ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հակահրթիռային պաշտպանության համակարգն անհրաժեշտ ու ձեռնտու է ինչ-որ մեկին

Հակահրթիռային պաշտպանության համակարգն անհրաժեշտ ու ձեռնտու է ինչ-որ մեկին
14.11.2008 | 00:00

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ «ԴԵԺԱ ՎՅՈՒ»
Լրատվական հաղորդագրությունները ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ գնալով դառնում են յուրօրինակ «դեժա վյու»։ Համենայն դեպս, ինչպես մեկ տարի առաջ, օրակարգային գլխավոր հարցերից մեկը, որ ամբողջությամբ կլանել է ռուսական քաղաքական գործիչների և զինվորականների ուշադրությունը, Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բաղադրիչները տեղադրելու հարցն է։
Կրեմլում արդեն վաղուց նոր տեր է հայտնվել, Սպիտակ տանը պատրաստվում են նոր ղեկավարին ընդունելու, սակայն հակահրթիռային պաշտպանությունը, իբրև հարաբերությունների անկյունաքար, կարծես երկար ժամանակ շարունակելու է փոթորկել երկու երկրների կառավարող էլիտաները՝ այս կամ այն կերպ ազդելով նաև համաշխարհային իրավիճակի վրա։ Այս կապակցությամբ ակամայից վերհիշում ես համբավավոր «աստղային պատերազմները» 1980-ական թվականներին, որոնք նախ հանգեցրին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունների կտրուկ սրման և սպառազինությունների մրցավազքի, ապա և ԽՍՀՄ-ի տնտեսական ու քաղաքական փլուզման։ Ինչպես պարզվեց տարիներ անց, դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ «հոլիվուդյան սարսափ-ֆիլմ», լավ մտածված թակարդ խորհրդային մարազմատիկ ղեկավարության և զինվորական «բազեների» համար, որն իր դերը կատարելուց հետո արժանի տեղ գրավեց սպառված հակախորհրդային քաղաքական տեխնոլոգիաների համար նախատեսված դարակներից մեկում։
Որքան էլ անցանկալի լինի զուգահեռների անցկացումը, բայց այդ իրավիճակը կարծես կրկնվում է՝ զինվորականների արարողակարգային «պարերի» դրսևորումով։ Համենայն դեպս, ինչպես հաղորդում են բազմաթիվ լրատվամիջոցներ, Վաշինգտոնում գումարվելիք համաշխարհային ֆինանսական ճգնաժամին նվիրված գագաթաժողովի շրջանակներում Մեդվեդևն ու Օբաման կհանդիպեն, և այդ հանդիպման ժամանակ գլխավոր հարցը լինելու է հենց հակահրթիռային պաշտպանության համակարգի ապագա ճակատագիրը։ Ինչպես հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ. «Առաջին հերթին Ռուսաստանը հուսով է, որ տեղի կունենա կառուցողական երկխոսություն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության օբյեկտներ տեղադրելու շուրջ»։ Ըստ Լավրովի, Մոսկվան ԱՄՆ-ի նոր նախագահից սպասում է համապատասխան գործողություններ իր այն հայտարարությանը, թե հակահրթիռային պաշտպանությունը չպետք է դառնա առաջնահերթ խնդիրներից ավելի կարևոր, և այս հարցում ԱՄՆ-ը պետք է առաջնորդվի պրագմատիկ մոտեցմամբ։
Հետաքրքիր է նաև, որ Լավրովի հայտարարությունը հնչեց Ռուսաստանի նախագահի՝ ԱՄՆ-ին ուղղված այն նախազգուշացման խորապատկերի վրա, որ Ռուսաստանը հարկադրված կլինի Կալինինգրադի մարզում տեղադրել «Իսկանդեր» մոբիլ հրթիռային համակարգ և ռադիոէլեկտրոնային խափանման միջոցներ՝ ընդդեմ ամերիկյան նախաձեռնության։ Ռուսաստանի նախագահը նաև նշել էր, որ «եվրոպական պետությունները չպետք է դեմ լինեն Ռուսաստանի քայլերին, որովհետև դրանք ձեռնարկվում են ՌԴ-ի ռազմավարական ներուժը չեզոքացնելու ԱՄՆ-ի քայլերին ի պատասխան»։
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ երկու նախագահների հանդիպումը սովորական չի լինելու, կան հակադրության ներուժ պարունակող հարցեր, և, ըստ այդմ, անկախ փորձագետները լավատեսորեն չեն տրամադրված։ Հնչում են կարծիքներ, որ Մոսկվան փորձության է ենթարկելու ԱՄՆ-ի նոր նախագահին, և սպասվում է ոչ սովորական խոսակցություն։ Կոլումբիական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր ՔԻՄԲԵՐԼԻ ՄԱՐՏԵՆԸ մասնավորապես նշում է. «Կասկածից վեր է, որ բոլոր այդ հայտարարությունները Օբամայի ապագա վարչակազմին փորձելու համար են։ Կալինինգրադի մարզն արդեն իսկ խիստ միլիտարիզացված է, և նոր հրթիռների տեղադրումը սկզբունքորեն չի ազդի տարածաշրջանի պաշտպանական հավասարակշռության վրա»։ Բրիտանական «Գարդիան» պարբերականն իր հերթին նշում է. «Հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ Ռուսաստանի հետ առաջացած սկանդալը Օբամայի համար դառնալու է արտաքին քաղաքական առաջին փորձությունը, թեկուզև նա նախագահի պաշտոնը կստանձնի միայն հունվարի 20-ին։ Եվ թե ինչպես իրեն կդրսևորի ԱՄՆ-ի նոր նախագահը, դրանից էլ շատ բան կախված կլինի հետագայում երկու կողմերի պահվածքի առումով՝ ճգնաժամային իրավիճակներում»։
Միաժամանակ շատ մասնագետներ կարծում են, որ Ռուսաստանի կողմից ճնշման գործադրումը կարող է հակառակ արդյունքը տալ, և Օբաման կփորձի հանդես գալ պրոֆեսիոնալ գլխավոր հրամանատարի դերում ու, ըստ այդմ, բանակցություններում կորդեգրի շատ կարծր դիրքորոշում։ Նրա ներկայացուցիչ ԴԵՆԻՍ ՄԱԿՈՆՈՅԻ պնդմամբ՝ «Օբամայի դիրքորոշումը ողջ ընտրարշավի ընթացքում այս հարցի շուրջ միատեսակ է եղել. նա աջակցում է հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը, բայց միայն այն ժամանակ, երբ ապացուցված կլինի, որ այն կարող է տեխնիկապես իրագործել իր առջև դրված խնդիրները»։ Մյուս կողմից էլ առանձին վերլուծաբաններ Մեդվեդևի հայտարարությունը գնահատում են իբրև ամենալուրջ սպառնալիք Արևմուտքին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր, և, ինչպես նշում է «Վաշինգտոն պոստը», «Իսկանդեր» հրթիռները կարող են հարվածել ոչ միայն Լեհաստանին ու Լիտվային, այլև ամերիկյան հակաօդային նշանակության հրթիռային բազաներին։
Մինչդեռ Ռուսաստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՈՎԱԼՈՎՆ այս կապակցությամբ հայտնել է հետևյալ կարծիքը. «Ամենից առաջ մենք ունենք ընդամենը չորս «Իսկանդեր» հրթիռներ, և դրանք գտնվում են «Կապուստին Յար» ռազմական փորձադաշտում։ Մնացածները դեռ պետք է արտադրել։ Ենթադրվում էր, որ 2015-ին մոտ արդեն մարտական հերթապահության մեջ կլինի այդպիսի 60 հրթիռ։ Սակայն «Իսկանդերն» օպերատիվ տակտիկական հրթիռ է և ունի երկու տարբերակ։ Առաջինը՝ 280 կմ հեռավորությամբ, նախատեսված է արտահանման, երկրորդը՝ 400 կմ հեռավորությամբ, ռուսական բանակի կարիքների համար։ Այս պայմաններում մենք կրկին վերադառնում ենք այն իրավիճակին, որ սկսում ենք վախեցնել Եվրոպային։ Մինչդեռ պետք էր աշխատել, որ հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռուսական ռադարները (Գաբալայում և Արմավիրում) ընդգրկված լինեին հակահրթիռային պաշտպանության ընդհանուր համակարգի մեջ։ Հակառակ դեպքում, մենք եվրոպացիներին անկյուն ենք քշում՝ փոխանակ օգտվելու քաղաքական իրավիճակի փոփոխությունից»։
ՈՒշադրության է արժանի նաև այն, որ ռուսական փորձագետները կրկին սկսել են շոշափել Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետագա շահագործման հարցը։ Այդ կայանը Ադրբեջանի սեփականությունն է, Ռուսաստանը հերթական 10 տարվա ժամկետով վարձակալեց այն մինչև 2012 թվականը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում այսօր արդեն բանավեճ է ընթանում, որ կայանը Ռուսաստանը կվարձակալի ևս 10, իսկ գուցեև անհամեմատ ավելի երկար ժամկետով։ Ադրբեջանական ռազմական փորձագետ ՈՒզեիր Ջաֆարովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարող հրաժարվել այդ կայանի ծառայությունից, և վարձակալության ժամկետը, անկասկած, կերկարացվի։ Մինչդեռ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ԱՅԴԻՆ ՄԻՐԶԱԶԱԴԵՆ իր հերթին նշել է. «Ռուսաստանի այդ մտադրության մասին ես առաջին անգամ եմ լսում։ Նման տեղեկատվություն պաշտոնական խողովակներով երբևէ չի եղել»։
Հետաքրքիր է և այն, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, ԽՍՀՄ ժամանակաշրջանում կառուցված լինելով, հսկողության տակ է պահում Չինաստանից մինչև Միջերկրական ծովի արևելյան ափերն ընկած տարածությունը։ Ոչ պակաս հետաքրքիր է, որ այս «հակահրթիռային» քաշքշուկն առաջացել է ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի՝ Ռուսաստանին ներկայացրած նոր առաջարկների ֆոնի վրա։ ԱՄՆ-ի պետքարտուղարի միջազգային անվտանգության և ռազմական վերահսկողության հարցերով տեղակալ Ջոն Ռուդը նշել է, որ ամերիկյան նոր առաջարկները Մոսկվային ենթադրում են հարձակողական նշանակության զենքերի կրճատում։ Ընդ որում, ոչ միայն բուն հրթիռների, այլև դրանց ատոմային մարտագլխիկների ոչնչացում, ինչը չի արվել ռազմավարական նշանակության զենքերի կրճատման նախորդ պայմանագրերով։
Ստացվում է, որ ամեն ինչ իսկապես շատ տարօրինակ է այս փոքրիկ ու նեղ աշխարհում։ Ակամայից առաջանում է զգացողություն, որ հակահրթիռային պաշտպանության համակարգը շատ անհրաժեշտ ու ձեռնտու է ինչ-որ մեկին, առաջին հերթին Մոսկվայում, քանի որ այն հնարավորություն է տալիս արդարացնելու թշնամական վերաբերմունքի դրսևորումները և շատ այլ բաներ ռազմական քաղաքականության բնագավառում։ Այդպես եղել է նաև անցյալում, բայց փորձը ցույց է տալիս, որ լավ բանի այն չի հանգեցրել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4533

Մեկնաբանություններ