ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մոսկվայի շահերից չի բխում հայ-թուրքական հարաբերությունների որևէ կարգավորում»

«Մոսկվայի շահերից չի բխում հայ-թուրքական հարաբերությունների որևէ կարգավորում»
03.10.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ ԲԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայ դատի Հայաստանի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ
-Պարոն Մանոյան, Թուրքիայի նախագահի՝ Հայաստան այցելությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների հետագա հեռանկարների վերաբերյալ հիմնականում շրջանառվում է երկու վարկած։ Առաջինը, որ սկզբունքորեն ոչինչ չի փոխվի։ Բայց կան նաև կանխատեսումներ, որ արտաքին պարտադրանքի արդյունքում Հայաստանը կգնա որոշակի զիջումների, Թուրքիան էլ միգուցե կբացի սահմանը և կսկսի հարաբերությունների աստիճանական զարգացում։ Ձեր տեսակետն այս կապակցությամբ։
-Չեմ տեսնում այն հնարավորությունը, թե Հայաստանի նկատմամբ ինչ արտաքին պարտադրանք է կիրառվելու։ Եկեք նախ արձանագրենք. որքան Հայաստանն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների կարիք՝ հատկապես կոմունիկացիաների բացման իմաստով, նույն չափով, եթե ոչ ավելի, շահագրգիռ պետք է լինի Թուրքիան։ Բացի այդ, քանի որ այսօրվա շփումներն ընթանում են բացառապես երկկողմ մակարդակում, առանց միջնորդների, արտաքին ճնշման հնարավորությունն ինքնըստինքյան նվազում է։ Այլ բան, որ Հայաստանի կողմից կարող են լինել դրսևորումներ՝ ակնկալելով Թուրքիայից համարժեք պատասխան, ինչը տեղի չի ունենա։ Թուրք պաշտոնյաներն այսօր չեն թաքցնում, որ ներկայիս շփումների հաստատման համատեքստում իրենց նպատակը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանխարգելելն է։ Դա սկզբունքորեն չի թաքցնում Թուրքիայի արտգործնախարարը, նույն կարգի կարծիքներ են արտահայտվում իշխանամետ վերլուծաբանների և հրապարակագիրների կողմից, որ պետք է այս իրավիճակն օգտագործել Հայաստանից առավելագույն զիջումներ քամելու համար։
-Սակայն կան ոչ անհիմն պնդումներ, որ հայ-թուրքական ներկայիս շփումները միջնորդավորված են Մոսկվայով, և հենց Ռուսաստանն է ստիպում Հայաստանին՝ որոշ քայլեր կատարել Անկարային ընդառաջ։
-Անկեղծ ասած, չեմ գտնում նման պատճառ։ Հասկանալի է, որ Ռուսաստանը դեմ չէ այդ գործընթացին, որովհետև Մոսկվայի շահերից չի բխում հայ-թուրքական հարաբերությունների որևէ կարգավորում ռուսական գործոնի բացարձակ անտեսումով։ Կարծում եմ, Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում վաղ թե ուշ սկսվելու է։ Չմոռանանք նաև, որ վերջին մեկուկես տասնամյակում այդ նպատակով Թուրքիայի վրա ճնշում կիրառել են բացառապես ԱՄՆ-ը և Եվրամիությունը, և դա ենթադրում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում Հայաստանում ռուսական ռազմակայանների առկայության անհրաժեշտությունը կվերանա։ Վերջին ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը նաև տեսնում է, որ ինքը Հայաստանի հետ կապված գործընթացներում պետք է որոշակի դերակատարություն ունենա, որպեսզի հետո դրանք իր դեմ շուռ չգան։ Բայց չի կարելի ասել, թե Թուրքիան և Ռուսաստանը վերածվել են դաշնակիցների։ Անկարայի և Մոսկվայի միջև կան տնտեսական փոխադարձ շահեր, բայց միաժամանակ Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որ ՆԱՏՕ-ի անդամ է և Ռուսաստանը բոլոր դեպքերում հարաբերություններն Անկարայի հետ կառուցելու է այս իրողությունից ելնելով։
-Մինչդեռ, ըստ որոշ վերլուծաբանների, թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա է հետընթաց։ Թուրքիան վերապահություններ ունի ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, և ռուս-թուրքական նոր մերձեցումը հենց դրանով է պայմանավորված։
-ԱՄՆ-ի քաղաքականության հետ կապված՝ Թուրքիայի վերապահումները կապված են միայն տարածաշրջանում Վաշինգտոնի գործողությունների հետ։ Այսինքն` Թուրքիան ԱՄՆ-ից տարբեր տեսակետ ունի Իրանի հետ կապված, քրդական հարցի վերաբերյալ, Հարավային Կովկասում զարգացումների առումով և գուցե այդ ուղղություններով փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե Անկարան հակադրվում է աշխարհում ԱՄՆ-ի քաղաքականությանը կամ էլ այլևս չունի Վաշինգտոնի կարիքը։ Դրա համար եմ ես պնդում, որ հայ-թուրքական ներկայիս շփումները Ռուսաստանի ճնշումով չեն պայմանավորված։ Այդ տրամաբանությամբ Ռուսաստանը նույն կերպ պիտի ճնշեր Հայաստանին՝ Վրաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը սրբագրելու առումով։ Բայց ինչպես տեսնում եք, նման ճնշում չկա։ Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց Հայաստանը վարում է իր ազգային շահերից բխող քաղաքականություն, և Մոսկվան իրեն բավականին կոռեկտ է պահում այդ առումով։ Այստեղ ամենակարևորն այն է, որ Հայաստանը Թուրքիայի հետ ներկայիս շփումներում չգնա այնպիսի քայլերի, որոնք անվերականգնելի կորուստների կհանգեցնեն մեզ համար։
-Իշխանության գործողություններում Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։
-Ո՛չ, միտում չեմ տեսնում։ Կա ուղղակի սխալվելու հավանականություն։ Որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան այս գործընթացը փորձում է օգտագործել բացառապես քարոզչական նպատակներով։
-Անդրադառնանք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Ո՞Ւմ շանսերն են ավելի մեծ հաղթանակ տանելու առումով։
-Հաշվի առնելով ԱՄՆ-ի ընտրական համակարգի առանձնահատկությունները, թեկնածուների ընտրարշավը, սենատոր Օբաման այսօր առջևում է։ Իհարկե, տրամադրությունների վրա լուրջ ազդեցություն կարող է թողնել տնտեսական ճգնաժամը, վերջին տասն օրերի տնտեսական լուրջ անկումը։ Բայց եթե ամեն ինչ համապատասխանի այսօրվա իրադրությանը մոտ պայմաններին, Բարաք Օբամայի ընտրությունն ավելի հավանական է։
-Այս փուլում թեկնածուներից ով ինչ խոստումներ է տվել հայկական համայնքին։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Կոնգրեսի օրակարգում կարող է հայտնվել ցանկացած պահի։
-Թեկնածու Ջոն Մակքեյնը, ինչպես նախկինում, որևէ պարտավորություն չի ստանձնել և խոստումներ չի տվել։ Բարաք Օբաման մի քանի անգամ հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ի գործադիր իշխանության կողմից վերահաստատելու է հայոց ցեղասպանության ճանաչումը։ Որպես սենատոր նա ակտիվորեն աջակցել է այդ գործընթացին նախկինում։ Նրա հետ միասին փոխնախագահի պաշտոնում առաջադրված սենատոր Բայդենը ևս Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման քննարկումների ժամանակ Սենատում լուրջ ակտիվություն դրսևորեց այս հարցում։
Երկու ամիս առաջ շատ կարևոր իրադարձություն եղավ ԱՄՆ-ի դիրքորոշումների փոփոխության առումով, որը Հայաստանում աննկատ անցավ, բայց Թուրքիայում անմիջապես նկատեցին։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման ժամանակ սենատում հնարավոր վետոն հաղթահարելու համար ԱՄՆ-ի պետքարտուղարության գնահատականներում կային նոր հետաքրքիր շեշտադրումներ։ Թեկուզ առանց ցեղասպանություն բառն օգտագործելու, նշվում էր, որ 1915-ի դեպքերը եղել են Օսմանյան կայսրության կողմից ծրագրված գործողություն, և դա ապացուցելու համար նոր ուսումնասիրությունների կարիք չկա։ Պարզապես ԱՄՆ-ը քաջալերում է պատմական հանգամանքների ավելի համալիր բացահայտումը։ Հիմա Օբամայի ընտրվելու դեպքում նույնիսկ Կոնգրեսում բանաձևի քննարկման կարիքը կարող է չլինել։ Ի վերջո, նախագահ Բուշի վարչակազմը 1915-ի եղեռնի հետ կապված տվել է բոլոր բնորոշումները, բացառությամբ «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։ Եվ եթե ԱՄՆ-ի նոր նախագահն այդ բառն օգտագործի, հարցը կարելի է լուծված համարել։ Ի դեպ, դեռ սրանից երեք ամիս առաջ Օբամայի խորհրդատուները հանդիպել են թուրքական կողմի հետ և նշել, որ ընտրվելու դեպքում նա դիմելու է ճանաչման քայլին, որպեսզի վերջիններիս համար դա անակնկալ չլինի։
-Թուրքիայի այսօրվա քայլերը դրանո՞վ են պայմանավորված։
-Կարծում եմ՝ այո՛։ Թուրքիայի այս քարոզչական «փառատոնը» Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման մասին վերոնշյալ զարգացումների ուղղակի հետևանքն է։ Արտգործնախարար Ալի Բաբաջանը պատահաբար չհայտարարեց, որ եթե հայ-թուրքական երկխոսությունը կայանա, իրենք երրորդ կողմին կարող են ասել՝ գնացեք, ձեր գործերով զբաղվեք, որովհետև Թուրքիան և Հայաստանը կառուցողական երկխոսության մեջ են միմյանց հետ։
-Վարդան Օսկանյանը նախօրեին կարծիք հայտնեց, թե Թուրքիայի մտադրությունների լրջությունը կերևա այն ժամանակ, երբ գոնե երկաթուղին բացվի, եթե ոչ ամբողջ սահմանը։
-Իսկ ես կասեի, որ պետք է լինի սահմանների բացում ամբողջությամբ, որովհետև այդ հարցի լուծումը բացառապես Անկարայից է կախված։ Տասնհինգ տարուց ավելի է, ինչ Թուրքիան Ադրբեջանի պատանդն է դարձել՝ շրջափակելով Հայաստանը և դրանով իսկ դառնալով ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը։ Եվ ամենից առաջ այդ պատճառով չի կարող հանդիսանալ միջնորդ Արցախի հարցում։
Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Թուրքիայում չկա Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իրատեսական որևէ մոտեցում։ Նրանց տպավորությամբ՝ Հայաստանը պետք է լինի խեղճուկրակ երկիր, որը չի կարող և իրավասու էլ չէ որևէ խնդիր առաջադրել և որևէ պահանջ դնել Թուրքիայի առջև։ Հասկանալի է, որ Թուրքիայի ներսում կա դժգոհություն, որ Անկարան Երևանի հետ իր հարաբերությունները կառուցելիս անընդհատ նայում է դեպի Բաքու, բայց դա, միևնույն է, նոր պատկերացումներ չի ձևավորել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այսօր նախագահները բանակցում են, բայց Թուրքիայում միաժամանակ հնչում են տեսակետներ, որ վերջին խոսքը, ինչպես միշտ, բանակինն է։ Եթե այդպես է, ինչո՞ւ ենք մենք նախագահի հետ բանակցում, միանգամից կբանակցենք բանակի հետ ու կհասկանանք, թե վերջիվերջո նրանք ինչ են ուզում։
-ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը կարո՞ղ է հանգեցնել այլ պետություններում շղթայական ռեակցիայի, և միգուցե դա՞ է, որ մտահոգում է Անկարային։
-Շղթայական ռեակցիայի կարիք, կարծում եմ, չկա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կայացած համարելու համար բոլորովին պարտադիր չէ, որ 121 երկիր անպայման պաշտոնապես ընդունի այդ փաստը։ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատումը կարևոր է, որովհետև դա հզոր ազդակ կհանդիսանա նույն Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան ընդունի կատարվածը և, դրանից ելնելով, կառուցի իր հարաբերությունները Հայաստանի հետ։
-Թուրք պաշտոնատարներից մեկը վերջերս կարծես ակնարկել էր, որ եթե հայերը հայտարարեն, թե ցեղասպանության ճանաչման համատեքստում Թուրքիային տարածքային պահանջներ չեն առաջադրելու, հարցի բարոյական կողմը կարելի է բավարարել։ Այսինքն՝ Անկարան կարող է ընդունել կատարվածը, եթե չլինեն այլ հետևանքներ։
-Ճիշտն ասած, չեմ լսել, թե ով է նման բան ասել Թուրքիայում։ Հայաստանի Հանրապետության իրավասությունները տարածքային առումով ցեղասպանության ճանաչումով չեն պայմանավորված։ Դրանք ամրագրված են Սևրի դաշնագրով և այն իրավական ակտով, երբ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը գծեց Հայաստանի սահմանները։ Այդ ժամանակ ցեղասպանությունն արդեն տեղի էր ունեցել։ Երբ նախագահ Քոչարյանը, իսկ վերջերս նաև Սերժ Սարգսյանը՝ հայտարարեցին, թե ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից ինքնաբերաբար չի բերելու տարածքային պահանջների, դա ճիշտ է։ Որովհետև ցեղասպանության միջազգային կոնվենցիան ընդունվել է 1945-ին, գործողության մեջ է դրվել 1951-ից, բայց մենք դրանից առաջ էլ տարածքային իրավունքներ ունեինք։ Այսինքն՝ ցանկացած դեպքում մենք կարող ենք արծարծել դա կամ առնվազն չհրաժարվել դրանից։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4421

Մեկնաբանություններ