Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեքենայական միջոցների մոբիլիզացիա՝ մարդկային դեգրադացիայի ու անկարողունակության այս դարում

Մեքենայական միջոցների մոբիլիզացիա՝ մարդկային դեգրադացիայի ու անկարողունակության այս դարում
17.10.2024 | 06:55

Ինչքան էլ մարդկայնորեն հասկանում եմ ընդդիմադիր պայքարի որոշ առաջնորդների սրտացավությունը և անկեղծությունը, ժամանակն է ասելու մի դառը ճշմարտություն, որը բացահայտում և ապացուցում է, որ այս տեսքով ընդդիմադիր շարժումները դատապարտված են։

Չորս տարի սպասել եմ, որ այս տրիվյալ «գաղտնիքը»՝ ճշմարտությունը, ինչ-որ մեկը կամ մտավորական խումբ բացահայտի։

Ավաղ, ոչ մի հույս:

Ժամանակը հետ տանք 36 տարով։

Ո՞րն էր Ղարաբաղյան շարժման ամենամեծ գաղտնիքը և հաջողության երաշխիքը․ համաժողովրդականությունը։

Այն իրապես ժողովրդական ու կենսունակ շարժում էր, որի օրգանիզմի բոլոր մասնիկները գործում էին ներդաշնակ ու նույն ակտիվությամբ։ Հիշո՞ւմ եք 1988 դեկտեմբերը, երբ շարժումը գլխատվեց։ Նկատի ունեմ «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամների ձերբակալությունը։

Շարժումը մարե՞ց․ իհարկե՝ ո՛չ, որովհետև սպրուտի նման առանց գլուխ էլ կենսունակ էր, քանի որ ձևավորվել էին տեղական կոմիտեներ, որոնք իրենց ձեռքն էին վերցրել շարժման ղեկավարումը։

Դուք մի անգամ լսե՞լ եք, որ 2020 թվականից ի վեր այս շարժումները կոչ անեն, էլ չեմ ասում, հետևողական աշխատանք տանեն՝ ձևավորելու տեղական մարմիններ։ Այդքան այցելել են մարզեր։

Սա է ամենամեծ տարբերությունը Ղարաբաղյան և այս նորագույն շարժումների։ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ բառն արգելված է, այսպես կոչված, նորագույն շարժումների առաջնորդների բառապաշարում, որովհետև նրանք ենթագիտակցորեն կամ գիտակցաբար սարսափում են համաժողովրդական կազմակերպումից։

Ես չեմ ասում միջին՝ անկախ ու ինքնուրույն խավերը համեմատելի են 36 տարի առաջ և այսօր։

Ուշադիր մարդիկ տեսնում են, թե ի՞նչ ջարդ է գնում այդ խավերի ամբողջ աշխարհում։ Այսօր աշխարհը վերածվում է մի մեծ համակենտրոնացման ճամբարի, ուր արմատախիլ են արվում միջին խավերի կենսունակության և ապահովության բոլոր նախադրյալները։ Չինաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը՝ ձեզ օրինակ։ Ամենուր մեծ կորպորացիաներից, բանկերից և պետություններից կախյալ մարդիկ են, որոնց համոզում են, որ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ մոդայիկ չէ, կարելի է յոլլա գնալ ժամանակավոր վարձակալությամբ (sharing-ով)։ Սա նոր «հասարակարգի»՝ ինքլյուզիվ կապիտալիզմի ամենամեծ կարգախոսն է։

Հայաստանն էլ զերծ չէ այս վտանգավոր միտումներից։ «Նեոլիբերալ ու գլոբալիստական» միջնաբերդ դարձված երկիրը թափով իրականացնում է ինքլյուզիվ կապիտալիզմի պլանը։ Չե՞ք հավատում․ նայեք այս 6 տարիների ընդունված օրենքները, որոնք զարմացնում են իրենց պլանավորվածությամբ։

Այնպես որ, այսօրվա պայքարը գետնախորշերից ու ծմակուտներից դուրս եկած գջլոտների դեմ չէ, այլ ավելի խորքային՝ գլոբալ ֆինանսաօլիգարխիկ (հակա) համակարգի դեմ։

Հետևաբար, այդ պայքարը չի կարող լինել բաց ու հրապարակային, շարժումն էլ իրենից ներկայացնի ճարպիկներից ու խորամանկներից կազմված մի գլուխ՝ առանց մարմնի, որը չունի հետադարձ ոչ մի կապ։

Առաջին անգամ խոսվել է պիղծ ռեժիմի և, վերջին հաշվով, հակահամակարգի դեմ ընդհատակյա և ցանցային պայքարի անհրաժեշտության մասին 2021 թվականի հունիսի 17-ին։

Կոչ է արվել․

1. Տոտալ մերժել և անտեսել պիղծ ռեժիմը։ Այս պարագայում հակամարտության կենտրոնը կհայտնվեր իշխանական ճամբարում և պիղծ իշխանավորները իրար միս կկրծեին (մենք այսօր դա տեսնում ենք)։ Բացի այդ, կնվազեր պետական կարիերա անողների քանակը։ Համազգային բոյկոտի վախը կստիպեր հեռու մնալ իշխանություններից։ Չէին լինի հազարավոր ֆորմալ դեմքերը, որոնք լոյալ են պիղծ ռեժիմի նկատմամբ։

2. Խումբ առ խումբ հետևողական աշխատանք տանել պետական չինովնիկների և, առաջին հերթին, ուժայինների հետ՝ ներգրավելով բոլոր տեսակի ծանոթներին՝ ընկերներ, բարեկամներ, խնամիներ։ Գալ այն պայմանավորվածության, որ իքս ժամի այդ մարդիկ անցնեին ընդդիմության կողմը կամ ձեռնպահ մնային ճնշելու ընդդիմադիր պայքարը։

Չեմ ներկայացնի ցանցային պայքարի մյուս մեթոդները, որովհետև մեծ տեղ կպահանջվի։

Հիմա ի՞նչ կարելի է անել այս վիճակում, երբ քաղաքական «վերնախավն» ամբողջապես փտած է, կոչերն ու ընդհանրապես խոսքերը չեն աշխատում։ Եթե, ասենք, ցանցային պայքարը չհաջողվի կազմակերպել։

Կա մի ճանապարհ, որի մասին ես անընդհատ խոսում եմ։ Դա մեքենայական միջոցների մոբիլիզացիան է մարդկային դեգրադացման ու անկարողունակության այս դարում։ Ուղղակի այն ժամանակ է պահանջում։ Մի փոքր էլ պետք է համբերենք։

Եթե մենք չանենք, հաստատ ուրիշները կանեն։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ