Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Եթե հետևենք տասը պատվիրաններին, իսկապես մարդ կդառնանք»

«Եթե հետևենք տասը պատվիրաններին, իսկապես մարդ կդառնանք»
28.11.2008 | 00:00

«ՈՐԵՎԷ ԶՐՊԱՐՏԱՆՔ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿՐԿՆՎԵԼՈՒՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Այս տարի տոնվում է հայկական ջազի 70-ամյակը: Ջազի տարեկիցն է երգահան ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ, ում հետ շփումը պարզապես դրական զգացումների տեղատարափ է առաջացնում մարդկանց հոգիներում: Սակայն այսօր մեր շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող անտարբեր թողնել ամենառոմանտիկներին ու ամենալավատեսներին անգամ:
«ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՏ, ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ԱԶԳԵՐԻ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»

-Սիրելի մաեստրո, որևէ մեկը, առավել ևս արվեստագետը, պաշտպանված չէ իր երկրում ու դրանից դուրս կատարվող աշխարհաքաղաքական թոհուբոհերից: Ռուս-վրացական կոնֆլիկտը թշնամանքի սերմեր ցանեց ոչ միայն դիվանագետների, քաղաքագետների, զինվորականների, այլև արվեստագետների շրջանում: Ամենացայտուն օրինակը Իոսիֆ Կոբզոնի և Վախթանգ Կիկաբիձեի սրված հարաբերություններն են, Կիկաբիձեի հրաժարումը «Ժողովուրդների բարեկամության շքանշանից»: Հայ և վրացի երաժիշտների բարեկամությունը կարո՞ղ է դիմակայել այսօրինակ փորձություններին, եթե հաշվի առնենք, որ վրացիները, ի դեմս հայերի, տեսնում են Ռուսաստանի հավատարիմ դաշնակցին:
-Ես չեմ կարծում, որ պատահած դեպքերը կարող են անդրադառնալ մեր հարաբերությունների վրա, մանավանդ որ Հայկական երաժշտական համաժողովը կազմակերպել է համերգներ Երևանում՝ վրաց կոմպոզիտորների, Թբիլիսիում՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Վերջերս ես այստեղ հանդիպեցի մեր շատ լավ բարեկամներից մեկին՝ ժամանակին մեզ մոտ աշխատած վրացի խմբավար Վադիմ Շուբլաձեին, և մենք ընդհանրապես հակամարտության հարցերի շուրջ չխոսեցինք: Վերջ ի վերջո, քաղաքականության և արվեստի միջև շփման կետեր կան, բայց դրանք զուտ խաչմերուկային կետեր են, որոնք հարկավոր է հաղթահարել և առաջ անցնել: Իսկ որ Վրաստանում երբեմն-երբեմն դրսևորվում են հակահայկական տրամադրություններ, կարծում եմ, դրանք չեն կարող անդրադառնալ արվեստագետների հարաբերությունների վրա: Ընդհակառակը, հենց արվեստագետների հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ՝ պահպանելու մեր պետությունների միջև ճիշտ հարաբերություններ և հեռու պահելու դրանք ճեղքվածքներից:
-Վրաստանում նկատվող հակահայկական իրողություններն այսօր փորձում են բացատրել մասնավոր անձանց, քաղաքական և հոգևոր դասի առանձին ներկայացուցիչների վարքով, ոչ թե վրաց իշխանությունների հետևողական քաղաքականությամբ կամ գոնե անտարբերությամբ ու թողտվությամբ: Կարո՞ղ են նման հարցերում հակասություններ լինել անձերի ու գաղափարների միջև:
-Վրաստանում հայ եկեղեցիները պղծելու դեպքերը վրդովեցնում են: Եվ ոչ միայն դրանք: Հայկական գերեզմանների զգալի մասը Թբիլիսիում ոչնչացվել է՝ այն պատճառաբանությամբ, թե դա կատարվում է քաղաքի անհրաժեշտությունների թելադրանքով: Բայց վրացական և ոչ մի գերեզման չի տուժել՝ «քաղաքի անհրաժեշտությունների թելադրանքով»: Այստեղ, իհարկե, միտումնավոր քայլեր են կատարվում՝ կապված ինչ-որ անձերի հետ: Բայց անձն անցողիկ է, իսկ հարաբերությունները՝ մնայուն: Անձի կողմից վատ, անկանխատեսելի դրսևորումները կարող են անդրադառնալ ազգերի, պետությունների հարաբերությունների վրա, բայց դրանից խուսափելն անհրաժեշտություն է: Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ կան առայսօր հայ և վրաց արվեստագետների միջև, կկարողանան օգնել, որպեսզի մենք ճիշտ կողմնորոշվենք, մանավանդ որ վրացական արվեստի զարգացման գործում փոքր չի եղել հայ արվեստագետների աջակցությունը և մասնակցությունը: Այդպես և հայ արվեստագետներն են Թբիլիսիում ունեցել հնարավորություն՝ դրսևորվելու և գնահատվելու: Կարծում եմ, բանականությունը, ճիշտ մտածելակերպը հաղթող դուրս կգան, չնայած ինչ-որ կորուստներ արդեն ունենք:
«ԱՅՍ ԱՄԵՆԸ, ԻՍԿԱՊԵՍ, ՇԱՏ ՆՄԱՆ Է ՃԱՏՐԱԿԻ. ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ ՊԱՐԶ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՐԱՆ, ՈՎ ԽԱՂՈՒՄ Է»
-Մեր հասարակությունն ու քաղաքական դաշտն այսօր տարակարծություններ ունեն Արցախի ճակատագրի տնօրինմանն առնչվող խնդիրներում: Մի մասը դժգոհ է, որ Մայնդորֆյան հռչակագրում չկա Արցախի ստորագրությունը, որ արցախյան կողմն առհասարակ անտեսված է հակամարտության հանգուցալուծման քննարկումներում: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պնդում է, որ իրենց հաճախակի այցելություններն Արցախ թթի օղի խմելու ցանկությամբ չեն պայմանավորված, այլ հենց այն բանի ապացույցն են, որ Արցախն ընդգրկված է բանակցային գործընթացներում: Վերջերս Հայաստանում անցկացված անդրկովկասյան նորօրյա քաղաքական իրողությունները քննող համաժողովի պատվիրակ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն էլ այն կարծիքը հայտնեց, թե Հայաստանի ներկայությունը բանակցային գործընթացներում հենց նշանակում է Արցախի ներկայություն, որովհետև Հայաստանը վաղուց է ստանձնել Արցախի շահերը ներկայացնելու իրավասությունը, և Հայաստանում վերջին տարիներին ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հենց արցախցիները: Այս տարակարծություններից ի՞նչ եզրահանգում կարող եք անել:
-Ես չեմ կարծում, որ Արցախն անտեսված է բանակցային գործընթացներում: Վերջ ի վերջո, ամեն ինչ արվում է հանուն Արցախի և Արցախը բանակցային գործընթացում ընդգրկելու համար: Բայց միշտ չէ, որ հաջորդ քայլը երևում է: Կարծում եմ՝ ինչ որ արվում է, ճիշտ է արվում: Շախմատ խաղալու ընթացքում էլ միշտ չէ, որ երեք քայլ հետո կատարվելիքը նախապես իմանում ես: Այս ամենը, իսկապես, շատ նման է ճատրակի. հետագա քայլերը պարզ են միայն նրան, ով խաղում է այդ խաղը: Ես համոզված եմ, որ խաղը ճիշտ է վարվում, և ինչ որ արվում է, արվում է հօգուտ Արցախի:
«ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՋ Է»
-Լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծելու փաստը համարում եք ազատ մամուլի դեմ ուղղված տոտալ պայքարի դրսևորո՞ւմ, թե՞ ընդամենը մասնավոր դեպք: Եվ, առհասարակ, ի՞նչ եք կարծում` մենք ունե՞նք ազատ մամուլ:
-Երբ մեր զրույցից հետո կարդամ Ձեր հրապարակումը և տեսնեմ, թե ինչ եք գրել, կկարողանամ Ձեր հարցին ավելի հստակ պատասխանել: Բայց ասեմ, որ թեկուզ որոշ խեղաթյուրումների մեջ, մամուլը, այնուամենայնիվ, ազատ է: Ի վերջո, ազատություն ասելով, չպետք է հասկանալ ամենաթողություն: Որևէ զրպարտանք մի քանի անգամ կրկնվելուց ճշմարտություն չի դառնում: Այնպես որ, հարկավոր է կշռադատված մոտենալ ամեն մի հայտարարության: Ինչ վերաբերում է լրագրողի դեպքին, ես դրանից անտեղյակ եմ: Բայց հենց միայն այն, որ մենք հիմա նստած այս ամենի մասին խոսում ենք, արդեն նշանակում է, որ Հայաստանում կա մամուլի ազատություն: Իսկ մամուլի պատասխանատվությունն ազատությունը ճիշտ օգտագործելու մեջ է:
«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԴԱՏԱՐԿ ՏԵՂԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԸ»
-Շատ է խոսվում նոր խորհրդարան ձևավորելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ կտա մեզ այդ նոր խորհրդարանը:
-Մի առակ հիշեմ: Արաբական երկրների շեյխերից մեկը, Անգլիայում տեսնելով գեղեցիկ կանաչ խոտածածկը, ցանկանում է իր երկրում էլ այդպիսին ունենալ և խնդրում է, որ իրեն տան այդ բույսի սերմերից ու բացատրեն, թե ինչպես այն աճեցնել: Անգլիացիները հավատացնում են, որ դա դժվար բան չէ: Հարկավոր է սերմը ժամանակին ցանել, ժամանակին հողը ջրել, խոտածածկը խուզել, և 300 տարի հետո իրենց երկրում կունենան այն, ինչ այժմ ինքը տեսնում է: Եթե մենք այսօր չսկսենք փոփոխությունները մեր խորհրդարանում, 300 տարի հետո չենք ունենա կարգին խորհրդարան, որովհետև այդ քաղաքական կուլտուրան մենք չենք ունեցել: Այսօր մեր թվացյալ հնարավորություններն անպատրաստ կադրերի միջոցով իրագործելը բերում է նրան, որ խորհրդարանի նիստերի ժամանակ դահլիճում դատարկ տեղերն ավելի շատ են լինում, քան զբաղեցվածները: ՈՒրեմն այս վերջին 10 տարուն 290 տարի էլ պիտի գումարվի, որպեսզի մենք ունենանք որակապես նոր խորհրդարան: Շատ հեշտ է հասարակությունն իսկապես մարդկային դարձնել. հարկավոր է ընդամենը հետևել 10 պատվիրաններին: Եթե դրանց հետևենք, իսկապես մարդ կդառնանք:
-Անդրադառնանք թումանյանական խոհին` «դեռ հեռու է մինչև մարդը մեր ճամփան»:
-Ես իմ անհատական կարծիքն ունեմ այդ հարցի վերաբերյալ. մարդուն մարդ դառնալ խանգարում է հաղթանակի, հաղթողի բարդույթը: Եթե մարդ վերանա սեփական հաղթանակի բարդույթից, այդ դեպքում մարդ կդառնա:
-Մարտյան դեպքերի առնչությամբ փաստահավաք խմբի ձևավորումը որոշակի փոփոխություն կմտցնի՞ պատկան մարմինների աշխատանքում:
-Սա էլ է խոսում այն մասին, որ մեզ մոտ չկա քաղաքական կուլտուրա: Յուրաքանչյուր պարտվող կողմ համարում է, որ ամեն ինչ սխալ է արված, ամեն ինչ հատուկ է սարքված: Եվ այս դեպքում հնարավորություն է ստեղծվում մասսայական հիպնոսի միջոցով (իսկ մասսան հեշտությամբ ենթարկվում է հիպնոտիկ ազդեցությանը) մարդկանց պահել որոշակի ազդեցության տակ: Իսկ երբ գալիս է հիասթափության պահը, և ամոթ է լինում հետ քաշվելը, բախվում ենք ժողովրդական այն իմաստությանը, որ էշին նտելը մի ամոթ է, ընկնելը՝ երկու: Կարծում եմ, փաստահավաք խմբի ձևավորումը հակադրվողներին ընդառաջ արված մի քայլ է, որով ցանկանում են համոզել, որ մի բան ևս արված է ճշմարտությունը պարզելու համար:
«ԵԹԵ ԽՈՍԵՆՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԴՐԱՆՔ ԿԴԱԴԱՐԵՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԼԻՆԵԼՈՒՑ»
-Այս տարին մեր քաղաքն անցկացրեց ջազ հանդերձանքով: Եվ պիտի նկատեմ, որ բավական թանկ հաճույք էր փառատոնային համերգներին ներկա գտնվելը: Նինո Կատամաձեի, Ալ Ջերոյի` տասնյակ հազարավոր դրամներ արժեցող տոմսերն ո՞ւմ բաժին ընկան, ի՞նչ հասարակություն էր հավաքվում դահլիճում:
-Ալ Ջերոյի համերգին, օրինակ, կազմակերպիչները մի շատ հետաքրքրիր բան նախաձեռնեցին: Բեմի հետնամասում տեղադրվեց ամֆիթատրոն, որտեղ բոլոր ցանկացող երաժիշտները՝ մոտավորապես 200 հոգի, տեղ ունեցան և անվճար լսեցին համերգը: Այն, որ իսկապես գները բարձր են, անվիճելի է: Բայց դրանք միջազգային գներից շատ ցածր են: Մոսկվայում և ամբողջ աշխարհում Ալ Ջերոյի համերգի տոմսերն արժեն առնվազն երկու անգամ ավելի թանկ: Այսպիսի մի նրբություն կար. նա կա՛մ պիտի գար լրիվ անվճար, կա՛մ պիտի ստանար գոնե մինիմում հոնորար: Այլ կերպ նրա տեսակարար կշիռը կփոխվեր: Դահլիճում գտնվողների մի մասը հրավիրատոմսերով էր, իսկ այն մասը, որը կարողացել էր տոմս գնել, դրանով իսկ հնարավորություն էր ստեղծել կուլիսներում նստած երաժիշտների համար՝ լսելու անվանի երգչին: Վերջ ի վերջո, դահլիճը տեղավորեց այնքան մարդ, որքան կարող էր տեղավորել: Իսկ այն, որ Ալ Ջերոն եղավ Երևանում, այն, որ համերգը նկարահանվեց և հետագայում կցուցադրվի հեռուստատեսությամբ բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեցան դահլիճում գտնվելու, արդեն մի մեծ ու կարևոր քայլ է կազմակերպիչների կողմից:
-Ի՞նչ անակնկալներ է նախապատրաստում մաեստրո Վարդազարյանն իր ունկնդիրների համար:
-Եթե խոսենք անակնկալների մասին, դրանք կդադարեն անակնկալներ լինելուց: Ստեղծագործական առումով ինձ հետաքրքիր աշխատանք է սպասում Ստանիսլավսկու անվան թատրոնում: Ալեքսանդր Գրիգորյանը բեմադրելու է «Մորգանի խնամին»: Դա լինելու է երաժշտական ներկայացում, այն ժամանակվա քաղաքական շեշտադրումները, որոնք այսօր արդեն արդիական չեն, բացակայելու են բեմադրության մեջ: Մենք ծանոթ ենք այդ ստեղծագործության երկու բեմադրություններին: Մեկն արվել է Պարոնյանի անվան թատրոնում՝ Արտեմի Այվազյանի երաժշտությամբ, մյուսը Արման Մանարյանի ֆիլմն է՝ Ստեփան Շաքարյանի երաժշտությամբ: Տեսնենք՝ ինչ կստացվի իմ և Ալեքսանդր Գրիգորյանի մոտ: Առայժմ աշխատում ենք, դեռ բավական ժամանակ կա մինչև գործն ավարտին հասցնելը:
Զրույցը վարեց Կ. ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3613

Մեկնաբանություններ