ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Տնտեսական և քաղաքական ճգնաժամերն իրենց կնիքն են թողել մշակույթի վրա»

«Տնտեսական և քաղաքական ճգնաժամերն իրենց կնիքն են թողել մշակույթի վրա»
19.09.2008 | 00:00

ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՍՏԱԶՆԵՐ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Դեռևս կառավարության ծրագրի հաստատման ժամանակ Դուք դեմ էիք «գավառականություն» բառը դրանում ներառելուն։ Կարծում եք` այսօր մեր մշակույթին գավառականությունը խո՞րթ է։
-Իսկ ո՞վ է ասում, որ այսօր գավառականություն չկա։ Իրականում կա։ Պարզապես չի կարելի այն համատարած համարել։ Ցավն այն է, որ մենք ողջ մշակույթն էինք որակում այդ բառով, ինչին ես դեմ եմ։ Բայց սա չի նշանակում, թե մեր մշակույթում գավառամտություն չկա։
-Ի՞նչ եք անում գավառամտությունը նվազեցնելու համար։
-Փորձում ենք նախ և առաջ առավելագույն հնարավորություններ ստեղծել, որպեսզի մեր արվեստագետներն արտաքին աշխարհի հետ շատ շփվեն։ Երբ մարդն ինքն իր շրջապատի մեջ է միայն «եփվում», ընդհանուր վիճակի զգացողությունը կորցնում է։ Այսինքն` ինքդ ստեղծում ես, ինքդ էլ քեզ գնահատում։ Իսկ երբ որևէ մեկը կողքից քեզ` նորն է ցույց տալիս, ապա դու իրազեկ ես լինում, թե համաշխարհային միտումներն ուր են տանում, առաջընթացը որ ուղղությամբ է զարգանում։
-Որոշակի չափանիշներ չպե՞տք է մշակվեն, որ հեռուստաեթերի մշակութային հաղորդումները գոնե անմասն մնան անճաշակությունից, գավառամտությունից։
-Մենք մեր մասով, բնականաբար, այդ ուղղությամբ աշխատում ենք։ Հատուկ դրամաշնորհային ծրագիր հայտարարեցինք, որ նոր հեռուստառադիոհաղորդումներ ստեղծվեն, գրվեն հոդվածներ։ Սակայն այդ ամենն իրականացնելու համար պատրաստակամությունն է պակասում։ Այսօր մեր խնդիրն է մշակույթի արտադրանքի որակը կամաց-կամաց բարձրացնել՝ հասցնելով համապատասխան մակարդակի։ Անշուշտ, տարիների ընթացքում տնտեսական և քաղաքական ճգնաժամերն իրենց կնիքը թողել են մշակույթի ոլորտի վրա։
-Մշակույթի բնագավառում նոր մոտեցումներ, գերակայություններ նախանշեցի՞ն ներկա իշխանությունները։
-Ավելի շատ հստակեցվել են ծրագրային մոտեցումները, այսինքն, եթե դու ֆինանսավորման ծրագիր ես առաջարկում, պետք է հասկանալի լինի, թե այն ինչին է նպատակաուղղված։ Ինքնանպատակ ոչինչ չի լինում, քանի որ հետագայում պետք է թվային տվյալներով ներկայացնել այդ ամենը։ Հստակ շոշափելի արդյունք պետք է արձանագրենք։ Մեր ողջ բյուջետավորումը դրվում է ծրագրային սկզբունքների վրա, ինչն ինձ գոհացնում է։ Յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու՝ ստորինից մինչև վերին օղակի աշխատող, պետք է գիտակցի, թե իր քայլն ինչին է ուղղված։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ո՛ր թիրախային խմբի ընդգրկվածության մասին ենք հոգում։ Օրինակ, թատրոնում բարձր որակի ապահովման խնդիր ունենք։
-Ի դեպ, Մայր թատրոնի «կուլիսային» խմորումները մեծ աղմուկ բարձրացրին։ Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ։
-Կան օբյեկտիվ գործոններ, որոնց դեմ ոչ մեկը ոչինչ չի կարող ասել։ Թատրոնը ստեղծագործական ճգնաժամի մեջ էր։ Ասում են՝ հանգիստ աշխատում էինք, ինչո՞ւ միջամտեցիք։ Բայց այսօր հանգիստ աշխատելու ժամանակը չէ, պետք է մշակութային բարձրորակ ապրանք ստեղծել, մտքեր բախվեն, լինեն առողջ բանավեճեր, ստեղծագործողներին ազատություններ տրվեն։ Կային նաև որոշակի խնդիրներ, որոնք հարցականի տակ դրեցին նախկին գեղարվեստական ղեկավարի աշխատանքի շարունակականության հարցը։ Խոսքը բացարձակապես չի վերաբերում Վահե Շահվերդյան ռեժիսորին, այլ Վահե Շահվերդյան գեղղեկավարին։
-Բայց արդարացի՞ է «վերևից» գեղարվեստական ղեկավար ազատել-նշանակելը։
-Իսկ եթե թատրոնը չէր ինքնակառավարվո՞ւմ։ Մենք նշանակում չենք կատարել։ Պարզապես մեր լիազորությունների սահմաններում որոշում կայացրինք, որ այս պահին նախկին գեղղեկավարի կառավարման ձևն իրեն չի արդարացնում։ Այս ամենում ինձ շատ ուրախացնում է այն հանգամանքը, որ այսօր բազմաթիվ ռեժիսորներ նախարարություն են գալիս իրենց ծրագրերով, որոնց 90 տոկոսը թեև հաջողված չես համարի, սակայն ոլորտում ադեն նկատվում է շարժ, հետաքրքրության մեծացում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4583

Մեկնաբանություններ