Հայտնի է, որ Կարինում տիրող համատարած բարոյալքության, դասալքության ու փախուստի դեմն առնելու համար Անդրանիկը մի խելահեղ ծրագիր էր հղացել:
Փորձեց միամտացնել հայ զինվորներին ու սպաներին, որպեսզի գոնե մի գիշեր էլ նրանք մնան քաղաքում, այն հույսով, որ թուրքերը կպաշարեն Կարինը, ու այդ պարագայում զորքին այլ բան չէր մնա, քան կռվելը:
Բայց դա էլ չստացվեց:
Խելագար փախուստի ընթացքում հայ զինվորը նույնիսկ կրակ բացեց իր ճամփան մեն մենակ փակել փորձող դժբախտ զորավարի վրա: Այս առիթով Լևոն Թութունջյանը նկատում է.
«Հայկական դիմադրությունները փախուստի հնարավորութենե զուրկ հանգամանքներու մեջ եղած են: Էրզրումի քաոսին ու փախուստին ատեն Անդրանիկ ծրագիր հղացած էր բերդաքաղաքը պաշարել տալ թուրք բանակեն՝ փախուստի ճամփա չձգելով հայոց:
Այն ատեն- կըսեր դյուցազնը,- մերինները առյուծներու պես կը կռվին:
Այդպես եղավ Սարդարապատի ճակատամարտին: Եվ այդ ալ նախատեսած էր Անդրանիկ, երբ Ալեքսանդրապոլի այն հիշատակելի գիշերը կըսեր Պարույր Լևոնյանին.
- Ժողովուրդը հավաքեցեք Լոռիի բարձունքը և Երևան»:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ