Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մտավորականություն և իշխանություն

Մտավորականություն և իշխանություն
03.04.2009 | 00:00

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՔ
Մտքի, մտավորականության, արվեստների ծաղկման համար, անշուշտ, կան բարենպաստ, պակաս բարենպաստ և միանգամայն աննպաստ կացութաձևեր ու պայմաններ, բայց նյութի ավելի խոր ուսումնասիրությունն ու վերլուծությունը հանգեցնում են եզրակացության, որ առնվազն համընդգրկելի չէ վերևի մեր «անշուշտ»-ը: Բոլոր դարերում, անկախ հասարակարգից, տնտեսական, քաղաքական բարդություններից, միշտ գտնվել են պայծառամիտ-հեռատես զորեղ անհատներ, կառավարողներ, արքաներ ու փոխանորդներ, որոնք իրենց ենթակա ու օտար հողերում որոնել, գտել ու շքեղաշուք ապաստան են տվել աստվածաշնորհներին, ուսյալ-կրթյալներին:
Մի կողմ դնենք արարքի բռնիության, ուրիշի ստեղծածին անհամոզիչ արդարացումներով, որևէ հարգելի, մերժելի պատճառաբանությամբ, հաղթողի իրավունքով տիրանալու հանգամանքը և յուրայնացումը դիտարկենք հազարամյակների մերօրյա հեռվից. կպարզվի, որ ուզած հնարավոր ճանապարհով մշակույթ կուտակողին, քարեղեն եզակիություն կառուցողին, պահպանողին, սերունդներին փոխանցողին ոչ թե հայհոյանք է հասնում, այլ մեծարանք: Որովհետև այս պահին խոսքը ոչ թե տեսական հիմնավորումների և բացառումների, այլ արժեքի հարատևման, նրա կրողի նկատմամբ հոգատարության, արարման համար բարենպաստությունների, դյուրությունների համակարգ ձևավորելու մասին է: Հին Հռոմը դրա փայլուն ապացույցն է. բազմաբնույթ կարողությունների և ունակությունների տեր անհատներ և խմբեր արար աշխարհից ժողովող, դրանք գործադրելու, հարկավոր արդյունքներ քաղելու ասպարեզում աներևակայելի հաջողություններ գրանցած այս կայսրությունը հիմնադիրն է մի երևույթի, որ մեր օրերում պետք է կրեր «ուղեղների որս» անունը: Հռոմեական կայսրերից մի քանիսը հենց այդպիսի ողջախոհության տեր են եղել: Սուլլա Երջանիկ Դիկտատորն առանց վայրկյան իսկ վարանելու Հռոմ փոխադրեց թուլացած Աթենքի գրադարանը, հետն էլ գիտունների, որոնք պետք է այն դասդասեին ու հարստացնեին արդեն իր մայրաքաղաքում: Գիտուններից ամենագիտունը հայտնաբերվեց Հայաստանում, անհապաղ փոխադրվեց Ապենինյան թերակղզի և կայսերական գրադարանի տնօրեն կարգվեց. Տիրան Հայկազնն էր դա, հռոմեավարի` Տիրանիոնը: Հռոմում ի հայտ եկավ նաև հայրենիքում, Հունաստանում և այլուր ձեռագրերի մեկնության, լեզուների գիտության և ճարտասանության ոլորտում անուն հանած հայ մի երիտասարդ` Պարույրը, որն այստեղ արդեն կոչվելու էր Պրոերեսիոս և արժանանալու այնքան մեծ փառքի, որ Հռոմում նրա պատվին արձան էր կանգնեցվելու` «Հռոմա թագուհուց հռետորների թագավորին» մակագրությամբ: Լեոնարդո դա Վինչին, հարազատ Իտալիայի քաղաքներն ու արքունիքները մաշելուց, ճանաչում և անտարբերություն ճաշակելուց, երկրների, կոթողների ու տարացեղ մարդկանց առնչվելուց հետո, որոնցից մեկը Հայաստանն էր, նրա անկրկնելի ճարտարապետությունը, հյուրասեր ու իմաստասեր բնակչությունը, և որոնց վերաբերյալ ապագա գրքի գլուխները նա մանրամասն թվարկելու էր իր հազարավոր էջերի հասնող ձեռագրերում (ինչպես ուրիշ հղացումներ, հանճարն այդ էլ անկատար թողեց), կյանքի վերջալույսին, 1517-ին, ստանալու էր Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Ա-ի սիրալիր հրավերն ու իրավամբ արքայական պայմանները` «աշխատելու որպես թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար»: Եվ դյուրին է պնդել, որ շահեց միայն Ֆրանսիան: Կարճ միջոցում Լեոնարդոն նախագծեց Տուր-Բլուա-Մառն ոռոգման ջրանցքը, ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը և Ֆրանսիային թողեց դարեդար հպարտանալու իրավունք` իր անանց ժառանգության երևելի ընտրանի Լուվրում:
Արդեն երեք դար ԱՄՆ-ն այդ քաղաքականությունն է կիրառում ավելի զանգվածաբար և հասնում աննախադեպ արդյունքների: Շվեդ Էդիսոնը էլեկտրականությամբ սնուցեց կենցաղը, տարատեսակ արտադրություններ և իսկական հեղաշրջում մտցրեց մարդկային կեցության, գիտակցության մեջ, վերանայեց գիտության և տեխնիկայի կիրառման պատկերացումներն ու փիլիսոփայությունը, անսահման ընդլայնեց դրանց ընդգրկման ոլորտները: Տառացիորեն մեր աչքի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային արվեստի կնքահայր և անդադրում կատարելագործող, մարդկությանն անգնահատելի, հիրավի հեղաշրջիչ ծառայություն մատուցած Բիլ Գեյթսն այդ հնարավոր դարձրեց, իրեն, երկրին անասելի հարստության տեր դարձրեց ոչ առանց համախոհության և անմիջական մասնակցության չին, հնդիկ, կորեացի, հրեա, հայ և այլազգի հազարավոր տաղանդների` հրապուրված և ԱՄՆ-ում հաստատված աշխարհի բոլոր ծայրերից: Մտքերի հավաքագրումը, հստակ նպատակամղումը արագ և շռայլ փոխհատուցման տեսակետից այլընտրանք չունի: Երկրորդ աշխարհամարտի հիմնական հաղթանակած երկիր, միլիոնավոր մարդկային զոհեր տված ԽՍՀՄ-ը, պայմանականությունները մի կողմ դրած` Ռուսաստանը, պարտված Գերմանիայում ապամոնտաժում էր բարոյական մաշվածությանը շատ մոտ ձեռնարկությունների պրիմիտիվ հոսքագծերը, մետաղի ջարդոնի մոտալուտ թեկնածու ծանրաքաշ հաստոցները և կիսամաշ մեքենաների, հնամոդա կահույքի, երբեմն էլ արվեստի ստեղծագործությունների հետ բեռնում բազմավագոն էշելոնները, քշում Ռուսաստան և այստեղ հիմնում գործարաններ, որոնց արտադրանքը հին էր լինելու ի ծնե: Հաղթանակող մյուս կողմը` ԱՄՆ-ը, տակից խրախուսելով դաշնակցի պարզամիտ իրարանցումը, ինքը հնարավոր և անհնար բոլոր միջոցներով գտավ և անհապաղ Ամերիկա թռցրեց ատոմային էներգիայով զբաղվող գիտնականների խմբին` ֆոն Բրաունի գլխավորությամբ: Պատերազմից մի տարի անց ԱՄՆ-ն արդեն ուներ ատոմային ռումբ, ցուցադրել էր նրա սարսափազդու ուժը և միահեծան ստանձնել մոլորակի ռազմաքաղաքական ղեկը: Իսկ դանդաղամիտ արջը աներևակայելի տառապանքներով և զարտուղի ճանապարհներով ատոմային զենքին տիրացավ տասը տարի անց, նորից դոփեց տեղում` տնտեսությունը զոհաբերելով սնամեջ գաղափարախոսությանը և, ինչպես երկու դար առաջ, հիմա էլ կանգուն է շնորհիվ իր ընդերքի անբավ հարստությունների վաճառքի, որոնք վաղ թե ուշ սպառվելու են…
Ընդսմին պայման չէ, որ ուղեղների որսորդն անպայման մեծ տարածքների, նյութական կարողությունների, ակնհայտ հեղինակության տեր լինի: Գլխավորը ճիշտ կողմնորոշումն է, արագ կազմակերպվելու ընդունակությունը: Անգլիա կղզու մի փոքր մաս կազմող Իռլանդիան, Կորեական թերակղզու կեսը զբաղեցնող Հարավային Կորեան, Սինգապուրը ավելին չեն, քան Ռուսաստանի մի մարզը, նույնիսկ գավառը: Հայաստանից էլ շատ մեծ չեն, կան, որ պստիկ են:
Բայց տեսեք, թե կենսամակարդակի ինչ բարձրության, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության ինչ աստիճանի են հասել ոսկեբեր նոր երակը` տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումն ու արտադրությունն ըստ ամենայնի զարգացնելու միջոցով: Իսկ հայաստանցի համակարգչային էնտուզիաստները տասնհինգ տարի լալիս էին, թե իրենց աճին ու վերելքին պատնեշելու չափ խանգարում է «Արմենտել» մոնոպոլիան` իշխանությունների և երկրի տևական նախագահ Քոչարյանի անտարբեր հայացքի ներքո: Չէի՞ն գիտակցում` որն է շահավետ, թե՞ շահի մի այլ, ազգային վերելքին հակացուցված տարբերակ էին ընտրել` ահա հարց, որի պատասխանը հայ հասարակությունը մի օր ստանալու է, անշուշտ: Դրա արդիականությունը մնում է օրակարգում, որովհետև դարձյալ դժգոհում են, որ այդ և մտքատար հեռանկարային այլ ճյուղեր առաջվա նման կաղում են` պետությունը գործնականում քիչ բան է անում դրանց բուռն վերելքի համար: Էներգակիրների արտադրությունը, կուտակումը և վաճառքը մեր դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիքն են, դրանք ունեցողները կարծես թելադրող են, իսկ չունեցողները` զիջողներ: Հայաստանը կարող է անցնել թիվը երկրների, որոնք տեր են էներգիայի սեփական աղբյուրների, բայց աչքներս ոնց որ «հարևանի հարսի վրա է» վարժվել: Բերովին է հրապուրում: Մեղրիում ուզում ենք նավթազտարան կառուցել: Ուրիշի նավթը զտում ենք, մեր բնությունը` աղտոտում: Ապագայի իմաստով այնքան էլ իմաստալի չէ, մանավանդ դրանից մեզ եկող անմիջական շահը եղունգաչափ է լինելու: Այնինչ չնաշխարհիկ Մեղրիում արևը հուր է թափում: Եվ էներգետիկ ոսկի` միայն հավաքող լինի: Քիչ վերև, Բիչանակում, գիշեր-ցերեկ, կլոր տարի պարապ սուլում է էներգաբեր քամին: Արաքս գետը սանձողի է սպասում: Արև: Քամի: Գետ: Գումարած միտք: Հավասար է էներգիայի հավերժական աղբյուրների: Հավերժականը թողած` ժամանակավորից ենք կառչում: Գոնե բնապահ, բնաշահ զուգորդեինք: Չէ: Ծանր ենք, դժկամ, անհավես: Մտավորականը չէ, իշխանավորը: Բոլորիս քաջ հայտնի հայրենասեր, անդադրում պրպտող գիտնական Պարիս Հերունին, նրա վախճանից հետո որդի Հերունին, ընդամենը մեկուկես միլիոն դոլար էին թախանձում, որ արտադրական հզորության վերածեն իրենց մտահղացած արևային էներգիայի կայանքը, որն աշխարհում հայտնի նմուշների համեմատ տասն անգամ քիչ տարածք է զբաղեցնում և տասն անգամ ավելի էներգիա տալիս: Սա չափազանցությո՞ւն է, թե՞ նվազագույն սպասում: Չգիտենք, գործնական հաստատման խնդիր կա: Բայց, հավանաբար, սա դեռ սահման չէ, որովհետև մտավոր ձեռքբերումներին և կատարելագործումներին, հայտնի է, սահման չկա: Արևաշատ, արևաշող Հայաստանի խոստումնալից այդ բարիքը, հետն էլ քամիների, էներգախոստում գետերի առկայությունը կարող էր, գոնե պարտ էր սկզբնավորելու այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր էներգիայի հայթայթման հիմնավոր, լայնածավալ, շահախնդիր ու շռնդալից գործընթաց, որը կընդգրկեր գիտատեխնիկական կարողունակ բազմազան ուժեր, հնարավոր կդարձներ Հայաստանի առաջնությունն այդ ասպարեզում: Էներգետիկ ապագան անկախության երաշխիք կծառայեր ուզածդ քաղաքական, տնտեսական, գաղափարական վայրիվերումներին հակընդդեմ: Դանդաղում ենք, ուշանում ենք անասելի, անտանելի: Մեր իշխանավորները, որ եսանպատակ դոլար-դրամ խաղերում քամուն, ավելի ճիշտ` իրենց ու յուրայինների գրպանին տվին յոթհարյուր միլիոն ժողովրդական հարստություն, հուսանք, պայծառամտության մի պահի կգտնեն հիշյալ մեկուկեսը և կհանգեն Հայաստանը այլընտրանքային էներգիայի անսպառ աղբյուրի վերածելու անհրաժեշտությանը: Եթե կամենան և եթե հասունություն ապրեն իրենց և մտավորականության քաղաքակիրթ, ազգաշահ փոխհարաբերություններ կառուցելու գործում: Իսկ մինչ այդ մեր մտածողները խոսում են, համոզում, խնդրում և, արձագանք չգտնելով, լրացնում են բանակը արտափախչող ուղեղների։
(շարունակելի)
Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4990

Մեկնաբանություններ