Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր...
Հայոց արեւապաշտական գաղափարախոսության մեջ գլխավոր իմաստակիր խորհուրդներն են Արեւը, Լույսը, Կրակը, Ջերմությունը, որոնք իրենց արտացոլումն են գտել թոնրի, օջախի, շիկացած մետաղի, խարույկի եւ վառվող փայտի, ածուխի, մոմի, ճրագի, կրակի ծխի մեջ: Երդումներում, ավանդույթներում, ծիսական արարողություններում օջախը, կրակը, ծուխը, մոխիրը, թոնիրը, երդիկը սրբազան երեւույթներ են:
«Երդիք-երդիկը» թոնրատան կարեւորագույն մասն է: Այն թոնրատան առաստաղի վրա արված կլոր, քառակուսի կամ ութանկյուն լուսամուտ է՝ թոնրին ուղղահայաց, որի միջոցով թոնրի կրակը, ծուխը, մուրը դուրս է գալիս երկինք, իսկ երկնքից ներս են գալիս Արեւի շողքերը, լույսը:
Երդիկը նաեւ կապ, հաղորդակցության միջոց է երկնքի հետ:
Երդիկը հայ ժողովրդի բանահյուսության, միաժամանակ կենցաղի մեջ այնքան է արմատացած, որ մեր նախնիները ըստ երդիկի են գրանցել մարդահամարը, յուրաքանչյուր ընտանիք համարվել է մեկ երդիկ կամ մեկ Ծուխ:
Ժամանակի ընթացքում կազմել են Երդամատեան, Ծխամատեան, որը համարվել է ընտանիքի անդամների մատեանը, հայ ընտանիքի յուրաքանչյուր անդամ համարվել է Ծխի մեկ անդամ:
Ներկայացնենք «երդիկ» բառի բառակազմությունը, տարբեր իմաստներն ու նշանակությունը հայերենում:
-Նիկ.Մառ, Gramatika Drevnei Armenii. երդիկ - եր+դիվ= Աստուծով,
ար- եր արմատը գտնվում է երկինք, երկիր, այրել-երել արեգ, օր, եռալ բառերի մեջ:
Էրել, այ - է
(Հր. Աճառյան)
-Երդիք-լուսամուտ տանեաց՝ ի վերուստ յարկեաց, շողն ընդ «յերդ» մտանիցէ (ՆՀԲ):
-երդկից- տնկից, երդահամար-տների թիվը, ծխահաշիվ,
-Երդիք-երդիկ-երդում-երդունուլ— ուխտ՝ բնիկ հայերեն հնախոսական բառ է-ertu-ard-art-արմատով: կամ երդ ունուլ կամ երդնուլ
«Երդիկ» բառը կապված է նաեւ «երդում բառի հետ, բառ ու բանի, խոսքի իմաստի հետ, բարբառ ներում հանդիպում ենք «երդում» բառի տարբեր արտասանություններին եւ տարբերակներին.
երդում-հերդիկ, հեռթիկ, յերթիկ, յօրթում, օռթում-վօրդում, վէրթում, վօրդըմվել, վօրդ-ում(ՆՀԲ):
Սանս.- grha, geredha, գերմաներենում՝ Herd—հերդ(երդիկ իմաստով)-վառարան,
անգլ.-Hearth–հեարդ- վառարան, տուն, ընտանիք, խորհուրդ, իռլ-art -տուն, թրք.yurd-տուն, տեղ: (ըստ Հր. Աճառյանի)
Երդիկի, կրակի, կարմիր բոցի գաղափարի, հնչյունական արտաբերման արդյունքում է ծնվել Վառք-Վարդ-Wuard-Word-Wort- բառերը (Հր. Աճառյան)
Wort-բառը գերմաներեն լեզվում նշանակում է՝«բառ», հետաքրքիր է վառ-Վարդ- բառ-Wort,
word – անգլերեն՝ բառ, լուր, զրույց, խոստում իմաստային եւ գաղափարական նմանությունը:
Բառի խոսքի հետ է կապված նաեւ վարդապետ բառը,
Սանսկրիտում-vrata-վարդապետ= վարպետ–խոսքի, բառի ուսման առաջնորդ,
վարդապետ ություն- օրենք, պատվեր, վարդ =վառեալ ծաղիկ (Հր. Աճառյան):
Վարդ -վառեալ ծաղիկ- «Վարդ» վառեալ կարմիր ծաղիկը ծնունդ է Կարմիր կրակի եւ Կարմիր Բոցի, ծնունդ է Վահագնակրակի, ծնունդ է Վահագնի եւ Աստղիկի Սիրո խորհրդի.
սեր-սիրտ-սիրդ -սերդ = բնիկ հայերեն բառ է, հնախոսական k^erdi - կ'յերդի ձեւից, ցեղակիցներ են՝ գերմաներեն-herza, Herz- սիրտ, անգլերեն- Heart-սիրտ, ռուսերեն՝сердце, չեխերեն՝ srdce , լիթ -sirdis, լեթթ- serds եւ այլն: Կրակի Բոցի եւ Վառքի հետ էլ ծնվել է Հայոց Վառ Վարդը, Սերը, Սիրտը, Բառ ու Բանը:
Երդիկը հայ ժողովրդի բանահյուսության մեջ ունի նաեւ խորհուրդի իմաստ ու գաղափար: Հացը թխելուց հետո թոնրատանը թոնրի վրա դրվում էր մեծ ու ցածրադիր, կլոր կամ քառակուսի թախտ, որի շուրջը հավաքվում էին, այն կոչվում էր քուրսի:
Թախտի, քուրսու շուրջը հավաքվում էին ընտանիքի անդամները, երդկիցները՝ ի սրտի խորոց զրուցում, խոսում էին առօրյա հոգսերց՝ հեքիաթ ասում, պատմություններ պատմում, խորհրդածում, որտեղ էլ միաժամանակ ծնվում էր Հայոց Բառ ու Բանը:
Ավանդական թոնրատանը կից կառուցվում է հ(յ)աշտը, օթարանները, օթախները: Օթախը, օթարանները, հ(յ)աշտը դռնով կապվում էին թոնրատան հետ: Օթախի, հաշտի շքամուտքին կից կանգնեցնում էր դալանը կամ էհվանը, որտեղ եկվորը մաքրում էր կոշիկները եւ հետո միայն ոտք դնում շեմքից ներս:
Մեկնաբանենք «հ(յ)աշտ» բառի ծագումը եւ իմաստը հայոց լեզվի մեջ: Հ(յ)աշտ բառի արմատը մենք հանդիպում ենք Բեհիսթունի արձանագրությունում, որտեղ Armina-Արմենիան նշվում է- Ուրարտու-U-ra-ašṭu- աշտու- աստու- արմատով(Աստուած): Նույնական արմատն ունեն նաեւ. աշտարակ, աշտ -աշտնակ- մոմակալ, յաշտիպ – ձավարի տեսակ, աշտ- յաշտ- աղոթք-հաշտ-յաշտ սենյակ ծիսական արարողության համար:
Հաշտին կից է գտնվում օթարանը, օթաղը: Հայերենի բարբառներում այսօր էլ օգտագործվում են Օթարան-օթաղ՝ «մեծ սենյակ» բառերը: Նոր Հայկազեան բառարանում օթարան- օթաղ-օթախ- -օթանոց-օթարան- բնակարան- սենյակ(ՆՀԲ) նույնարմատ բառերը մեկնաբանվում են հետեւյալ կերպ.
օթիմ-օթեմ- օդ, օթյակ, բացօթյա, օթ առնել, շունչ առնել, իջեւանել,
Օթիմ- Տաղաւար՝ ուր Աստված օթեցաւ
աղօթք (աղաւթք)- օթաղ—աղ+օթ – եւ –օթ+աղ բառերը ունեն նույն արմատները, կրում են նույն իմաստը:
Մեծերի բազմածիր խորհուրդները Թոնրատնից տեղափոխվեցին օթաղ, Օթաղի առաստաղին նույնպես բացվում էր երդիկը (յերթը,հերթը), որտեղից լույսը թափանցում էր տուն: Օթարանի՝օթաղի կենտրոնական հատվածում էր գտնվում օջախը՝ քարից, կավից պատրաստած բոցավառ կրակարանը: Հր.. Աճառյանը «օջախ» բառը համարում է թուրքերեն բառ, սակայն Ստեփան Մալխասեանցը «օջախ» բառը այսպես է մեկնաբանում՝ օ+ջախ, օ+ջահ- օ+ճահ՝ բոցավառ մարխէ ձող, ճյուղ, ցախ:
Օջախ բառի արմատն ունեն Օճոռք- առիք-հառիք առասատաղ, օճան-կարասիք, բարիք,
օճումն-հարցուկի տված պատասխան, մեհենական քրմի պատգամ (Ստ.Մալխասեանց):
Ստ.. Մալխասեանցի այս բացատրության մեջ նույնպես նկատում ենք, որ Օճախ-օջախ բառը-կրակը կապված են բառի, խոսքի, պատգամի հետ: Օջախը ունի նաեւ ընտանիք, հայրենիք հասկացությունը: Օջախը սուրբ է, սրբազան եւ մաքուր, օջախի վրա, օջախի մոտ ուժ է ստանում տնտեսականը, բարիքը, հացը, կերակուրը եւ այն արարվում է ավարտուն: Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից Նանե Աստվածուհին, Արամազդի դուստրը՝ Նանեն, ընտանիքի, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին, Հայոց Օջախի պահապանն է։ Հայոց Աստվածուհին հովանավորում է իմաստնությունը, ողջախոհությունը, խորհուրդը, որը ծնվում է օջախի շուրջ, կապվում է կրակի եւ միասնության խոսքի, բառ ու բանի, խորհրդի հետ: Օթարանի կենտրոնում, երդիկի ներքո դրվում է բազմականը-սեղանը, բազմականի վրա տրվում է հացկերույթ, բազմականի շուրջը բազմածիր էին կազմում բազմականները՝ Ազգի Նահապետը, Մեծամեծերը, Ամիները եւ հրավիրվածները, որոնք կատարում էին ծիսական արարողությունները՝ աղօթքը, բարեբանումը, Խորհուրդը Մեծաց: Օթարանում Հացկերույթից հետո Մեծերի բազմածիր կազմած խորհրդածությունները վերածվում էր խորհուրդի, խորհրդարանի: Ըստ Մովսես Խորենացու՝ «Օթարան լուսածին» ՆՀԲ :
Հռովմեական տան գլխավոր սենեակը «atrium»-ն է, «atrium»-ի առաստաղի մեջտեղում է գտնվում «երդիքը»: Ըստ Հր. Աճառյանի «atrium» տերմինը առաջացել է ater- աթար - մուր բառից:
Երդիկի միջոցով արեւի եւ լույսի, բառի ու բանի, երկնքի հետ հաղորդակցության գաղափարն ունեն նաեւ հայոց մեհեաններն ու տաճարները, եկեղեցիները: Գեղարդ, Գառնի, Զվարթնոց եւ մյուս բոլոր Հայկական եկեղեցիների եւ տաճարների տանիքները, սյունազարդ գմբեթներն ու տարատիպ առաստաղներն ունեն գլանաձեւ, քառանկյուն, ութանկյուն երդիկներ, որոնք պսակվում են սյուների վրա հենված զանգաշտարակով, բազմանիստ քանդակազարդ երդիկը պսակված սյունակամարներով:
Հայկական ժողովրդական բանահյուսության ավանդազրույցների, հեքիաթների, էպոսի մեջ երդիկի գաղափարը կապվում է երկնքի հետ, որպես երկնքի հետ հաղորդակցության միջոց, Լույսը, լուրը արեւագալի շողքերի հետ թափանցում են երդիկից ներս: Զրույցը, երդումը, խորհուրդը երդիկի միջով ուղղում են երկինք:
-Խանդութ Խանումը Երդիկից է զգուշացնում Դավթին:- «Խանդութ Խաթուն հերթիկ նստուկ էր: Էդ որ տեսավ, առավ կաղին ձեռ»:
-Ձենով Օհանը Հրեղեն Ձիուն «Դուռն էլ շարե, հերթիկե՛ն խոտ ու ջուր կը տայի»։
-Ձենով Օհանը հերթիկեն առավ Դավթի Ձենը:
-Ծուխ է ելնում երդիկից, ուրեմն ապրում է հայը»-գրել է Վարդան Դուշմանը:
-Մոխիրը երդիկներից ներս էին լցնում, որպեսզի չարը խափանվեր, տունը՝ լիառատ լիներ: -Ածուխով մառանի եւ տաներդիկների շուրջը կլոր գծում էին, որպեսզի չար աչք չառներ: -Տրնդեզի խարույկից մի կրակ էին գցում տան մեջ՝ անպայմաներդիկից, որով վառում էին այդ երեկոյի մոմը, որպեսզի առատությունը, բախտը տան վրա լիներ:
-Տղաներն ու աղջիկները փոխինդի գնդերից մի կտոր դնում էին երդիկին, գուշակություն անում: -Երդվում են երդիկից երկինք հաղորդակցվելով՝ ճրագի, թոնրի, օջախի կրակի վրա՝ «իդա ճրագի սերսուբ (սուրբ)լուս գինա», «քու օջախը վկա», «քու տան կրակը վկա»:
Ալֆա Օրիոնիս, «Ձեռն Հայկին ուսն արևելյան», Նահապետ Հայկին մարմնավորող Հայկ համաստեղության գլխավոր Աստղը Նավասարդի սկիզբն է – ասում է Գրիգոր Բրուտյանը։ Նավասարդին խորաններում, վրաններում, օթոցներում, օթարաններումԵրդիկից էին սպասում Հայկի Նավասարդյան Աստղի առաջին ծագումին, խոթափեալ ժամին անպայման հավաքվում էին իրենց օջախներում, Երդիկից ընդունում Նավասարդի Ավետիսը, հետո դուրս գալիս տոնելու, այդ երեւույթը մինչեւ այսօր էլ պահպանվել է: Նավասարդին, Վանատուր Նավասարդի Աստվածը Երդիկից էր իջեցնում լիքը տոպրակը, Ավետում էր Նոր Տարվա Բարեբեր գալուստը:
-Նավասարդյան Երդիկն էր Ծուխը Ծխանի:
Արտաշես Արքայի խոսքերը Հայոց Երդիկի մասին «Ո՜վ կտար ինձ երդիկի ծուխը.
- Օ՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նավասարդի…
Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Բանասեր, լեզվաբան
Գերմանիա
Հ.Գ.
ԲԱՌԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ - Աշոտ Աբրահամյան- Գրաբարի Ձեռնարկ»:
Բազմական-սեղան
բազմականններ- սեղանի հրավիրվածներ
բազմածիր-մեծ շրջան կազմած
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆ
Աշոտ Աբրահամյան- Գրաբարի Ձեռնարկ»:
Նոր Հայկազեան բառարան:
Հրաչյա Աճառեանի «Հայերենի Արմատական Բառարան»: