«Երբ ասում ենք հանրակրթություն, չի նշանակում, որ դա միայն բարձրագույն կրթությանը նախորդող փուլն է։ Այս հասկացությունը շատ ավելի պարտավորեցնող է»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հավաստիացրեց կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ` հավելելով, որ հանրակրթությունը պարտադիր է յուրաքանչյուր քաղաքացու համար։ Անդրադառնալով վերջերս ընդունված «Հանրակրթության մասին» օրենքին, որը ներառում է նաև ավագ դպրոցների ստեղծումը, փոխնախարարը վստահեցրեց. «Այս օրենքի ընդունումը մի կողմից համապատասխանեցված էր հանրակրթության բարեփոխումների, մյուս կողմից` հանրակրթության բուն քաղաքականությանը։ Այսօր 48 ավագ դպրոց կա, մեկ-երկու տարի հետո կունենանք արդեն 100-120-ը։ Գյուղական վայրերում ավագ դպրոցների ստեղծումն առայժմ դժվար է լինելու, ուստի դեռ կպահպանվեն միջնակարգ դպրոցները։ Բոլոր ավագ դպրոցները, այս օրենքի համաձայն, լինելու են նախարարության վերահսկողության, ենթակայության ներքո»։
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, Մանուկ Մկրտչյանը նկատեց, որ նախկինում նախարարությունն առանձնակի մասնակցություն չուներ կադրային հարցերում, իսկ այժմ բոլոր ուսխորհուրդներում նախարարությունն իր ներկայացուցիչներն ունի։ «Յուրաքանչյուր մանկավարժ չէ, որ կարող է տնօրեն դառնալ։ Որպեսզի այդ իրավունքն ունենա, պետք է նախարարությունից հավաստագիր ստանա, հանձնի քննություններ և այլն։ Փաստորեն, տնօրենի ընտրության հարցում ևս նախարարությունն ակտիվ մասնակցություն է ունենալու, ըստ այդմ, համապատասխան պատասխանատվություն»,- հավաստիացրեց փոխնախարարը` տեղեկացնելով, որ սկսվելու է նաև բոլոր ուսուցիչների ատեստավորման գործընթաց։
Խոսելով գնահատման տասը բալանոց սանդղակի մասին, բանախոսը նշեց, թե այդ առումով նախարարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել, որոնց հիման վրա էլ որոշակի փոփոխություններ են ձեռնարկվել համակարգը պարզեցնելու ուղղությամբ։ Դպրոցական դասագրքերի ծրագրերը և չափորոշիչները ևս կվերանայվեն, արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ։ «Արմատական, կտրուկ փոփոխություններ չեն լինի, բայց աստիճանաբար կունենանք նոր դասագրքերի ծրագրեր»,- նկատեց փոխնախարարը։
Փաստելով, որ հասարակությունը միանշանակ չընդունեց 12 տարվա ուսուցմանն անցնելու գաղափարը, Մանուկ Մկրտչյանն ասաց. «Իրականում 12 տարվա կրթությունն առաջին տարին է մեկնարկել, և էական թերություններ դեռևս չեն նկատվել։ Կարծում եմ` դժվար թե հետագայում այդպիսիք լինեն, բացի դասագրքերի ծրագրերից։ Այն, ինչը մինչև տասներորդ դասարանը պիտի ուսումնասիրեին, մինչև իններորդ դասարանն են սովորում։ Սա ինչ-որ առումով ճիշտ չէ և հետագայում կշտկվի։ Մեկ այլ հանգամանք էլ կա. ծնողները հոգեբանորեն պատրաստ չեն, որ իրենց երեխան պետք է ոչ թե տասներորդ դասարանով ավարտի ուսուցումը, այլ տասներկուսով»։ Ասուլիսում փոխնախարարին ուղղված հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր հենց ավագ դպրոցներին։ «Սխալ պատկերացում է, թե ավագ դպրոցի ստեղծմամբ հիմնական դպրոցի ժամերը նվազում են, քանի որ հիմնական դպրոցներն իրենց ավագ դասարաններն են միայն տալիս ուրիշ դպրոցների։ Ավագները գնում են, փոքրերը` գալիս։ Վերջապես, տնօրենները ևս իրար հետ կհամագործակցեն»,- ասաց կրթության և գիտության փոխնախարարը, ավելացնելով, թե նախարարությունը համապատասխան վերահսկողություն է սահմանում, որ տնօրեններն իրենց ոչ ցանկալի ուսուցչին չազատեն աշխատանքից։
Կրկնուսույցների թեման ևս չշրջանցվեց։ «Ընդհանրապես, հանրակրթությունը ծանր երևույթ է։ Ցածր դասարաններում այդ առումով հսկողություն չենք իրականացնում, բայց ավագ դասարաններում շատ խիստ է մոտեցումը։ Այս հարցը լավագույնս լուծված է ավագ դպրոցների ներդրմամբ, որոնք ունեն համապատասխան առարկաների հոսքեր։ Ի վերջո, եթե երեխան եկել է դպրոց, նստել բոլոր դասաժամերին, նրա կրթական բոլոր խնդիրները պետք է լուծված լինեն»,- լավատեսորեն շեշտեց Մանուկ Մկրտչյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ