ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԿԱՏԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶՈՀԵՐ ՀԱՎԱՔԵԼ

ԿԱՏԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶՈՀԵՐ ՀԱՎԱՔԵԼ
13.04.2010 | 00:00

Ակնհայտ է, որ Սմոլենսկի մոտ լեհական ՏՈՒ-154-ի աղետը և Լեհաստանի բարձրագույն քաղաքական, զինվորական և հոգևոր վերնախավի կործանումը համաշխարհային մեծության ողբերգություն է։ Թեմայի շուրջ շահարկումներն անխոհեմ են, իսկ երբեմն` նողկալի։ Ցանկացած նորմալ մարդ չի կարող չսարսռել և գլուխ չխոնարհել հրեշավոր ու չարագույժ ողբերգության սարսափի առջև։ Իհարկե, մենք նկատի չունենք այն քարանձավային գազաններին և «հուդա-հայրենասերներին», ովքեր այս օրերին ռուսական ինտերնետ-ֆորումներում ուրախությամբ ազդարարում են. «Կատինը վրեժխնդիր եղավ», «վերին ուժերը լկտի պաներին արդարացի հատուցում տվեցին» (մենք մեջբերեցինք, այսպես կոչված, «հայրենիքի պաշտպանների» ամենամեղմ ու անվնաս «մարգարիտները»)։ Նրանք ծաղրանկարներ են զետեղում, ուրախությամբ աղաղակում կատարվածի մասին և իրենց «վհուկային խրախճանքում» չեն վախենում ո՛չ Աստծո պատժից, ո՛չ պատմական արդարությունից։ Ի դեպ, մեկ բանի հետ կարելի է համաձայնել` «խորհրդանշական» բառի հետ, որն այժմ գլխավորն է Սմոլենսկի ողբերգության կապակցությամբ և՛ սգո, և՛ չարախինդ մեկնաբանություններում։ Ընդ որում, մենք գիտենք նաև այն, որ Ռուսաստանն իր ամբողջ պատմության ընթացքում եղել է բազմաթիվ չհայտնաբերված ու առեղծվածային ահաբեկչական ակտերի երկիր։ Իսկ համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող աղետը, թվում է, քաղաքական մեծ ենթատեքստ և հնարավոր հետևանքներ ունի։ Եվ հենց դրա համար էլ այն շատ լուրջ միջազգային ու հասարակական համակողմանի ուսումնասիրություն է պահանջում։ Իսկ մենք, ոչնչի չհավակնելով, այսօր կփորձենք ներկայացնել և՛ ողբերգական իրադարձությունների ընդհանուր պատկերը, և՛ նրա գրեթե միստիկ կապն անցյալի հետ։
Եվ այսպես։ Մենք ի՞նչ գիտենք բազմաթիվ և հաճախ հակասական հաղորդումներից։ Ինչպես հայտնի է, աղետը տեղի է ունեցել ՌԴ Սմոլենսկի մարզի «Սևերնի» ռազմական օդանավակայանում վայրէջքի գնալիս, սաստիկ մառախուղի պայմաններում։ Ինքնաթիռը մինչև վայրէջքի գոտի չի հասել և 30 մետր բարձրության վրա բախվել է ծառերի կատարներին, թեև այս կետում թռիչքի բարձրությունը պետք է կազմեր մոտ 60 մետր։ (Ավելի վաղ տարածված այն տվյալները, թե դա եղել է վայրէջքի գնալու չորրորդ փորձը, չեն հաստատվել` չորս փորձ կատարել է Մոսկվայից ժամանող մեկ այլ ինքնաթիռ)։ Պոկվել է օդանավի պոչամասը, և այն ընկել է։ Գլխավոր աշխատանքային վարկածը, որ ռուսական կառավարությունն առաջադրել էր դեռ մինչև ինքնաթիռի ինքնագիրների պարունակած տեղեկության վերծանումը, վատ տեսանելիությունն էր, մարդկային գործոնն ու տեխնիկայի խափանումը։ Վերջին հանգամանքն այսօրվա դրությամբ հերքված է, թեև ՏՈՒ-154 ինքնաթիռը բարոյապես հնացած է և, մասնագետների կարծիքով, ունի մի շարք կառուցվածքային-արտադրական թերություններ։ Ավելին, վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում այդ տիպի 15 օդանավ է աղետի ենթարկվել, և բոլոր խոշորագույն ավիափոխադրողները ՏՈՒ-154 ինքնաթիռներն աստիճանաբար հանում են շահագործումից։ Այնուհետև, այն, ինչ կարելի էր բացատրել եղանակային պայմաններով, վերագրվում էր մառախուղին, այն, ինչ հարմար չէ եղանակային պայմաններին` մարդկային գործոնին։ Սակայն, «մարդկային գործոնը», ինչպես թվում է, չի կարելի հարյուր տոկոսանոց երաշխավորված բացատրություն համարել, քանի որ անփորձ ու խմել սիրող օդաչուները նախագահներ չեն տեղափոխում։ Եվ այստեղ ի հայտ եկավ այսօրվա դրությամբ ամենատարածված ռուսական վարկածը` օդաչուն, իբր, չի լսել դիսպետչերին և գերադասել է կատարել Կաչինսկու պահանջը անմիջապես վայրէջք կատարելու մասին (հիշեցվում է պատերազմի ժամանակ թռիչքը Թբիլիսի, երբ կար «գնդակոծման» իրական վտանգ): Ռուսական մամուլում շատ հստակորեն նկատվում է այն թեզը, որ դիսպետչերները կապ չունեն ողբերգության հետ։ Անգամ շատ հստակորեն։ Ինչո՞ւ հանկարծ։
Սակայն կան աշխատանքայինին հակասող վարկածներ։ Շատ հետաքրքրական է, բայց փորձառու շատ օդաչուներ, այդ թվում` ռուսական ավիացիայի երևելիներ, ինտերնետում տարածում են այն կարծիքը, որ եթե դիսպետչերն օդանավի հրամանատարին հայտներ «օդաչուի անձնական և օդանավակայանի նվազագույն սահմաններից դուրս եկող տեսանելիության պայմանները, ապա նա Պավլովի շնիկի նման անվերապահորեն և լիովին ինքնաբերաբար կենթարկվեր» (դրա համար նրանց երկար մարզում են)։ Ընդ որում, նրանք նշում են, որ առանձնապես տարօրինակ է, եթե չասենք` կասկածելի է, այդ ողբերգությունը շատ նման է վերջերս Դոմոդեդովոյում տեղի ունեցած դարձյալ «ՏՈՒ» շարքի ինքնաթիռի աղետին։ Այն ժամանակ, հենց վայրէջքից առաջ ինքնաթիռը թեքվեց ձախ։ Աշխատելով վերադառնալ ճիշտ կուրսի, օդաչուները, վայրէջքուղուց մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա բախվեցին ծառերին։ Դժվար է համաձայնել այն կարծիքին, որ դա «գլխավոր փորձ» էր։ Սակայն արևմտյան որոշ լրատվամիջոցներ նշում են, թե Սմոլենսկի աղետի պատճառ կարող էին դառնալ դիսպետչերի սխալ (այդ թվում` չարամտորեն սխալ) հրահանգները, քանի որ վայրէջքի վերջին փուլում ինքնաթիռը շատ «կտրուկ» (մեծ) անկյան տակ էր իջնում, և, հնարավոր է, անձնակազմը բարձրության մասին սխալ տեղեկություն է ունեցել։ Բացի այդ, ինչպես հայտնի է, «Սմոլենսկ-Սևերնի» օդանավակայանը դեռ մինչև վերջերս ռազմական և քաղաքացիական ավիացիայի համատեղ բազավորման օդանավակայան էր։ Անցած տարվա աշնանը գունդը կազմացրվել է։ Ներկայումս այնտեղ, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, ոչինչ չկա, բացի պարետային ծառայությունից. «չկան օդերևութաբանական ծառայություններ, օդանավակայանը սպասարկվում է առանձին շարժական ռադիոկայանով, վայրէջքի ճշգրիտ համակարգի սարքավորումներ չունի»։ Եթե դա իրոք այդպես է, ապա ամենևին հասկանալի չէ, թե ինչպես են դիսպետչերները տվյալներ հաղորդել եղանակի մասին, ինչպես են հայտնել տեսանելիության և բարձրության պայմանները, և ինչու են դիսպետչերները հրամանատարին խորհուրդ տվել ինքնաթիռը վայրէջքի տանել այլ օդանավակայան, ինչպե՞ս է մեկ ժամ առաջ լրագրողների ինքնաթիռն առանց խնդիրներ ունենալու վայրէջք կատարել։ Մեկ բան կարելի է ասել` մինչև բոլոր մանրամասների ճշտումը և մանրակրկիտ միջազգային հետաքննությունը որևէ բան պնդելն առնվազն լուրջ չէ։ Իսկ մենք անցնենք մյուս, խիստ արտասովոր, եթե կուզեք, անգամ առեղծվածային հանգամանքներին ու զուգադիպություններին, որոնք ողբերգությանն արդեն տարօրինակ ու սարսափազդու բնույթ են հաղորդել։
Այժմ «Կատինի սարսափները կենդանություն են առել», «այդ դրամատիկ, անիծված Կատինը», «Կատին-1-ին ավելացավ Կատին-2-ը, և հերթական անգամ խլեց լեհական վերնախավի կյանքը» խոսքերը լսվում են շարունակ։ Իրոք, Սմոլենսկի մերձակա այդ փոքրիկ գյուղը դառնում է մի վայր, որտեղ աներևակայելի ողբերգություններ են տեղի ունենում։ Շատ տարիներ հետո այն փաստը, որ չեկիստները 1940-ին գնդակահարել են լեհ սպաներին, Ռուսաստանը վերջապես պաշտոնապես ընդունել է։ Հրապարակված է զինվորականների գնդակահարության մասին «կողմ» ստորագրություններով Բերիայից Ստալինին ուղղված գրությունը, հայտնի է դարձել, որ 1940 թ. ապրիլ-մայիսին գնդակահարվել է գրեթե 22 հազար լեհ քաղաքացի, ովքեր պահվելիս են եղել ԽՍՀՄ-ի տարբեր ճամբարներում ու բանտերում։ ՌԴ գլխավոր զինվորական դատախազությունը 14 տարի ուսումնասիրել է «Կատինի գործի» հանգամանքները։ Եվ ահա վերջերս Վլադիմիր Պուտինը մեծ քայլ արեց հարաբերությունների բարելավման ուղղությամբ, նա եղավ հանդիսավոր հուշ-արարողությանը, լեհական ղեկավարությանը միացած առաջին լիդերը։ Նա Կատինում հանդիպեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Ներկա ողբերգությունից հետո, իհարկե, վերհիշում են, թե ինչու Լեհաստանի նախագահը ստիպված եղավ այնտեղ թռչել ավելի ուշ։ Պարզվում է, Կաչինսկուն, որը հայտնի է իր հակառուսական հայտարարություններով, ոչ ոք չի հրավիրել պաշտոնական արարողությանը, և նա, ինչպես թռել է տարիներ անընդմեջ, Սմոլենսկ էր մեկնում որպես մասնավոր անձ։ Եվ հիմա նրա զոհվելու և «Կատին-2» ողբերգության համար պետք է մեղավոր համարել կա՛մ մարդկանց, կա՛մ առեղծվածային հանգամանքները։ Ընդ որում, խորհրդանշականությունն ակնհայտ է ցանկացած պարագայում, և դա պարզապես չի տեղավորվում նորմալ գիտակցության մեջ։
Այսպես, նկատենք, որ կառավարության անդամներին տեղափոխող ինքնաթիռները հաճախ չէ, որ աղետի են ենթարկվում։ Ավիացիայի ամբողջ պատմության ընթացքում ոչ ավելի, քան 15 դեպք է եղել, մեծ մասամբ ահաբեկչական գործողություններ և չպարզված հանգամանքներ։ Ասենք, այնքան էլ մեծ թվով բարձրաստիճան պաշտոնական անձինք չեն զոհվել։ Սակայն ամենաչարագուշակն այդ տխուր ցուցակը բացած առաջին աղետն էր, որին զոհ դարձավ Լեհաստանի վտարանդի կառավարության ղեկավար գեներալ Վլադիսլավ Սիկորսկին, և նրա զոհվելը նույնպես ասես կապ ունի Կատինի ողբերգության հետ։ Մեծապես դետեկտիվ կողմերով, ծայրաստիճան խճճված ու մեզանում ոչ այնքան հայտնի այդ պատմությունը շատ հետաքրքրական է։ ՈՒստի չէր խանգարի այս օրերին հիշել այն։ Ինչպես հայտնի է, 1943-ի հուլիսի 4-ի երեկոյան Ջիբրալթարում աղետի ենթարկվեց հեռահար գործունեության «Լիբերեյտոր» ռմբակոծիչը։ Ինքնաթիռում գտնվում էին Վլադիսլավ Սիկորսկին, նրա դուստր Զոֆյան, լեհական գլխավոր շտաբի պետը, ուրիշ լեհ գեներալներ ու պաշտոնատար անձինք։ Այսինքն` վերնախավը (առաջին և խորհրդանշական զուգադիպությունը զոհվածների ներկա ցուցակին)։ Միայն առաջին օդաչուին հաջողվեց փրկվել։ Մինչև հիմա էլ աղետի հանգամանքները կարգին չեն ձևակերպվել, չնայած պաշտոնական երկու հետաքննություն է անցկացվել։ Ավելին, երկու հանձնաժողովների բոլոր փաստաթղթերն էլ փակված են բրիտանական զինվորական արխիվում և ենթակա չեն բացման մինչև 2033 թվականը։ Սակայն, 1969-ին բրիտանական վարչապետ Հարոլդ Վիլսոնը, որը ծանոթ էր գործի բոլոր նյութերին, այդ թվում` լայն հանրությունից թաքցվածներին, Համայնքների պալատում հայտարարեց. «Այս ամենի մեջ ոչ մի պարզություն չկա»։ Ինչպիսի՞ն էր այն վաղեմի իրադարձությունների ժամանակագրությունը։ 1943 թ. փետրվարին գերմանացիները փորփրեցին (ուղղակի իմաստով) Կատինը և ամբողջ աշխարհին տեղեկացրին «կոմունիստների չարագործության» մասին։ Այն ժամանակ, բնականաբար, Սիկորսկին տեղը չէր գտնում։ Նա պահանջեց ամենայն մանրամասնությամբ հետաքննել և վերլուծել գնդակներից առաջացած վերքերը։ Այնուհետև, տեղյակ չպահելով դաշնակիցներին, դիմեց Միջազգային Կարմիր խաչին` խնդրելով հանձնաժողով ուղարկել Կատին։ Դա ամբողջ դաշնակցային կոալիցիան խզման եզրին դրեց։ Առանձնապես ծանր իրավիճակում հայտնվեց Չերչիլը, որը հայտարարեց, որ չի կարող որևէ դիրք գրավել Լեհաստանի ու ԽՍՀՄ-ի կոնֆլիկտում։ Գեներալը հայտարարեց Ստալինի հետ հարաբերությունները խզելու մասին, ի պատասխան ԽՍՀՄ-ում ստեղծվեց լեհական այլ կառավարություն, իսկ ի հակակշիռ Կրայովայի բանակի` Լյուդովի կոմունիստամետ գվարդիան։ Հասկանալի է, որ չափազանց շիտակ լեհ առաջնորդը խոչընդոտ դարձավ։ Նույն տարվա ամռանը նա լեհական զորքերի տեսչական ստուգման նպատակով մեկնեց Եգիպտոս, իսկ հետդարձի ճանապարհին զոհվեց։ Աղետի պաշտոնական վարկածն էր` «լռվել է ղեկը», «ինքնաթիռի անկառավարելի դառնալու պատճառներն անհնար է պարզել»։ Եղանակը հիանալի էր, քամի չկար, ինքնաթիռն օդ բարձրանալուց անմիջապես հետո ընկավ ջուրն ու երկու մասի բաժանվեց։ Այստեղ էլ շատ տարօրինակություններ կան։ Հետազոտողներին շատ է մտահոգում, օրինակ, այն, որ օդաչուն (ազգությամբ չեխ), որը երբեք փրկաբաճկոն չէր հագնում, հենց այդ թռիչքի ժամանակ հագել էր և ողջ մնաց։ Հայտնի է նաև, որ աղետից հետո ջրասուզակները մանրամասնորեն հետազոտել են սուզված ինքնաթիռը, գտել Սիկորսկու անձնական պայուսակը։ Դրանից հետո այդ պայուսակը ոչ ոք այլևս չի տեսել։ Արդեն երկար տարիներ Ջիբրալթարի ողբերգության հետազոտողների ուշադրությունը գրավում է նաև միակ ուղևորը` ոմն Յան Գրալևսկի, վարշավյան ընդհատակի սուրհանդակը։ Սիկորսկին նրան հրամայել էր իր հետ Լոնդոն թռչել, քանի որ նրա մոտ ծածկագրված կարևոր փաստաթղթեր կային։ Սակայն թռիչքից մոտ 40 րոպե անց թռիչքադաշտում հայտնաբերվել էր Գրալևսկու դիակը` գլխին գնդակի վերքով։ Մինչև օրս էլ պարզված չէ` դա նույն սուրհանդա՞կն էր, թե՞ ոչ։ Մինչև վերջ էլ հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվելիս եղել ինքնաթիռում։ Պաշտոնական տվյալներով` 17 մարդ։ Սակայն, վկաներ կան, որոնք տեսել են, թե ինչպես է ավելի քան 20 մարդ բարձրացել ինքնաթիռ։ Մանրազնին որոնումներից հետո էլ մի քանի դիակ չի հայտնաբերվել։ Բրիտանացի հետաքննիչները բացահայտել են այլ հետաքրքրական փաստեր ևս։ Սակայն դրանցից և ոչ մեկը չի հաստատել, բայց և չի հերքել այն վարկածը, թե գեներալ Սիկորսկին սպանության զոհ է դարձել։ Եթե, այնուամենայնիվ, ինքնաթիռի կործանումը սարքված է եղել, ապա մի շարք կարծիքներից առավել ուշագրավ է երկու վարկած` անգլիականն ու խորհրդայինը։ Նկատենք, որ, ինչպես պնդում են լեհ հետազոտողները, Ստալինն անձնական ատելություն ուներ Սիկորսկու նկատմամբ դեռ 1920 թվականից սկսած, երբ տանուլ տվեց պատերազմում։ (Վերհիշենք, որ Կատինի գնդակահարությունների շարժառիթը Պուտինը համարում է հենց լեհերի մոտ գերված կարմիրբանակայինների մահվան փաստը)։ Ընդ որում, Ստալինը, որը հույս ուներ, որ 1943-ին երկրորդ ճակատը կբացվի, ուներ նաև անհնազանդ գեներալին վերացնելու լրացուցիչ, խիստ ծանրակշիռ հիմքեր։ Առավել ևս, որ քաղաքական հակառակորդին այդ կերպ վերացնելու եղանակը նրա հոգուն շատ հարազատ էր («Չկա մարդը` չկա պրոբլեմ»)։ Եվ այստեղ բացահայտվում են չափազանց հետաքրքիր հանգամանքներ։ Պարզվում է, որ երբ Սիկորսկին գտնվում էր Ջիբրալթարում, այնտեղ էր եկել նաև Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Մայսկին։ Նրանց ինքնաթիռներն օդանավակայանում կանգնած էին կողք կողքի, շուրջբոլորը պտտվում էին շատ չինովնիկներ ու զինվորականներ, որոնց անձը մինչ օրս էլ պարզված չէ, իսկ դա դիվերսիան միանգամայն իրական էր դարձնում։ Իսկ լռված ղեկը դրա բացահայտ նշանն է։ Բայց ամենահետաքրքիրն այլ բան է։ 1941-44 թթ. Պիրենեյան թերակղզում բրիտանական հակահետախուզության ղեկավարը Կիմ Ֆիլբին էր` խորհրդային նշանավոր լրտեսը, որը 1963 թ. փախել էր ԽՍՀՄ և հայտարարել, թե 1940-ից ինքն աշխատել է Մոսկվայի օգտին։ Այնպես որ, արդեն պատերազմից հետո անսպասելիորեն պարզվում է, որ հենց այն ժամանակ` 1943-ի հուլիսի 4-ին, Ֆիլբին գտնվել է Ջիբրալթարում։ Այն ժամանակ, հասկանալի պատճառներով, այս փաստին առանձնակի նշանակություն չէին տվել։ Սակայն հիմա, նրա փախուստի հանգամանքը նկատի ունենալով, հարցն այլ լույսով է ներկայանում։ Նաև ենթադրություն կա, որ եթե բրիտանական ջրասուզակներն անգամ «ռուսական» վարկածը հաստատող ինչ-որ բան գտել են, ապա հրամանի համաձայն, թաքցրել են, որ չխարխլեն առանց այն էլ խախուտ կոալիցիան։ Բայց հնարավոր է նաև այլ բան։ Ջրասուզակներից մեկը Լայոնել Կրեբբն է եղել։ 13 տարի անց նա առեղծվածայնորեն չքացել է հենց խորհրդային ռազմանավի տակ` բրիտանական ջրերում։ Բայց նա կարող էր «անհետանալ» միայն նավ բարձրանալով։ Դա հիմք էր տալիս ենթադրելու, որ Կրեբբն էլ էր վաղուց աշխատում ԽՍՀՄ-ի օգտին։
Պատմական համեմատությունները, առհասարակ, շնորհակալ գործ չեն, բայց, հավանաբար, ոչ լեհական, և առավել ևս` Կատինի հետ կապված դեպքում։ Նշենք անցած իրադարձությունների և ներկա աղետի զուգադիպություններից մի քանիսը։ Այսպես, Ջիբրալթարում տեղի ունեցած աղետից վեց շաբաթ առաջ լեհական նախարարներն անհայտ անձից հեռախոսով հաղորդում էին ստացել, որ Սիկորսկու ինքնաթիռը կործանվել է Ջիբրալթարում, բոլոր ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։ Անհանգստացած գեներալները պահանջել էին վերահաստատել լուրը, և իմացել, որ իրականում այն ժամանակ ինքնաթիռը բարեհաջող հասել էր Կահիրե։ Մինչև հիմա այդպես էլ հայտնի չէ, թե իրականում ինչ էր նշանակում այդ հաղորդումը Սիկորսկու զոհվելու մասին։ Ինչ-որ մեկի հիմար կատա՞կ, թե՞ ինչ-որ մեկը պարզապես շտապողականություն էր հանդես բերել իրազեկման հարցում։
Մեր օրերում. շուրջ մեկ ամիս առաջ «ռուսական ագրեսիայի» մասին վրացական «Իմեդիա» հեռուստաընկերության աղմկահարույց սյուժեում հաղորդվեց Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու «մահվան», նրա ինքնաթիռի պայթյունի մասին, երբ նա իբր աջակցության էր մեկնում Վրաստան։ Համապատասխանաբար, թվում է, որ այս փաստերը կա՛մ նախանշաններ են, կա՛մ տեղեկության արտահոսք։ Այնուհետև, մինչև կործանումը Սիկորսկու ինքնաթիռը երկու անգամ եղել է աղետի եզրին` մեկ ռումբ է դրված եղել, մեկ էլ երկու շարժիչներն են խափանվել։ Ջիբրալթարից հետո սա արդեն պատահականություն չէր թվում։ Մեր օրերում. Կաչինսկու զոհվելուց հետո շատ է խոսվում այն մասին, թե նրա ինքնաթիռի հետ կապված նույնպես քանիցս պատահարներ են եղել։ Նորի՞ց պատահականություն, զուգադիպություն, միստիկա։ Ամեն դեպքում, պարզ է մեկ բան. Սմոլենսկի մոտ լեհական նախագահական ինքնաթիռի աղետի առնչությամբ սպիտակ բծերը կլինեն նույնքան, որքան «գնդակոծման գործում» և «Ջիբրալթարի ողբերգությունում»։ Իսկ Կատինը շարունակում է զոհեր հավաքել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ