Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայկական դրամը փորձությունների փուլում

Հայկական դրամը փորձությունների փուլում
06.03.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄ
Մարտի 3-ին հայկական դրամի փոխարժեքի սրընթաց անկումը հետևանք է ոչ միայն ֆինանսական և տնտեսական լուրջ դժվարությունների, որոնց դիմագրավում է երկիրը վերջին տարիների ընթացքում, այլև վկայում է համակարգային խոր ճգնաժամի մասին:
Հայաստանը, ինչպես և անցումային փուլում հայտնված մի շարք այլ երկրներ, հարկադրված է հրաժարվել ծայրահեղ կամ բացարձակ ազատական տնտեսության մոդելից, որը փորձում են ներարկել անկախության հռչակումից ի վեր արդեն 18 տարի: Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանը կարիք ունի ձևավորելու սոցիալական շուկայական տնտեսություն, որը, մեր համոզմամբ, պարզապես այլընտրանք չունի: Այնպիսի տնտեսություն, ուր բարեփոխումների կենտրոնում կլինի մարդը` իր հոգսերով և իրավունքներով: Այլապես ֆինանսական ճգնաժամից դուրս գալու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Մասնավորապես, եթե այսօր հայկական դրամի փոխարժեքի անկման պատճառով տեղ գտած ապրանքների գների բարձրացումը, որն ուղեկցվելու է գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների թանկացմամբ, չստանա համարժեք փոխհատուցում` հատկապես սոցիալապես անապահով խավի համար, ապա կարող է ստեղծվել սոցիալական անցանկալի լարվածություն, որը կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Ավելին, բնակչության գնողունակության պահպանման նպատակով անհրաժեշտ է ոչ թե կրճատել (ինչպես անտեղի պնդում են ոմանք), այլ ավելացնել պետբյուջեի ծախսային մասը, մասնավորապես ինդեքսավորել աշխատավարձը և նվազագույն մակարդակը 30000 դրամից բարձրացնել առնվազն 40000 դրամի: Նույնը վերաբերում է կենսաթոշակներին և տարբեր նպաստներին: Իսկ նման պարագայում առաջացող պետբյուջեի դեֆիցիտը հնարավոր է ծածկել ինչպես ներքին աղբյուրների (պետական պարտատոմսերի թողարկման), այնպես էլ միջազգային ֆինանսական կառույցներից արդեն իսկ ակնկալվող փոխառու միջոցների հաշվին:
Մի բան ակնհայտ է. Հայաստանը կարող է և պետք է ավելի շուտ և ավելի նպաստավոր դիրքավորված փորձի դուրս գալ ֆինանսական ճգնաժամից, քան ավելի մեծ տնտեսություն ունեցող և համադրելի մակարդակներում գտնվող երկրները: Պարզ է նաև, որ ճգնաժամի փուլը հաղթահարելուց հետո աշխարհում գրեթե ոչ մի երկիր ի վիճակի չի լինի «վայրի կապիտալիզմի» բացարձակ ազատական մեթոդներով ապահովել կայուն զարգացում: Պետության որոշ միջամտությունը շուկայի կարգավորման հարցերում իրեն միշտ զգացնել կտա: Ինչ վերաբերում է վերջին օրերին տեղի ունեցածին, ապա այն` դրամի մինչև 30 տոկոս արժեզրկումը, մեր կողմից կանխատեսվել է «Իրավունքը de facto»-ում: Միաժամանակ կարևոր է նշել, որ ներկայումս դրամի արժեզրկումը կարող է ավելին լինել, եթե չձեռնարկվեն ոչ միայն ստեղծված իրավիճակից դուրս գալու մարտավարական քայլեր, այլև չմշակվի և չիրականացվի որակապես նոր ռազմավարություն: Այսօր հասունացել է պահը անցում կատարելու նոր տնտեսական քաղաքականության: Այն պետք է ներառի հետևյալ անհետաձգելի միջոցառումները.
1. Կոշտ հարկային վարչարարության փոխարեն անցում դեպի ճկուն հարկային քաղաքականություն` աստիճանաբար անցում կատարելով նաև դեպի հարկային շրջանայնացում` հանրապետության ողջ տարածքով մեկ, ուր գործարարության խթանման նպատակով յուրաքանչյուր մարզի և բնակավայրի համար կսահմանվեն Երևանից և նրա ագլոմերացիայից տարբեր հարկային դրույքաչափեր։
2. Պետք է մշակվի և իրականացվի տարբերակված մաքսային քաղաքականություն, որն ուղղված կլինի նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների ներմուծման խթանմանը, հետևաբար նաև տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը: Առաջին քայլն արդեն արվել է ՀՀ կառավարության կողմից. 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք նման ապրանքներ ներմուծողներին նախատեսվում է ազատել ԱԱՀ-ից: Մեր կարծիքով, սակայն, այսօր այդ հնարավորությունից կարող են առաջին հերթին օգտվել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ փոքր ու միջին ձեռներեցներն ակնհայտորեն, չտնօրինելով նման գումարներ, ստիպված կլինեն մնալ մրցունակության նույն մակարդակի վրա կամ նոր տեխնիկա ներմուծած խոշոր բիզնեսից ձեռք բերել նույն սարքավորումները` վերավաճառքի բարձր գներով: Հետևաբար, պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել և չհարկել երբեմն նաև 300 մլն ԱՄՆ դոլարից ցածր, սակայն մրցունակության բարձրացմանը նպաստող սարքավորումներ ձեռքբերող ՓՄՁ-ներին։
3. Տնտեսական մրցակցության աջակցությունից անցնել որակապես նոր և առավել կարևոր` հակամենաշնորհային քաղաքականության: Սա պետք է վերջ դնի ձևավորված կլանների և մենաշնորհների կողմից գների վերաբերյալ հանցավոր համաձայնություններին և այլ կամայականություններին, որոնցից տուժում են թե՛ բարեխիղճ ձեռներեցները, թե՛ սպառողներն ու տնտեսության մրցունակությունն ընդհանրապես:
4. Ներմուծման փոխարինման քաղաքականությունը զուգակցել արտահանման խթանման քաղաքականության հետ: Կարևոր է ներմուծվող ապրանքների մուտքի որոշակի արգելքներ կիրառել` թույլ տալով զարգացնելու նույն ապրանքների տեղական արտադրությունը (դրան ուղղված էր, մասնավորապես ՀՀ կառավարության վերջին որոշումը, ըստ որի ավելացվում են նման ապրանքների ներմուծման մաքսատուրքերը)։ Սակայն ավելի կարևոր է գործուն միջոցներ ձեռնարկել` առևտրային միսիաներով, գործարար համաժողովներով, արտոնյալ վարկավորմամբ և արժութային արդյունավետ քաղաքականությամբ խթանելու համար երկրի արտահանման կարողությունը:
Ընդհանուր առմամբ, վերը նշված և դրանցից ածանցյալ այլ միջոցառումների իրականացման պարագայում հնարավոր է համեմատաբար տեսանելի ապագայում զսպել ճգնաժամային ռիսկերը և երկրի տնտեսության համար ապահովել աշխուժացման միտումներ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 5055

Մեկնաբանություններ