Մարդու (էլ չեմ ասում անհատի) բնավորություն – հատկանիշները, սովորությունները, նախասիրությունները, վարքն ու զսպումները ֆեյսբուքային իրականությունում ևս կռահելի են դառնում մի քանի գրառումներից, տարածած նյութերից, հավանումների թիրախից, ծավալից, ինտենսիվությունից կամ դրանց իսպառ բացակայությունից և այլն և այլն:
Վիրտուալ վերացարկումների մեջ մեկ բան հստակ է. այս տարածքի դռները թակած ու ներս մտած յուրաքանչյուր ոք արդեն նախընտրել է պայմանական ստվերից կամ լուսանցքից գալ՝ տեսանվել ֆեյսբուքի այսպես կոչված «ժողովրդավարական հանրապետությանը», որպես դրա քաղաքացի՝ ձայնի և ընտրության իրավունքով:
Բայց այդ իրավունքի իրացումը միշտ չէ, որ ուղեկցվում է ֆեյսբուքահնաբնակների կամ նորահայտ ակտիվիստների անվերապահ ընդունելությանը: Գոյություն ունեն, այսպես կոչված կլաններ, մանրումեծ խմբեր, թայֆա-մաֆիաներ, որոնք պատրաստ են ՛՛հոշոտել՛՛ իրենց արեալին քար նետած մեկին, թթու կամ տարբերվող կարծիք հնչեցրած մարդուն:
Կարճ ասած՝ այլակարծություն խթանող տիրույթը վերածվել է այլատյացության հարթակի: Եվ դրանում հանուր մեղքի բաժին կա՝ մեզնից յուրաքանչյուրիս մասով, մեզնից յուրաքանչյուրի թողտվությամբ կամ ընդհակառակը՝ արտոնման, հանդուրժումի բացարձակ ազատականությամբ:
Պարզ է, որ ֆեյսբուքը կամ ցանկացած սոցցանց մարդկային ամբողջական կերպարի քրեստոմատիկ ուղեցույց չէ, ուղիղ հայելի չէ, դրանում կամ դրանցում արտացոլված են տվյալ անձնավորության այս կամ այն դրևսորումները, որոնք բխում են նրա մարդկային տեսակից: Բայց այն, որ նույն այդ սոցցանցերը վաղուցիվեր դարձել են հազարաձայն խոսափող, ճշմարիտ, անհատական, առանձին խոսքը, գիրը, պատկերը, երգը հայտնվել են ամենակուլության, անտարբերության սպառնալիքի առջև...
Եվ ստացվել է, որ լուսանցքից դուրս գալու փոխարեն հայտնվել ենք տաքուսառի, թացուչորի, չարուբարու և մութուլուսի վիթխարի խառնարանում: Եվ ուրեմն, ավելի լավ է մնալ լուսանցքում, որը Լույսին առընթեր է, քան հորջորջել Լույսի մասին և կորցնել դրան կապող հիմնական առանցքը՝ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱՆՔն ՈՒ ՍԵՐԸ: Միմյանցով ու իրարով զարմանալու հատկությունը՝ առանց ամենագետի ու ամենաարդար Իմաստունի ծակոտկեն ֆեյսբուքաքղամիդով...