ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ներողություն եմ խնդրում «Իրատես de facto» թերթի խմբագրությունից և ընթերցողներից»

«Ներողություն եմ խնդրում  «Իրատես de facto» թերթի  խմբագրությունից  և ընթերցողներից»
19.09.2014 | 11:30

Մարո Մարգարյանը` հրաշալի բանաստեղծուհին, իր երգերից մեկում խորհուրդ է տալիս` մի՛ սխալվեք, ժամանակն էնքան թանկ է, որ «սխալն ուղղելու ժամանակ չկա»։ Մանավանդ երբ արդեն տարիք ես առել։ Բայց ամբողջ կյանքում իբր թե սխալ ապրած մարդիկ էնքան լավ են ապրում, որ դու... էլ սուս։ Լի՜քը-լիքը սխալների տեր եմ նաև ես։ Սխալներ կան, որ չես կարող թաքցնել քեզնից։ Սխալը մի օր խանում-խաթունի նման պոզերը բացում է, ցույց է տալիս։ Սարսափելի բան է, երբ սխալը թույլ է տրվում... գրավոր։ Մի սխալ եմ թույլ տվել «Իրատես de facto» թերթի էս տարվա ապրիլի 15-ի թիվ 25-ում (528), որի համար քիչ է ասել, թե ամաչում եմ։ «Մեր բան ու բառի հողեղեն տիրակալը» հոդվածում` նվիրված Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին, հիշել եմ անուններ, մարդկանց, ովքեր շատ են սիրել բանաստեղծ Սահյանին, Մարդ-Սահյանին։ Հոդվածը լույս տեսնելուց օրեր հետո զգացի, որ անուններ եմ մոռացել։ Ասես հանցանք եմ գործել, հիմա կբռնվեմ։ Զանգ է տալիս մի տիկին ¥ի՜նչ կիրթ ձայն¤, ներողություն խնդրում ու ասում. «Ես «Իրատեսի» ընթերցողներից եմ, կարդում եմ նաև Ձեր գրածները, Համո Սահյանին նվիրված հոդվածը նույնպես լավ էր, բայց անուններ էիք, իմ կարծիքով, մոռացել»։ Ապա մի երկու շունչ Սահյան է մրմնջում, հաջողություն մաղթում ու... Այո՛, անուններ եմ մոռացել, էն էլ ի՜նչ անուններ։ Սերո Խանզադյան, Մկրտիչ Սարգսյան, Գևորգ Հայրյան... Չէի կարող մոռանալ Հովհաննես Պապիկյանին, Շուշան Սահակյանին... Շատերին։ Եվ ահա թղթերիս միջից «դուրս է գալիս իմ անձեռ ձեռագրի մի թերթիկ»` Սահյանին սիրող անունների մի անուշ շարան։ Ոչ միայն մարդկանց, նաև բանաստեղծին բանաստեղծ դարձնող եզերքի աշխարհագրական անուններ եմ մոռացել, իհարկե, Որոտանն ու Գյազբելը չեմ մոռացել... Նաև մտածում եմ` բնավ հարկավոր չէր անուններ շարել, որովհետև հարկ կլինի գրել հազարավոր անուններ։ Բանաստեղծին ամբողջ ժողովուրդն է սիրում։ Ե՛վ գնացողները, և՛ մնացողները։

Մի խոսքով` ներողություն եմ խնդրում և՛ «Իրատեսից», և՛ ընթերցողից։ Եվ խնդրում եմ` Սահյան կարդացեք ու ոչ միայն Սահյան։ Թույլ մի՛ տվեք սխալներ։ Սխալն ուղղելու ժամանակ չկա։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ