Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՆԱԽԱՐԱՐԻԴ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՍ ԴԻՄՈՒՄԸ ՎՆԱՍ ՉԷ

ՆԱԽԱՐԱՐԻԴ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՍ ԴԻՄՈՒՄԸ ՎՆԱՍ ՉԷ
15.06.2010 | 00:00

Ամեն օր, երբ գնում եմ դաշտ աշխատելու, նայում եմ փուշ ու տատասկով ծածկված դաշտերին, անբարենպաստ եղանակի պատճառով չորացած կամ արդեն չորացող դեղձենուն ու ծիրանենուն, հերկված, խնամքով ակոս քաշած, բայց դեռևս ոչ մի սածիլ չարված հողերին (թեպետ գյուղացու բակում սածիլացու սմբուկի, պոմիդորի հասակը կես մետրից անցել է), ակամայից հիշում եմ երկրի տերերին, հեռուստաէկրանին համախոհ լրագրողներով շրջապատված, մի երկու հոդաբաշխ բառերով հարցազրույց տվող այս կամ այն նախարարին և ինքս ինձ ասում. «Երնեկ քե՛զ, Հայաստան երկրի ժողովո՛ւրդ, ոչ մի պրոբլեմ չունես, քանզի երկրում լուծված է անգամ պրոբլեմը սիրո»։
Երնեկ քեզ, ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրեասյան, որ, հավանաբար, ամեն օր լոգանք ես ընդունում, սափրվում, թանկարժեք փողկապ կապում, տոթակեզ արևից հեռու, օդորակիչով կարգավորվող քո կաբինետում վայելում ես թանկարժեք սուրճը կամ թեյը և որից հետո անսահման սեր ու տվայտանք ես տածում հայ գյուղացու նկատմամբ և հոգ ես տանում այնքան, որ նա չհայտնվի տոթակեզ արևի տակ, ուժից վեր չաշխատի, չհոգնի։ Եթե հարկ լինի, ինչպես էն գանգրահերն էր ասում, սոխն ու սմբուկը Պարսկաստանից կբերեմ։ Իսկ ավելի բոյուբուսաթով Անդրեասյանը նրանից ինչո՞վ է վատ։
Թե ինչպիսին է այս տարին գյուղատնտեսության համար, մեկնաբանելու կարիք չկա։ Տեղին է նշել, երբ հերթական ստի մեջ ամիսներ հետո բռնված գյուղնախարարը սկսեց նոր երգ երգել, թե ծիրանի ու դեղձի պակասը կփոխարինվի խաղողի առատ բերքով, լավ է, չասաց` ոչխարի առատ կաթով կամ գառան մսով։
Իսկ թե առատ խաղողի բերքի գլխին օլիգարխներն աշնանն ինչ քար կգցեն, լռեց։
Այսօր հունիսի 10-ն է (հրապարակումը գրվել է հունիսի 10-ին-խմբ.): Անձրևները դադարել են։ Ամռան ավարտին մնում է քիչ ժամանակ։ Գյուղացին Այգեստան գյուղում որևէ մշակաբույս չի տնկել։ Ինչո՞ւ։ Մխչյանի ջրհան կայանից Այգեստանին երեք ժամով ջուր են տվել ապրիլի 22-ին (հավանաբար անչափ գիտակից մեր ժողովրդի կենցաղային աղբից ջրատարը մաքրելու համար), այնուհետև մայիսի 10-ին և 11-ին, էն էլ ոչ լիարժեք։ Հունիսի 6-ին և 7-ին` այնքան ջուր, որ երկու-երեք սեփականատեր չկարողացավ մինչև վերջ հագեցնել հողի ծարավը։
Չեմ կարող չասել, պարոն նախարարներ, դուք երբևէ գյուղ գնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք Արարատյան դաշտի, գյուղացու օր օրի ծանրացող վիճակը։ Ձեզ ինչո՞ւ են վճարում հարկատուների հաշվից։ Դուք տիրապետո՞ւմ եք ձեր բնագավառի առարկային, թե՞ ոչ։ Կասկածում եմ։
Ոչխարի գիտակին թողնենք մի կողմ (նրա գործունեության գնահատականը ժողովուրդը վաղուց է տվել), և ասեմ պարոն Անդրեասյանին, որ Դուք Ձեր առարկային չեք տիրապետում։ Դուք խոսում եք Սևանից ջուր բաց թողնելու մասին։ Եթե ես լինեի կամ բանական ցանկացած ոք, Ձեր փոխարեն Արարատյան դաշտի ջրի պրոբլեմն անցած տարիներին լուծած կլիներ. միայն ցանկություն է պետք։
Հիմնավորեմ:
Առայսօր (այժմ համեմատաբար քիչ) Ազատ գետով ջուրը հոսում է դեպի Թուրքիա։ Չեմ զարմանում, ձեզնից առաջ էլ կար մեկը, երբ ասում էր, թե ավելի լավ է Թուրքիան ձրի ջուր տանի, քան հայ գյուղացին։ Դա անեկդոտ չէ, այլ իրականություն։ Տարիներ առաջ էլի դուք էիք նախարար, առաջարկել էի Ազատի ջրամբարի ավելորդ հոսքը (իսկ դա մեծ ծախսի հետ կապված չէ) ուղղել Արտաշատի և Մխչյանի ջրանցք, որից սնվում են հազարավոր հեկտարներ։ Ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում` ո՞վ է երկրի տերը...
Կասեք` գումարներ չկան։ Եթե լիարժեք ջրվեն դաշտերը, բերքը լինի լիարժեք, ջրի վարձն էլ կտան, հողի վարձն էլ, և գյուղացին էլ կուշտ կլինի, հարսանիքներն էլ շատ, բանակն էլ կապահովվի զինվորով։
Ճորտատերը միշտ էլ հոգ է տարել ճորտի վերարտադրման համար, իսկ այսօր հայ գյուղացին զրկված է իր քրտինքն ազատ և անկաշկանդ տնօրինելուց։
Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում օգտագործվող ջրերը հավաքելու մասին երբևէ մտածե՞լ եք։ Ձկնատերերը թող հոգ տանեն իրենց օգտագործած ջրի վճարման մասին, և պետությունը պարտավոր չէ որևէ մեկին հենց այնպես ջուր տալ։ Մեր երկիրն ունի այն, ինչ Ադրբեջանը չունի` ջուր, որն ավելի թանկ է, քան նավթը։ Նավթով հողը չես ոռոգի։ Հավատացեք, ջուր-նավթ պայքարում ջուրը հաղթող կլինի։ Միայն այդ ապրանքը պետք է խնամքով հավաքել և խելացի տնօրինել, թե չէ «Սևանից այս տարի այնքան ջուր ենք բաց թողնելու Արարատյան դաշտի ոռոգման համար» նախադասությունը ժողովուրդն ընկալում է որպես խաբկանք։
Երբ գյուղացուց հողի հարկ եմ պահանջում որպես գյուղապետ, իսկույն ասում է. «Այսօր հունիսի 10-ն է, ի՞նչ եմ դրել կշեռքին, որտեղի՞ց հարկ տամ»։ Ջուր ինչո՞ւ չկա։ Ես էլ, որպես Այգեստանի գյուղապետ, Ձեզ եմ հարցնում, պարոն Անդրեասյան. «Ինչո՞ւ Այգեստան գյուղում նորմալ ջրամատակարարում չկա։ Գյուղացին պատրաստ է գնելու ձեր ապրանքը, ինչո՞ւ չեք վաճառում», ավելացնելով, թե ինչո՞ւ այդ ապրանքը թերակշռելով եք վաճառում։ Ցանկանում եմ միաժամանակ հարցնել, թե որքա՞ն է մեկ հեկտարը ջրարբիացնելու համար նախատեսված գումարը։ Ասեմ` գանձում են 20 հազար դրամ։ Այդ ի՞նչ աստղաբաշխական թիվ է։ Մեկնաբանե՞մ, թե՞ պետք չէ։ Ջրի հսկայական կորուստը ո՞ւմ մեղքով է։ Ասեմ, կռվի դաշտում պարտված զինվորին չեն դատում, հրամանատարին են մեղադրում։ Այսօր իմ գյուղացիների անունից հարցնում եմ` ինչո՞ւ առայսօր Այգեստան գյուղին ոռոգման ջուր չի մատակարարվում։ Ո՞վ է մեղավոր։ Պետությանը հողի հարկ չվճարելու համար ո՞վ պետք է պատասխան տա։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ

Հ. Գ.- Երբ գրված էր հոդվածը, հունիսի 10-ին, ժամը 11-ին Մխչյանի ջրհան կայանից սկսվեց Այգեստան գյուղի ջրամատակարարումը։
Պարոն Անդրեասյանից ակնկալում ենք ջրի սակագնի ճշտումը։
Հ. Գ. -Մի նամակում երկու հետգրություն չի լինում, բայց հայ պաշտոնյաների հարցով կարող է անթիվ լինել։ Այսօր` 14.06.2010, ընդհանրապես ջուր չկար։ Ժողովուրդը բողոքով եկավ կառավարություն։ Լսեցին, կապվեցին Մխչյան ԶՕՄ-ի տնօրենության հետ, հուսանք հարցը կլուծվի։ Բայց պաշտոնյայի կամայականությանը, ժողովրդի բերքի կորստի և այլ բաների համար պարոն Անդրեասյանը, հետաքրքիր է, ի՞նչ կպատասխանի։
Հարցերի պատասխաններն ակնկալում ենք ջրային պետկոմիտեի նախագահ պարոն Անդրեասյանից։

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ