Այսօր Գեղարքունիքում վիրավորված հայ զինծառայողների արյունը եթե Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների, հեռուն գնալու դեպքում՝ Ալիևի ձեռքին է, ապա նույնքան վստահաբար կարելի է ասել, որ նրանց, ինչպես նաև առաջիկա ժամերին կամ օրերին հնարավոր մեր նորանոր վիրավորների ու նույնիսկ զոհերի արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի խղճին է, եթե տվյալ կենդանին ընդհանրապես խիղճ ունի:
Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կատարվածի և կատարվողի և այն ամենի, ինչ, հնարավոր է, տեղի ունենա հետո, ողջ մեղավորությունն ու պատասխանատվությունն Ալիևի հետ միասին հավասարապես Նիկոլինն ու նրա իշխանությանն է: Սա սոսկ կարծիք չէ, այլ պնդում, որի բոլոր հիմքերն ունենք, ստորև և հետայսու կներկայացնենք:
Այժմ շատ հակիրճ նշենք ընդամենն այն, որ ավելի վաղ ունենալով ՀԱՊԿ զորքեր, ինչպես նաև խաղաղապահներ Հայաստան հրավիրելու, նրանց մեր երկիր մուտքին համաձայնություն տալու հնարավորություն, Նիկոլն ու Նիկոլի իշխանությունը դավաճանաբար կամ շարունակելով մեր երկրի հանդեպ իրենց թշնամությունը, հրաժարվել են դրանից: Եվ սա՝ այն դեպքում, երբ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Ռուսաստանի կողմից հրապարակային կերպով վերոնշյալի վերաբերյալ եղել են համապատասխան առաջարկներ, որոնք, ի դեպ, այս պահին էլ դեռ ուժի մեջ են:
Անվիճելի է, որ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային և դիմակայության բոլոր հատվածներում վերոնշյալ զորքերի առկայության դեպքում, ինչի համար ՌԴ փոխարտգործնախարարի և համապատասխան այլ պաշտոնյաների կողմից հրապարակային կերպով պատրաստակամություն է հայտնվել, եղել են առաջարկներ, Ադրբեջանի կողմից այսօրվա ագրեսիան տեղի չէր ունենա, վիրավորներ չէինք ունենա, Սոթքի հանքավայրը կորցնելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային պատերազմի բռնկման ռիսկեր չէին առաջանա:
Մայիսի 11-ի առավոտյան ժամը 6-ից Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը շուրջ 7 ու կես ժամում հանդես է եկել արդեն 24 հայտարարությամբ, ինչը տարօրինակ է… Շատ վաղուց տեղեկատվության նման առատ հոսք չենք հիշում: Ինչի՞ մասին է հուշում այն, ինչի՞ մասին են հուշում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հրետանային և ականանետային միջոցներից բացված և երեկոյան դրությամբ դեռ շարունակվող կրակը:
Կատարվածը ծանր զինատեսակների օգտագործմամբ սահմանային իրավիճակի հերթական նշանակալի լարու՞մն է, որը կարող է դրվագային բնույթ ունենալ և որոշ ժամանակից ավարտվել: Նպատա՞կը… Բանակցություններից առաջ հոգեբանական ճնշում գործադրել մեր հասարակության վրա, որ երբ գա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու պահը, հնարավորինս շատ բնակավայրեր, մեծ տարածքներ պոկի Հայաստանից, և դա նույն հասարակության կողմից մեծ դիմադրության չարժանանա: Թե՞ Ադրբեջանն այս անգամ նպատակ ունի վերցնել մեր առաջնագիծը և ամբողջությամբ զավթել Սոթքի ոսկու հանքավայրը, որը, ի դեպ, արդեն վաճառել է բրիտանական մի ընկերության…
Իսկ գուցե կատարվածն ու դեռ շարունակվողն ԱՄՆ-ի, Արևմուտքի պահանջով իրականացված սադրա՞նք է՝ ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմ, այլև տարածաշրջանային մեծ պատերազմ սանձազերծելու, դրանում Ռուսաստանին և Թուրքիային ընդգրկելու, այսինքն՝ ՌԴ-ի համար այստեղ 2-րդ ճակատ բացելու հեռահար նպատակով… Կատարվածն ու դեռ շարունակվողը համարե՞լ այդ պատերազմի նախերգանքը… Այս և այլ հարցերի պատասխանը կտա միայն ժամանակը:
«ՊՆ» կոչվածն մայիսի 11-ի վաղ առավոտյան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ , որում մասնավորապես նշված է. «Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ» (ընդգծումը՝ մերը):
Մեկ ժամ անց դրան հաջորդեց մեր զինծառայողների վիրավորում ստանալու մասին առաջին հաղորդագրությունը . «Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ»:
Շուրջ 1 ժամ հետո հրապարակված մեկ այլ հայտարարությամբ տեղեկացվեց, որ «Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ»: Մոտ 3 ժամ հետո հայտնվեց , որ «Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության»:
«ՊՆ» կոչվածն առավոտյան իր հաղորդագրություններից մեկով հերքել է «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը»: Այնուհետև հերքել է «Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր», և նշել, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես ավելի վաղ հայտնել է, «իրանական անօդաչու թռչող սարքեր չկան»:
Թշնամին հրետանային և ականանետային միջոցներից Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ օրվա ընթացքում տարբեր ընդմիջումներով շարունակել է կրակը, Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ձեռնարկել են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ինչպես տեղեկացվեց երեկոյան, «Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Հայկական կողմը կորուստներ չունի»:
Ըստ «պաշտպանության նախարարություն» կոչվածի վերջին հաղորդագրություններից մեկի, «Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մանրամասները` https://livenews.am/press/2023/226805/11/23/25/?fbclid=IwAR1XkIoUOyxfJ2my-XuZYZv0WB5eKAp7DThnxCj2iIIu6yf01ryCixlXS7M