ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արտաքին աշխարհին ավելի քան երբևէ անհրաժեշտ է ուժեղ Հայաստանի գոյությունը

Արտաքին աշխարհին ավելի քան երբևէ անհրաժեշտ է ուժեղ Հայաստանի գոյությունը
14.10.2008 | 00:00

ԱՅԼԵՎՍ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՉԷ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍԸ
Չինական իմաստության համաձայն՝ անեծք է ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում։ Իսկապես այդպես է, եթե հատկապես ապրում ես հզոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի խաչմերուկում։ Հայաստանը, ինչպես եղել է ոչ մեկ անգամ, այսօր էլ հայտնվել է հզոր ուժային կենտրոնների շահերի ծայրակետում և արդեն որերորդ անգամ կանգնում է ընտրության առջև, թե ինչ անել և ինչպես անել։ Սակայն այսօր մեծ է հավանականությունը, որ ունենալով անկախ պետականություն՝ կհաջողվի խուսափել հայկական պատմության մեջ սովորական դարձած կատակլիզմներից։
Հավանաբար, առաջին անգամ է վերջին հարյուրամյակների պատմության մեջ, որ այլևս օրակարգային չեն կարող լինել «Հայաստանն առանց հայերի», «Հեռացնենք հայերին, բնակեցնենք կազակներին» կարգախոսները։ Աշխարհակարգի և միջազգային հարաբերությունների վերանայման այս փուլում արտաքին աշխարհին ավելի քան երբևէ անհրաժեշտ է ուժեղ Հայաստանի գոյությունը՝ միատարր և ինքնաբավ բնակչությամբ։ Գտնվելով աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում՝ Հայաստանը դարերի ընթացքում դարձել է յուրօրինակ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Եվ, ըստ այդմ, այսօր որոշակի համոզմամբ կարելի է պնդել, որ նոր աշխարհակարգում մեր երկիրն ունակ է ստանձնելու «տրանսֆորմատորական» գործառույթներ և պահպանելու պետական անկախությունը՝ չընդգրկվելով միանշանակ կողմնորոշում ունեցող պետությունների որևէ միավորման մեջ։
Թեպետ, Ռուսաստան-Արևմուտք ներկայիս բավականին սուր և գնալով խորացող հակադրության խորապատկերի վրա, որքան էլ այս գաղափարները տրամաբանական են, առաջին հայացքից թվում են դժվար իրագործելի կամ անիրագործելի։ Որովհետև գերտերությունների միջև ծավալված պայքարում Ռուսաստանն առնվազն անում է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի բացառապես իր ազդեցության ուղեծրում պահի Հայաստանը։ Այս քաղաքականությունը, բնականաբար, վարվում է ոչ միայն Երևանի նկատմամբ, և այն իր մեջ պարունակում է տարածաշրջանի հնարավորինս շատ երկրների միանշանակ կողմնորոշում պարտադրելու քաղաքականությունը, և այդ նպատակով գործադրվում են ռեզերվում եղած բոլոր միջոցները։
Հատուկ ծառայություններում հայտնի սկզբունք է, որ եթե կարողանում ես ցանկալի տեղում նշանակել բնավորության համապատասխան գծերով օժտված մարդկանց, որոնց վրա ունես ազդեցության լծակներ, ապա առանց հատուկ ջանքերի կարող ես հասնել ցանկալի արդյունքի։ Ինչպես հայտնի է, Կրեմլը երկար ժամանակ և միանգամայն հաջողությամբ Հայաստանում կիրառում էր հենց այդ քաղաքականությունը։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, չնայած պետականորեն հռչակված «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությանը, Հայաստանի արտաքին հարաբերությունների բազմավեկտորությունը քայլ առ քայլ գնալով նվազում էր՝ փոխարինվելով քաղաքական էլիտայի անձնական շահախնդրություններով։ Իսկ այդ շահախնդրությունները տոտալ կերպով դրսևորվեցին այդ նույն էլիտայի ներկայացուցիչների՝ ռուսական տնտեսական և քրեականացված կառույցների մեջ ընդգրկումով։ Ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսական լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների համաձայն, գործնականում Հայաստանի վերնախավի բոլոր որոշիչ դեմքերը, ընդ որում, ոչ միայն իշխանական դաշտից, գործարար մասնակցություն ունեին ռուսական խոշոր տնտեսական կորպորացիաներում և, բնականաբար, իրականացնում էին «մետրոպոլիայի» շահերից բխող քաղաքականություն, ինչը ոչ միշտ էր համապատասխանում անկախ պետության շահերին և խնդիրներին։ Թերևս միայն դրանով կարելի է բացատրել համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող այն երևույթը, երբ ամենակենսական նշանակություն ունեցող տնտեսական ոլորտներն արագ թափով հանձնվեցին «մեծ եղբոր» տնօրինությանը։
Միաժամանակ հայտնի իրողություն է, որ քրեական աշխարհն իր էությամբ ապազգային է, և Հայաստանի վերաբերյալ հենց այդպիսի ընկալումներ սկսեցին ձևավորվել արտաքին աշխարհում։ Հիշատակման է արժանի այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ողջ երկրորդ ժամկետում, փաստորեն, Հայաստանում իրագործվեց Մոսկվայից պարտադրված քաղաքականություն, ինչի արդյունքում երկրի բարձրագույն ղեկավարությունից ոչ ոք ոչ մի անգամ Վաշինգտոնում ընդունելության չարժանացավ։ Իսկ Հայաստանի համագործակցությունը խոշոր ֆինանսական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանափակվեց բացառապես դոնորական վարկերով և տեղական ինքնակառավարման ոլորտում առկա ծրագրերի ֆինանսավորումով։ Ավելին, հենց այդ հանգամանքով էր նաև պայմանավորված Հայաստանի դուրս մնալը տարածաշրջանում իրականացվող գործնականում բոլոր միջազգային ծրագրերից, այլ ոչ թե միայն Թուրքիայի և Ադրբեջանի հակազդեցությամբ։
Բավական է հիշել միայն հայաստանյան գազամուղի պատմությունը, որի կառուցումն անցավ ոչ առանց Մոսկվայի հսկողության, և համապատասխանաբար չեզոքացվեց տրանզիտային գազամուղի կառուցման հնարավորությունը, ինչը չափազանց ձեռնտու էր ինչպես Թեհրանին, այնպես էլ Երևանին։ Կառուցված գազամուղն էլ, որ ուղղված է բացառապես երկրի ներքին կարիքների բավարարմանը, փաստորեն, դարձյալ անցավ ռուսական վերահսկողության տակ։
Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո միայն սկսել են նկատվել որոշ միտումներ՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Բնութագրական է այն, որ ռուսական քաղաքական վերլուծաբանների շարքում առավել նրբամիտ Սերգեյ Մարկեդոնովն առաջին հերթին Մոսկվայի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանության նկատմամբ իրական հավակնություններ ունեցող նախագահի թեկնածուների շարքում չկան ընդգծված արևմտամետ կամ ռուսամետ գործիչներ, այլ մարդիկ են, որոնց կարելի է համարել միայն հայամետ։ Ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքը՝ մանիպուլյացիաների իրականացման հնարավորությունը կորցնելու փաստն է այսօր այդքան նյարդայնացնում Կրեմլին։ Որովհետև դժվար չէ նկատել՝ բոլոր տնտեսական ծրագրերը, որոնց մասին Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված իր ուղերձում խոսեց Սերժ Սարգսյանը, չեն կարող գտնվել բացառապես ռուսական վերահսկողության տակ։ Սա նշանակում է, որ արդեն իսկ կան նոր միտումներ տնտեսության ոլորտում՝ միակողմանի կողմնորոշվածությունը վերանայելու առումով։
Այս կապակցությամբ ոչ պակաս հետաքրքիր էր վարչապետ Տիգրան Սարգսյանի այցն ԱՄՆ։ Վաղուց արդեն Հայաստանի առաջին դեմքերից որևէ մեկը չէր ունեցել այդքան առարկայական և լուրջ հանդիպումներ Վաշինգտոնում։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ Հայաստանի վարչապետը քննարկել է տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, և նույնիսկ խոսք է գնացել այն տնտեսական վնասների մասին, որ կրեց Հայաստանը հարավօսական հակամարտության սրման պատճառով։ Անդրադարձ է եղել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում համագործակցությանը։ Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիեգո Կացուի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի վարչապետը քննարկման առարկա է դարձրել ոչ միայն հայկական ԱԷԿ-ի, այլև հարավային (իրանական) երկաթուղու կառուցման հարցը, ինչպես նաև Համահայկական բանկի ծրագիրն ու մի շարք այլ խնդիրներ։ ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Սյուզան Շվաբի հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու Հայաստանի շահագրգռությունը, մանավանդ որ ամերիկյան ընկերություններն այս ոլորտում որոշակի ներդրումներ արդեն իսկ կատարել են։
Բոլոր այս իրողությունները, անշուշտ, չեն կարող չնկատվել Կրեմլում։ Եվ վարչապետի ամերիկյան այցից հետո արդեն իսկ խոսակցություններ են տարածվել Ռոբերտ Քոչարյանին այդ պաշտոնում հաստատելու ռուսական որոշ շրջանակների մտադրությունների վերակենդանացման մասին։ Մոսկվայում բավականին լուրջ խանդով են վերաբերվում նաև այն իրողությանը, որ չնայած ռուս-վրացական սրված հարաբերություններին, Հայաստանը պահպանեց փոխհարաբերությունների լոյալությունը Վրաստանի հետ, նույնիսկ քայլեր են ձեռնարկվում համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման համար, ինչը Կրեմլում համարում են բավական վտանգավոր Հայաստանի` արևմտյան ազդեցության դաշտ ինտեգրացվելու տեսանկյունից։
Եվ, այնուհանդերձ, եթե Հայաստանն ինչ-որ բանով հետաքրքիր և կարևոր է աշխարհի համար, ապա միայն իր սահմանագծային դիրքով Արևելքի և Արևմուտքի միջև և միաժամանակ բավական ինտեգրվածությամբ այդ երկու մշակութային պլաստներում։ Սա երկրի համար ստեղծում է իսկապես շատ նպաստավոր հնարավորություններ քաղաքակրթությունների միջև կամուրջ հանդիսանալու տեսակետից։ Սակայն այդ կոչմանն արժանի լինելու համար պետք է լուծել գլխավոր խնդիրը. կառուցել համակարգային, համաշխարհային ներկա մակարդակին համարժեք ու ժամանակակից, չկոռումպացված պետություն։ Իսկ դրա առաջին քայլը միշտ իշխանության և ժողովրդի միջև փոխվստահության հաստատումն է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4859

Մեկնաբանություններ