Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Տարիներ շարունակ ղեկավարի դեր ստանձնած մարդիկ մի բան ասում են, մեկ այլ բան անում և լիովին ուրիշ բան մտածում»

«Տարիներ շարունակ ղեկավարի դեր ստանձնած մարդիկ մի բան ասում են, մեկ այլ բան անում և լիովին ուրիշ բան մտածում»
14.04.2009 | 00:00

«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼԸ ԼՈՒՐՋ ՉԷ»
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա առիթով իր դիտարկումներն է ներկայացնում ՀԺԿ քաղխորհրդի անդամ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին, տիկին Խաչատրյան։

-Այս մեկ տարին ամենածանր տարիներից էր մեր պետության, մեր ժողովրդի համար։ Սա պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։ Եթե իշխանությունը ներկայացնող անձինք փորձում են բոլոր բացթողումները պայմանավորել օբյեկտիվ պատճառներով, դա որևէ արդարացում կամ բացատրություն չունի, քանի որ այդ օբյեկտիվ պատճառները (ֆինանսական ճգնաժամ և այլն) բխեցին սուբյեկտիվ գործոններից, որոնք կուտակվել էին տարիների ընթացքում։ Այս ամենը և՛ ներսում, և՛ դրսում ավելի խոցելի դարձրին մեր պետությունը։ Արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված նույնիսկ փոքր առաջընթացների պարագայում էլ արդեն ունենք որոշակի լուրջ խնդիրներ, որովհետև միջազգային հանրությունը մեզ հետ իր բոլոր հարաբերությունները սկսում է պայմանավորել մեր ազգային խնդիրներով, այսինքն` հայ-թուրքական սահմանի բացման դեպքում պետք է զիջումների գնանք և այլն։ Այն երկրում, որտեղ չկա համաձայնություն հասարակական, քաղաքական, ազգային հարցերի շուրջ, իսկ իշխանությունն էլ ջանքեր չի թափում նման մթնոլորտ ստեղծելու համար, բնականաբար, կլինի և՛ բացթողումների տարի, և՛ տասնամյակ։ Ամեն մի օրը, էլ չեմ ասում տարին, հարված է մեր պետության հեղինակությանն ու կայունությանը։
-Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդուրժողականության կոչեր է անում, ավելին, հայտարարում, որ չի արձագանքել ողջ տարվա ընթացքում իրեն ուղղված քննադատություններին։ Ստացվում է` ընդդիմությո՞ւնն է անհանդուրժողականության մթնոլորտի պատճառը։
-Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ տարիներ շարունակ ղեկավարի դեր ստանձնած մարդիկ մի բան ասում են, բացարձակապես մի այլ բան անում և լիովին ուրիշ բան մտածում։ Խոսքը և գործն իրար չեն համապատասխանում։ Ցանկացած երկրում նման հակասություն կհանգեցներ համապատասխան հետևանքների, այսինքն` այն իշխանությունը, որը մշտապես կեղծում է, ստում ու չի ասում ճշմարտությունը, կպատժվեր հասարակության կողմից։ Իսկ հասարակության պատժի միակ ձևը ընտրություններով իշխանություն փոխելն է։ ՈՒ կրկին վերադառնում ենք բոլոր ընտրությունների մասին այն յոթ երգին, որ մեզ մոտ պատժի այդ քաղաքակիրթ ձևն առկա չէ։ Բայց քանի որ իշխանությունները վստահ են, որ թույլ չեն տալու ընտրության այդ քաղաքակիրթ ձևը, ապա շարունակում են ասել այն, ինչ իրականում գոյություն չունի։ Այսինքն, չենք կարող տեսնել հանդուրժողականություն, քանի որ այդպիսին չկա։ Սրա ապացույցն են նաև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վերջին խայտառակ իրադարձությունները, քաղբանտարկյալների դատավարությունը և այլն։ Հյուսիսային պողոտայում ոստիկանությունը հարձակվում է այն մարդկանց վրա, ովքեր վանկարկում են` ազատ, անկախ Հայաստան։ Սրանով մեկ անգամ ևս իշխանությունները փաստում են, որ նպատակ չունեն ազատ, անկախ Հայաստան կառուցելու։
-Հանդուրժողականության կոչեր և Հյուսիսային պողոտայի դեպքեր։ Ո՞րն է տրամաբանությունը։
-Հայաստանյան քաղաքական գործընթացներում տրամաբանություն մի փնտրեք։ Չկա՛։ Թվում է` չպետք է նման դեպքեր արձանագրվեին, քանի որ դրանք հարվածում են մեր երկրի հեղինակությանը նաև արտաքին աշխարհում, հայտնվում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Երկրորդեմ` այն իշխանությունը, որն ընտրությունների միջոցով չի ձևավորվել, կաշկանդված չէ որևէ բանում։ Երկրի ներսում այդ իշխանությունները պատասխանատվություն չեն զգում հասարակության առջև, դրսում էլ տարբեր խարդավանքներով են փորձում իրենց հարցերը լուծել։ Միջազգային կազմակերպություններն արդեն սկսում են հասկանալ այս ամենը, թեպետ ավելի վաղ էլ կարող էին հասկանալ, որ միայն օրենքները ձևական փոխելով պարտավորություններ չեն կատարվում, պետք է դրանք կիրառել։ Համոզված եմ, որ այս պարագայում էլ նրանք շրջանցելու ձևը կգտնեն, քանի որ այս իշխանությունների ուղեղն աշխատում է միայն օրենքները շրջանցելու, պարտավորությունները չկատարելու ուղղությամբ։
-Կարծիք կա, թե Սերժ Սարգսյանի իշխանության այս մեկ տարին նշանավորվեց արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված ձեռքբերումներով։ Ասվածի մեջ օբյեկտիվության հատիկ չե՞ք տեսնում։
-Եթե առաջընթացն իրենք համարում են Գյուլի այցելությունը Հայաստան` ֆուտբոլ նայելու և հայ-թուրքական հարաբերությունների այս ակտիվացումը, որն ավելի շատ իմիտացիայի տպավորություն է թողնում, ապա դա հերթական թոզփչոցին է սեփական ժողովուրդների աչքին։ Ժամանակները փոխվում են, ամբողջ աշխարհն ունի իր խնդիրներն ու հետաքրքրությունները, այդ թվում նաև` մեր տարածաշրջանում։ Այս ամենում Հայաստանը որևէ դերակատարություն չունի։ Ֆուտբոլի գնդակի նման այս դաշտից նետվում է այն դաշտ։ Հանդիպում են Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարության հետ, որից հետո մեր կողմը մի բան է ասում, նրանք հայտարարում են լիովին այլ բան։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ինչի՞ մասին են խոսում, ինչի՞ կհանգեցնի այդ ամենը` որևէ մեկը տեղյակ չէ։ Մեր իշխանավորների կողմից հայ-թուրքական սահմանների բացման մասին հայտարարություններին անմիջապես հաջորդում են թուրք պաշտոնյաների հայտարարությունները, թե ոչ մի սահման չի բացվի, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը։
-Սակայն հայաստանյան լրատվամիջոցների հետ վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ինքը կա՛մ բաց սահմաններով կանցնի Թուրքիա, կա՛մ էլ կլինենք դրա նախաշեմին։
-Սերժ Սարգսյանի հույսերը կապ չունեն հայ ժողովրդի հույսերի հետ։ Պետք է հիշեցնել, որ քաղաքականությունը և պետության կայացումը ֆուտբոլի խաղից ֆուտբոլի խաղը չէ։ Սա լրիվ այլ գործընթաց է, և արտաքին քաղաքականության մեջ ֆուտբոլային դիվանագիտությամբ առաջնորդվելը լուրջ չէ։
-Անդրադառնանք նաև Երևանի ավագանու ընտրություններին։ ՀՀ նախագահը, այն համարելով քաղաքական ընտրություն, փաստեց, որ դա ընդամենը մի մեծ քաղաքի ընտրություն է, մինչդեռ ընդդիմությունը հայտարարում է, որ սա նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդն է։ Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը։
-Զուտ ավագանու և քաղաքապետի ընտրություն կդիտարկեինք, եթե Հայաստանում լիներ այլ մթնոլորտ, ամեն ընտրություն ունենար իր տրամաբանությունը, նշանակությունը։ Չմոռանանք նաև, որ որևէ երկրում մայրաքաղաքն այդպիսի դերակատարություն չունի պետության կյանքում, ինչպես Երևանն է` և՛ մարդկային ռեսուրսների, և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ քաղաքական ու այլ առումներով։ Եթե հաշվի առնենք նախորդ տարվա նախագահական ընտրություններին հետևած գործընթացները, որոնք չեն ավարտվել, բնականաբար ընդդիմության առջև դրված խնդիրները դեռևս լուծված չեն, ուստի այս ընտրությունը կարող ենք համարել նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։ Իհարկե, իշխանություններն ամեն ինչ կանեն, որ հասարակությանը համոզեն, թե սա լոկ ավագանու ընտրություն է` հասարակության շրջանում համարժեք վերաբերմունք արմատավորելու նպատակով։ Իսկ մենք պնդում ենք, որ ոչ թե ավագանու ընտրություն է, այլ լրջագույն գործընթաց, որը մեծ ազդեցություն է ունենալու մեր երկրի քաղաքական կյանքում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2675

Մեկնաբանություններ