ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միաբանվենք ազնիվ հայ ֆիդայիների պես

Միաբանվենք  ազնիվ հայ  ֆիդայիների պես
25.09.2024 | 12:24

Հայկական իմաստությունն ասում է` ձեռքի մատներն առանձին-առանձին որքան էլ ուժեղ և իմաստուն լինեն, դրանք շատ հեշտ է մեկ-մեկ կոտրել: Մինչդեռ բռունցքված` նրանք միասին հզոր են ու անհաղթ: Նույնիսկ նորածնի փոքրիկ բռունցքը դժվար է բացել ու մատները բաժանել իրարից:

Մենք կարող ենք և պարտավոր ենք բռունցքվել, Հայե՛ր ջան, որովհետև շատ գործ ունենք անելու՝ մեր Հայրենիք-պետությունը փրկելու, ապա անվերապահորեն հզորացնելու համար:
Այն մարդիկ, որ այս օրերին երկրում ստեղծվող ներքին լարվածության պայմաններում հայը հայի հանդեպ սերմանվող անհանդուրժողականություն են տարածում, գուցե և չեն գիտակցում, որ դա կարող է ճակատագրական ընթացք ունենալ հայ ժողովրդի ու մեր պետականության համար:

Մենք պատերազմի մեջ ենք, թեև մեզ պարտադրված դաժան պատերազմից զատ նույնքան դաժանորեն պարտադրվեց պարտություն: Հազար տարուց ավելի է՝ մենք տարածքներ ենք կորցրել, պատմական բարեբախտության և մեր բարձր գիտակցության շնորհիվ մենք ազատագրեցինք մեր հայրենիքի մի հատվածը՝ Արցախը, այն էլ նրա մի մասը, սակայն 30 տարի հետո չկարողացանք պաշտպանել ու պահպանել այն, էլ չեմ ասում, որ պիտի ազատագրեինք նաև Արցախի մնացած տարածքներն էլ:

Այսօր վտանգված է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը. Սյունիքի ռազմավարական կարևորության բարձունքները և ճանապարհների որոշակի մի հատվածը թշնամու հսկողության տակ են, Հայաստանին քաղաքական, իսկ թշնամու կողմից նաև ռազմական գործողությունների սպառնալիքով պարտադրվում է Սյունիքի միջանցքի բացումը՝ առանց Հայաստանի Հանրապետության հսկողության, իսկ դա կնշանակի անվերահսկելի ճանապահի տրամադրում մեր թշնամիներին. եթե կորցնենք Սյունիքը, կկորցնենք Հայաստանը:

Վարչապետն իր ասուլիսներում շարունակում էր մոլորեցնել մեր ժողովրդին` միջանցքի հարց իբրև թե չկա: Մենք այս պարտադրված պատերազմից և պարտադրված պարտությունից հետո ընդհանրապես քաղաքական, իրավական և բարոյական իրավունք չունեք ճանապարհներ բացելու երկու թշնամի պետությունների համար, որոնց ռազմական դաշինքի հետևանքով Արցախը ջախջախվեց, և տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ ունեցանք: Եթե ընդունենք, թե Արցախը, որ եղել է Ադրբեջանի վարչական տարածքում և այդ պետությունը ձգտել է վերադարձնել այն ռազմական ճանապարհով, ապա ռազմական և քաղաքական իրավունքի մեծ խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, քանի որ ՀՀ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնապես պատերազմող կողմ չի համարվել:

Արցախյան 30-ամյա պատերազմը իսկական ռազմական ագրեսիա էր ԽՍՀՄ Սահմանադրության բոլոր հոդվածներով ինքնորոշված ԼՂԻՄ-ի դեմ, մանավանդ, որ Արցախն ամբողջությամբ՝ Լեռնային և Դաշտային, նաև Նախիջևանը չեն եղել 1918-20 թթ․ Ադրբեջան հանրապետության կազմում, որի իրավահաջորդն է իրեն հայտարարել 1991թ. ԽՍՀՄ-ից անկախացող Ադրբեջանը: Այսինքն՝ ամբողջ Արցախը և Նախիջևանը ընդամենը եղել են ԽՍՀՄ ենթակայության տակ մարզ ու ինքնավար հանրապետություն, բայց Ադրբեջանի վարչական ենթակայության տակ ունենալով որոշակի ինքնավարություն, ինչպես մյուս ինքնավար կազմավորումները այլ հանրապետությունների կազմում: Այստեղից հետևություն. ինչպես որ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, Սահմանադրության նույն հոդվածների տրամաբանությամբ էլ Արցախը դուրս եկավ Ադրբեջանի կազմից, հետևաբար, բավական է այն փաստը, որ Արցախը չի եղել առաջին հանրապետության կազմում, իսկ Խորհրդային Ադրբեջանը, ինչպես որ Խորհրդային Հայաստանը և մյուս միութենական հանրապետությունները, իրենց սահմաններով ճանաչված չեն եղել միջազգայնորեն՝ որպես անկախ պետություն՝ միջազգային սուբյեկտ, իրավական ոչ մի պատճառաբանություն չունի պարտադրելու Հայաստանին ԽՍՀՄ վարչատարածքային սահմանազատումներով պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում պարտադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ այսօր շրջանառվող այն փաստարկը, թե Խորհրդային Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են իրենք վերականգնում, քաղաքական աբսուրդ է: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանը որոշվել է 1920 թվի Ազգերի Լիգայի որոշումով, մի հանգամանք նաև, որ ինքնահռչակ Ադրբեջանի հանրապետությունը չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից։ Ազգերի լիգան Հայաստանի նորանկախ հանրապետության տարածքները ճանաչել է և՛ պատմական առոմով, և՛ հիմք ընդունելով նաև 20-ական թվականներին հայկական տարածքներում հայ բնակչության գերակշիռ թվաքանակը:

Արցախը միայն արցախցունը չէ, Արցախը Հայաստան է․․. և շարունակություն, այն Հայաստանի մի մասն է, որի համար արյուն են թափել հայ մարդիկ՝ Հայաստանում և Արցախում ապրող և անգամ Սփյուռքից եկած ազատամարտիկները:

Սիրելի՛ Հայեր, մեզ նպատակաուղղված պառակտում են, և այդ պառակտման դաժան հետևանքը եղավ 2021 թվի բևեռացված ընտրությունը՝ կա՛մ-կա՛մ, որը գոնե քաղաքականության մեջ երբեք լավ հանգրվանի չի բերում: Մենք միայն միասնությամբ կարող ենք մեր ազգային և հողային խնդիրները լուծել, մինչդեռ այս պատերազմում դրսևորվեց մարդկային ամենաճղճիմ և բացատրություն անգամ չունեցող հանցագործություն՝ Հայրենիքի դավաճանություն, իսկ դրա հիմքում ազգի պառակտումն է եղել:

Ես չեմ կարող հավատալ, որ պատերազմի օրերին այդքան մեծ թվով դավաճաններ են եղել մարտի դաշտում զինվորների և մանավանդ հրամանատարների մեջ. սա ևս հատուկ է արվում, որ մենք ինքներս մեր աչքից ընկնենք՝ ասելով՝ թե հայերս դավաճան ժողովուրդ ենք: Ո՛չ, դավաճանությունը հատուկ է մարդուն առհասարակ՝ անկախ նրա ազգությունից, պարզապես մենք՝ հայերս, չպետք է տուրք տանք այդ ստոր և հայրենամերժ արատին: Եվ ապա, զարմանալիորեն ոչ մի քրեական գործ չի հարուցվել այդ «դավաճանների» նկատմամբ, այստեղից հետևություններ անենք․․․

Սիրելի՛ Հայեր, մենք իրավունք չունենք պառակտվելու: Մենք կդառնանք ամրոցի դուռը թշնամու առաջ ներսից բացող այն դավաճանը, եթե շարունակենք վիրավորել միմյանց, պառակտենք հասարակությունը, տրոհենք մեր ազգը՝ բաժանելով մեզ նախկինների և ներկա իշխանության կողմնակիցների: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ, մեր պետականության պահպանման և հզորացման պատասխանատուները մենք ենք:

Այո՛, կան մեղավորներ մեր պետությունը թալանած, թուլացրած, արտաքին քաղաքականությունը պարտության տարած և մեր բանակը թալանած պաշտոնյաներ, և այս հանցագործներին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում չպատժած նոր իշխանության ղեկավարներ, որոնք չպահպանեցին հեղափոխության օրերին ժողովրդին տված իրենց քաղաքական և բարոյական խոստումները, և այս տարիների ընթացքում ավելի խորացրեցին արտաքին քաղաքականության թուլացումը, որը հանգեցրեց պատերազմի և ռազմական ու դիվանագիտական պարտության: Եվ որպես սրանց հետևանք՝ մեր ժողովուրդը ընկավ սուգի, ցավի և արտաքին աշխարհի՝ այս դեպքում սեփական Հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբերության ջրհորը:

Մեր այս անխոհեմ պահվածքի համար մեզ չի ների այսօրվա անչափահաս սերունդը, որը, ցավոք, չի կարող միջամտել մեր այս պառակտումը սերմանելուն, առավել ևս չի ների վաղվա սերունդը, որին փաստի առաջ կարող ենք կանգնեցնել, ու նա պիտի նոր ճիգ ու ջանք թափի՝ պետականությունը վերականգնելու, հզորացնելու համար: Մինչդեռ անկախության և հարաբերական խաղաղության բարեպատեհ ժամանակամիջոցում մենք պարտավոր էինք գրեթե մեկ ու կես հազարամյակ կորցրած մեր պետականությունն այնպես կազմակերպել, որ անցած դարերի կորուստները վերականգնեինք և հայրենիք-պետության մեջ հավաքեինք աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին:

Չկարողացա՞նք, գուցե չհասկացա՞նք դրա կարևորությունը, թե՞ չցանկացանք… միևնույն է, աններելի է:

Այսօր դարձյալ կենաց –մահու կռիվ է տալիս ՀԱՅ ՄԱՐԴԸ: Կռվում ենք մեզ համար, կռվում ենք նաև աշխարհի մարդեղացման համար:

ՈՒրեմն, միասին, անգամ նրանց հետ, ովքեր իրենց վարչական կամ բիզնես գործունեությամբ ժամանակին վնասել են Հայաստանի Հանրապետության պետականությանը, բայց միայն մի պայմանով՝ նրանք իրենց հարստության զգալի մասը պետք է դնեն մեր պետության և բանակի պահպանման ու հզորացման գործին, դադարեցնեն իրենց կուսակցական պատկանելությունը և նախկին քաղաքական կապերը, հակառակ դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Եվ միայն այդպես բոլորս ԱԶՆԻՎ ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ պես միավորվենք և պաշտպանենք մեր հայրենիքն ու մեր տունը՝ սիրով, առանց ներքին լարվածության ու թշնամանքի:
Չի կարող իսկական Հայը Հային թշնամի լինել։
Միաբանվենք 88-ի ազնիվ ոգեղենությամբ, մենք դա կարող ենք։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 7124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ