Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«У кого что болит, тот о том и говорит»

«У кого что болит, тот о том и говорит»
12.06.2012 | 01:01

ԳԱՂԱՓԱՐ ՉՈՒՆԻ, ԹԵ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Չինգիզ Գանիզադեն հայտարարել է, թե Հայաստանի ոստիկանության կողմից Facebook սոցիալական կայքի վերահսկողությունը հակաօրինական է:
Նա նաև նշել է, որ սոցիալական կայքերում շփումը բաց է, և այն չպետք է վերահսկեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քանի որ յուրաքանչյուրն իրավունք ունի իր միտքն արտահայտելու և կարծիքներ փոխանակելու: Չմոռանալով ավելացնել, որ դա հակասում է Եվրախորհրդի պահանջներին, նա, փաստորեն, շատ օրախնդիր հարց է բարձրացնում հենց Ադրբեջանի համար: Ռուսի ասած` «У кого что болит, тот о том и говорит»: Հայաստանի հասցեին էլ բան չէր մնացել ասելու, հիմա էլ այս ադրբեջանցին առանձնակի պաթոսով խոսում է հայաստանյան ինտերնետի մասին իրեն բնորոշ տգիտությամբ: Հիմա մանրամասն խոսենք այն մասին, թե ով իրականում խնդիրներ ունի Facebook-ի հետ:
Պարո՛ն Գանիզադե, մի՞թե մոռացել եք այս տարվա մարտին ադրբեջանական Գուբա քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները: Հետո պարզվեց, որ այդ անկարգությունների պատճառը սոցիալական կայքերի մի քանի օգտատերերի սադրանքներն են:
Ձեր իշխանություններին հաջողվեց վերահսկել իրավիճակը Գուբայում միայն ներքին զորքերի ստորաբաժանումների միջամտությամբ: Հետո ձեր ոստիկանությունը լծվեց ինտերնետային սադրիչներին հայտնաբերելու գործին: Ձեր փորձագետներն այս ամենից հետո ահազանգեցին, որ սա դեռ սկիզբն է, և պետք է էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը սոցիալական կայքերում:
Ադրբեջանում և հատկապես մեջլիսում վաղուց քննարկումներ են ծավալվել ինտերնետը սահմանափակելու վերաբերյալ: Ադրբեջանցի քաղաքագետ Փարվի Դարաբադին, մեկնաբանելով Ադրբեջանում ինտերնետը սահմանափակելու մասին հաղորդագրությունը, հիշեցնում է, որ այս հարցը վերջին տարիներին բարձրացվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև` ժողովրդավարական արժեքներից շարունակ խոսող արևմտյան երկրներում:
Իսկ Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Բախտիար Սադիգովը, կարևորելով զանգվածային լրատվամիջոցների աջակցությունը ինտերնետը սահմանափակելու նախաձեռնությանը, հայտարարել է. «Ադրբեջանը միշտ դեմ է եղել ահաբեկչությանը, զանգվածային անկարգություններին և մարդկանց նկատմամբ բռնություններին: Ինտերնետը սահմանափակելու մասին հարցը բազմիցս է քննարկվել լրատվամիջոցների խորհրդի հանդիպումներում: Ավելին, այդ հանդիպումներում հատուկ ընդգծվել է ինտերնետի մասին օրենք ընդունելու անհրաժեշտությունը, որը կօգներ սոցիալական կայքերում մեր քաղաքացիներին պաշտպանելու կողմնակալ մարդկանցից»:
Պատգամավորը նաև նշել է. «Facebook-ը և Twitter-ն այսօր իրենցից լուրջ սպառնալիք են ներկայացնում: Մենք դրանում համոզվեցինք մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած հեղաշրջումների և զանգվածային անկարգությունների օրինակներով: Այդ իսկ պատճառով Ադրբեջանում, ինչպես և Մեծ Բրիտանիայում, սոցիալական կայքերը պետք է սահմանափակվեն: Ես համարում եմ Մեծ Բրիտանիայի վարչապետի` երկրում սոցիալական կայքերը սահմանափակելու մասին որոշումը ճիշտ և ժամանակին արված քայլ: Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց և անկարգություններ էին իրականացնում` խաթարելով հասարակական անդորրը: Այդ ամենի պատճառը սոցիալական կայքերն էին»:
Ներկայացվածը միայն չնչին մասն է այն ահազանգերի, որոնք պարբերաբար հնչեցնում են ադրբեջանցի քաղաքական գործիչները: Ադրբեջանում «ֆեյսբուքաֆոբիան» հատկապես ուժեղացավ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո: Երկու մուսուլմանական երկրների ավտորիտար առաջնորդներն անզոր գտնվեցին համաշխարհային սարդոստայնի առջև: Իլհամ Ալիևն այս առումով բոլոր հիմքերն ունի անհանգստանալու և, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կանի ինտերնետն ամբողջովին վերահսկելու համար:
Միգուցե պարոն Գանիզադեին չէր խանգարի ավելի հաճախ լինել մեջլիսում և մասնակցել քննարկումներին: Տպավորությունն այնպիսին է, որ նա գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում, և ինչ քննարկումներ են ընթանում մեջլիսում: Կամ նա չգիտի, որ, բացի «պուպուշ» օգտատերերից, ինտերնետում վխտում են բազմաթիվ մոլագարներ, մանկապիղծներ, ահաբեկիչներ, սադրիչներ, լրտեսներ ու հանցագործներ, և ոստիկանության վերահսկողությունն ու ակտիվ ներկայությունը սոցիալական կայքերում անհրաժեշտ են ոչ միայն հանցագործներին գտնելու և բացահայտելու, այլև ազգային անվտանգության տեսանկյունից:

ՖՐԱՆԿԵՆՇՏԵՅՆԸ


Այն, թե ինչ դեր ունեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ինտերնետ-տիրույթում, առանձին հոդվածաշարի ընդգրկուն թեմա է: ՈՒստի հնարավորինս հակիրճ փորձեմ ներկայացնել, թե ինչպես են սոցիալական կայքերը դարձել քաղաքական զենք, և ովքեր են դրանց միջոցով եղանակ թելադրում:
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կառավարությունը միջազգային քաղաքականության մեջ ներկա դրությամբ առաջնորդվում է համալիր նորարարական մոտեցումով, ինչը ենթադրում է առաջին հերթին ինտերնետ-տեխնոլոգիաներով լրացված դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործում: Տարեցտարի սոցիալական կայքերը դառնում են հակակառավարական խմբերի ձևավորման հիմնական հենահարթակ:
Համարյա թե մեկ տասնյակ արաբական երկրների բնակիչները հանկարծ միաժամանակ գիտակցեցին և հասկացան, որ իշխանությունը թերի է իրականացնում իր պարտականությունները, և պետք է այն փոխել մեկ ուրիշով: Բոլորովին պատահական չէ, որ այդ արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները շատերն անվանեցին twitter-հեղափոխություններ, քանի որ անկարգությունները և ընդվզումները սկիզբ էին առնում սոցիալական կայքերում հնչող գործադուլ հայտարարելու և բողոքի ակցիաներ իրականացնելու կոչերից: Հատկապես հետաքրքրական է այն հանգամանքը, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընթրիք հրավիրեց, որտեղ նրա սեղանակիցներն էին խոշորագույն բարձրտեխնոլոգիական ընկերությունների` Facebook-ի, Google-ի, Twitter-ի, Yahoo-ի, NetFlix-ի, Oracle-ի ղեկավարները: Այդ «խորհրդավոր ընթրիքին» էին բերել նաև քաղցկեղից մահացող Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսին:
Եգիպտոսյան դեպքերում մեծ դեր ունեցան Facebook-ը, Twitter-ը և Blackberry Messenger-ը: Այդ ժամանակ էլեկտրոնային փոստի միջոցով տարածվում էր Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալման մանրակրկիտ պլանը` արբանյակային նկարներով, ճանապարհային սխեմաներով, գրոհելու ենթակա ստրատեգիական օբյեկտների նկարագրություններով:
Այս ամենը հիշեցնում է Մերի Շելլիի հայտնի ստեղծագործությունը` Վիկտոր Ֆրանկենշտեյնի մասին: Գիտաֆանտաստիկ այս պատմվածքում Վիկտորը մահացած մարդկանց մարմնի մասերից նոր մարդ է կենդանացնում: Սակայն, հասկանալով, որ իր ստեղծած մարդն իսկական հրեշ է` գիտնականը հրաժարվում է նրանից և լքում է այն քաղաքը, որտեղ ապրում և աշխատում էր: Անանուն հրեշը կարճ ժամանակ անց սկսում է հետապնդել իր արարչին:
Նույնը կարելի է ասել նաև սոցիալական կայքերի մասին: Վաղ թե ուշ դրանք դաժան կատակ են խաղալու վիրտուալ տիրույթի միջոցով իր քաղաքականությունը թելադրող ԱՄՆ-ի հետ:


Գրիշա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ