Ռիչարդ ԲԱԽ
Ռէյ:
Շնորհակալ եմ, որ Դու հրավիրել ես ինձ` քո ծննդյան օրը նշելու:
Քո տունը հազարավոր մղոններ հեռու է ինձնից, իսկ ես ճամփորդության եմ ելնում առանձնահատուկ դեպքերում:
Ռէյի ծննդյան տոնը հենց այդպիսի դեպք է, և ես անհամբերությամբ եմ սպասում Քեզ հետ հանդիպմանը: Ես ճամփա եմ ելնում` վստահելով Կոլիբրի արտույտին, նրան, ում Քեզ հետ մեկտեղ հանդիպել էինք շատ վաղուց: Նա, ինչպես միշտ, բարեհամբույր էր, սակայն երբ ես ասացի, որ փոքրիկ Ռէյը մեծացել է, և ես նվերով ուղևորվում եմ Քեզ մոտ` Քո ծննդյան տոնին, նա շատ զարմացավ:
Մենք երկար թռչում էինք լռության մեջ, երբ վերջապես նա ասաց. «Ես շատ քիչ բան հասկացա այն ամենից, ինչ ասացիր ինձ, սակայն ամենից անհասկանալին ինձ համար այն էր, որ դու գնում ես ծննդյան տոնի»:
«Իհարկե, ես ծննդյան տոնի եմ գնում,- պատասխանեցի ես:- Ի՞նչն է անհասկանալի»:
Նա լռեց, և երբ մենք հայտնվեցինք Բվեճի բույնի շեմին, ասաց. «Կարո՞ղ են, արդյոք, մյուսները բաժանել մեզ մեր ընկերներից: Եթե դու ցանկանում ես լինել Ռէյի հետ` մի՞թե արդեն իր հետ չես»:
«Փոքրիկ Ռէյը մեծացել է, և ես նվերով գնում եմ նրա ծննդյան տոնին»,- ասացի ես Բվեճին: Կոլիբրիի հետ զրույցից հետո շատ տարօրինակ էր «գնում եմ» բառն արտաբերելը, բայց ես այն այնպես ասացի, որ Բվեճն ինձ հասկանա:
Նա ևս երկար ժամանակ լուռ էր թռչում:
Այդ լռությունը բարյացակամությամբ էր լեցուն, բայց երբ նա ինձ միանգամայն ապահով հասցրեց Արծվի տան մոտ, ասաց. «Ես շատ քիչ բան հասկացա այն ամենից, ինչ դու ինձ ասացիր, բայց ամենաանհասկանալին այն էր, որ դու քո ընկերոջը փոքրիկ ես կոչում»:
«Իհարկե, նա փոքրիկ է,- պատասխանեցի ես,- որովհետև նա դեռ չի մեծացել: Ի՞նչն է անհասկանալի»:
Բվեճը նայեց ինձ իր սաթե աչքերի խորունկ հայացքով, ժպտաց և ասաց. «Իսկ դու մտածիր»:
«Փոքրիկ Ռէյը մեծացել է, և ես, նվերով, գնում եմ նրա ծննդյան տոնին»,- ասացի ես Արծվին:
Կոլիբրիի և Բվեճի հետ զրույցներից հետո անհասկանալի էր «գնում եմ» և «փոքրիկ» բառերն արտաբերելը, բայց ես այնպես ասացի, որ նա ինձ հասկանա:
Մենք նրա հետ արդեն բարձունքներից էլ վեր էինք և թռչում էինք լեռնային քամու հետ: Վերջապես նա ինձ շշնջաց. «Ես շատ քիչ բան հասկացա այն ամենից, ինչ դու ինձ ասացիր, բայց ամենաանհասկանալին ինձ համար «ծննդյան օր» բառերն էին»:
«Իհարկե` ծննդյան օր,-ասացի ես:- Մենք պատրաստվում ենք տոնել այն ակնթարթը, երբ Ռէյը լույս աշխարհ է եկել, և որից առաջ նա դեռ չկար: Ի՞նչն է այստեղ անհասկանալին»:
Արծիվը, ծալելով թևերը, վար սուրաց և փափուկ վայրէջք կատարեց անապատի ավազներում: «Ժամանա՞կ, երբ Ռէյը դեռ չի՞ եղել: Իսկ քեզ չի՞ թվում, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է, և Ռէյի կյանքն սկսվել է դեռ այնժամ, երբ ժամանակը, որպես այդպիսին, դեռևս չկար»:
«Փոքրիկ Ռէյը մեծացել է, և ես, նվերով, անշուշտ, գնում եմ նրա ծննդյան տոնին»,- ասացի Բազեին: Կոլիբրիի, Բվեճի և Արծվի հետ զրույցներից հետո անհասկանալի էր, թե ինչու էի արտաբերում «գնում եմ», «փոքրիկ» և «ծննդյան օր» բառերը, բայց ես դրանք այնպես ասացի, որ Բազեն ինձ հասկանար: Մեզնից շատ ու շատ ներքևում լողում էր անապատը: Ճանապարհի վերջում նա ինձ ասաց. «Գիտե՞ս, ես շատ քիչ բան հասկացա այն ամենից, ինչ դու ինձ ասացիր, բայց ամենաանհասկանալին «մեծացել է» խոսքն էր»: «Իհարկե մեծացել է,- ասացի ես,- Ռէյն ավելի ու ավելի մոտ է մեծ դառնալու, և արդեն ևս մեկ տարի էլ է հեռացնում նրան մանկությունից: Ի՞նչն է անհասկանալի»:
Բազեն իջավ ծովի ամայի ափին: «Այն, ինչ դու ես ասում, բնավ «մեծանալ» չի նշանակում»: Նա օդ բարձրացավ և կորավ տեսադաշտից:
Ես գիտեի, որ Ճայը իմաստուն թռչուն է: Քանի դեռ մենք թռչում էինք, ես փաստաբանորեն բառեր էի ընտրում, որպեսզի, լսելով դրանք, նա հասկանա, որ ես արդեն ինչ-որ բան սովորել եմ:
«Ճայ,- ասացի ես վերջապես,- ինչո՞ւ ես դու ինձ քո թևերին տանում Ռէյի մոտ, եթե իրավամբ գիտես, որ ես արդեն նրա մոտ եմ»:
Ճայը թևում էր ծովերի, բլուրների, քաղաքի փողոցների վրայով և շուտով անշշուկ իջավ Քո տանիքին:
«Որովհետև շատ կարևոր է,- պատասխանեց նա,- որ դու ըմբռնես այդ ճշմարտությունը: Քանի դեռ ինքդ չես հասկացել դա, քանի դեռ չես ըմբռնել այն ողջ խորությամբ, դու կարող ես դա փոխարինել շատ քիչ միջոցներով, կողմնակի օգնությամբ միայն` մեքենա կլինի դա, մարդ կամ թռչուն»:
«Բայց հիշիր,- հավելեց նա,- այն պատճառով, որ դու չես ըմբռնել ճշմարտությունը, ճշմարտությունը չի դադարում ճշմարտություն լինելուց»:
ՈՒ Ճայը թռավ:
Հիմա ճիշտ պահն է բացելու Քո նվերը: Մետաղյա ու ապակե ընծաները ժամանակի հետ մաշվում են և մոռացության տրվում: Եվ ես Քեզ համար ավելի լավ բան եմ նախապատրաստել: Ես Քեզ մատանի եմ նվիրում: Կրիր այն: Նա փայլփլում է առանձնահատուկ լույսով, և որևէ մեկը չի կարող այն ո՛չ խլել Քեզնից, ո՛չ էլ ոչնչացնել: Դու աշխարհում միակը կլինես, ով կարող է տեսնել այդ մատանին, ինչպես ես, երբ այն դեռ իմն էր:
Այդ մատանին Քեզ նոր ընդունակություն կտա: Կրելով այն` Դու կարող ես օգտվել երկնքում ճախրող ցանկացած թռչունի թևերից:
Դու կարող ես նրանց տեսնել ոսկե աչքերով և հպվել քամուն, որը խաղում է նրանց թավշյա փետուրների հետ: Դու քեզ համար կբացահայտես թռիչքի հրճվանքը, աշխարհի և նրա հոգսերի վրա ճախրելու հաճույքը: Դու կարող ես երկնքում մնալ այնքան, որքան կամենաս, կարճելով գիշերները, դիմավորելով լուսաբացը, և երբ կզգաս, որ ներքև իջնելու ժամանակն է արդեն, Քո հարցերը կգտնեն իրենց պատասխանները, և քո տագնապները կանհետանան:
Եվ ինչպես այն ամենը, ինչը հնարավոր չէ շոշափել ձեռքերով և ակնդրել, Քո շնորհը կաճի այնքան արագ, որքան շատ կօգտագործես այն:
Սկզբում Դու կկարողանաս այդ անել միայն այն ժամանակ, երբ կտեսնես այն թռչուններին, ում հետ պատրաստվում ես թռչել:
Բայց հետո, երբ կհմտանաս, Դու կկարողանաս թռչել այն թռչունների հետ, որոնց չես տեսնում, ու, ի վերջո, կըմբռնես, որ Քեզ` որպեսզի թևես ամպերի հանդարտությունից էլ վեր ու ինքդ քեզ հետ լինես, ո՛չ մատանի է պետք, ո՛չ էլ թռչուններ են անհրաժեշտ: Եվ երբ կգա այդ օրը, դու պարտավոր ես փոխանցել այդ շնորհը նրան, ով կկարողանա հմտորեն օգտվել դրանից, ով կգիտակցի, որ ամենակարևորն այն է, ինչն ստեղծված է ճշմարտությունից և բերկրանքից, այլ ոչ թե մետաղից և ապակուց:
Ռէյ: Տարվա ընթացքում այս Քո առանձնահատուկ օրը ես Քեզ հետ տոնում եմ վերջին անգամ, քանզի հասկացել եմ այն, ինչ ինձ սովորեցրել են մեր բարեկամ թռչունները:
Ես չեմ կարող գալ Քեզ մոտ, որովհետև ես արդեն այստեղ եմ:
Դու փոքր չես, որովհետև արդեն մեծ ես:
Դու, ինչպես և մենք բոլորս, մի կյանքից մյուսն ես թևում` հեռանալով նրանից, որ ապրում ես:
Դու ծննդյան օր չունես, որովհետև դու ապրել ես միշտ:
Դու երբևէ չես ծնվել ու երբեք էլ չես մեռնի:
Դու այն մարդկանց զավակը չես, ում հայր ու մայր ես կոչում, Դու նրանց ուղեկից ես այս պայծառ ճամփորդության մեջ, որը լի է արկածներով, և որի նպատակը իրերի էության իմացումն է:
Ընկերոջ ցանկացած նվերը երջանկության մաղթանք է, այդ թվում և` այս մատանին:
Հավերժի վրա ճախրիր ազատ ու ցնծալից ու այս մեծ տոնի մեջ, որը երբևէ վախճան չի գտնի, մենք կարող ենք միմյանց հանդիպել և՛ այժմ, և՛ միշտ, երբ կամենանք։
Թարգմանությունը`
Այդին ՄՈՐԻԿՅԱՆԻ