1991 թ. դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը վայր դրեց իր լիազորությունները, իսկ հաջորդ օրը ԽՍՀՄ-ը պաշտոնապես լուծարվեց:
Այժմ պատկերացրեք` որոշ ժամանակ անց, առանց որևէ ողջամիտ բացատրության, Գորբաչովը հայտարարում է, որ ԽՍՀՄ-ը չի լուծարվել:
Ի՞նչ կլիներ:
Կամ Գորբաչովին հոգեբուժարան կտանեին, կամ` ոստիկանություն:
Բացի դրանից, նույնիսկ ԽՍՀՄ-ում չէր գտնվի խելքը գլխին մեկը, ով լուրջ կընդուներ Գորբաչովի նման հայտարարությունը:
ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրող Շահրամանյան Սամվելը բառացի ասաց, որ ... ԼՂՀ-ն չի լուծարվել:
Ինչ-որ իմաստով Շահրամանյան Սամվելին կարելի է հասկանալ:
Դե, մարդ է` Գորբաչովը չէ, ժամանակ է շահում, անձնական բնույթի հարցեր է լուծում:
Խնդիրը Շահրամանյան Սամվելը չէ: Խնդիրն այն է, որ վերջինիս ասածից հետո հայազգի բնակիչների լայն շրջանակներ անչափ ոգևորվեցին և սկսեցին կրկնել և տարածել.
«ԼՂՀ-ն չի լուծարվել» բազմիմաստ նախադասությունը:
Տարօրինակ ժողովուրդ ենք:
Հեքիաթներ ենք սիրում:
Փուչիկներ ենք սիրում:
Ի՞նչ է տալու մեզ «ԼՂՀ-ն չի լուծարվել» բառակապակցությունը:
Առավելագույնը` որոշ ժամանակ հեքիաթում ապրելու հնարավորություն: Եթե դա է նպատակը, ապա ավելի լավ չէ՞ պատկերացնենք, որ Մեծ Հայքում ենք ապրում, Տիգրան Մեծի օրոք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ. ԼՂՀ-ն չէր կարող լուծարվել, քանզի այն չկար:
1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը վերամիավորվեցին:
Այժմ վերամիավորված Հայրենիքիս մի մասը` Արցախն ու Արծվաշենը, օկուպացիայի մեջ է:
Եվ, սա հեքիաթ չէ:
Սա է իրականությունը:
Շահրամանյան Սամվելի ասածը սրա մասին չէ: