Ըստ էության, 2008-ի ամռան իրադարձություններից հետո տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունն այլևս չի կարելի դիտարկել միայն տարածաշրջանի սահմաններով։ Սկսվել է Հարավային Կովկասի երկրների ռազմական ինտեգրացիայի նոր փուլը, տարածաշրջանային մրցակցությունը սպառազինությունների ոլորտում առկա է և ուժեղանալու է ոչ միայն զուտ Հարավային Կովկասում, այլև ավելի շուտ Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում, հատկապես Կասպից ծովի ավազանում։ Այսինքն` տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքին մասնակից են ինչպես Վրաստանն ու Հայաստանը, այնպես էլ Կասպյան ավազանի բոլոր պետությունները` ներառյալ Ռուսաստանն ու Իրանը։ Այդ կապակցությամբ էլ այս գործընթացներին ակտիվ արձագանքելու է նաև Թուրքիան։
ԱՄՆ-ի առջև առկա է առայժմ չլուծված խնդիր, որը պայմանավորված է տարածաշրջանային այս հակադրությանը Թուրքիայի մասնակցությամբ։ Մի կողմից, Թուրքիայի մասնակցությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու Իրանի` ԱՄՆ-ի դեմ ուղղված հակաքայլերի վերահասցեավորմանը։ Այսինքն` հակադրության մակարդակը ԱՄՆ-Ռուսաստան պայքարից կտեղափոխվի դեպի տարածաշրջանային մակարդակ Ռուսաստան-Թուրքիա-Իրան սխեմայով։ Եթե մոտ ժամանակներս ամերիկա-թուրքական հարաբերությունները լիովին չկարգավորվեն, ապա Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, կնախընտրի իր գեոռազմավարությունը կառուցել առանց Թուրքիայի ծառայություններին դիմելու։ Սկզբունքորեն տարածաշրջանի երկրներին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու և անվտանգություն ապահովելու հարցերում ԱՄՆ-ը Թուրքիայի մասնակցության կարիքը չունի, քանզի նրա գործողություններն իրադրությանը հաղորդում են լրացուցիչ լարվածություն։
Հարկ է նկատել, որ դեռ 1998-ի ապրիլին Անկարայում տեղի ունեցան բազմափուլ բանակցություններ Թուրքիայի և Ադրբեջանի այնժամյա նախագահներ Սուլեյման Դեմիրելի և Հեյդար Ալիևի միջև, և այդ ժամանակ էլ որոշակիացվեցին Անկարայի ու Բաքվի հարաբերությունների զարգացման սկզբունքները, շրջանակներն ու խաղի կանոնները երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով։ Համաձայնագիրը ստորագրվեց երկու նախագահների միջև արձանագրության տեսքով։ Այդ փաստաթուղթը պայմանագրի կարգավիճակ չստացավ, սակայն, իբրև գործողության ծրագիր, այդ ժամանակից ի վեր հաշվի է առնվում Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր կարևոր պետական գերատեսչությունների, այդ թվում` հետախուզական ծառայությունների կողմից։ Արձանագրությունը նախատեսում է փոխադարձ օգնություն արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն միայն այն պարագայում, եթե Թուրքիային կամ Ադրբեջանին սպառնում է զգալի վնաս կամ պարտություն, որը կարող է հանգեցնել տարածքային կամ անկախության կորստի և այլն։ Դրանով Ս. Դեմիրելը փորձեց ապահովագրել Թուրքիան և բացառել նրա ներքաշումը պատերազմի մեջ։ Միաժամանակ նա կարողացավ համոզել Հ. Ալիևին, որ անհնար է վերսկսել ռազմական գործողությունները Ղարաբաղում առանց Անկարայի հետ խորհրդատվությունների ու նրա համակարգման։ Թուրքիան պատասխանատվություն ստանձնեց իրականացնել ռազմական հատկացումներ Ադրբեջանին, օժանդակել ռազմական կադրերի պատրաստմանը, ռազմական շինարարությանը, ինչը, սակայն, տեղի էր ունենալու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններից և ԱՄՆ-ի քաղաքականությունից դուրս։
ԱՄՆ-ում հրաշալի տեղեկացված են այս մասին, և ամերիկացիները որոշակի գնահատականներ ունեն այս արձանագրության հետ կապված։ Նրանց կարծիքով, եթե այս պայմանավորվածության առանձին նպատակները ձեռնտու չեն ԱՄՆ-ին, ապա ընդհանուր առմամբ այդ փաստաթուղթը, այնուհանդերձ, դրական նախաձեռնություն է։ Միաժամանակ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ այս պայմանավորվածությանը լիովին պաշտոնական բնույթ տալն անցանկալի է։ Չնայած դրան, Թուրքիայի գլխավոր շտաբն ունի մշակված պլան ռազմական միջամտության մասին` Ադրբեջանի ջախջախիչ ռազմական պարտության, նրա տարածքի կորստի կամ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հայկական կամ իրանական զինված ուժերի կողմից գրավվելու դեպքում։ Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևի և Սաբահեդդին Չակմակօղլուի վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկման առարկա դարձան թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության ընդլայնումը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները։ Այդ մասին հայտնի դարձավ հենց մասնակիցների հայտարարություններից։ Աբիևը, մասնավորապես, ընդգծեց, թե հայկական կողմն օգտագործում է «օկուպացված» տարածքները թմրանյութերի տրանզիտի և ահաբեկիչների պատրաստման համար, օժանդակելով նաև ՔԲԿ-ի զինյալներին զենքով ու զինամթերքով։ Ըստ նրա, Ադրբեջանի զինված ուժերը «պատրաստ են ոչնչացնելու օկուպացված տարածքներում տեռորիզմի կենտրոններն ու ազատագրելու իրենց տարածքը»։ Աբիևը նաև հայտարարեց, թե Տրապիզոնի գագաթաժողովում ստորագրված փաստաթղթերը պայմաններ են ստեղծում տարածաշրջանում ռազմական համագործակցության ընդլայնման համար, իսկ Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում խողովակաշարերի առկայությունն ավելի անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի երկրների միջև ռազմական համագործակցությունը։
Չակմակօղլուն, իր հերթին ընդգծելով Ադրբեջանի զինված ուժերի բարձր կրթական մակարդակը, արձանագրեց, թե ՔԲԿ-ի հետ պայքարում Բաքուն միշտ աջակցել է Անկարային։ Ղարաբաղի հարցի հետ կապված` թուրք նախարարը նշել է, թե «հայկական պրոբլեմը կանգնած է ողջ թուրք ազգի առջև», և որ հայերը, իբրև ցեղասպանություն որակելով «օսմանյան պետության միջոցառումներն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերին անվտանգ շրջաններ տեղափոխելու առումով, թշնամական դիրքորոշում են որդեգրում թուրքերի նկատմամբ` օկուպացնելով նաև Ադրբեջանի տարածքի հինգերորդ մասը»։ «Մենք դեմ ենք հայերին նույնիսկ մի թիզ ադրբեջանական հող զիջելուն և կպաշտպանենք Ադրբեջանի ցանկացած որոշում այս հարցում»,- նշել է Չակմակօղլուն։ Դիվանագիտական մեկնաբանությամբ, թուրք նախարարի խոսքերը նշանակում են, որ Անկարան պատրաստ է աջակցելու Բաքվին նաև այն դեպքում, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղը և այլ տարածքներ վերադարձնելու նպատակով։
Մինչդեռ Եվրամիության անդամ որոշ պետություններ, նկատի ունենալով Թուրքիայի անզուսպ ձգտումը դեպի Եվրոպա, համարում են, որ Բրյուսելը միանգամայն իրավասու է ճնշում կիրառելու Անկարայի վրա` Հայաստանի նկատմամբ նրա քաղաքականությունը փոխելու և շրջափակումը վերացնելու նպատակով։ Այդ հայտարարությունները լայնորեն լուսաբանվել են ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներով։ Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի առկայության ընդհանրացնող ցուցանիշ կարելի է համարել այդ դաշինքի` իբրև գործիքի, ակտիվ ու հետևողական, այսինքն` ծրագրային օգտագործումն ԱՄՆ-ի կառավարության կողմից։ Քանզի Վաշինգտոնն իր ռազմավարական ծրագրերին չի կարող հաղորդակից դարձնել քաղաքականապես չկայացած միավորումներին։ Որպես օրինակ կարող է ծառայել նույն ՎՈՒԱՄ-ը, որի ակտիվացման առումով ԱՄՆ-ը չի շտապում` «ռեզերվում» պահելով այն իր հակառուսական և հակաիրանական քաղաքականության համատեքստում։ Մինչդեռ թուրք-ադրբեջանական դաշինքն ամերիկացիները, հավանաբար, արդեն դիտարկում են իբրև գոյություն ունեցող ամուր աշխարհաքաղաքական կառուցվածք։ Եվ իբրև գեոքաղաքակրթական ու նոր սկզբունքների վրա կառուցված դաշինք, այն, ամերիկացիների գնահատմամբ, ունի հետևյալ ռազմավարական ուղղությունները` Ռուսաստան-Հյուսիսային Կովկաս-Պովոլժիե, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Իրան, Սիրիա-Իրաք, հնարավոր է նաև Բալկաններ։
Այս պայմանական սխեման նույնպես անուղղակիորեն հաստատում է թուրք-ադրբեջանական դաշինքի գոյությունը և ամրապնդում մեր այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ի առջև լրջորեն կանգնած է այս դաշինքի վերահսկման խնդիրը։ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ իրենցից ներկայացնում են ուժեղ տարածաշրջանային խմբավորում։ Բացի այդ, Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքի օգտագործումը հնարավորություն կտա հաջողությամբ վերահսկել կարևորագույն կոմունիկացիաներն ու տարածաշրջանները, ճնշում գործադրել Կասպից ծովի ավազանի պետությունների` Իրանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Թեպետ այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ն ունի իր նպատակներն ու պատկերացումները քաղաքական կարգ ու կանոնի վերաբերյալ։
Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի առկայության և զարգացման անուղղակի հաստատումն էին նաև Բաքվի ԶԼՄ-ներում 1999-ի ամռանը տեղ գտած հրապարակումները։ Այդ ժամանակ համաշխարհային մամուլն ակտիվորեն քննարկում էր Իրան-Հունաստան-Հայաստան ռազմական եռյակ դաշինքի ձևավորման հնարավորությունը, ինչը պայմանավորված էր Հունաստանի արտգործնախարարի և այլ քաղաքական գործիչների մի շարք հայտարարություններով։ Ադրբեջանական, մասամբ նաև թուրքական մամուլը, ուղղակիորեն առաջարկում էր արագացնել Անկարա-Բաքու ռազմական դաշինքի վերջնական ձևավորումը, և ոչ մի պետական գործիչ այդ երկրներում կասկածի տակ չդրեց այդ առաջարկության նպատակահարմարությունը։ Դա հիմնավոր տպավորություն ստեղծեց, որ ադրբեջանական ղեկավարությունն արդեն այն ժամանակ նախապատրաստում էր հասարակական կարծիքն այս խնդրի շուրջ։
Իրանը, Հունաստանն ու Հայաստանը շտապեցին հայտարարել, որ ռազմաքաղաքական միավորում ստեղծելու նպատակ չունեն։ Սակայն ժամանակի ընթացքում այդ մտադրությանը հռչակագրային տեսք չտալով, երեք երկրները շարունակում են տեղեկատվական, ռազմակրթական և ռազմակազմակերպչական աջակցություն ցուցաբերել միմյանց։ Հունաստանը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, դժվարություններ ունի Իրանի հետ ռազմական հարաբերությունների զարգացման առումով, թեպետ երկու պետությունների միջև առկա են պայմանավորվածություններ օպերատիվ իրավիճակում արձագանքման վերաբերյալ։ Հունաստան-Հայաստան ռազմական հարաբերությունները թեկուզ և ձևականորեն զարգանում են ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, սակայն գործնականում Հունաստանը ներկայացնում է Հայաստանի շահերն Արևմուտքի ռազմական շրջանակներում և փորձում անմիջական հարաբերություններ կառուցել պաշտպանական բնագավառում։ Միաժամանակ, սակայն, ռազմական ներուժով և աշխարհառազմավարական նախաձեռնություններով Իրան-Հունաստան-Հայաստան միավորումը չի կարող համեմատվել միանգամայն իրական թուրք-ադրբեջանական դաշինքի հետ։ Իրանը չկարողացավ ազդել ավելի լայն հակաթուրքական դաշինք ձևավորելու վրա` Սիրիայի ու այլ պետությունների մասնակցությամբ։ Թուրքիան փորձում է փոխել արտաքին քաղաքականության մեջ ավանդական դիրքորոշումներն ու կարգավորել հարաբերություններն Իրանի ու արաբական պետությունների հետ։ Այդ պատճառով էլ հակաթուրքական դաշինք ձևավորելու գաղափարը մոռացված չէ, բայց անորոշ ժամանակով մի կողմ է մղված։
Հարկ է ուշադրություն դարձնել, որ որոշ դեպքերում թուրքական քաղաքագետներն ու քաղաքական գործիչները հրապարակային ելույթներում մի շատ կարևոր փաստարկ են ներկայացնում պաշտպանության ոլորտում Ադրբեջանի առջև ունեցած իրենց պարտավորությունների վերաբերյալ։ Նկատի է առնվում 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, որտեղ Նախիջևանը գործնականում թուրքական պրոտեկտորատի կարգավիճակ ունի։ Այսինքն` պայմանագրում կա հոդված, որ Նախիջևանի նկատմամբ երրորդ կողմի ոտնձգության դեպքում Թուրքիան կարող է դիմել ռազմական միջամտության։ Վերջին 15 տարիների ընթացքում Բաքուն և Անկարան հմտորեն օգտագործել են այս պայմանագիրն իրենց նպատակներով, հատկապես Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների փուլում։ Բացառված չէ, որ հեռանկարում այդ պայմանագիրը քաղաքական առումով վերակենդանացվի և օգտագործվի Թուրքիայի կողմից իբրև արդիական միջազգային փաստաթուղթ, որը ենթադրում է Թուրքիայի իրավունքը Նախիջևանում և ողջ Ադրբեջանում ռազմական ներկայություն ունենալու առումով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում Թուրքիան ամեն կերպ աջակցելու է Ադրբեջանին` ձգտելով, սակայն, անմիջականորեն չընդգրկվել ռազմական գործողությունների ընթացքի մեջ, քանի դեռ Ադրբեջանը լուրջ պարտություն չի կրել։ Այս ենթադրությունը փորձարկվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջատար փորձագետների կողմից, և այս համոզմունքը տարածված է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար քաղաքագետների շրջանում։
Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ու Վրաստանի միջև նույնպես ստորագրված են պայմանագրեր անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Դրանք, սակայն, ունեն սահմանափակ, թեկուզ և բազմապլան բնույթ ու համապատասխանում են էներգետիկ նախագծերի հետ կապված հետաքրքրություններին։ Վրաց-ադրբեջանական պայմանագիրը ստորագրված է ամերիկյան և թուրքական նյութատեխնիկական ու ֆինանսական օգնության հաշվառումով անվտանգության ոլորտում։ Ըստ այդմ, այն չի պարունակում վտանգներ` ուղղված անմիջականորեն Հայաստանի դեմ։ Որևէ այլ նման կարգի պայմանագիր Վրաստանի ու Ադրբեջանի միջև չկա։ Մինչդեռ հայ-վրացական պայմանագիրը պաշտպանության ոլորտում ունի ավելի հիմնավոր բնույթ, սակայն վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական համարժեք պայմանագրերը ենթադրում են համատեղ տնտեսական, քաղաքական ու ռազմական գործողություններ այն պետությունների դեմ, որոնց քայլերը կարող են հանգեցնել էներգետիկ և այլ կոմունիկացիաների գործունեության խաթարմանը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր ռազմական հակամարտությունը կարող է մեկնաբանվել իբրև Հայաստանի ագրեսիվ գործողություններ, որոնք խնդիրներ են ստեղծում կոմունիկացիաների անվտանգության առումով։ Այդ կապակցությամբ Վրաստանը կարող է Հայաստանի դեմ քայլերի դիմել, այդ թվում` կոմունիկացիաների շրջափակման մասով։ Հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության փուլում Վրաստանը բազմիցս շրջափակում էր Հայաստանին, հիշյալ պայմանագրերը կարող էին նրա համար ծառայել իբրև իրավական բազա և արժանանալ հենց այդպիսի մեկնաբանության։
Տարածաշրջանում ստեղծվում է նոր խաղարկային իրավիճակ, երբ տեղի է ունենում տարածաշրջանային և միջտարածաշրջանային դաշինքների ձևավորման ակտիվ գործընթաց։ Հասկանալի է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսուհետ ավելի միասնաբար են հանդես գալու միջազգային ասպարեզում։ Սակայն միաժամանակ անկասկած է, որ դա պատասխան ռեակցիա է առաջացնելու ոչ միայն այն պետությունների շրջանում, որոնք ավանդաբար հանդես են գալիս իբրև Թուրքիայի հակառակորդներ։ Այսինքն` ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև ԱՄՆ-ի, որը բացարձակապես շահագրգռված չէ Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ։ ԱՄՆ-ը նախընտրում է Ադրբեջանը տեսնել ավելի «ազատ թռիչքի մեջ», այն կուրսով, որը որոշում են ամերիկացիները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ