Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պուտինի՝ արցախցիների դիմումին արձագանքելու տարբերակների կապակցությամբ

Պուտինի՝ արցախցիների դիմումին արձագանքելու տարբերակների կապակցությամբ
28.07.2023 | 15:32

Մեծ քաղաքականության մեջ միջանձնային հարաբերությունները հսկայական դեր են խաղում, այդ հարաբերությունները շատ հաճախ գլոբալ հարցեր են լուծում: Օրինակ, Ֆրանսիայի այսօրվա՝ մեծ տերության կարգավիճակը բացառապես միջանձնային հարաբերությունների արդյունք է:

Ֆրանսիացիք արդեն չեն հիշում, բայց դրանց ամեն պահ կարելի է հիշեցնել, որ Ռուզվելտը սկզբունքորեն տանել չէր կարող դը Գոլին և դեմ էր Ֆրանսիան հաղթող կողմ ու հետագայում մեծ տերություն դարձնելու գաղափարին:

Ընդհակառակը, Ստալինը համակրում էր դը Գոլին և իր հեղինակությունն օգտագործեց, որպեսզի Ֆրանսիան հռչակվի և հաղթող տերություն համաշխարհային պատերազմում, և անդամակցի ՄԱԿ անվտանգության խորհրդում՝ հինգ մեծ տերությունների կարգավիճակում: Երբ ֆելդմարշալ Քեյթելը տեսնում է ֆրանսիացի գեներալ դը Լատր Տասինիին կապիտուլյացիայի ստորագրման արարողության ժամանակ, զարմացած հարցնում է.

«Մենք սրանց էլ ենք պարտվե՞լ»:

Քեյթելն իրավացի էր, նրանք ֆրանսիացիներին չէին պարտվել՝ պարտվել էին Ստալինին, որի ցանկությամբ ֆրանսիացի գեներալն իր ստորագրությունը դրեց կապիտուլյացիոն ակտի տակ որպես վկա, բայց դա էլ էր մեծ բան:

Դառնանք մեր պրոբլեմներին:

Արցախի Ազգային ժողովի այսօրվա որոշումից հետո՝ անկախության ճանաչման վերաբերյալ, վաղվանից կսկսեն խոսել, մտածել ու քննարկել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը (մնացածների վարքագիծը պարզ է, մտածելու բան չկա):

Օրերս գրել էի, որ ժողվարչապետ Նիկոլ-Ալիև էֆենդի տանդեմի համատեղ կապիկությունները Պուտինին ընդամենը գործելու երկու տարբերակ են թողել՝ կամ ուժ կիրառել և ապաշրջափակել Արցախը, կամ ճանաչել անկախությունը, քանզի երրորդ տարբերակ չկա, երրորդը՝ Արցախի հայաթափումը, կլինի Պուտինի խայտառակվելն ու հեղինակազրկվելը:

Եվ ահա այսօր Պուտինը ստացավ Արցախի պառլամենտի պաշտոնական դիմումը: Ինչպե՞ս կգործի Ռուսաց հողի խազեինը:

Բնականաբար, նրա անձնական հարաբերություններն Ալիև էֆենդու հետ այս հարցում առանցքային նշանակություն կունենան: Պուտինը շփվում է այստեղ Փաշինյան և Ալիևի հետ: Նոր Հայաստանի ժողվարչապետից նա նեղանալու տեղ, որևէ սպասելիք չունի՝ Փաշինյանն արևմտյան գործակալ գրանտակեր է, Պուտինը՝ սովետական ԿԳԲ-ի գնդապետ, այսինքն, իրարամերժ անհատականություններ: Եվ Պուտինը տեղյակ է, թե ով և ինչու է բերել դրան իշխանության Հայաստանում, Պուտինն ընդունում է Փաշինյանին այնպես, ինչպես նա կա, առանց որևէ պատրանքի և նորմալ բանի հույսի: Այսինքն, ինչ էլ անի Փաշինյանը՝ խաբի, ստի, թիկունքից հարվածի, գլխից թռնի, Պուտինը հանգիստ կընդունի և չի դիտարկի դա որպես անձնական թշնամություն, ատելության պատճառ և այլն:

Բայց Ալիև էֆենդու մասով իրավիճակն այլ է: Նրանք նույն կրթության, նույն դաստիարակության մարդ են, գրեթե հասակակից, նրանց հարաբերությունները գալիս են դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից: Եվ այն, ինչ ներվում է Փաշինյանին, չի ներվի Ալիևին, քանզի Փաշինյանի բնական առաքելությունը Պուտինի և Հայաստանի դեմ գործելն է, ինչի հետ ՌԴ նախագահը համակերպվել է:

Ինչը չես ասի Ադրբեջանի ղեկավարի մասին:

ՈՒրեմն, 2018-ին ղարաբաղյան բանակցային գործընթացը, Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ժողվարչապետին այսպիսին էր. Ալիև էֆենդին միջնորդներ էր փնտրում, որպեսզի Սարգսյանին վճարի հինգ միլիարդ հինգ շրջանի դիմաց, իսկ Ղարաբաղից նա հույսն արդեն կորցրել էր:

Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցը նախագահ Սարգսյանի հետ ձեզ վառ ապացույց: Ալիևն այդ ժամանակ գործում էր բաց, թափանցիկ, ինչը չես ասի նրա քայլերի մասին Փաշինյան Նիկոլի հետ միասին: Ավելին, Ալիևը ազնիվ էր պահում իրեն անգամ 2016-ի քառօրյայի ժամանակ և չարժանացավ Պուտինի ոչ զայրույթին, ոչ պրետենզիաներին:

Թերթեք 2015-ի նոյեմբեր-դեկտեմբերի մամուլը և զարմացեք, թե ինչ կարգի պատժամիջոցների վտանգի առջև էր կանգնած էֆենդին, կարճ ասած՝ Վաշինգտոնը նրան սպառնում էր կորեական և իրանական սանկցիաներից էլ բեթար պատժով:

Ինչու՞:

Որովհետև պատերազմ էին պահանջում Ալիևից ամերիկացիք՝ Ռուսաստանին նոր գլխացավ ստեղծելու համար Սիրիա ներխուժելուց հետո:

Եվ էֆենդին ստիպված գնաց այդ քայլին, իրականում նա կռվել չէր ցանկանում՝ նրա ցանկությունը ինչ-որ մի քայլ անելն էր ամերիկացիների մոտ ստուգարք անցնելու համար:

Եվ անցավ այդ ստուգարքը, ու Ամերիկայում պարզվեց, որ Ալիև էֆենդին ամենևին էլ դիկտատոր չէ, մարդու իրավունքների խախտիչ չէ, խոսքի ազատության թշնամի չէ և այլն, և այլն: Այս ամենը տեսնում և հասկանում էր նաև Վլադիմիր Պուտինը: Եվ ըմբռնումով մոտենում:

Բայց իրավիճակ փոխվեց, և էֆենդին 2018-ի մայիսից հետո գրանտակեր ժողվարչապետի հետ սկսեց «ֆռռալ» Պուտինի վրա: Նա տանդեմ կազմեց Փաշինյանի հետ ամերիկացիների տանիքի տակ և սկսեց գործել Ռուսաստանի ու Հայաստանի դեմ: Բանակցային գործընթացի վիժեցում համատեղ ջանքերով և պայմանավորված, քայլ առ քայլ մշակված պատերազմ Արցախն ամբողջությամբ հանձնելու նպատակով՝ ահա Ալիև էֆենդու զանցանքը Վլադիմիր Պուտինի հանդեպ, որը, բնականաբար, չէր կարող չազդել նրանց անձնական հարաբերությունների վրա: Սրան պլյուս հետպատերազմյան կապիկությունը (Պուտինին խաբելը Արցախի պահով, երբ պայմանավորվում են խաղաղության պայմանագրից դուրս թողնել Արցախի հարցը՝ այն հանձնելով ապագա սերունդներին, բայց Պրահայում, մեղմ ասած, թռնում են նրա գլխից, Արցախի բլոկադա, պաշարում և այլն) և բանդերականների հանդեպ Ալիևի ջերմ վերաբերմունքը, պլյուս Ռուսաստանը տարածաշրջանից դուրս դնելու, Թուրքիայի հետ վտանգավոր աստիճանի եղբայրանալու (ընդհուպ ընդհանուր բանակ) էֆենդու անկեղծ մղումներն ու քայլերը:

Այլ կերպ ասած, միջանձնային տիրույթում Ալիև էֆենդին ստորաբար վարվեց Պուտինի նկատմամբ, ավելին, նույն ստորությունը շարունակում է դրսևորել առ այսօր՝ մեծ հույսեր կապելով բանդերականների առասպելական հաղթանակի կամ Ռուսաստանի սարսափելի թուլացման հետ: Բնականաբար, էֆենդու պատիժն անխուսափելի է, ընդամենը ժամանակի հարց:

Բայց ահա ՌԴ նախագահի սեղանին դրվելու է Արցախի պառլամենտի դիմումը: Ինչպես պարզեցինք, որևէ բարոյական արգելք այդ դիմումը հաստատելու Պուտինը չունի, քանզի Ալիև էֆենդին անձամբ զրկել է նրան այդ արգելքից, էֆենդին անձամբ է Պուտինին տվել իրեն պատժելու բարոյական իրավունք:

Մնում է քաղաքական նպատակահարմարությունը: Կարծում եմ, տեսակետը, թե Ռուսաստանն այսօր կռվում է 51 պետության հետ, ևս մեկ կոնֆլիկտի մեջ չի կարողանա և ցանկանա մտնել, անհիմն են: Եթե Պուտինն այսօր ունի լրջագույն կոնֆլիկտ 51 երկրի հետ ԱՄՆ գլխավորությամբ, ապա մի Արցախ ավելի, մի Ադրբեջան պակաս եղանակ չեն փոխի:

Ամեն դեպքում, Պուտինը Արցախի հարցով պետք է զզբաղվի ու լուծի, եթե ոչ այսօր, ապա 2025 թվականին, և եթե դա այդպես է, ինչու՞ հարցը չլուծել հենց հիմա, այս գլոբալ խառնաշփոթի պայմաններում, ինչու ՞ դա հետաձգել, մշտական գլխացավի օջախ պահել: Որ ՈՒկրաինայի փակումից հետո նորից կեղտոտվե՞լ, նորից թաղվել տհաճ պրոբլեմների մե՞ջ: Մանավանդ որ, լինելով Նիկոլայ Առաջինի հոգեզավակ, Վլադիմիր Պուտինը երբեք չի իջեցնի ռուսական դրոշն Արցախի լեռներից՝ հետևելով մեծ կայսրի գլխավոր պատգամին. «Однажды поднятый русский флаг спускаем быть не должен/ Մեկ անգամ բարձրացված ռուսական դրոշը երբեք չպետք է իջեցվի»:

Իհարկե, չեմ պնդում, թե Ռուսաստանն առաջրկայում կճանաչի Արցախի անկախությունը: Ես ընդամենը ասում եմ, որ այդ ճանաչումը այն երկու տարբերակներից է, որ Պուտինին թողել են ՀՀ ժողվարչապետն ու Ալիև էֆենդին՝ ամերիկացիներից իրենց անցած ծայրահեղ բթության շնորհիվ:

Նաև ասում եմ, որ քաղաքական նպատակահարմարություն կա այդ քայլին դիմելու: Բայց հիմնականում խոսքն այստեղ միջանձնային հարաբերությունների մասին էր՝ որպես քաղաքականության մեջ առանցքային գործոնի, որոնք Ալիև էֆենդին, մեղմ ասած, պղծեց: Եվ անձամբ թույլ տվեց Վլադիմիր Պուտինին վարվելու իր և իր երկրի հետ ըստ սեփական քմահաճույքի և հայեցողության: Ինչպիսին կլինեն Վլադիմիր Պուտինի քմահաճույքն ու հայեցողությունը՝ կտեսնենք մոտ ապագայում:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ