ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փլուզում

Փլուզում
24.07.2009 | 00:00

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
(սկիզբը` նախորդ համարում)
«Քվանտն» արտոնյալ էր նաև դրամաշնորհների ոլորտում: Այդ գործում նրան մեծապես օգնում էին իր աշակերտների նախարար, փոխնախարար, պատգամավոր ծնողները:
«Քվանտի» արտոնությունները դրանով չէին ավարտվում: 1994-ին Ռոբերտ Վարդանյանի լոբբինգի արդյունքում ԱԺ պատգամավոր, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանի և ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի աջակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որով վարժարանի սաներն իրավունք էին ստանում առանց ընդունելության քննությունների, միայն հարցազրույցով ընդունվել բուհերի ֆիզմաթ ֆակուլտետներ: Հիմնականում զորակոչային տարիքի հասած արական սեռի ներկայացուցիչների համար հարցազրույցով զինծառայությունից ազատվելը դարձավ գտնված հնարավորություն: Կառավարության հիշյալ որոշումն էապես նպաստեց դեպի «Քվանտ» աշակերտների ներհոսքին:
Ռոբերտ Վարդանյանի պատմությունը դրանով չի ավարտվում: Վստահ, որ իր մասնավոր դպրոցը հաղթահարել է կրթության տեղական բոլոր բարձունքները, Վարդանյանը որոշեց դուրս գալ միջազգային ասպարեզ` ստանալու համար միջազգային IB մակարդակ, ինչը հնարավորություն կտար «Քվանտի» շրջանավարտներին, հենց դպրոցում հավաքելով որոշակի միավորներ, ընդունվել աշխարհի այլ բուհեր: Սա կապույտ երազ էր ոչ միայն Վարդանյանի, այլև աշակերտների ազդեցիկ ծնողների համար, քանի որ միջազգային առաջատար բուհեր իրենց զավակներին խցկելու հնարավորություն էր առաջանալու, չնայած այսօր էլ միջազգային կրթությունը դարձել է հիմնականում պաշտոնատար անձանց զավակների մենաշնորհը: Ինչևէ:
Խնդիրն առաջադրված էր, և այն պետք էր լուծել, թեպետ տասը տարվա հնություն ունեցող վարժարանի ինտերնետային էջն անգամ չէր համապատասխանում ոչ միայն միջազգային, այլև տեղական չափորոշիչներին: Այսպես: Անդրադառնալով «Քվանտի» առավելություններին, ի մասնավորի` Աղավնաձորի ճամբարի կառուցմանը, http//www.quantum.am-ը ներկայացնում է. «Ահա թավ անտառների, քչքչան առվակների ու սառնորակ աղբյուրների, լեռնային զգլխիչ օդի այս փոքր համանվագը այսուհետ լինելու է «Քվանտինը»:
Վստահ, որ միջազգային մակարդակն ապահովված է, «Քվանտի» դրամաշնորհային ծրագրերից մեկի արդյունքում Երևան ժամանած միջազգային կրթական խորհրդատուներից մեկին` Կանադայի կրթական դեպարտամենտի ներկայացուցչին, ավելի քան մեկ ամիս իր տանը շահել-պահելով, Վարդանյանը որոշեց հայկական տարբերակով ձեռք բերել միջազգային IB մակարդակ: Սակայն կանադացին երախտամոռ գտնվեց, քանի որ ապշել էր դպրոցի ինքնակառավարման իսպառ բացակայությունից, երբ վարժարանի տնօրենն ամեն ինչ էր և զբաղվում էր ամեն ինչով` հոգնեցնելով մինչև անգամ պահակին: Կանադացին ապշել էր նաև ուսման վարձերի դիմաց վարժարանի խղճուկ պայմաններից` ծեփաթափ պատեր, զուգարաններ, անհրապույր միջանցքներ և դասասենյակներ, հնաոճ համակարգիչներ: Միջազգային չափորոշիչներին «Քվանտը» որևէ կերպ չէր համապատասխանում և ստիպված էր բավարարվել տեղական ձեռքբերումներով, մանավանդ որ տեղական մակարդակում իր առերևույթ պերճանքի ներքո հմտորեն թաքցնում էր վարժարանի իրական թշվառությունը:
«Քվանտի» աշխատակիցներից մեկը մի առիթով զարմանքով նկատեց, որ վարժարանի շրջանավարտները երբևէ չեն հիշում այն, չեն վերադառնում այնտեղ, չեն հիշում իրենց ուսուցիչներին, և, ըստ էության, պատանեկություն չունեցող մարդիկ են: Թերևս այն պատճառով, որ «Քվանտը» դպրոց չդարձավ, այլ վերածվեց կրկնուսուցարանի` սովորական սերտարանի: Այդ իսկ պատճառով էլ այն արտոնյալ է, քանի որ լիովին համապատասխանում է ՀՀ պետական կրթական քաղաքականության հիմքում դրված, սակայն չգրված մի քանի դրույթների. ա) բիզնես է, դրանով իսկ վերահսկելի է, բ) շահույթ է ապահովում և որոշ հարկատեսակներ է վճարում, գ) կատարելագործում է կրկնուսույցների ինստիտուտը և ապահովում նրանց աշխատանքով, դ) թույլ կարողություններով վճարունակ աշակերտներին հնարավորություն է տալիս բուհ ընդունվել, ե) չունենալով արժեքային համակարգ` դրանով չի վարակում իր սաներին` անվտանգ մնալով իշխանության համար:
«Քվանտի» տասնութամյա փորձը ցույց է տալիս, թե ինչպես է Հայաստանում ամրակայվում արտոնությունների և արտոնյալների համակարգը, սակայն ոչ թե որակյալ և լիարժեք կրթություն ստանալու, այլ կեղծ արժեքների և կեղծ փոփոխությունների, ավելի ճշգրիտ` իրական արժեքների և փոփոխությունների բացակայության պայմաններում: Կարևորը, որ գերխնդիրը` հանրակրթության ոչնչացումը, լուծվում էր, և «Քվանտը» գտնված խայծ էր դրա համար: Բնավ կարևոր չէր, որ փարթամ պերճանքի տակ թաքնված էր ոչ միայն «Քվանտի», այլև հայաստանյան մասնավոր դպրոցի ողջ համակարգի խեղճությունն ու թշվառությունը:
ԲՈՒՀԱԿԱՆ ՊՏՏԱՀՈՂՄ
Կրթության մասին ՀՀ օրենքի համաձայն` պետությունն ապահովում է կրթության շարունակականությունը և հաջորդականությունը, թեպետ միջնակարգ դպրոցից բուհ, բուհից ասպիրանտուրա անցումը Հայաստանում ի սկզբանե նմանվել է հոգեբանական, տեղեկատվական, անգամ քաղաքացիական պատերազմի: Այն գործընթացը, որը Հայաստանում ստացել է «բուհական ընդունելության քննություններ» միամիտ ձևակերպումը, իրականում նմանվում է հայկական հարցի` իր բարդությամբ և լուծման ուղիների որոնման անհեռանկարայնությամբ: Հայաստանյան ընդունելության քննությունները վկայում են հայ ժողովրդի ցածր ինքնակազմակերպական հատկությունների, կոռուպցիայի հունը փոխելու ձգտումների մասին: Սակայն այդ մասին` մեկ այլ առիթով:
Թաքնվելով կրթական բարեփոխումների թիկունքում` Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բուհական ոլորտը ենթարկեց վայրագ շուկայի կանոններին: Բուհերի ինքնաֆինանսավորման պահանջը, վճարովի կրթության անցումը իրենց հետ բերեցին բացառապես բացասական երևույթներ: Այս դեպքում ևս, ինչպես Երևանի քաղաքապետի դեպքում, գործում էր Ռոբերտ Քոչարյանի առաջադրած «փողի վրա նստած փո՞ղ եք ուզում» արատավոր սկզբունքը: Բուհական ոլորտը խոշոր բիզնեսի վերածելու մրցավազքը, վճարովի կրթական համակարգը խեղեցին կրթական բարեփոխումների գաղափարը, և բարձրագույն կրթությունը վերածվեց շնչասպառ երիվարի, որին հեծյալը ձիավարում է մտրակելով` առանց հանգիստ տալու և կերակրելու:
Մի կողմից` բուհական կրթությունը դարձավ խիստ մատչելի անգամ դպրոցում բավարար գիտելիքներ չունեցողների համար, մյուս կողմից` բուհերի ղեկավարները, պատճառաբանելով ֆինանսական խնդիրները, անվերջ ավելացնում էին վճարովի տեղերի քանակը, չնայած այն հանգամանքին, որ տվյալ բուհի լսարանները, տեխնիկական և շենքային պայմանները միայն խիստ որոշակի և սահմանափակ թվով ուսանողների համար էին նախատեսված: Բուհերի ղեկավարների մոտեցումն արդարացված էր թվում. բուհը պետք է աշխատավարձեր վճարեր, վերանորոգում և տեխնիկական վերազինում իրականացներ, միով բանիվ, բուհերը ծախսատար կառույցներ էին, և վճարովի տեղերը մասամբ փոխհատուցում էին այդ ծախսերը: Այսօրինակ անհեթեթ կրթական քաղաքականության հետևանքն այն եղավ, որ ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող Երևանի պետական համալսարանն այժմ Հայաստանի հիմնական հարկատուներից մեկն է:
Հիմնականում բարձր ուսման վճարների դիմաց ուսանողը, որպես կանոն, չի ստանում անհրաժեշտ կրթություն: Չի ստանում, քանի որ չի ցանկանում սովորել: Անբավարար առաջադիմություն և սակավ հաճախումներ ունեցող ուսանողներին բուհից հեռացնելն ընկալվում է որպես ողբերգական իրողություն, քանի որ նրանց հեռացման հետ բուհը զրկվում է որոշակի գումարից: Արդյունքում` ցածր առաջադիմություն ունեցող ուսանողները բնավ չեն մտահոգվում հեռացման հեռանկարից, քանի որ վստահ են, որ բուհը տուժելու է նույնքան, որքան իրենք։ Աբսուրդը հասնում է այնտեղ, որ ոչ վճարունակ ուսանողը բուհական դասաժամերն անցկացնում է ոչ թե բուհում, այլ աշխատավայրում` ուսման վարձավճարն ապահովելու համար: Իրավիճակը, ոչ էական տարբերություններով, նույնն է հայաստանյան բոլոր պետական բուհերում: Իսկ ոչ պետական բուհերի բացարձակ մեծամասնությունը հեռու է բարձրագույն կրթության չափորոշիչներից:
Սակայն անհեթեթությունների շղթան դրանով չի ավարտվում, քանի որ ողջ բուհական միջավայրը ներառված է այն նույն արատավոր շղթայի մեջ, որում հայտնվել է Հայաստանի հասարակությունը:
Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներն աստիճանաբար հանգեցնում են նրան, որ արժեզրկվում և անկարևոր են դառնում կրթությունը, գիտելիքը, և շարունակում է առաջնային մնալ բուհական ավարտական վկայականի ձեռքբերումը` դիպլոմը: Սակայն Հայաստանի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ գիտական միջավայրին այդ խնդիրներն առանձնապես չեն մտահոգում: Բուհական կրթությունը, գիտական կոչումների ձեռքբերումը Հայաստանի աշխատաշուկայի հետ գրեթե առնչություններ չունեն:
Իրավիճակն անփոփոխ մնաց թե՛ 2004 թվականին, երբ Հայաստանի բուհական ոլորտն անցում կատարեց երկփուլ համակարգի` բակալավրիատի և մագիստրատուրայի, թե՛ 2005-ին` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալուց հետո: Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալը հիմնավորվում էր հայաստանյան դիպլոմները եվրոպական երկրներում ճանաչելու հանգամանքով: Սակայն դրանք շարունակում են չճանաչված և չընդունված մնալ Եվրոպայում: Բոլոնիայի գործընթացը, բուհերում կրեդիտային համակարգի ներդրումը փոխեցին բուհական կրթական մեխանիզմները, սակայն ոչ կրթության բովանդակությունը: Մինչդեռ չեն կարող արդյունավետ աշխատել մեխանիզմներն այնտեղ, ուր բացակայում է բովանդակությունը: Ինչպես չի կարող բովանդակություն լինել այնտեղ, ուր չկա նպաստավոր մթնոլորտ:
Այսպես սկսեց փլուզվել նախ և առաջ հումանիտար ոլորտը, իսկ նոր ժամանակների բերած մասնագիտությունները (լրագրություն, միջազգայնագիտություն, քաղաքագիտություն և այլն) եթե կայացան էլ, ապա բուհական ֆակուլտետներից դուրս, թեպետ ուսումնական ծրագրերի մեջ փոփոխություններ և նորամուծություններ եղան: Մինչդեռ հումանիտար ոլորտը զուտ տեսական-գիտական նշանակություն չունի, այդ ոլորտի հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է հումանիտար արժեքների նկատմամբ պետության վերաբերմունքով: Հումանիտար ոլորտը բարձրագույն արժեքների` ազատության, մարդասիրության, երկրի քաղաքացու ձևավորման դպրոց է և ի ցույց է դնում այն ճանապարհը, որով ընթանում են հասարակությունն ու պետությունը:
Միանգամայն օրինաչափ էր, որ Հայաստանում հումանիտար արժեքային համակարգի ոչնչացման հետ փլուզվում էր նաև հումանիտար ոլորտը:
ԿՐԹԱԿԱՆ ՀԵՂԵՂԱՏՆԵՐ
Երբ այս տարվա մարտ ամսին «Միասին» երիտասարդական շարժումն իրականացրեց «կաշառակեր դասախոսներ» աղմկահարույց ակցիան, բուհական համակարգում շատերն ընդվզեցին կամ անհանգստացան: Սակայն տարօրինակն այն էր (թեպետ հայաստանյան միջավայրում` օրինաչափ), որ գերխնդիրն անտեսած (ինչո՞ւ են երիտասարդները որոշել նման ակցիա կազմակերպել), շատերն սկսեցին փնտրել անկարևոր հանգամանքներ` ո՞վ, որտե՞ղ, ինչո՞ւ, ո՞ւմ դրդմամբ, ո՞ւմ դեմ էր կազմակերպվել այդ ակցիան: Ակցիան դատափետողները հարմար ձևակերպում էին գտել` այս մեթոդներով չեն պայքարում կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Օրինաչափ հարց է առաջանում` իսկ ո՞ր մեթոդներով են պայքարում, երբ կոռուպցիան շարունակում է մնալ հայաստանյան կրթական համակարգի այն աղետաբեր պտտահողմը, որն իր պտույտների մեջ է առել ողջ համակարգը` ավերելով այն: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն Պիղատոսի պես ձեռքերը պարզապես լվացել է, այլև հենց ինքն է կոռուպցիոն ռիսկերի համար պարարտ հող ստեղծում:
Հայաստանյան կրթական համակարգի փլուզումն անհնար է կանխել, քանի դեռ կոռուպցիայի, կաշառակերության, հովանավորչության, արտոնությունների առատ տեղումների առջև հզոր ամբարտակներ չեն կառուցվել: Այդ տեղումները կարող են փոթորկի վերածվել, քանի դեռ հումանիտար արժեքային համակարգը չի դրվել կրթության զարգացման հիմքում: Մնացյալ խնդիրները, որոնք առնչվում են ուսումնական գործընթացին ու ծրագրերին, կրթության ոլորտի պատասխանատուներին, ուսուցչական, դասախոսական կադրերին, պետության կողմից միջազգային բարձր կրթական չափանիշներին համապատասխանող մի քանի բուհերի ամբողջական պետական ֆինանսավորմամբ դրանցում բացառապես անվճար ուսուցման ապահովմանը և այլն, հնարավոր է լուծել միայն կրթության նոր հայեցակարգի ընդունումից հետո:
Կրթական համակարգի ամբողջական փլուզումն անհնար է կանխել, եթե աղետաբեր փոթորկի առջև հզոր ամբարտակներ չկառուցվեն:

Դիտվել է՝ 2915

Մեկնաբանություններ