ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վերածվել են անհատույց արտահանվող «ապրանքի»

Վերածվել են անհատույց արտահանվող «ապրանքի»
21.07.2009 | 00:00

ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ
ԹԱԼԱՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Աշխարհի չորս ծագերում մրցելույթներ են ունենում տարբեր երկրներում բնակություն հաստատած հայ բռնցքամարտիկները։ Նրանց մենամարտերին մեծ հուզմունքով է հետևում մեր մարզասերը։ Հաճախ անքուն գիշերներ է անցկացնում հեռուստաէկրանի առջև, որպեսզի «օգնի» նրանցից մեկին ու հերթական հաղթանակը համարի նաև իրենը։ Իսկ ովքե՞ր են այդ մարզիկները, որ ելույթ են ունենում այլոց դրոշների ներքո։ Արժե՞ նրանց հաղթանակով այդքան ոգևորվել։ Իհարկե, արժե, քանզի նրանք Հայաստանում ծնված մարդիկ են, մեր հայրենակիցները, Հայաստանի նախկին մարզիկներ։ ՈՒրախանում ենք, որ աշխարհի չեմպիոններ են դարձել Վիկ (Վախթանգ) Դարչինյանը, Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան)։ Եվրոպական պրոֆեսիոնալ ռինգում եղանակ են ստեղծում Ալեքսանդր Աբրահամը (Աբրահամյան), Խորեն Գևորը (Ավետիսյան), Համլետ Պետրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը, Արմեն Խաչատրյանը, Մհեր Մկրտչյանը և էլի շատերը։ Ինչպես ասացինք, նրանք բոլորը մարզաձևի հայկական դպրոցի սաներ են, քրտնել են ու նաև քրտինք քամել Հայաստանի մարզիչներից, պարապել են մեր երկրի մարզադահլիճներում, օգտվել մարզոցներից, պետության միջոցներով մասնակցել են ներքին և արտագնա մրցումների, ուսումնամարզական հավաքների։ Կարճ ասած, որպես բռնցքամարտիկ հմտացել ու առնականացել են հայրենիքում։ Միայն թե նրանց հաղթանակի պտուղները վայելում են օտար պետությունները։ Ավելին, մեր շատ վարպետներ, այլադավան, այլազգի կառավարիչների խորհրդով, մականուններով են կնքվում, ընդունում ուրիշ երկրների քաղաքացիություն ու, փաստորեն, դառնում մեզ օտար։ Ցավալի է, որ երկրից հեռացածներն իրականում անհատույց արտահանված «ապրանքի» են վերածվել։ Ասել կուզե, մեր երկիրը, մեր պետական ու հասարակական մարզական կառույցները, դրանց թվում` բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիան գնորդներից դրամական հատուցում չեն ստանում։ Ինչո՞ւ։ Հարցը թող ծանրանա մեկնածների խղճին։
Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ
Մեր նախկին սաների մենամարտերի ընթացքում շատ ենք հուզվում։ Բայց մրցավարտից հետո ակամա հարց է ծագում` ի՞նչ տարբերություն նախկին հայաստանցիների և, ասենք, ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասու միջև։ Կամ` չարժե՞ ավելի շատ հպարտանալ մականուն չունեցող արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանով։ Հավելենք, որ Դավթի մայրը ոչ թե հայուհի է, այլ իտալուհի։ Ըստ էության, ամենևին պարտադիր չէ այլ անունով կնքվել։ Օրինակ, Տաշքենդում ծնված 1987 թվականի ԽՍՀՄ չեմպիոն Արթուր Գրիգորյանը։ Նա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տեղափոխվեց Գերմանիա, որտեղ անդամագրվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոցին, և Գրիգորյան ազգանունը պահպանելով, բազմիցս նվաճեց աշխարհի չեմպիոնի բարձր կոչումը։ Հիշատակենք նաև հարյուրավորներից մեկի` վրացի Կոբա Գոգոլաձեի անունը, ով դեռ 2006-ին դարձավ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) վարկածով աշխարհի չեմպիոն։ ՈՒրեմն` հնարավոր է առաջինը դառնալ նաև օտարամոլ չլինելով, քանզի միշտ էլ հաղթում է ուժեղը, իսկ մականունը միայն արմատից կտրվելու միջոց է։
ԵՌԱԳՈՒՅՆԸ` ԽԱ՞ՅԾ
Արտահոսքի պատճառով Հայաստանի բնակչության թիվը նվազում է։ Հասկանալի է` պակասում է բռնցքամարտով զբաղվող տղաների թիվը։ Շատերը, մի քանի տարի մարզվելուց հետո, տեղափոխվում են մեզանում սնկի պես աճած արևելյան մարտարվեստների դպրոցներ։ Եվ այս դեպքում տուժում է տղաների վարպետությունը, ընդհանուր առմամբ, հրաշալի ավանդույթներով հարուստ Հայաստանի բռնցքամարտը։ Այսքանով հանդերձ, մեր բազում ԶԼՄ-ները զարմանալի հրճվանքով աղաղակում են, թե հայ «պրոֆիների» հաղթանակները մեծապես նպաստում են մարզաձևի հայրենական դպրոցի առաջընթացին։
Ինչպե՞ս, ինչո՞վ։ Նախ` հաղթողները հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո, և մեր (ուշադրություն դարձրեք հատկապես այս հանգամանքին) եռագույնն այդ համապատկերի կցորդն է լոկ. այն ավելի շատ հայ մարզասերին հրապուրելու, նրան դահլիճ բերելու նպատակ է հետապնդում։ Մարդիկ գնում, իրենց համար փող են աշխատում (թող աշխատեն), բայց թող հեռանան, երբ այլևս անելիք չեն ունենա հայկական բռնցքամարտի սիրողական ռինգում, երբ տարիքը կառնեն։ Իրականում մեկնում են ուժերի ծաղկուն շրջանում` թուլացնելով մեր հավաքականը։ ՈՒրեմն` խաբկանք է մեր բռնցքամարտին նպաստելու մտայնությունը։
Ցավում ենք հեռացած մեր զավակների համար։ Միաժամանակ նրանց հաղթանակ ենք մաղթում։ Իսկ հաղթողները... Նրանք երբեմն զարմացնում են իրենց տրամաբանությամբ ու պահվածքով։ Երկրից տարբեր ճանապարհներով հեռացած որոշ վարպետներ Հայաստանում կազմակերպած ասուլիսներում վրդովմունք են հայտնում բռնցքամարտի և, ընդհանրապես, հայրենի մարզաշխարհի ներկայացուցիչներից ու լրագրողներից լոկ այն բանի համար, որ «Զվարթնոց» օդանավակայան չեն գնում, փառքի դափնեպսակներով չեն դիմավորում իրենց։ Անգամ այնքան ծայրահեղ են դարձել, որ կամեցել են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկների ցանկում հայտնվել, ավելին` ճանաչվել առաջինը։ Բայց ինչո՞ւ, հանուն այն բանի՞, որ բարձր են պահում ուրիշ երկրների մարզական պատիվը։ Այնուամենայնիվ, նրանց «Զվարթնոցում» դիմավորում են, ընդունում են երկրի բարձրագույն պաշտոնյաները, մարզական բարձրագույն պարգևներ են հանձնում, մեծարում են, հրավիրում հեռուստաեթերներ... Զավեշտ է, բայց, ասենք, որ իշխանավորները չեն էլ գիտակցում իրենց ասելիքը և մեծարանքի խոսքում նշում են, որ «պրոֆիները» բարձր են պահում մեր երկրի ու ազգի պատիվը, հնչեցնում են հայոց օրհներգը, ծածանում մեր դրոշը։ Աններելի է, մանավանդ որ մարզասերն ամեն բան հասկանում ու հեգնում է այս կարգի, ես կասեի` տարրական հարցերի չիմացությունը։
Ի դեպ, ՈՒկրաինան ներկայացնող Կլիչկո եղբայրները պաշտպանում են իրենց երկրի մարզական պատիվը, հենց ՈՒկրաինայի դրոշն են ծածանում աշխարհի արհեստավարժների մրցասպարեզներում։ Էլ չենք խոսում այդ մարզիկների ազգանվեր բազմաթիվ գործերի մասին, որոնցով հպարտանում են նրանց հայրենակիցները։ Նրանք մականունավոր չեն (Կլիչկոները ոչ մի «կլիչկա» չունեն), անունն ու ազգանունն էլ չեն աղավաղել, թեև եվրոպացիները հեշտությամբ չեն արտաբերում դրանք (Կլիչկո եղբայրները, ընդհանրապես, ինքնագիտակցության անհրաժեշտ պաշարով են օժտված)։
Համեմատելու եզրեր կա՞ն։
Ալբերտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. -
Հաճույքով ենք նշում, որ ՀՀ վաստակավոր մարզիչ, վանաձորցի Վազգեն Բադալյանի աշակերտ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանն իր վերջին մենամարտում պաշտպանում էր Հայաստանի մարզական պատիվը և ծածանում էր հայոց եռագույնը։ Հուսանք, որ նրա օրինակը վարակիչ կլինի մեր մյուս «պանդուխտ» պրոֆեսիոնալների համար։
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ- «Իրավունքը de facto»-ն, չկիսելով հանդերձ հեղինակի տեսակետը, այդուհանդերձ, հավատարիմ է մնում ազատ ամբիոն լինելու իր կոչմանը և ընթերցողի դատին է հանձնում սույն հրապարակումը` սպասելով ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ» արձագանքների։

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ