«ԲԵUՊՐԵԴԵԼ»
Բնակարանային խնդիրը յուրաքանչյուր մարդու համար եղել ու մնում է առաջնահերթ` սկսած խորհրդային ժամանակներից, թեև փոխվել են ինչպես բնակարան տրամադրելու հանգամանքները, այնպես էլ բնակարան հատկացնողների ու ստացողների գործելաոճը: Հատկապես այնպիսի քաղաքում, ինչպիսին երկրաշարժից տուժած Գյումրին է, որտեղ ավելի քան 3 հազար ընտանիք դեռևս բնակվում է ժամանակավոր կացարաններում, և սեփական տանիք ունենալու համար մարդիկ դիմում են ցանկացած քայլի: Ոմանք էլ, օգտագործելով բնակարան ունենալու մարդկանց բնական մղումը, սեփական գրպաններն են լցնում` կանգ չառնելով այնպիսի միջոցների առջև, ինչպիսիք են շանտաժն ու խաբեությունը: Իսկ նրանք, ովքեր հայտնվում են այդ սարդոստայնում, թե՛ սեփական միջոցներն են զուր վատնում, թե՛ բնակարանն է մնում չիրականացած երազ:
Մի քանի տարի առաջ, աղետի գոտու բնակարանային խնդիրները լուծելու համար, ՀՀ կառավարությունը ստեղծեց բնակարանների գնման վկայականների հանձնաժողով, որի հիմնական գործառույթը սերտիֆիկատների միջոցով անտուն քաղաքացիներին բնակարանով ապահովելն էր: Պարզ է, որ նման հանձնաժողովը գյումրեցիների մոտ շատ հզոր կառույցի համբավ պետք է ձեռք բերեր, սակայն, չգիտես ինչպես և ինչու, հանձնաժողովում հայտնվեցին մարդիկ, ովքեր, չունենալով որևէ գործուն լծակ, պարզապես ապահովվելու համար ԲԳՎ-ների հրապարակային և բաց գործունեությունը, կարողացան ոչինչ չնշանակող այդ հանգամանքն օգտագործել սեփական շահերի համար:
Գյումրիում շատերն են ճանաչում Հասմիկ Մելքոնյանին` Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնի նախկին աշխատակցուհուն, ով և՛ այդ ժամանակահատվածում էր իր ձևով հարցեր լուծում` բավականին խոշոր գումարների դիմաց մարդկանց բնակարաններ «տրամադրելով», և՛ այժմ, բնակարանների գնման հանձնաժողովում դիտորդի իր կարգավիճակը զուգորդելով «բարեբեր գործունեության» հետ։ Թե ինչպես է նման համբավ ունեցող անձնավորությունը հայտնվել հանձնաժողովում և, գյումրեցիների աչքին թոզ փչելով, իբր թե հարցեր լուծողի աթոռին նստած, շարունակում իր գործունեությունը, հարցի մի կողմն է ընդամենը: Թեև քաղաքաշինության նախարարությունից տեղեկացանք, որ բնակարանների գնման հանձնաժողովում ընդգրկված Հասմիկ Մելքոնյանը որևէ իրական գործառույթ չի իրականացնում, չունի ձայնի իրավունք և բնակարանների հատկացման վերջնական որոշումներին էլ չի մասնակցում, սակայն փաստն այն է, որ նա շարունակում է Գյումրիում բոլորովին այլ գործունեություն ծավալել: Այսօր էլ չի նվազել նրանից խաբված, բնակարան ունենալու հույսից զրկված մարդկանց թիվը:
Մասնավորապես, Գյումրու Սայաթ-Նովա փողոցի 9/9ա շենքի բնակիչների անհանգստության պատճառը եղել և մնում է Հասմիկ Մելքոնյանը: Իսկ խնդիրն այն է, որ այս շենքի բնակիչները, ժամանակին վերցրած վարկերով, ստեղծել են կոոպերատիվ, ձեռնամուխ եղել բազմաբնակարան շենքի կառուցմանը և մոտ երկու շաբաթ առաջ դատարանի վճռով ստացել սեփականաշնորհման վկայականներն ու դարձել իրենց իսկ կառուցած բնակարանների լիակատար տերն ու տնօրենը: Սակայն պարզվում է, որ մինչ այդ, Հասմիկ Մելքոնյանի ջանքերով, նույն շենքում բնակարաններ են «ստացել» Գյումրու վեց քաղաքացիներ, վճարելով (պարզ է` առանց որևէ գրավոր համաձայնության և համապատասխան պայմանագրի) ընդհանուր հաշվով մոտ 250 հազար դոլար։ Սակայն անօրինական գործարքի արդյունքում, նաև ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների միջամտությամբ, ինչպես նաև դատարանի վերջնական որոշմամբ այդ մարդիկ զրկվել են Հասմիկ Մելքոնյանի միջնորդությամբ ձեռք բերված բնակարաններից:
Այս փաստը, սակայն, դույզն-ինչ չի վհատեցրել Հասմիկ Մելքոնյանին, ով այժմ փորձում է վիճարկել դատարանի օրինական որոշումը, և իր օգնությամբ բնակարան ստացած մարդկանց շահերը, իբր, պաշտպանել: Մասնավորապես, Սայաթ-Նովա 9/9ա շենքի բնակիչներին նա հավաստիացրել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, հասնելու է մինչև իսկ հանրապետության նախագահի նստավայր և չեղյալ է հայտարարել տալու դատարանի վճիռը:
Պարզ է, որ խոշոր գումարներ վճարած քաղաքացիներն այս պարագայում կգերադասեին հետ ստանալ իրենց փողերը, բայց ինչպե՞ս, երբ, հավատ ընծայելով «հարցեր լուծող» Հասմիկ Մելքոնյանին, հայտնվել են կոտրած տաշտակի առջև: Իսկ Սայաթ-Նովա 9/9ա շենքի օրինական բնակիչներն էլ պարզապես չգիտեն` ինչպես ազատվել Հասմիկ Մելքոնյան-գլխացավանքից, քանի որ այդպես էլ չեն կարողանում լիարժեք վայելել սեփական տանիք ունենալու երջանկությունը։ Գուցե մտածում են, թե տարիներ շարունակ օրենքն ազատ ու անպատիժ շրջանցած տիկինն այս անգամ էլ ջրից չոր դուրս կգա։
Բայց մինչև ե՞րբ։
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ