ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վարչապետն ականջալուր եղավ

Վարչապետն ականջալուր եղավ
04.08.2009 | 00:00

ԱՆՎՏԱՆԳ ՍՆՈՒՆԴ
Փոքր և միջին բիզնեսում սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական տեսչության ստուգումները կրկին վերականգնվել են, ճիշտ է, որոշ վերապահումով։ Հիշեցնենք` կառավարության որոշմամբ այն կասեցված էր մինչև 2010 թիվը` ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելու անհրաժեշտությամբ։
«Իրավունքը de facto»-ի թիվ 48-ում անդրադառնալով այս թեմային` առաջարկել էինք վերականգնել սննդի արտադրության ոլորտում իրականացվող ստուգումները, քանի որ սննդի անվտանգության ապահովումն առաջին հերթին բխում է բնակչության առողջության պահպանման ռազմավարական խնդրից։ Ի դեպ, նյութին զուգահեռ ՀՀ գյուղնախարարությունը ևս դիմել էր վարչապետին նույն խնդրով։ Պարզվում է, միշտ չէ, որ մամուլին ականջալուր չեն լինում, կամ էլ իսկապես վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքի տերն է և օբյեկտիվ հարցադրումների դեպքում լուծումներ է գտնում։ Այսպես, կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններում կարող է ստուգումներ անցկացնել վարչապետի թույլտվությամբ։ Մեխանիզմը պարզ է. անհրաժեշտության (ահազանգերի, կասկածների, նախկինում հայտնաբերված խախտումների) դեպքում նախարարությունը ստուգում իրականացնելու նպատակով գրավոր դիմում է վարչապետին` թույլտվություն ստանալու համար։ Նշենք, որ արդեն իսկ երեք ընկերություններում` «Մուշ» ՍՊԸ-ում, որն արտադրում է երշիկեղեն, Բյուրեղավանի «Բյուրակն» ՍՊԸ-ում (մասնագիտացված է ոչ ոգելից խմիչքների արտադրության գծով) և Երևանի «Վիվա Կարապետյաններ» ՍՊԸ-ում, որն արտադրում է սառը ըմպելիքներ` սուրճ, թեյ, թան և այլն, ստուգումներ են իրականացվել։ Հուլիսի 29-ից ստուգումներ են անցկացվում «Արզնի կաթ» ընկերությունում։ «Նշված երեք ստուգումներն էլ իրականացվել են` հաշվի առնելով մայիսին (մինչև կառավարության հայտնի որոշումը) իրականացված ծրագրային ուսումնասիրությունների արդյունքները։ Ծրագրային ուսումնասիրությունների ժամանակ փորձաքննության ենթարկված նմուշները բացասական էին։ Նույն ընկերություններում օրերս իրականացվեցին հետագծելիությունը որոշող ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվեցին մի շարք խախտումներ։ Դրա հետևանքով «Մուշ» և «Բյուրակն» ընկերությունները տուգանվեցին 300000-ական դրամով, իսկ «Վիվա Կարապետյաններ» ընկերությունը` 200 հազար դրամով։ Բացի տուգանքներից, կիրառվել են նաև այլ պատժամիջոցներ, մասնավորապես, երեք ընկերություններում էլ կասեցվեցին օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրական գործընթացներն ու իրացումը։ «Նշված ստուգումներից անցել է արդեն 15-20 օր, և մեր կողմից կրկին իրականացված ուսումնասիրությունները փաստեցին, որ հայտնաբերված խախտումները լիովին վերացված են, ուստի, նախարարի որոշմամբ, արգելանքներն ու կասեցումները հանված են», - մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության իրավական ապահովման ու տեղեկատվության բաժնի պետ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ