Հունիսի 5-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում «Արարատբանկ» ԲԲԸ բաժնետերերի 2008 թ. տարեկան ընդհանուր ժողովն էր, որին հրավիրված էին բաժնետերեր, գործընկեր և հաճախորդ կազմակերպությունների, ՀՀ Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, գերմանական KFW բանկի, Հայաստանում հավատարմագրված միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հյուրեր:
«Արարատբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը կարծում է, որ ցանկացած ընկերության, առավել ևս բանկի համար մեծ նշանակություն ունեն գործունեության հանգամանալից քննարկումն ու անելիքների ծրագրումը: Առավել ևս, որ այդ ժամանակաշրջանն առանձնահատուկ էր մարտահրավերների առումով և բանկի համար բնորոշվեց որակական փոփոխություններով:
«Արարատբանկ» ԲԲԸ բաժնետերերին, ժողովի մասնակիցներին ու հյուրերին ողջունեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ կարևորելով 2008-ին բանկի ձեռքբերումներն ու հաջողություններ մաղթելով 2009-ին:
Բանկի գործունեությունը մանրամասն ներկայացրեց վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը. բանկի ընդհանուր ակտիվները 2008 թվականի վերջին կազմել են 29,632.2 մլն ՀՀ դրամ, որը 2007 թ. համեմատ աճել է 19,3 %-ով: Վարկային պորտֆելը 2008 թվականի վերջին կազմել է 12,189.6 մլն ՀՀ դրամ, որը 2007 թ. համեմատ աճել է 32,9 %-ով: Շահույթը 2008 թվականի արդյունքներով կազմել է 580,8 մլն ՀՀ դրամ, որը 2007 թ. համեմատ աճել է 74,7-ով: Հաճախորդներից ներգրավված միջոցները 2008 թվականի վերջին կազմել են 12,142.5 մլն ՀՀ դրամ, որը 2007 թ. համեմատ աճել է 3.8 %-ով: Ընդհանուր կապիտալը 2008 թ. վերջին կազմել է 7,544.6 մլն ՀՀ դրամ, որը 2007 թ. համեմատ աճել է 69 %-ով: Աշոտ Օսիպյանը կարևորում է, որ 2008 թ. «Արարատբանկը» գործնականում ավարտեց նոր իմիջով, նոր ոճով` մանրածախ բանկ դառնալու, հաճախորդների, ներդրողների համար բաց և թափանցիկ լինելու, դեպի հասարակությունը միտված նոր ռազմավարությամբ շուկայում դիրքավորվելու գործընթացով:
«Արարատբանկը» 2008 թ. «Զարգացրու բիզնեսդ Արարատբանկի հետ» խորագրով Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի «Միկրովարկավորում-Հայաստան» ծրագրի միջոցով իրականացրեց «Մեծ փողեր փոքր բիզնեսին» և «Նոր էջ ձեր բիզնեսում» նոր տեխնոլոգիաներով վարկային ծրագրեր: Ներդրվեցին բազմաթիվ նոր ծառայություններ ու նոր բանկային արտադրանքներ:
2008 թ. «Արարատբանկը» թողարկել է 400 միլիոն դրամի 40.000 արժեկտրոնային պարտատոմս: Թողարկման ծավալը 60 %-ով գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը, պարտատոմսերի տեղաբաշխումն ընթացավ մեծ հաջողությամբ, պահանջարկը գերազանցեց թողարկման ծավալը: 2008 թ. «Արարատբանկի» հասարակ անվանական բաժնետոմսերը ցուցակման գործընթաց անցան «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում (նախկին Հայաստանի ֆոնդային բորսա):
Խոսելով հաճախորդների հետ հարաբերությունների համակարգի ներդրման և զարգացման հեռանկարների մասին, Աշոտ Օսիպյանը նշեց, որ 2008 թ. բանկը գործարկեց սեփական ԱՐԱՐԱՏԴԻԼԻՆԳ առևտրատեղեկատվական, բազմաֆունկցիոնալ ծառայությունը, որը նորույթ էր ՀՀ ֆինանսական շուկայում և հնարավորություն է տալիս հաճախորդներին՝ բանկի հաշիվներում առկա մնացորդների սահմանների չափով իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ, դիտել բանկի սահմանած փոխարկային փոխարժեքները online ռեժիմով: «Արարատբանկը» գործարկել է նաև սեփական հեռախոսային կենտրոնը, որը ոչ միայն տեղեկատվական համակարգ է, այլև հաճախորդներին թույլ է տալիս իրականացնել որոշ գործարքներ:
Բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ կարևորեց նաև ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, նշելով, որ 2008 թ. ՎԶԵԲ-ը դարձավ «Արարատբանկի» բաժնետեր. երկու բանկերի միջև ստորագրվեց պայմանագիր: 2008 թ. «Արարատբանկի» կապիտալը համալրվեց 1,340.5 մլն ՀՀ դրամով, ՎԶԵԲ-ի մասնակցությունը բանկի կապիտալում կազմեց 25 %+1 բաժնետոմս: Նա իրազեկեց, որ 2008 թ. «Արարատբանկի» և ՀՀ ԿԲ-ի միջև կնքված վարկային պայմանագրով բանկն ընդգրկվեց ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ KFW-ի կողմից իրականացվող ՀՀ-ում փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրում:
«Արարատբանկ» ԲԲԸ-ի տարեկան ընդհանուր ժողովը հաստատեց բանկի 2008 թ. գործունեության հաշվետվությունը, նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները` գլխավոր հաշվապահ Գ. Մարգարյանի ներկայացմամբ:
Ընդհանուր ժողովում եղան նաև այլ ելույթներ. ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Բաբայանը, «Գրանթ Թորնթոն Ամիո» ընկերության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանն իրենց խոսքում «Արարատբանկը» համարեցին ամենակայուն, ամենադինամիկ զարգացող բանկերից, որը վերջին տարիներին արձանագրել է հիմնական ցուցանիշների աճի բարձր տեմպեր:
Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ