Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տարածաշրջանի ոչ մի պետություն, բացառությամբ Թուրքիայի և Իսրայելի, չի ցանկանում Ադրբեջանի հզորացում

Տարածաշրջանի ոչ մի պետություն, բացառությամբ Թուրքիայի և Իսրայելի, չի ցանկանում Ադրբեջանի հզորացում
18.11.2008 | 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անցած տարիների ընթացքում Ադրբեջանում՝, Հայաստանը շրջափակելու ծրագրերին զուգահեռ, ձևավորվեց նաև տարածաշրջանում և նրանից դուրս Բաքվի տնտեսական դերակատարությունն ընդլայնելու կոնցեպցիան։ Ադրբեջանի կառավարությունն այսօր աջակցում է բավական խոշոր ընկերությունների ստեղծմանը, որոնք նախատեսված են տարածաշրջանի և այլ երկրներ (Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա, Բալկաններ, արաբական աշխարհ) տնտեսական ներթափանցում իրականացնելու և Ադրբեջանի դիրքերն ամրապնդելու համար։ Այդ ընկերություններին տրամադրվում են անշարժ գույք, նյութական բազա՝ առանձին ոչ մեծ ձեռնարկությունների տեսքով, պահեստային տարածքներ, շինարարական տեխնիկա, հյուրանոցներ։ Տրվում են նաև վարկեր, առկա է մասնավոր կապիտալի ներգրավում։
Այսինքն՝ դիրեկտիվ կարգով ձևավորվում են խառը տիպի ընկերություններ՝ մասնավոր և պետական կապիտալի մասնակցությամբ, թեպետ շատ հաճախ պաշտոնական մակարդակում չեն երևում այդ ընկերությունների իրական սեփականատերերը։ Ենթադրվում է, որ այդ ընկերությունները տնտեսական առումով միանգամայն արդյունավետ և ինքնաբավ են, սակայն ճշգրտված չեն նրանց գործունեության քաղաքական նպատակները։ Չնայած դրան, Ադրբեջանի կառավարությունն ակտիվ ներգործում է բանկային համակարգի վրա՝ այդ ընկերություններին համապատասխան վարկեր ապահովելու համար։ Նպատակը ժամանակակից շուկայական պայմաններում արտաքին շուկաներում գործելու ընդունակ կառույցների ձևավորումն է։
Մինչ այս նախագծերի երևան գալն Ադրբեջանի կառավարությունը փորձում էր բացառապես մասնավոր կապիտալի ներգրավման միջոցով հասնել արտաքին տնտեսական էքսպանսիայի իրագործման։ Սակայն պարզվեց, որ մասնավոր ընկերությունները ոչ միայն չեն տիրապետում այդպիսի հնարավորությունների, այլև չունեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար համապատասխան մտավոր ներուժ։ Սա հանգեցրեց բարդությունների հատկապես միջին և խոշոր ծրագրերի իրագործման առումով՝ կոմունիկացիաների, խոշոր ենթակառուցվածքային օբյեկտների, արդյունաբերական ձեռնարկությունների, նույնիսկ սննդի և թեթև արդյունաբերության ոլորտներում։ Ադրբեջանի կառավարությունը հասկացավ, որ արտաքին տնտեսական էքսպանսիայի խնդիրը կարող է լուծվել միայն պետական կամ առնվազն մասնավոր և պետական խառը կապիտալ ունեցող ընկերությունների մասնակցությամբ։
Ադրբեջանի իշխանությունների արտաքին տնտեսական գործունեության ուսումնասիրությունը երբեմն հանգեցրել է ոչ ճիշտ հետևությունների, թե այդ քաղաքականությունը բավականաչափ հետևողական չէ։ Իրականում Ադրբեջանը պատրաստ է զգալի միջոցներ ներդնելու տնտեսական ուսումնասիրությունների, մարկետինգի, առանձին ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Դա թույլ է տալիս առանց շտապելու կամ հապշտապ որոշումներ ընդունելու` սպասել ավելի նպաստավոր պայմանների ձևավորման։ ՈՒշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախընտրում է գնալ ոչ թե տարբեր երկրներում ձեռնարկություններ հիմնելու, այլ արդեն գործող ձեռնարկությունները, առանձին կարևոր օբյեկտները գնելու ճանապարհով։ Մի շարք դեպքերում և բավականին ձեռնտու պայմաններով ձեռք են բերվել ձեռնարկություններ, որոնք տարբեր պատճառներով հայտնվել էին ոչ նպաստավոր ֆինանսական իրավիճակում։ Օրինակ, Վրաստանի սևծովյան առափնյա շրջաններում ձեռք բերվեց գազի արտահանման համար նախատեսված կիսակառույց տերմինալ։ Երբ չի հաջողվել վրացական նավահանգիստներում կարևոր օբյեկտների ձեռքբերումը, ադրբեջանական կողմը, միևնույն է, շարունակել է այդ ուղղությամբ աշխատանքը՝ վրացական կողմին առաջարկելով համատեղ ընկերությունների ստեղծում կամ աշխատելով փայաբաժին ձեռք բերել նավահանգստային ենթակառուցվածքին տիրապետող վրացական ընկերություններում։ Առանձին դեպքերում ադրբեջանական կողմը չի խուսափում պայմաններ ստեղծելուց նաև տեղի իշխանական շրջանակների համար գերշահույթների ապահովման ուղղությամբ։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ ադրբեջանական ընկերությունները խաղատնային բիզնեսի ոլորտում ձեռնարկություններ են ստեղծել հատկապես Վրաստանում ու Թուրքիայում։ Այդ ոլորտը տվյալ երկրներում արդեն զգալի չափով պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներին և իշխանությունների համար լավ միջոց է` տարբեր «սև» ֆոնդեր ստեղծելու, որոնք իրենց հերթին օգտագործվում են ներքաղաքական և արտաքին քաղաքական նպատակներով, բայց ամենից առաջ հանդիսանում են իշխանական շրջանակների հարստացման կարևոր աղբյուրներից մեկը։
Ադրբեջանական կապիտալի՝ հարևան երկրներ ներթափանցելու «երկրորդ էշելոնը» տուրիզմի և զվարճանքների ոլորտում իրականացվող ներդրումներն են։ Այս ոլորտը զարգանում է հատկապես Թուրքիայում, մեծ հետաքրքրություն է դրսևորվում Վրաստանի նկատմամբ։ Վերջին շրջանում ադրբեջանական շահերը սկսել են դրսևորվել նաև Պարսից ծոցի տարբեր երկրների տվյալ ոլորտներում։ Դա հնարավորություն է տալիս ադրբեջանցի գործարարներին գործնական կապեր ստեղծել երկրի տնտեսական և քաղաքական շրջանակների հետ, ներդրումներ անել տարբեր ոլորտներում, ձեռք բերել նոր սեփականություն և ապահովել գործունեության ավելի լավ պայմաններ։ Ադրբեջանի կառավարությունն արդեն բավական ժամանակ է, ինչ հանձնարարել է Արևմուտքում, Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում գործող իր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ միաժամանակ աշխատել նաև խոշոր ու հեղինակավոր լրատվամիջոցների ձեռք բերման ուղղությամբ։ Ճիշտ է, Արևմուտքում այդ փորձերը բավական արագ տապալվեցին, ինչը ցույց տվեց, թե որքան բարդ է նման նախաձեռնությունների իրագործումը։ Օրինակ, ադրբեջանցիները Ֆրանսիայում փորձեցին ձեռք բերել «Լիբերասիոն» թերթի բաժնետոմսերի զգալի մասը, ինչը չհաջողվեց։ Իսկ Մեծ Բրիտանիայում անհաջողությամբ ավարտվեց ադրբեջանական գործարարների մեկ այլ խմբի՝ «Գարդիան» թերթի համասեփականատերը դառնալու նախաձեռնությունը, թեկուզ և հիշյալ երկու թերթերն էլ ինչ-որ պահի հայտնվել էին բարդ ֆինանսական իրավիճակում։ Այսօր թուրքական առևտրային հոլդինգներից մեկի հետ համատեղ ադրբեջանցիները ձգտում են Գերմանիայում ստեղծել նոր բազմալեզու թերթ, որը, իհարկե, նախատեսված է տվյալ երկրի թուրք ընթերցողի համար, բայց միաժամանակ անպայման պետք է ունենա համաեվրոպական ընդգրկում։ Սակայն ադրբեջանական քաղաքական գործիչներից մեկի՝ Ա. Մոլլազադեի կարծիքով՝ խոշոր թերթի ստեղծումը կամ ձեռքբերումն անիմաստ նախաձեռնություն է, և ավելի նպատակահարմար է պարզապես համագործակցել հետաքր-քրություն ներկայացնող երկրի մամուլի հետ՝ վճարելով առանձին հրապարակումների համար։
Միևնույն ժամանակ հենց տուրիզմի և տեղեկատվության ոլորտում ձեռքբերումների հասնելու փորձերը ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը դրա համար բավարար միջոցներ չունի։ Մանավանդ որ մի շարք դեպքերում քաղաքական նշանակություն ունեցող որոշ ծրագրեր տնտեսական տեսանկյունից վնասաբեր դուրս եկան։ Բուն Ադրբեջանում անգամ շատ չեն այն ոլորտները, որտեղ ներդրումների իրականացումը հետագայում ապահովում է կայուն և բարձր եկամուտ։ Քիչ թե շատ հաջողություններ կան ալյումինի արդյունաբերության ոլորտում և ավտոհավաքման արդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ, որովհետև այդ ոլորտներում անմիջական մասնակցություն է ունեցել պետությունը, և այդ ճյուղերը հաշվարկված են բացառապես արտահանման նպատակով աշխատելու համար։ Բայց դրանք առանձին բացառություններ են, որոնք քիչ են կապված ընդհանուր երկրի տնտեսության հետ։ Մինչդեռ նույնիսկ թուրքական կապիտալի բավական էական աջակցության պայմաններում այդպես էլ չհաջողվեց ապահովել Ադրբեջանի տեքստիլ և կաշվի արդյունաբերության վերականգնումը, թեպետ այն ժամանակին հենված էր բացառապես տեղական հումքի վրա և կարող էր ապահովել զգալի թվով աշխատատեղեր։ Բացի այդ, թուրքական ընկերությունները, Ադրբեջանում ներդրումներ իրականացնելով, միաժամանակ շահագրգռված չեն այնտեղ պատրաստի արտադրանքի արտադրությամբ, այլ ավելի հակված են հումք ձեռքբերելուն։
Ադրբեջանական իշխանությունները նույնպես շուկաների իրացմամբ շահագրգիռ լինելով, որոնում են այդ դաշտում գործունեության համար խոշոր միջոցներ։ Սակայն, օրինակ, արևմտյան շուկաներ թափանցելն այնքան էլ հեշտ չէ, որովհետև ինչպես տարածաշրջանում, այնպես էլ բուն Ադրբեջանում, հումքային և արդյունաբերական այն ոլորտները, որոնք կարող են բարձր եկամուտներ ապահովել, շատ չեն։ Այդ պատճառով ադրբեջանական կառավարությունն աստիճանաբար սկսել է կենտրոնանալ տարածաշրջանում խոշոր գեոտնտեսական նշանակություն ունեցող ծրագրերին մասնակցելու վրա, այնպիսի նախագծերի, որոնք կարող են երկարաժամկետ կտրվածքով ապահովել բարձր եկամուտներ։ Հասկանալի է, որ ադրբեջանական իշխանությունները միաժամանակ շատ են ցանկանում կարևոր դիրքեր ապահովել համաշխարհային նավթային բիզնեսում, սակայն միայն նավթի արտահանմամբ դա ապահովելը շատ դժվար է։ Այդ իսկ պատճառով վերջին տարիներին ադրբեջանական կողմից լուրջ հետաքրքրություն կա նավթավերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ։ Այսպիսի մի նախագիծ Թուրքիայի հետ համատեղ Ադրբեջանը փորձում է իրականացնել Ջեյհան նավահանգստում։ Բաքվի կողմից նույնպիսի հետաքրքրություն է դրսևորվում Բուլղարիայի և Ռումինիայի նավահանգիստներից դեպի Արևմուտք նոր նավթամուղերի կառուցմանը մասնակցելու առումով։ Այս կարգի նախագծերում Ադրբեջանի մասնակցության դասական օրինակ է նաև Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման մեջ ներգրավվելը, ինչպես նաև փորձերը՝ Հայաստանի շուրջ Կարս-Նախիջևան գծի կառուցումով երկաթուղային օղակ ստեղծելը։ Բաքուն նաև առաջարկել է Իրանին իր մասնակցությունը Իմիշլիից դեպի Ջուլֆա երկաթուղագծի կառուցմանը, որը կոչված է Նախիջևանը ապաշրջափակելուն, ինչպես նաև ցանկություն կա Իրանի տարածքով երկաթուղի կառուցել ադրբեջանական Աստարայից դեպի Թուրքմենստան։
Ադրբեջանական կողմի համար շարունակում է առանցքային նշանակություն ունենալ Վրաստանի նավահանգիստներում՝ Բաթումում և Փոթիում, վերահսկողություն հաստատելու խնդիրը, ինչպես նաև նոր նավահանգստի կառուցումը։ Այդ ծրագրերին զուգահեռ Ադրբեջանն անթաքույց հետաքրքրություն ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթամուղերի նոր բաժնետոմսերի ձեռքբերման առումով, ինչպես նաև «Նաբուկո» գազամուղի կառուցման մեջ ծանրակշիռ դերակատարություն ունենալու տեսանկյունից։ 2007-ի սկզբից Ադրբեջանում ստեղծվել է հատուկ խումբ, որը գործում է կառավարությանը կից, և որի խնդիրն է Կասպից ծովի ավազանի տնտեսական պրոբլեմների ուսումնասիրությունը։ Այսինքն՝ կասպիական ավազանում իրականացվող տարբեր նախագծերում, այդ թվում՝ նավահանգիստներում, տերմինալներում և այլ կոմունիկացիոն ենթակառուցվածքներում ադրբեջանական մասնակցության ընդլայնման ապահովումը։ Հիշյալ խմբի գործառույթների շրջանակում է նաև ադրբեջանական առևտրական նավատորմի գործունեության հեռանկարների վերաբերյալ նախագծերի մշակումը։ Կան առաջարկություններ ադրբեջանական օվկիանոսային ընկերություն ստեղծելու մասին, որը ենթադրում է մի շարք նավահանգիստների վարձակալում միջերկրածովյան ավազանում։
Կառավարության ծրագրերում առանձին տեղ է գրավում Ադրբեջանի տնտեսական ներկայության ամրապնդումը Հյուսիսային Կովկասում։ Խոսքը, մասնավորապես, տրանսպորտի, էներգետիկայի, հյուրանոցային բիզնեսի և ընդհանրապես տուրիզմի ոլորտում նախաձեռնությունների իրականացման մասին է։ Այդ իմաստով առաջնային հետաքրքրություն են ներկայացնում Դաղստանը և Ռուսաստանի սևծովյան ափի քաղաքները։ Մասնագետների գնահատմամբ, այս ոլորտների զարգացման համար կան բարենպաստ նախադրյալներ, և ադրբեջանական կողմն այդ համատեքստում ձգտում է որոշակի վերահսկողություն հաստատել էներգետիկ, տրանսպորտային և տուրիզմի ոլորտներում ողջ Հյուսիսային Կովկասով մեկ։ Նախագահ Իլհամ Ալիևի համար նախապատրաստված է համապատասխան զեկույց՝ Վոլգա-Դոն ջրանցքով նավարկություն իրականացնելու տնտեսական և տեխնիկա-տնտեսական հնարավորությունների մասին, որը ներառում է առաջարկություններ Ռուսաստանի հետ համատեղ այդ համակարգի շահագործման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։ Այդ զեկույցում առկա են գնահատականներ այն մասին, որ հիշյալ ջրանցքի վերակառուցման առաջին փուլի իրագործման համար անհրաժեշտ է լինելու մոտ 2 մլրդ դոլար, իսկ երկրորդ փուլն արժենալու է մոտ 4,5 մլրդ դոլար։ Ենթադրվում է, որ այս համակարգի շահագործմանն Ադրբեջանի մասնակցությունը կստեղծի բոլորովին նոր քաղաքական պայմաններ ընդհանրապես կասպիական տարածաշրջանում՝ ներառելով նույնիսկ Իրանի շահերը։ Մանավանդ որ այդ ջրանցքի վերակառուցումը ենթադրում է դրա համապատասխանեցում խոր նստվածք ունեցող նավերի անցման համար, որոնք ունեն մինչև 50 հազար տոննա ջրատարողություն։
Ադրբեջանի արտաքին տնտեսական քաղաքականության մեջ առանձին ուղղություն է Բաքուն տարածաշրջանային ֆինանսաբանկային կենտրոնի վերածելու ծրագիրը։ Այդ նպատակով արդեն բազմաթիվ սեմինարներ ու միջոցառումներ են անցկացվել արևմտյան և Մերձավոր Արևելքի առաջատար բանկային միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ մինչև 2015 թվականը Բաքվում գործող բանկերում հնարավոր կլինի կուտակել 60-70 մլրդ դոլարի հասնող ներդրումային ռեսուրսներ, ուստի անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ ծրագրեր՝ այդ միջոցների օգտագործելու համար։ Դա արվում է այն իրողությունից ելնելով, որ նավթարդյունաբերող երկրների՝ իրենց միջոցներն արևմտյան բանկերում պահելու փորձն իբր ընդունելի չէ Ադրբեջանի համար, որն ունի կապիտալի ներդրման լայն հնարավորություններ ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում։
Այսպիսով, Ադրբեջանը նպատակ է հետապնդում հաստատել հարաբերական կամ որոշիչ վերահսկողություն տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ածխաջրածնային ռեսուրսների վերամշակման ոլորտում, տուրիստական, հյուրանոցային, խաղատնային բիզնեսում, մասամբ նաև քիմիական և մետալուրգիական արդյունաբերության մեջ։ Այս և այլ հավակնոտ ծրագրերը, այդ թվում՝ ֆինանսաբանկային և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, կոչված են ապահովելու Ադրբեջանի համար բարձր տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարգավիճակ։ Սակայն շատ բան կախված է լինելու առաջիկա 6-8 տարիների զարգացումներից, քանի որ հենց այդ ընթացքում է ենթադրվում հասնել նավթի արտահանման ամենաբարձր ցուցանիշների։ Եթե միաժամանակ չստեղծվեն նախադրյալներ արդյունաբերական բազայի և ենթակառուցվածքների վերականգնման և ընդլայնման համար, ապա հետագա 10 տարիներին Ադրբեջանը չի հասնի ցանկալի արդյունքի, քանի որ հարկադրված կլինի զգալի միջոցներ ուղղել սոցիալական ստանդարտների պահպանմանը և տնտեսության մեջ որոշ նոր ոլորտների զարգացմանը։ Ակնհայտ է նաև, որ նավթի ու գազի պաշարներն Ադրբեջանում այդքան նշանակալի չեն, իսկ միջազգային տնտեսական պայմանները, չնայած նավթի ու գազի բարձր գներին, միաժամանակ ենթադրում են ուժեղ մրցակցություն։ Ծայրահեղ քաղաքականացված են բազմաթիվ ռազմավարական ուղղություններ արդյունաբերության մեջ, կոմունիկացիոն և էներգետիկ նախագծերում։ Ըստ այդմ, տարածաշրջանի ոչ մի պետություն, բացառությամբ Թուրքիայի և Իսրայելի, չի ցանկանում Ադրբեջանի հզորացում, հատկապես այն համատեքստում, որ Բաքուն որոշիչ գործառույթներ ունենա աշխատանքի միջազգային բաժանման, առավել ևս էներգետիկ և այլ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության առումով։ Ադրբեջանի քաղաքական դասակարգը, ըստ էության, գերագնահատում է երկրի հնարավորությունները տարածաշրջանի աշխարհատնտեսական նշանակություն ունեցող համակարգերի վերահսկողության առումով։ Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական պայմաններ, հեռանկարային ռազմավարական պայմանավորվածություններ։ Մասնավորապես նույն Թենգիզ-Նովոռոսիյսկ նավթամուղը կարևոր գործիք է դարձել Ռուսաստանի ձեռքին՝ իր քաղաքականության մեջ այն օգտագործելու առումով։ Արդեն կառուցված նավթամուղերն ու գազամուղերը շահագործման հեռանկարների հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ դրանց լիարժեք կենսագործունեությունն ապահովելու համար ռեսուրսները չեն բավարարում։ Ըստ այդմ, բոլոր խոշոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններում Ադրբեջանը դիտարկվում է իբրև տարածաշրջանի դինամիկ զարգացող երկիր միայն նավթի ու գազի արտահանման շնորհիվ։ Սակայն միաժամանակ այն դիտարկվում է իբրև խիստ ավտորիտար պետություն՝ բնակչության նույնքան անհամաչափ եկամուտներով։ Իսկ 2020 թվականից հետո սպասվում է տնտեսական դինամիկայի անկում, լուրջ տնտեսական ու սոցիալական խնդիրների առաջացում, քանի որ նավթի ու գազի արտահանումն այդ ընթացքում խիստ կկրճատվի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4112

Մեկնաբանություններ