ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Բրիտանական քամիներ»

«Բրիտանական քամիներ»
12.03.2024 | 21:05

Հայաստանը փրկողները ոտքի են ելել:

Բոլորը բոլորից փրկում են մեզ:

Հիմա էլ հերթը հասել է Մեծ Բրիտանիային:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին պետք է ասի.

«Մենք ի գիտություն ընդունեցինք Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման մասին լուրը և հայտարարում ենք, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Այժմ Լոնդոնն իր Հյուսիսատլանտյան դաշնակիցների հետ համագործակցելով՝ պատրաստ է օգնել Հայաստանին Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում»։

Վերջին անգամ Մեծ Բրիտանիան մեզ «փրկեց» 1920 թվականին, երբ հանկարծ որոշեց դեֆակտո ճանաչել Հայաստանը ու այն որպես պատվար ծառայեցնել՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում հաղթած բոլշևիկների դեմ։

Թե ինչպես Մեծ Բրիտանիայից զինվորական վերնախավի ներկայացուցիչ միստր Նոքսը գալիս է Հայաստան և հավաստիացնում, որ Անտանտը և Հավաքական Արևմուտքը ազատ և անկախ Հայաստանի կողքին է՝ ընդդեմ Թուրքիայի և Ռուսաստանի։

Որ Հայաստանին միայնակ չեն թողնի թուրքական վտանգի առաջ, միայնակ չեն թողնի նաև բոլշևիկյան վտանգի առաջ:

(1960 թվականին նկարահանված «Նվագախմբի տղաները» ֆիլմը լավագույնս ներկայացնում է այդ իրադարձությունները):

Արդյունքը պատմությունից հայտնի է:

Այժմ ճիշտ նույն իրավիճակում հայտնվել է մերօրյա «միստր Նոքսը»՝ բառացիորեն նույն հավաստիացումներով։

Այն ժամանակ Լոնդոնն ու Անտանտը մեզ «փրկեցին», հիմա էլ Լոնդոնն ու «ՆԱՏՕ»-ն են մեզ «փրկելու»:

Եվ սա այն պարագայում, երբ դեռ 1896 թվականի ապրիլին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին Լորդերի պալատում հայտարարել էր, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։

Հիմա Անգլիան կրկին հաստատակամ ուզում է փրկել մեզ ռուսից, բայց ո՛չ թուրքից ու ազերուց:

Սակայն այս անգամ այնպես, որ անգլիական նավերը «все таки» բարձրանան հայկական լեռները:

Դե Թուրքիան ինչպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր ասում՝ «ռեգիոնալ լիդերն» է, որի շնորհիվ պետք է հանգուցալուծվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, ապաշրջափակվեն ճանապարհները, Անկարան էլ լինի… այդ ամենի «քավորը»

Այնպես որ Անգլիան պատրաստ չէ պաշտպանել Հայաստանը թուրքերից:

Պաշտպանելու է բացառապես ռուսներից:

Մնում է հասկանալ՝ Ռուսաստանը Հայաստանի վրա հարձակվելու՞ է, որ Անգլիան էլ գա ու տեղում մեզ փրկի-պաշտպանի:

Վերջերս տեսանք, թե Անգլիան, ի դեմս Բորիս Ջոնսոնի, ինչպես պաշտպանեց ՈՒկրիանային ու «փրկեց» ուկրիանացի ժողովրդին:

Այնպես որ՝ գոհ ու շնորհակալ ենք, եկեք դուք մեզ մի՛ պաշտպանեք:

Մենք ձեր պաշտպանելու չափն ու գինը լավ գիտենք:

Ձեր հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի՝ մեզ տված անվտանգության երաշխիքներն էլ գիտենք:

Որ դուք հավերժական ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի չունեք, ունեք զուտ շահեր՝ դա էլ շատ լավ գիտենք:

Շատ լավ գիտակցում ենք, թե մեր ոխերիմ դաշնակցից ինչ արհավիրքներ կարելի է սպասել ու թե ինչ առիթներ կարող եք դուք ստեղծել, որ արհեստածին խնդիրներ առաջանան:

Միայն այն, որ ռուսն ուզենա իր ռազմաբազան հանի ու չկանգնի հայ-թուրքական սահմանին (մանավանդ ՀՀ գործող իշխանությունները դրա առիթը տվել են, մի բան էլ վստահ են, որ մենք մեզանով էլ կարող ենք սահմանն անառիկ պահել) արդեն իսկ վատություն արած կլինի մեզ:

Էլ չեմ ասում, որ ռուսը կարող է իր զորքը հանի հայ-թուրքական սահմանից, ձեռքի հետ էլ մի կողմից թուրքին, մյուս կողմից ազերուն բզբզի, կանաչ լույս վառի, ու հեռվից «կինո» նայի:

Իսկ այդ ժամանակ Անգլիան արդյո՞ք պատրաստ է ոչ թե ռուսներից, այլ թուրքերից մեզ պաշտպանել։

Դրա մասին անգամ ակնարկ չկա:

Այնպես որ՝ անկեղծ չեք, պարոնա՛յք բրիտանացիներ:

Այս ամենի շուրջ Մարիա Զախարովան արդեն իսկ հասկացնում է, ասելով.

«Չէինք ուզենա, որ Հայաստանն ՈՒկրաինայի պես Արևմուտքի կողմից օգտագործվեր ու շպրտվեր»:

Այնպես որ, սա բաց տեքստով մեզ ուղղված առաջարկ է դառնալ «2-րդ ՈՒկրաինա»:

Հուսամ՝ հայ ժողովուրդը գիտակցում է, որ Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնների նպատակը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումը կամ չեզոքացումն է, և այդ գործում գործիքը հայ ժողովուրդն է, հատկապես հակառուսական իր տրամադրվածությամբ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ