ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արևմտյան հանրությունը երբևէ չի ողջունի տարածքային ամբողջականության վերականգնումն ուժային մեթոդներով

Արևմտյան հանրությունը երբևէ չի ողջունի տարածքային ամբողջականության վերականգնումն ուժային մեթոդներով
14.11.2008 | 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՑ
Դեռևս 2007-ի նոյեմբեր-դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի այնժամյա խոսնակ Նինո Բուրջանաձեի նախաձեռնությամբ Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նախաձեռնեց արտաքին և ներքին քաղաքական ու անվտանգության կարևորագույն հարցերի քննարկում։ Այդ քննարկման հիմնական նպատակը տարբեր քաղաքական և կուսակցական գործիչների, մշակութային ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների ընդգրկումն էր այդ գործընթացում։ Ամենասկզբում նախագահ Մ. Սաակաշվիլին առանձնապես ոգևորված չէր այդքան լայն քննարկման կազմակերպմամբ, բայց քանի որ նախաձեռնությունը ենթադրում էր շարունակականություն և ուներ ավելի շատ խորհրդատվական բնույթ, երկրի ղեկավարը դրա դեմ չառարկեց։ Տարբեր տվյալներով՝ հիշյալ քննարկումների գաղափարը խորհրդարանի նախագահին առաջարկվել էր մշակույթի մի շարք գործիչների կողմից։
Քննարկումների ընթացքում պարզվեց, որ կուտակված հիմնախնդիրների մեծ մասի լուծման հետ կապված դիրքորոշումները միասնական են, սակայն արտաքին քաղաքական և անվտանգության առանձին հարցերի վերաբերյալ կան էական տարաձայնություններ։ Աստիճանաբար նախագահ Մ. Սաակաշվիլին սկսեց ավելի ու ավելի դրական վերաբերմունք դրսևորել այդ նախագծի նկատմամբ, հատկապես հետաքրքրված լինելով քաղաքական կուսակցությունների առաջնորդների և քաղաքական փորձագետների գնահատականներով, թեպետ այդ տեսակետներում արտահայտվում էր նաև մտահոգություն՝ արտաքին քաղաքականության առանձին հարցերի և անվտանգության խնդիրների հետ կապված։ Վերոնշյալ քննարկումների արդյունքում նախագահի գրասենյակը ձևավորեց որոշակի փաստաթուղթ, որում արտահայտված էին քննարկումների հիմնական արդյունքները։ Այդ փաստաթուղթը հետագայում շրջանառության մեջ դրվեց՝ կառավարության, ուժային կառույցների ներկայացուցիչների, խորհրդարանական հանձնաժողովների, նահանգապետերի և ԶԼՄ-ների ղեկավարների ծանոթացման համար։ Ըստ որոշ տվյալների, այն նույնիսկ ներկայացվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, թեպետ Նինո Բուրջանաձեն դեռ այն ժամանակ կասկածներ հայտնեց, որ փաստաթուղթը կազմված է օբյեկտիվ և լիովին արտահայտում է քննարկումների ընթացքում արտահայտված կարծիքներն ու գնահատականները։ Այնուհանդերձ, պարզվեց, որ այդ փաստաթղթում արտահայտված հիմնական խնդիրներն առնչվում էին Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցմանը և հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանների ապագային։ Անշուշտ, այս տարվա օգոստոսի ռուս-վրացական հակամարտությունը որոշ սրբագրումներ մտցրեց այդ մոտեցումների մեջ։
Վրաստանի քաղաքական դասակարգը և հասարակությունը հասկացել են, որ տարածքային ամբողջականության վերականգնումն ուժային մեթոդներով այս պատմական փուլում այլևս անհնարին է։ Խորապես արմատավորվում է այն գաղափարը, որ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտը Վրաստանը կկանգնեցնի քաղաքական և տնտեսական աղետի առաջ կամ առնվազն հետ կմղի նրա զարգացումը երկար տարիների կտրվածքով։ Վրացական հասարակությունը պատրաստ չէ այդպիսի զոհողությունների և ռիսկերի։ Միաժամանակ առավել քննադատաբար տրամադրված քաղաքական գործիչներն ու փորձագետները նշում են, որ արևմտյան հանրությունը երբևէ չի ողջունի տարածքային ամբողջականության վերականգնումն ուժային մեթոդներով, քանզի Վրաստանը պատրաստ և ընդունակ չէ իրենից անջատված հատվածների նկատմամբ վարելու քաղաքակիրթ և ժողովրդավարական քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի վերադարձն անգամ Վրաստանի կազմ կհանգեցնի նրան, ինչն ընդունված է համարել հումանիտար աղետ։ Արևմտյան հանրությունը, ի դեմս ԱՄՆ-ի և Եվրամիության, ցանկություն չունի երաշխավորելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անվտանգությունը Վրաստանի կազմում, քանի որ համոզվել է, որ անհնարին է Վրաստանին հարկադրել անգամ իր վերահսկողության տակ գտնվող էթնիկ տարածաշրջաններում վարելու ժողովրդավարական քաղաքականություն։ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն Արևմուտքի համար երկարաժամկետ և ծախսատար միջոցառում է, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր և վտանգներ տարածաշրջանային կտրվածքով, ինչն առհասարակ չի համապատասխանում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և Եվրամիության շահերին ու խնդիրներին։
Անկախ այս իրողությունից՝ վրացական հասարակության մեծ մասը և հատկապես նրա քաղաքական դասակարգը պաշտպանում են կառավարության քաղաքականությունը, որն այսուհետ ուղղված պետք է լինի այս խնդիրների ինտերնացիոնալացմանը։ Այսինքն, Վրաստանը փորձելու է հասնել միջազգային քաղաքական թատերաբեմում Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ որոշումների կայացմանը, քանզի վրաց հասարակությունը և քաղաքական ուժերն այլևս անհնարին են համարում այդ հարցերի լուծումը երկկողմ բանակցությունների միջոցով։ Վրաստանի համար, անշուշտ, ընդունելի չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի մնալը ռուսական հովանավորության տակ, անգամ եթե այդ տարածաշրջաններում ապահովվեն վրաց բնակչության իրավունքները։ Վրացական էլիտան հուսով է, որ, բոլոր դեպքերում, Աբխազիայի և Հարավային Օսիայի լիարժեք անկախությունը միջազգային հանրությունը չի ճանաչի, միաժամանակ չի բացառվում, որ ապագայում նրանք հայտնվեն արևմտյան ազդեցության ներքո։ Այսինքն, ժամանակի ընթացքում, երբ Վրաստանը հաջողությամբ կիրագործի իր ինտեգրացիան արևմտյան հանրության շրջանակներ, ՆԱՏՕ և Եվրամիություն, հնարավորություն կունենա վերականգնելու իր վերահսկողությունն այդ տարածաշրջանների նկատմամբ։
Այդքանով հանդերձ, նույնիսկ օգոստոսյան իրադարձություններից հետո, չի կարելի կարծել, թե վրացական հասարակության մեջ անտեսում կամ բացառում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Անվիճելի է համարվում այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավորինս բարելավումը Վրաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքական ցանկացած վերադասավորումների պայմաններում։ Այսօր վրացական քաղաքական դասակարգի, գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների լիդերները համարում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը բացարձակապես անիմաստ է և չի հանգեցնելու ո՛չ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, ո՛չ էլ նրա դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։ Վրաստանի քաղաքական ղեկավարությանը ԱՄՆ-ը և Եվրամիությունը, մասնավորապես՝ Գերմանիան և Մեծ Բրիտանիան ներկայացրել են բավականաչափ համոզիչ փաստարկներ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության վերաբերյալ։ Հատկապես այն համատեքստում, որ դա կնպաստեր Վրաստանի ընդունմանը ՆԱՏՕ։ Մ. Սաակաշվիլին ոչ մի «մրցանակ» չստացավ Ռուսաստանի հետ ծայրահեղ հակադրության քաղաքականության համար, և ինքը ստեղծեց այնպիսի պայմաններ, երբ Արևմուտքն իր նկատմամբ կոշտ ճնշում է գործադրում այդ հարցում։ Արևմուտքը Վրաստանին սպասված աջակցությունը չցուցաբերեց տարածքային ամբողջականության վերականգնման հարցում։ Անշուշտ, Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ամեն ինչը շարունակում է ենթակայացված լինել ՆԱՏՕ և Եվրամիություն ընդգրկվելուն, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր բարելավումը դիտարկվում է իբրև այդ քաղաքականության իրագործման կարևոր նախապայման։ Վրաստանը հայտնվել է բարդ, գրեթե աղետալի իրավիճակում, և նրա ղեկավարներն ու քաղաքական գործիչներն առհասարակ փորձելու են կարգավորել ռուս-վրացական հարաբերությունները, ինչը միգուցե տեղի կունենա շատ ավելի արագ, քան հնարավոր է պատկերացնել։ Ընդդիմադիր և խորհրդարանում ներկայացված իշխանական կուսակցություններն արդեն մտորում են այս հարցի շուրջ և պատրաստ են Ռուսաստանի քաղաքական գործիչների, քաղաքական վերնախավի հետ շփումների հաստատման։ Եվ սա խոսում է այն մասին, որ Վրաստանում քաղաքական գործիչները կարողանում են մտածել, ռեալ գնահատել իրավիճակն ու որոշումներ կայացնել, ինչն էլ ենթադրում է իրական քաղաքականությունը։
Վրացական հասարակության և քաղաքական վերնախավի համար այսօր օրակարգային հանդիսացող հաջորդ կարևոր հարցն ազգային փոքրամասնությունների խնդիրն է։ Այն միշտ ցավոտ է եղել Վրաստանի համար, որովհետև երկիրը մշտապես ունեցել է տարածքային ամբողջականության հետ կապված պրոբլեմներ։ Վրաստանը վավերացրել է ազգային փոքրամասնություններին վերաբերող եվրոպական շրջանակային համաձայնագիրը, սակայն դրա կիրառումը պայմանավորել է աբխազական և հարավօսական հակամարտությունների վերջնական կարգավորմամբ։ Այդ հանգամանքն արդեն անհնարին է դարձնում ազգային փոքրամասնություններին վերաբերող հիմնական խնդիրների լուծումը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է հայկական և ադրբեջանական փոքրամասնություններին, որոնք կոմպակտ բնակվելով՝ զգալի տարածք են զբաղեցնում Վրաստանի հարավում։
Ազգային փոքրամասնությունների հարցի շուրջ Վրաստանի բոլոր քաղաքական և հասարակական խմբավորումների միջև մշտապես եղել է լիարժեք կոնսենսուս։ Այսօր այլևս կասկածից դուրս է, որ Վրաստանը, արևմտյան հանրության հովանավորությունից օգտվելով, իրականացնում է ազգային փոքրամասնություններին դուրս մղելու և էթնո-սոցիալական ու էթնո-քաղաքական խնդիրներն այդ ճանապարհով լուծելու քաղաքականություն։ Միաժամանակ, Վրաստանի քաղաքական շրջանակներում առաջացել են մտահոգություններ այն կապակցությամբ, որ կարճաժամկետ և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում ազգային փոքրամասնություններին իրենց բնակության տարածքներից զգալիորեն դուրս մղելու խնդիրը հնարավոր չի լինի լուծել, քանի որ այդ փոքրամասնություններն արդեն սկսել են հանդես գալ ավելի կազմակերպված։ Միաժամանակ նրանք սերտ կապեր ունեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարական հաստատությունների ու քաղաքական կուսակցությունների հետ, փորձում են գործնական դիմադրություն ցույց տալ վրացական ղեկավարության և հասարակության ուծացման ու խտրականության քաղաքականությանը։ Այդ դիմադրությունը դառնում է ավելի ու ավելի համառ, հանգեցնում մի շարք քաղաքական և հասարակական կոնֆլիկտների և դրանով իսկ հայտնվում միջազգային հանրության ուշադրության դաշտում։ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրոպական հանձնաժողովը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ու Կոնգրեսը, բոլոր այն կազմակերպությունները, որոնք մոնիտորինգ և վերահսկողություն են իրականացնում Վրաստանում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, պատրանքներ չունեն այն կապակցությամբ, որ Վրաստանում արհամարհվում են ժողովրդավարության սկզբունքները և կանոնավոր կերպով անդրադառնում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Վրացական քաղաքական դասակարգի ներկայացուցիչները, սակայն, իրենց գնահատականներն ու տեսակետներն ունեն այս հարցի վերաբերյալ։ Իշխող ռեժիմը ներկայացնող կամ նրան մոտ կանգնած քաղաքական ուժերն ավանդաբար համարում են, որ ազգամիջյան հարաբերություններում չկան հատուկ այնպիսի խնդիրներ, որոնք լրջորեն վտանգեին վրացական պետականությունը։ Իսկ ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպված խմբավորումների պահանջներն ընդամենը սպեկուլյացիա են և դեմագոգիա՝ ուղղված Արևմուտքում Վրաստանի և նրա քաղաքականության վարկաբեկմանը։ Այդ կուսակցությունները համարում են, որ ազգային փոքրամասնությունները Վրաստանի ներսում հանդիսանում են արտաքին ուժերի համար մանիպուլյացիայի գործիք՝ հատկապես Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պարագայում։ Իշխանական կուսակցությունների առաջնորդների կարծիքով` ազգային փոքրամասնությունները Վրաստանում չեն կարող հավակնել հավասար հնարավորությունների պետական կառավարման բոլոր մակարդակներում, եթե նրանց կողմից առաջադրվող թեկնածուները լիարժեք չեն տիրապետում վրացերենին և իրենց չեն տեսնում վրացական ազգային շահերի դաշտում։ Համարվում է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանները չեն կարող առանձնակի հույսեր ունենալ նաև տնտեսական և սոցիալական զարգացման առումով։
Շատ փորձագետների և քաղաքագետների գնահատմամբ՝ Վրաստանը չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ որոշակի ծրագիր։ Միաժամանակ այդ ծրագիրն անհրաժեշտ է, որովհետև այս խնդիրն առնչվում է ազգային անվտանգության ոլորտին։ Վրացական իշխանություններն այս ուղղությամբ շատ թույլ, ոչ հետևողական և, որպես կանոն, ուշացած քաղաքականություն են վարում։ Գոյություն չունի որևէ համակարգում նախագահի աշխատակազմի, խորհրդարանի, կառավարության և քաղաքական կուսակցությունների գործողությունների միջև՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ։ Այնուհանդերձ, ներկայումս վրացական հասարակության մեջ կա վստահություն, թե կառավարությունն ու խորհրդարանը ճիշտ և արդյունավետ քաղաքականություն են վարում այդ ուղղությամբ, ինչն էլ դարձել է հասարակության պասիվության հիմնական պատճառն այս հարցում։ Մինչդեռ, տարբեր փորձագետների գնահատմամբ, առանց հասարակության մասնակցության անհնար է կարգավորել իրավիճակն էթնիկ տարածաշրջաններում։
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների և կուսակցությունների կարծիքով՝ ներկա կառավարությունն ընդունակ չէ լուծելու ազգային փոքրամասնությունների խնդիրը ոչ կառուցողական, ոչ էլ նույնիսկ ապակառուցողական ձևերով։ Ընդդիմադիր դաշտի առանձին գործիչներ համարում են, որ ազգային փոքրամասնություններին կոպտորեն դուրս մղելու ներկա քաղաքական կուրսը, առանց քաղաքական պայմանների և արտաքին գործոնների հաշվառման, կարող է հանգեցնել շատ տհաճ հետևանքների՝ հիշյալ տարածաշրջանների՝ Վրաստանի ենթակայությունից դուրս գալու իրական սպառնալիքով։ Այնուհանդերձ, անգամ այդպիսի մոտեցումներ ունեցող քաղաքական գործիչները չեն ժխտում ազգային փոքրամասնությունների թվաքանակի կրճատման անհրաժեշտությունը, սակայն նպատակահարմար են համարում, որ այդ քաղաքականությունն իրագործվի ոչ ակնհայտ խտրական մեթոդներով։ Նրանց կարծիքով՝ ազգային փոքրամասնությունների թվակազմի կրճատումը կամրացնի կայունությունը երկրում և ավելի հանգիստ իրավիճակ կապահովի այդ փոքրամասնությունների բնակության տարածքներում։ Ինչն իր հերթին հնարավորություն կտա այդ փոքրամասնությունների, նրանց ղեկավար վերնախավի հետ հաստատել դրական, վստահելի հարաբերություններ։ Եվ միայն վրացական քաղաքական գործիչների շատ փոքր մասն է համարում, որ ներկա կառավարության քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ, անկասկած, կհանգեցնի տարբեր ծավալի հակամարտությունների, որոնցից Վրաստանը դուրս կգա քաղաքական մեծ ռեսուրսների վատնումով և ահռելի վնասներով իր միջազգային հեղինակության տեսանկյունից։ Քաղաքական գործիչների այդ փոքր խումբը, որ ներկայացնում է ավելի շուտ ոչ քաղաքական, այլ հասարակական շարժումները, համարում է, որ հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում հասունացել է պայթյունավտանգ իրավիճակ, որը հետևանք է ներկայիս կառավարության, իշխող կուսակցության և վրաց ուղղափառ եկեղեցու ծայրահեղ ազգայնական քաղաքականության։
Միաժամանակ, քաղաքական գործիչների և փորձագետների ոչ մեծ, աջ-ազգայնական շրջանակներին պատկանող մեկ այլ խումբ ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրը Վրաստանում առաջարկում է լուծել սելեկտիվ մոտեցմամբ։ Օրինակ, կան առաջարկներ, որ, հայերի վրա հենվելով ու նրանց խրախուսելով, չեզոքացվեն ադրբեջանցիների և թուրք-մեսխեթցիների նախաձեռնությունները։ Սա նոր գաղափար չէ վրաց հասարակության մեջ, բայց կարծես նորից է տարածում գտնում։ Թեպետ այլ քաղաքական գործիչներ էլ հայերին համարում են ամենավտանգավոր տարրը Վրաստանում, որն ընդունակ է ներսից պայթեցնելու վրացական պետականությունը։ Բնութագրական է, որ ի տարբերություն 1990-ականների, երբ վրաց հասարակությունը պաշտպանում էր երկրի ֆեդերալացման գաղափարը, և դիտարկվում էին դրա հնարավոր տարբերակները, ներկայումս վրաց քաղաքական գործիչների և փորձագետների բացարձակ մեծամասնությունը շատ զգուշավոր մոտեցում ունի այդ հարցում։ Իսկ հաճախ էլ ակնհայտ մերժողական դիրքորոշում է ցուցաբերում։ Այդ վերաբերմունքը, թերևս, պայմանավորված է ոչ միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի կորստով, այլև Վրաստանի ապաինտեգրացման, նրա կենտրոնական իշխանության թուլացման հեռանկարով, ինչի արդյունքում էլ վրաց կառավարող էլիտան կկորցնի նույնիսկ այն փոքր արդյունքներն էթնիկ տարածաշրջանների կառավարման հարցում, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4580

Մեկնաբանություններ