ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սուրբ Գրքի հիմնական բովանդակությունը

Սուրբ Գրքի հիմնական բովանդակությունը
16.06.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Քննեցեք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39):

Աստվածաշունչ Մատյանը, բազմաժանր ու տարաբնույթ գրքերի ժողովածու լինելով հանդերձ, արծարծված թեմաների հարստությամբ ու բազմառարկայնությամբ մեր առջև հառնում է իբրև բովանդակությամբ կուռ և միասնական ամբողջություն, որն արդյունք է միևնույն մեսիական գաղափարի հետևողական զարգացման: Առանց քրիստոնեական ուղղափառ տեսակետի այս ըմբռնման` սրբազան պատմության նույնիսկ կարևորագույն անցքերն ու իրողությունները դժվար հասկանալի, մինչև իսկ անըմբռնելի են` սահմանափակված տեղի ու ժամանակի մեջ, մինչդեռ նրանք տիեզերական և համամարդկային խորհուրդ ունեն և բոլոր ազգերի ու սերունդների համար են:
Այլ կերպ ասած` Աստվածաշունչ գրքերի հիմնական, կենտրոնական գաղափարը, որի շուրջ համախմբված են բոլոր մնացածները, որը նրանց իմաստ և ուժ է հաղորդում, և առանց որի անհնարին կլիներ Ս. Գրքի միասնությունն ու գեղեցկությունը, Մեսիայի` Հիսուս Քրիստոսի` Աստծու Որդու մասին վարդապետությունն է: Իբրև Հին Կտակարանի ակնկալիքների կրող, իբրև բովանդակ Նոր Կտակարանի ալֆա և օմեգա, Հիսուս Քրիստոս, ըստ առաքյալի, այն անկյունաքարն է, որի հիմքի վրա, առաքյալների ու մարգարեների միջոցով, կառուցված է մեր փրկության կառույցը (Եփես., 2.20): Հիսուս Քրիստոս երկու կտակարանների խնդրո առարկան է` Հնում` որպես նրա ակնկալիք, Նորում` որպես այդ հույսի իրականացում, իսկ երկուսը միասին իրենցից ներկայացնում են միասնական, ներքին, անխորտակելի ամբողջություն:
Այս բոլորը կարելի է բացահայտել և հաստատել մի շարք արտաքին ու ներքին ապացույցներով: Արտաքին ապացույցների թվին են պատկանում մեր Տիրոջ վկայություններն Իր իսկ մասին, Նրա առաքյալների վկայակոչումներն ու հուդայական և քրիստոնեական ավանդույթները:
Դիմակազերծելով հրեա դպիրների ու փարիսեցիների անհավատությունն ու խստասրտությունը` Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, բազմիցս վկայակոչել է «Օրենքի և մարգարեների», այսինքն` հինկտակարանյան բոլոր գրվածքների վկայություններն Իր մասին: «Քննեցե´ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. 5.39), «որովհետև, եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք այդ դեպքում ուրեմն և Ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել (Հովհ. 5.46). ահա´, օրինակ, այդ խոսքերից մեկը, որ Տերն ուղղում է կույր օրենսգետներին Ոչխարի ավազանում անդամալույծին հրաշքով բուժելուց հետո: Տերն այս ճշմարտությունն ավելի հստակ ու հանգամանալից է բացահայտում Իր աշակերտներին, երբ հարություն առնելուց հետո հայտնվում է նրանց, ինչպես այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից` մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված էր Իր մասին բոլոր գրքերում. «Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե` պետք է կատարվի այն ամենը, որ գրված է Իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեների մեջ և սաղմոսներում» (Ղուկ. 24,27,44): Բացի այս ընդհանուր բնույթի հայտարարություններից, Տերը քանիցս մատնանշում է նաև հինկտակարանյան նախօրինակների և մարգարեությունների մասնավոր դեպքերը, որոնք առնչվում են Նրա կյանքին, վարդապետությանը, խաչի վրա կրած չարչարանքներին ու մահվանը: Այսպես, օրինակ, Նա նշում է անապատում Մովսեսի բարձրացրած պղնձե օձի նախօրինակային նշանակությունը (Հովհ. 3,14), մատնանշում Եսայու մարգարեության կատարման վերաբերյալ «Տիրոջ ընդունելի տարի հռչակելու» մասին (Ղուկ. 4,17-21, հմմտ. Եսայի, 61.1-2), խոսում Իր քավչարար զոհաբերությանը վերաբերող բոլոր հին մարգարեությունների մասին (Մատթ. 26.54, Ղուկ., 22.37) և նույնիսկ խաչելության պահին, տառապանքների մեջ, արտասանում Իր շատ սրտառուչ և վեհասքանչ «Ամեն ինչ կատարվեց» (Հովհ. 19.30) խոսքը` դրանով իսկ հասկանալ տալով, որ կատարվեց այն ամենը, ինչը կանխանշված էր հնուց ի վեր. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով» (Եբր. 1.1):
Իրենց աստվածային ուսուցչի նման` ավետարանիչներն անդադրում հղումներ էին անում Հին կտակարանից` լիաձեռն քաղելով մեսիական գանձերի հարստությունից և դրանով իսկ հաստատելով երկու կտակարանների կատարյալ ներդաշնակությունը` միավորված Մեսիայի անձի` Հիսուս Քրիստոսի շուրջ:
Նվազ հաճախ չեն վկայակոչում հինկտակարանյան գրքերը նաև մյուս նորկտակարանյան հեղինակները` Գործք Առաքելոցից մինչև Հայտնություն, ովքեր դրանով իսկ հաստատում են նրանց ներքին սերտ կապը Նոր Կտակարանի հետ: Հնարավորություն չունենալով այստեղ հիշատակել բոլոր որոշակի և հստակ հղումները, բերենք առավել հատկանշական մի քանի օրինակներ. Պետրոս առաքյալի երկու խոսքերը` մեկը` Սուրբ Հոգու հեղումից հետո, մյուսը` ի ծնե կաղի բժշկումից հետո, որոնք նկարագրվում են Գործքի 2-րդ և 3-րդ գլուխներում և լի են հինկտակարանյան մեջբերումներով (Հովել-Գործք, 2.16-21, Դավիթ, 2.25-28, 34-35, Մովսես 3.22-23): Հատկապես նշանակալից է վերջին խոսքի ավարտը. «Եվ Սամուելից սկսած` բոլոր մարգարեներն էլ, որ խոսեցին, պատմեցին նաև այս օրերի մասին» (Գործք 3.24): Այս առումով նվազ նշանակալից չէ նաև Ստեփանոս Նախավկայի խոսքը, ուր հակիրճ ձևով ներկայացվում է հրեաների Մեսիա-Քրիստոսին ընդունելու նախապատրաստության բովանդակ հինկտակարանյան պատմությունը (Գործք 7.2-53): Նույն այդ գիրքը պարունակում է բյուրավոր այլ նմանօրինակ վկայություններ. «Եվ մենք ձեզ ավետում ենք այն խոստումը, որ արված էր մեր հայրերին, և Աստված նույնը կատարեց մեզ` նրանց որդիների համար` հարություն տալով Հիսուսին» (3.32): Առաքյալներն ասում էին. «Վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բանից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին» (Գործք, 26.22): Մի խոսքով` առաքյալների բովանդակ վարդապետությունը նորկտակարանյան Աստծու արքայության մասին առավելապես հանգեցվում էր այն բանին, որ «նրանց» համոզում էր Հիսուսի մասին` վկայություն բերելով Մովսեսի օրենքից և մարգարեներից (Գործք 28.23):
Սուրբ առաքյալների թղթերում ընդգծված հինկտակարանյան իրադարձությունների և մարգարեությունների հետ աղերսներ հաստատող բազմաթիվ նորկտակարանյան վկայակոչումներից բերենք մի քանի օրինակ միայն Պողոս առաքյալից: Նշենք, որ Պողոս առաքյալը (մինչ դարձի գալը` Սողոս) նախկինում փարիսեցի էր` նախանձախնդիր հայրերի ավանդությանն ու հինկտակարանյան օրենքի հմուտ գիտակ: Եվ այս առաքյալն ասում է. «Արդարև, Քրիստոսն է օրենքի վախճանը բոլոր հավատացյալների արդարացման համար» (Հռոմ. 10.4), և որ «օրենքը դաստիարակ եղավ` մեզ Քրիստոս Հիսուսին բերելու», և որ հավատացյալները «կառուցված [են] առաքյալների ու մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է» (Եփես. 2.20), որ հինկտակարանյան բոլոր օրինակները «որպես խրատ գրվեցին մեզ համար» (Ա Կորնթ. 10.11), որ բովանդակ Հին Կտակարանը` իր բոլոր կրոնական արարողություններով ու պաշտամունքով հանդերձ միմիայն «գալիք բաների ստվերներ են. բուն մարմինը Քրիստոսն է», «Արդարև, գալիք բարիքների ստվերն էր օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր., 10.1) և որ, վերջապես, մեր փրկագործության բովանդակ պատմության հիմքը Ինքը` Հիսուս Քրիստոսն է «երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13.8):
Անդրադառնալով ներքին ապացույցներին, այսինքն` սրբազան գրքերի բուն բովանդակությանը, մենք վերջնականապես համոզվում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է կազմում բովանդակ Աստվածաշնչի առանցքն ու կենտրոնական գաղափարը: Այս մեծ գիրքը` գրված բազմաթիվ ու բազմազան հեղինակների կողմից, որոնց միջև բավական մեծ ժամանակահատվածներ են ընկած, և որոնք կրել են ամենատարբեր քաղաքակրթությունների ազդեցությունները, միաժամանակ իրենից մի արտակարգ միասնություն ու զարմանահրաշ ամբողջականություն է ներկայացնում, որն առավելապես արդյունք է, ինչպես արդեն վերը նշել ենք, նրանում միևնույն մեսիական գաղափարի աստիճանական զարգացման: «Նոր Կտակարանն անթեղված է Հնում, Հինը բացահայտվում է Նորում», ասում էին սուրբ Օգոստինոսի խոսքը վկայակոչող միջնադարյան աստվածաբանները:
Այն, որ Հիսուս Քրիստոս և Նրա առաքելությունը կազմում են բոլոր նորկտակարանյան գրքերի միակ թեման, ինքնին ակնհայտ է և ապացույցների կարիքը չունի: Իսկ այն, որ բովանդակ նորկտակարանյան պատմությունը հիմնված է հինկտակարանյանի վրա, միգուցե այնքան էլ ակնհայտ չէ: Եվ, այնուամենայնիվ, սա նույնպես կասկածների տեղիք չի տալիս. հապացույց այս բանի` բավական է վկայակոչել Քրիստոսի երկու ավետարանական ազգաբանությունները, որոնցում համառոտագրված է բովանդակ հինկտակարանյան պատմությունը` խոստացված Մեսիա-Քրիստոսի անձի առնչությամբ (Մատթ. 1.1-16, Ղուկ., 3.23-37):
Սակայն մենք ի զորու ենք հետամուտ լինելու մեսիական գաղափարի զարգացմանը նաև Հին Կտակարանում: Տակավին դրախտում մեղանչած նախածնողներին Փրկչի մասին տված խոստումը հինկտակարանյան մեսիական մարգարեությունների չընդհատվող շղթայի առաջին օղակը դարձավ` սկսած Ադամից մինչև Զաքարիան` Հովհաննես Մկրտչի հայրը: Այդ իսկ պատճառով այն կոչվում է «Նախաավետարան» (Ծննդ., 3.15): Նոյից սկսած` այս խոստումը սահմանվում է առավել ճշգրտորեն. կնոջ սերունդ են կոչվում Սեմի զավակները, որոնց և վերագրվում է փրկության պատմությունը (Ծննդ., 9.26): Այս շրջանակն է´լ ավելի է նեղանում Աբրահամի ժամանակաշրջանից ի վեր, ով աստվածընտրյալ հրեական ժողովրդի հայրն էր, և ում Շառավղին է (այսինքն` Հիսուս Քրիստոսին, ըստ Պողոս առաքյալի մեկնության, Գաղ., 3.16) վերագրվում նաև մնացյալ ազգերի փրկությունը (Ծննդ., 12.3, 18.18): Հետագայում Աբրահամի ժառանգներից առանձնացավ Հակոբի տոհմը (Ծննդ., 27.27), իսկ ավելի ուշ ինքը` Հակոբը, մարգարեաբար առանձնահատուկ կերպով օրհնում է իր որդի Հուդային (Ծննդ., 49.8-12): Իսկ ժամանակի առաջընթացի համեմատ ավելի ճշգրիտ ու հաճախ էին սահմանվում մեսիական ծառայության զանազան պահերը, այսպես, Բաղաամ մարգարեն խոսում է Նրա արքայական իշխանության մասին (Թվոց, 24.17), Մովսեսը` Նրա եռակի` թագավորական, քահանայապետական և մարգարեական պաշտոնների մասին (Բ Օր., 18.18-19), մյուսները` Դավթի թագավորական տոհմից մեսիայի սերվելու մասին (Բ Թագ., 7.12-14), Նրա` Բեթղեհեմում ծնվելու մասին (Միք., 5.2), կույս մորից ծնվելու մասին (Ես., 7.14), Նրա` Երուսաղեմի Տաճար հանդիսավոր մուտքի մասին (Մաղ., 3.1), Նրա խաչելության, չարչարանքների ու մահվան զանազան ու նույնիսկ աննշան հանգամանքների մասին (Ես., 53-րդ գլուխը, Սաղմ., 21.17-19, 39.7-9, 40.9-10, 68.22, Զաք.,11.12 և այլն), Նրա փառավոր հարության մասին (Եսայի, 53.9-12, Սաղմ., 15.10, 19.6-7, 40.11), Նրա շնորհաբեր արքայության գալստի մասին (Սաղմ., 21.28-32, 44.7, 14-17, 71.7-19, Հովել, 2.29, Եսայի, 2-րդ գլուխը, 35.1-2.10, 61.1-2), Նրա ահեղ երկրորդ գալստյան մասին (Դան., 7.25, 12.7, Զաք., 14.2-3,9):
Կարելի է հաստատապես ասել, որ չկա Մեսիայի կյանքին ու ժամանակաշրջանին վերաբերող մի այնպիսի կարևոր գիծ, որն այս կամ այն կերպ նախանշված չլիներ Հին Կտակարանում կամ հստակ մարգարեության ձևով, կամ էլ խորհրդանիշների ու նախօրինակների քողի ներքո: Իսկ Եսայի մարգարեն Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը նկարագրելու իր զարմանահրաշ ճշգրտության ու մարգարեությունների ամբողջականության համար ստացել է նույնիսկ «Հինկտակարանյան ավետարանիչ» անունը:
Իսկ նախօրինակ են կոչվում այն անձինք, պատմական դեպքերը և առարկաները, որոնք, բացի իրենց ժամանակներում իրողություն լինելուց, խորհրդավորապես վերաբերում են ապագային և արտահայտում կամ կանխանշում են մեսիական որևէ հատկանիշ: Օրինակ` Ինքը` Քրիստոսը, նշում է անապատում Մովսեսի հրամանով բարձրացած պղնձե օձի (Հովհ., Գ 14), Հովնանի` կետի փորում երեք օր ու գիշեր գտնվելու (Մատթ., 12.40) Իր նախօրինակ լինելը:
Իսահակի զոհաբերության տարվելն իր հոր` Աբրահամի կողմից նույնպես նախօրինակ և կանխասացություն էր Փրկչի մասին, Ով մոտ երկու հազար տարի անց Իր Երկնային Հոր կողմից տարվեց խաչվելու` հանուն մարդկանց մեղքերի թողության: Ինչպես Իսահակն էր անտրտունջ իր մեջքին տանում ողջակիզության փայտը, այնպես էլ Փրկիչը` խաչափայտը: Մեծ է Իսահակի զոհաբերության տարվելու խորհուրդը. Աստված, փորձելով Աբրահամի հավատը, Իր Որդուն, սակայն, չխնայեց և մարդկության սիրուն մատնեց մահվան: Իսկ Աբրահամին խոստացավ. «Անչափ պիտի օրհնեմ քեզ... և բազմացնեմ քո սերունդը... քո սերնդի շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը» (Ծննդ., 22, 16-18), որը և իրականացավ Քրիստոսով:
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Մի անգամ մահվան հոտն առա. հանկարծ հոգումս ծագեց հանդերձյալ դատաստանի վախը և հավիտենական կյանքի ծարավը: Անմիջապես ձեռքս առա Աստվածաշունչը: Սկսեցի կարդալ ինչպես հարկն է` պարզ հավատավոր սրտով: Հանկարծ այս մեծ գրքի յուրաքանչյուր էջի, գրեթե յուրաքանչյուր բառի մեջ տեսա հավիտենական ճշմարտությունն իր փայլով: Այժմ ես խորապես հավատում եմ այս գրքում տեղ գտած բոլոր հրաշագործություններին, որոնք ավետարանիչները նկարագրում են այնպես մանրամասն ու վստահաբար, որ ամենայն հստակությամբ ի հայտ են գալիս դրանց կատարյալ անկեղծությունը և արժանահավատությունը: Այո´, արդարև, Հիսուսը խուլին վերադարձրել է լսողությունը, կույրին` տեսողությունը, անդամալույծին` շարժունակությունը, մեռածներին` կյանքը... Ես կրկին հավատացի Քրիստոսին և ցանկանում եմ պահել այդ հավատն իմ սրտում: Ո¯վ խեղճ մարդ, մի´ անսա նրանց, ովքեր ասում են, թե հավատը մեռած է: Բա´ց արա Գիրքը և գնա´ խաչի մոտ` Հիսուսի մոտ. այդժամ կգտնես քո հոգու հանգիստը»:
Ֆրանսուա Կոպե
Ֆրանսիացի բանաստեղծ

«Չփակենք մեր աչքերն այն ամենի առջև, ինչն ազնիվ է, ճշմարիտ և հաճելի Արևելքի այս սրբազան գրքում: Սակայն պարզ հասկացնենք հնդիկներին, բուդդայականներին ու մահմեդականներին, որ Արևելքում միայն մեկ սրբազան գիրք կա, որն ի զորու է սփոփելու նրանց այն մեծագույն պահին, երբ նրանք կատարելապես միայնակ պիտի գնան անտեսանելի աշխարհ: Դա այն սուրբ գիրքն է, որ, անտարակույս, բովանդակում է ճշմարիտ և ամենայն ընդունելության արժանի լուրը: Եվ այս լուրը միևնույն նշանակությունն ունի անխտիր բոլոր մարդկանց համար, այն է` Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ` մեղավորներին փրկելու»:
Մաքս ՄՅՈՒԼԼԵՐ
Լեզվաբան

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ