ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վերականգնել բռնադատվածների արտոնությունները

Վերականգնել բռնադատվածների արտոնությունները
12.06.2009 | 00:00

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԸ
Հունիսի 14-ին կլրանա 1949-ին ստալինյան ռեժիմի իրագործած հայ բնակչության բռնագաղթի 60-ամյակը։ Այդ ժամանակ 2000-ից ավելի ընտանիք, մոտ 14 հազար մարդ, աքսորվեց Ալթայի երկրամաս։ Բռնադատվածների իրավունքներն աստիճանաբար վերականգնվեցին 1955-ից հետո։ Սակայն, ինչպես պնդում է բռնադատվածների «Հուշամատյան» ընկերության վարչության նախագահ ՌՈՒԴՈԼՖ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, նրանք անկախ Հայաստանում կրկին անտեսված են։
-Պարոն Գրիգորյան, որքա՞ն բռնադատվածներ կան այսօր Հայաստանում։

-Կարծում եմ` այսօր դեռևս ողջ է մոտ 3300 մարդ կամ գուցե քիչ ավելի։ Երբ 1994-ի հունիսի 14-ին ընդունվեց համապատասխան օրենք, բռնադատվածի կարգավիճակ ստացավ 5600 մարդ, իսկ 8500-ը ճանաչվեցին բռնադատվածների ժառանգներ։ Այդ օրենքով նախատեսվեցին որոշ արտոնություններ։ ԱՊՀ պետությունների միջև կնքված պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր հանրապետություն ինքը պետք է լուծեր բռնադատվածներին փոխհատուցումներ տալու հարցը։ 1994-ին ընդունված օրենքով յուրաքանչյուր բռնադատված ամսական ստանում էր որոշակի փոխհատուցում։ Ես, օրինակ, ստացել եմ 3500 դրամ, կային քիչ ավելին ստացողներ։ Բացի այդ, օրենքը նախատեսում էր, որ բռնադատվածները 50 տոկոս զեղչով են օգտվելու էլեկտրաէներգիայից, նույնպիսի զեղչով են ձեռք բերելու իրենց անհրաժեշտ դեղամիջոցները, ունենալու են էլեկտրատրանսպորտից անվճար օգտվելու իրավունք։ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին պետությունը պարտավորվում էր հատկացնել հողամաս և արտոնյալ վարկ` բնակարանային շինարարության համար։
-Այսօր այդ արտոնությունները գործո՞ւմ են։
-Բանն էլ հենց այն է, որ արտոնությունների մեծ մասը կամային որոշումներով 1998-ից վերացվեց։ ՈՒղղակի դադարեցին վճարել դրամական փոխհատուցումը, դեղորայքի և էլեկտրաէներգիայի զեղչերը նույնպես վերացվեցին։ Պահպանվել է միայն էլեկտրատրանսպորտից` տրոլեյբուսից և մետրոյից անվճար օգտվելու իրավունքը։ Ես այս հարցը բազմիցս բարձրացրել եմ երկրի ղեկավարության առաջ, անգամ Ռոբերտ Քոչարյանին եմ հանդիպել 2003-ի նախագահական ընտրություններից հետո։ Պատասխանը եղել է, թե մենք աղքատ երկիր ենք, այդքան երկար ժամանակ փոխհատուցում տալ չենք կարող։ Ասել է թե` մի քանի տարի ինչ ստացել եք, ձեզ հերիք է։ Սա այն դեպքում, երբ ԱՊՀ բոլոր մյուս պետություններում ստալինյան ռեժիմի կողմից բռնադատվածներին փոխհատուցումների և արտոնությունների տրամադրումը շարունակվում է։ Օրինակ, Վրաստանում պետությունն այդպիսի մարդկանց ամսական տրամադրում է 37 դոլարին համարժեք փոխհատուցում, Ադրբեջանը` 14։ Իմ որդին, որ ծնվել է աքսորավայրում և նույնպես համարվում է բռնադատված, հիմա Ռուսաստանում բնակվելով` աննախադեպ արտոնություններ ունի։ Դրամական փոխհատուցումից բացի, կարող է անվճար Մոսկվայից գնալ Վլադիվոստոկ ու վերադառնալ։ Բնականաբար, մենք պահանջում ենք, որ գոնե վերականգնվեն մեր արտոնությունները նախկին ծավալով, եթե երկիրն այնքան աղքատ է, որ ավելին տալ չի կարող։
-Հայաստանի ղեկավարությունը տեղյա՞կ է Ձեր պահանջներին։
-Իհարկե։ ՈՒմ ասես, որ չեմ գրել` նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Սերժ Սարգսյանի պապն էլ է բռնադատվել 1937-ին, ես հուսով էի, որ նախագահը գոնե ըմբռնումով կմոտենա մեր պահանջին։ Բայց ոչ մի պատասխան չկա։ Նույնիսկ Վլադիմիր Պուտինին ու Դմիտրի Մեդվեդևին եմ գրել, որովհետև Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, միջպետական պայմանագրով պետք է պարտավորեցնի ԱՊՀ մյուս երկրներին` տեր կանգնել ԽՍՀՄ-ի ժամանակ բռնադատված իրենց քաղաքացիների իրավունքներին։
-Որքան հասկացա, բնակարանային պայմանների բարելավման արտոնությունը, այնուհանդերձ, չի հանվել։ Քանի՞ մարդ է օգտվել այդ արտոնությունից։
-2005-ին ընդունված օրենսդրական փոփոխություններից հետո այդ արտոնությունը չի վերացվել, դա ճիշտ է, բայց մինչ այժմ դրանից օգտվել է 133 մարդ. նրանք հողատարածք են ստացել, բայց արտոնյալ վարկից օգտվելու հնարավորություն չի տրվել կամ մասամբ է տրվել։ Օրինակ, մեր կազմակերպության 368 անդամներ դիմել են վարկ ստանալու համար, որպեսզի տուն կառուցեն կամ հիմնանորոգում իրականացնեն, բայց ստացել են միայն 46-ը։ Պետբյուջեով այդ նպատակի համար սովորաբար 100-150 միլիոն դրամ է նախատեսվում, ու եթե այդ ձևով վարկերը տրամադրվեն, 15 տարի հետո միայն բոլորին հնարավոր կլինի ինչ-որ ձևով բավարարել։ Սա այն դեպքում, երբ բռնադատվածների բացարձակ մեծամասնությունը տարիքն առած մարդիկ են` 70-80 և ավելի տարեկան։ Ի վերջո, կարող էին գոնե այդ հարցում հետևողական լինել, թե չէ մեր հարցն էլ դարձել է ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման նման` ինչքան շատ մարդ մեռնի, այնքան քիչ կվճարեն։
-Այս պահին կոնկրետ ի՞նչ եք ակնկալում կառավարությունից։
-Գոնե նախկին ծավալներով մեր արտոնությունների վերականգնում։ Բռնադատվածների մեջ տարբեր մարդիկ կան, այդ թվում` միայնակ թոշակառուներ, որոնք օգնող ձեռք չունեն և այսօրվա պայմաններում չեն կարողանում իրենց տարրական պահանջները հոգալ։ Այդ մարդիկ, որ առանց մեղք գործելու ստալինյան ճամբարներով անցել ու բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերել, գոնե դեղամիջոցները զեղչով ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենան։ Պետք է վերականգնվի նաև դրամական փոխհատուցումը, որովհետև եթե ԱՊՀ մյուս բոլոր երկրները կատարում են ստանձնած այդ պարտավորությունը, Հայաստանն ի՞նչ հիմքով է դրանից հրաժարվել արդեն տասը տարուց ավելի։ Մանավանդ որ խորհրդարանում արդեն իսկ կա բռնադատվածների մասին օրենքի նոր նախագիծ, որին համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել, թեև անհասկանալի պատճառներով դրա ընդունումը հետաձգվում է։
Զրուցեց Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5254

Մեկնաբանություններ