Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հասկացել են, որ մեկ երկրի տարածաշրջանային քաղաքականության մեջ առավելություն տալն ուղղակի և կոպիտ սխալ է»

«Հասկացել են, որ մեկ երկրի տարածաշրջանային քաղաքականության մեջ առավելություն տալն ուղղակի և կոպիտ սխալ է»
05.12.2008 | 00:00

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, վերլուծաբան ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
-Պարոն Գրիգորյան, օրերս Ձեր կենտրոնը կազմակերպեց կոնֆերանս` Եվրամիություն-Հարավային Կովկաս հարաբերություններին առնչվող թեմայով։ Ելույթ ունեցան տարբեր փորձագետներ, և հիմնական տպավորությունն այն էր, որ Եվրամիությունը, այնուհանդերձ, տարբերակված մոտեցում ունի Հարավային Կովկասի պետությունների հետ հարաբերություններ կառուցելու առումով։ Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ։
-Կոնֆերանսը մենք կազմակերպել էինք «Միջազգային հարաբերությունների գերմանական խորհրդի» մեր գործընկերների հետ։ Դա Գերմանիայի ազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկն է, որը գործում է արտգործնախարարությանը կից։ Հարավային Կովկաս-Եվրամիություն հարաբերությունները միշտ էլ կարևորվել են ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած ողջ շրջանում։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տարբեր ոլորտներում, վերջին տարիներին ակնհայտ է Եվրամիության դերակատարության մեծացումը տարածաշրջանի էներգետիկ-կոմունիկացիոն ոլորտում ծրագրեր իրականացնելու առումով։ Ես այն կարծիքին չեմ, որ Եվրամիությունը տարբերակված մոտեցում ունի Հարավային Կովկասի պետությունների հետ հարաբերությունների կառուցման առումով։ Հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո պարզ դարձավ, որ Եվրամիության դերը տարածաշրջանում ավելի կուժեղանա, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերություններում հակադրությունը խորացավ։ Այդ իրավիճակում պետք էր հզոր միջնորդ, որը կարողանար թուլացնել այդ հակադրությունը։
-Այսինքն, Դուք այն կարծիքին եք, որ Եվրամիության միջնորդական առաքելությունը ռուս-վրացական հակամարտության օրերին Մոսկվա-Վաշինգտոն հակասությունների՞ հետևանքն է։
-Այո, որովհետև Եվրամիությունը կարողացավ, այսպես ասած, փափկացնել այդ հակասությունները։ Անգամ Ռուսաստանն առանց վերապահության ընդունեց Ֆրանսիայի նախագահի միջնորդական առաքելությունը, մանավանդ որ Նիկոլա Սարկոզին տվյալ դեպքում հանդես էր գալիս իբրև Եվրամիության նախագահող երկրի ղեկավար։ Պակաս կարևոր իրողություն չէ այն, որ աբխազական և հարավօսական հակամարտությունների գոտիներում Մեդվեդև-Սարկոզի պլանի համաձայն տեղակայվեցին Եվրամիության դիտորդները։ Սրանով Եվրամիությունը, փաստորեն, դարձավ միջնորդ այդ հակամարտությունները կարգավորելու գործընթացում, ինչը նախկինում չկար։ Բոլոր այս իրողությունները հաշվի առնելով` ես կարևոր եմ համարում վերջին կոնֆերանսի անցկացումը, որովհետև հնարավորություն ունեցանք լսելու ինչպես մի շարք եվրոպական երկրներից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Վրաստանից հրավիրված փորձագետների։ Բնորոշ էր, որ հատուկ ելույթով հանդես եկավ Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ Լյուցենբերգերը։ Տարածաշրջանը փոխվում է, և մեր հարևանների հետ հարաբերություններ կառուցելիս մենք պետք է նկատի ունենանք բոլոր գործոնները, այդ թվում` Եվրամիության ակտիվացման փաստը տարածաշրջանային գործընթացներում։
-Այնուհանդերձ, կա ոչ անհիմն տպավորություն, որ Եվրոպան ավելի լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Վրաստանի, քան Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն, Թբիլիսին Երևանի և Բաքվի համեմատությամբ ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել Եվրամիության շահերի համատեքստում։
-Այդ տպավորությունը, իսկապես, անհիմն չէ, այդպիսի իրավիճակ կար Վրաստանում «վարդերի» հեղափոխությունից հետո անցած մի քանի տարիներին։ Սակայն ռուս-վրացական պատերազմից հետո Եվրոպայում տրամադրությունների լուրջ փոփոխություն է տեղի ունեցել։ Եվրոպական մայրաքաղաքներում ակնհայտորեն հասկացել են, որ մեկ երկրի տարածաշրջանային քաղաքականության մեջ առավելություն տալն ուղղակի և կոպիտ սխալ է։ Մինչ այդ բոլորն իսկապես աշխատում էին այն ուղղությամբ, որ Վրաստանը վերածվի բոլոր առումներով տրանզիտային երկրի, և նրա միջոցով իրագործվեն կոմունիկացիոն ու էներգետիկ տրանզիտային ծրագրեր` հատկապես դեպի Կենտրոնական Ասիա։ Սակայն Վրաստանի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո արդեն պարզ դարձավ, որ դա հեռանկարային քաղաքականություն չէ։
Հիմա շեշտադրումները սկսել են փոխվել, և Եվրամիությունը, իմ կարծիքով, վերադառնում է իր նախկին քաղաքականությանն ու աշխատելու է տարածաշրջանի երկրների հետ համաչափ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ։ Թեկուզ վերջին կոնֆերանսի անցկացումը դրա ուղղակի ապացույցն է, որովհետև տարածաշրջանային նշանակության նման միջոցառումներն ավանդաբար անցկացվում էին Թբիլիսիում։ Կոնֆերանս անցկացնելու նախաձեռնության մասին մեր գերմանացի գործընկերներին մենք հայտնել էինք դեռ մինչև ռուս-վրացական պատերազմը, և միայն այս տարվա հոկտեմբերին ստացվեց դրական պատասխանը։ Եվրամիության երկրների դիվանագետների, փորձագետների հետ իմ շփումներից ես հանգել եմ այն տպավորության, որ իրենք պատրաստակամ են և ակտիվ աշխատելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հետ։ Այստեղ արդեն մեր հասարակությունը լուրջ անելիքներ ունի` այդ ակտիվությանը պատասխանելու պատրաստակամություն դրսևորելու առումով։
-Այսինքն, Դուք Հայաստանի ակտիվությունը բավարար չե՞ք համարում Եվրամիության հետ հարաբերությունների դաշտում։
-Ես նման բան չեմ պնդում։ Պարզապես մեզ հետ ակտիվ աշխատելու նրանց ցանկությանը մենք պետք է պատասխանենք սեփական առաջարկներով, ծրագրերով։ Հայաստանի հասարակական սեկտորն այս իմաստով բավական ակտիվ է։
-Իսկ իշխանությո՞ւնը։
-Կոնֆերանսին Հայաստանի իշխանությունը մասնակցում էր միանգամայն ներկայանալի մակարդակով։ Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հանդես եկավ համակարգային ելույթով, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ևս ելույթ ունեցավ։ Ընդհանուր առմամբ, ռուս-վրացական պատերազմից հետո եվրոպական երկրների հետ Հայաստանի շփումները պետական մակարդակով էապես ակտիվացել են։ Ես սա ճիշտ քաղաքականություն եմ համարում, որովհետև տարածաշրջանում նոր գործառույթներ է ստանձնում ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը, որի հետ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ կառուցի։
-Ձեր գնահատմամբ` Հարավային Կովկասը Եվրամիության համար ընկալվո՞ւմ է իբրև առաջնահերթ հետաքրքրությունների գոտի կամ տարածաշրջան։
-Այո, փոփոխություններ ակնհայտորեն կան։ Վերջին երկու ամիսների իմ շփումները միջազգային կառույցների հետ ցույց են տալիս, որ Հայաստանի վերաբերյալ նրանց ընկալումները փոխվում են։ Իմ զրուցակիցները չէին թաքցնում, որ մինչ այժմ Հայաստանի վերաբերյալ իրենց ընկալումն այն էր, որ երկիրը միանշանակ և բավականին կոշտ կողմնորոշում ունի դեպի Ռուսաստանը։ Բայց ռուս-վրացական պատերազմի ընթացքում Հայաստանի ցուցաբերած զուսպ կեցվածքը, նաև այն հանգամանքը, որ Հայաստանը փաստարկված հրաժարվեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելուց, եվրոպական կողմի համար կարծես բացահայտվեց, որ երկիրը, այնուհանդերձ, փորձում է վարել սեփական արտաքին քաղաքականություն։
Անցած ժամանակահատվածում Հայաստանի արած մի քանի լուրջ քայլերը, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ցուցաբերվող ճկունությունը և բանակցելու պատրաստակամությունը դրական տպավորություն են ստեղծում։ Ի տարբերություն Ադրբեջանի, որը շարունակում է ռազմատենչ քարոզչությունը, բայց դա արդեն իրենց պրոբլեմն է։
-Ի՞նչ եք կարծում, Եվրամիությունը և ԱՄՆ-ը միասնակա՞ն են Ռուսաստանի հետ ներկայիս հակադրության մեջ և մտադի՞ր են ամեն գնով Մոսկվային դուրս մղել տարածաշրջանից, թե՞, այնուհանդերձ, կան դիրքորոշումների տարբերություններ։
-Մի շարք հարցերում, որոնք առնչվում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Արևմուտքը միասնական քաղաքականություն ունի։ Բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում Եվրամիության և ԱՄՆ-ի դիրքորոշումները, իհարկե, տարբեր են, ինչպես և տարբեր են դիրքորոշումները բուն Եվրամիության ներսում։ Պետք է նկատի ունենալ, որ, այնուհանդերձ, գոյություն ունի, այսպես ասած, հին և նոր Եվրոպա։ Եվրամիությանը նոր անդամակցած պետությունների դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման վերաբերյալ ավելի մոտ է ամերիկյան դիրքորոշմանը։ Որովհետև այս պետությունները շատ կողմերով ՆԱՏՕ-ի և այնուհետև Եվրամիության անդամ են դարձել ԱՄՆ-ի գործուն աջակցության շնորհիվ։ Հին կամ ավանդական Եվրոպայի դիրքորոշումն այլ է։ Եվ որքան խորանան ռուս-ամերիկյան հակասությունները, այնքան Եվրամիության մեջ էլ տեղի է ունենալու դիրքորոշումների բևեռացում, մինչև որ առաջանա միասնական և հստակ դիրքորոշում ձևավորելու անհրաժեշտությունը։
Վերջին շրջանում եվրոպական դիրքորոշումը կարծես ավելի հակված է նրան, որ պետք է ընդունել Ռուսաստանի դերակատարության առաջնայնությունը հետխորհրդային տարածքում։ Կան ոչ անհիմն պնդումներ, որ Եվրամիության առավել ազդեցիկ երկրները նույնիսկ համակերպվել են այն իրողության հետ, որ Հարավային Օսիան և Աբխազիան մնան ռուսական ազդեցության դաշտում, ու այդ հանրապետությունների վերադարձը Վրաստանի կազմ այլևս անհնարին է։ Բայց սա, իհարկե, ժամանակավոր դիրքորոշում է, մինչև ԱՄՆ-ի նոր նախագահը կստանձնի լիազորությունները, կհստակեցվի Վաշինգտոնի ռազմավարությունն ընդհանուր առմամբ և Ռուսաստանի հետ հարաբերություններում մասնավորապես։ Այդ դեպքում Եվրամիությունն էլ հնարավորություն կստանա ԱՄՆ-ի հետ փոխադարձ դիրքորոշումները ճշտելու միջոցով դիմագրավելու Ռուսաստանի որոշ ճնշումներին։
-Սակայն եկեք ընդունենք, որ Մոսկվան շատ ակտիվ համագործակցում է Փարիզի և Բեռլինի հետ ու դրանով առայժմ կարողանում է Եվրամիությունը որոշակիորեն տարանջատել ԱՄՆ-ից։
-Դա իրողություն է, որ ռուսները մի շարք եվրոպական երկրների, ոչ միայն Ֆրանսիայի և Գերմանիայի, այլև Իտալիայի և նույնիսկ Իսպանիայի հետ ակտիվ համագործակցության քայլեր են անում։ Սակայն միաժամանակ չպետք է մոռանալ, որ, ներքին տարակարծություններով հանդերձ, Եվրամիությունը պետությունների միասնական միավորում է, և, բոլոր դեպքերում հանրագումարում կարևորվում է ընդհանուր շահը։ Այսօր վերսկսվել են Եվրամիություն-Ռուսաստան բանակցությունները ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ, որ ընդհատվել էին ռուս-վրացական պատերազմի պատճառով։ Եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, և ստորագրվի երկու կողմերի շահերն արտահայտող համաձայնագիր կամ պայմանագիր, եվրոպական դիրքորոշումը հետագա գործընթացներում էապես կտարբերվի ամերիկյանից։
-Իսկ ի՞նչ պետք է անի Ռուսաստանը` դրան հասնելու համար։
-Նախ, կարծում եմ, պետք է ֆիքսվեն խաղի միասնական կանոններ էներգետիկ ոլորտում։ Ինչպես հայտնի է, Մոսկվան մինչ օրս հրաժարվում է Եվրոպական էներգետիկ խարտիան վավերացնելուց, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն այդ ոլորտում առայժմ առաջնորդվում է սեփական խաղի կանոններով։ Իսկ սա եվրոպացիների համար շատ կարևոր խնդիր է։ Կարծում եմ, օրակարգում է մնում նաև հարավօսական և աբխազական հակամարտությունների բուֆերային գոտիներում ռուսական զորքերի առկայության հարցը։ Ինչպես հայտնի է, բոլոր ռուսական ստորաբաժանումները չեն դուրս բերվել այդ գոտիներից, Եվրոպան առայժմ աչք փակեց դրա վրա, մինչև ռազմավարական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սակայն Եվրամիությունը, կարծում եմ, կպահանջի, որ Մեդվեդև-Սարկոզի պլանով նախատեսված միջոցառումները ռուսական կողմից մինչև վերջ իրականացվեն։ Հակառակ դեպքում համաձայնագրի ստորագրումը խիստ կասկածելի է` դրանից բխող բոլոր հետևանքներով։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3463

Մեկնաբանություններ